Փաշինյանը կփոխի՞ Սահմանադրությունը նոր կաթողիկոս ընտրելու համար․ ինչ է ասում օրենքը պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին
Քաղաքականություն
03.06.2025 | 12:08
Եկեղեցի-ՀՀ իշխանություն հարաբերությունները լարվելու ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կաթողիկոսի ընտրության հարցում պետության դերակատարության անհրաժեշտության մասին։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։ Այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել»,- մայիսի 30-ին Facebook-ի իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։ Բարեվարքության մասին խոսող վարչապետը այս գրառումից ժամեր առաջ գռեհիկ բառապաշարով գրառում էր կատարել ու թիրախավորել մեկ այլ հոգևորականի։
Երեկ Փաշինյանը նոր գրառում է կատարել Գարեգին Բ կաթողիկոսի մասին՝ նշելով, որ եթե պարզվի՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։
Ավելի ուշ Մայր Աթոռն արձագանքեց Փաշինյանի հրապարակային հայտարարությունններին՝ շեշտելով, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։
«Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։ Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։ Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։
Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։ Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների»,- հայտարարել է Մայր Աթոռը։
Այսօր առավոտյան Փաշինյանը կրկին գրառում է կատարել։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»,- գրել է Փաշինյանը։
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս վարչապետի կամ այլ պաշտոնյայի, իրավասու է խառնվել եկեղեցու գործունեությանն ու կառավարմանը, ինչպե՞ս պետք է Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունենա կաթողիկոսի ընտրությանը, ինչպե՞ս են կարգավորվում պետություն-եկեղեցի հարաբերությունները Հայաստանի Հանրապետությունում։
Factor TV-ն ուսումնասիրել է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող իրավանորմերը։
ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Նույն հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:
Այս հարաբերությունները կարգավորող օրենք ընդունվել է 2007 թվականին։
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց սուրբ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով ամրագրված է․
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների նվիրապետական աթոռներով, և նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
- Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում:Այսինքն՝ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնակառավարումը, ինչը ենթադրում է նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցում ինքնակառավարում։
Այս օրենքի 4-րդ հոդվածով սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների կարգավորման սկզբունքները սահմանված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ընդհանուր հարաբերությունները՝ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածից հասկանալի է դառնում, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի կրոնական կազմակերպության կարգավիճակ։ Այս հոդվածը սահմանում է․
«Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին (կրճատ` Հայ Եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով, կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
Սահմանադրության 17-րդ հոդվածով սահմանվում է, որ
- Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
- Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:
Սահմանադրական այս նորմն իր ամրագրումն է գտել նաև «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում։
Այս օրենքի՝ Կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները գլխում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից:
Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը`
ա) իրավունք չունի քաղաքացուն հարկադրել դավանելու այս կամ այն կրոնը.
բ) չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին, արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեություն.
գ) արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը, եկեղեցու և կրոնական կազմակերպությունների վրա չի դնում որևէ պետական ֆունկցիա:
Այսինքն՝ վերը նշված նորմերի վերլուծությունից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ և ազդեցություն չունի՝ եկեղեցու կողմից կայացված որոշումներին միջամտելու։ Եկեղեցու՝ պետությունից անջատ գործունեությունը երաշխավորված է սահնմանադրությամբ և սահմանադրի այս կամքը իր արտացոլումն է գտել նաև Սահմանադրությունից ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող օրենքներում։
Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը մեկընդմիշտ լուծելու այն հարցը, որը գործող Սահմանադրության պայմաններում լուծել չի կարող։ Ենթադրվում է, որ նա ակնարկում է այժմ գրվող Սահմանադրության տեքստում այս մասով ևս փոփոխություններ կատարելու մասին։
Արաքս Մամուլյան