Երրորդ նախագահի գրասենյակից չեն մեկնաբանում Գյումրիի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը
Քաղաքականություն
02.04.2025 | 19:13
Արդեն երկու օր է՝ Գյումրիում ամփոփվել են ավագանու ընտրությունների արդյունքները և պարզ է, որ անցողիկ շեմը հաղթահարած որևէ ուժ միայնակ չի կարող համայնքապետ ընտրել, բայց եթե ընդդիմադիրները միանան, ապա Գյումրին կունենա ընդդիմադիր քաղաքապետ։
Գյումրի համայնքի ավագանին ունի 33 մանդատ, իսկ քաղաքապետ կարող է ընտրվել այն անձը, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը, այսինքն՝ առնվազն 17 ձայն։
Ընտրությունների արդյունքներով՝
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը) բաժին է հասնում 14 մանդատ
- «Հայաստանի կոմունիստական կուսակցությանը» (ցուցակը գլխավորում է Վարդան Ղուկասյանը)` 8
- «Մեր քաղաքը» դաշինքին (ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը)՝ 6
- «Իմ հզոր համայնք» կուսակցությանը (ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը)`3
- «Մայր Հայաստան»-ին (ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը)՝ 2 մանդատ։
Այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություններից և կուսակցությունների դաշինքից և ոչ մեկը չի կարող ինքնուրույն 17 քվե ունենալ՝ իր թեկնածուին համայնքապետ ընտրելու համար։
Ընտրություններից անմիջապես հետո չորրորդ և հինգերորդ առավելագույն ձայներ ստացած «Իմ հզոր հայրենիք» և «Մայր Հայաստան» կուսակցությունները հայտարարել են, որ քաղաքապետի ընտրության ժամանակ կաջակցեն երկրորդ առավելագույն ձայներ ստացած Վարդան Ղուկասյանին։ Ղուկասյանն էլ հրապարակային դիրքորոշում է հայտնել՝ արդարացի համարելով այն, որ ընդդիմադիր ուժերը միանան իրեն՝ որպես առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուի։ Ղուկասյանը նաև հայտնել է, որ բացի փոխքաղաքապետի պաշտոնից մյուս պաշտոնների հարցում կարող է համաձայնության գալ ընդդիմադիրների հետ։ Այսինքն՝ արդեն իսկ պարզ է, որ Ղուկասյանի ընտրվելու դեպքում փոխքաղաքապետը ևս կլինի Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից։
Չնայած ընդդիմադիր մյուս երկու ուժերի՝ Վարդան Ղուկասյանին աջակցելու որոշմանը՝ համայնքապետ ընտրվելու համար նրան ևս 3 ձայն է անհրաժեշտ․17 քվեի շեմը այդպես կարող է հաղթահարվել, ուստի ընդդիմությունը սպասում է «Մեր քաղաքը» դաշինքի որոշմանը։
Այս դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը վերջին երկու օրվա ընթացքում միայն հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում քաղաքապետ չի ունենա, որից, սակայն, հնարավոր չէ եզրահանգման գալ, թե դաշինքն ինչ որոշում կկայացնի, քվե կտա՞ Վարդան Ղուկասյանին, թե՞ ոչ։
«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» և Երվանդ Թարվերդյանի «Միացյալ Հայաստան» կուսակցություններից։
Դաշինքի ցուցակի առաջին համար Մարտուն Գրիգորյանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անկուսակցական պատգամավոր է։ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի առաջնորդը ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանն է, ձևավորվել է ՀՀԿ և Վանեցյանի «Հայրենիք» կուսակցություններից։ Մարտուն Գրիգորյանն առաջադրվել է Վանեցյանի կուսակցության ցուցակով։
2021 թվականի հունիսին, սակայն, Արթուր Վանեցյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ պատճառաբանելով, որ իրեն այլևս չի տեսնում խորհրդարանում, իսկ Մարտուն Գրիգորյանը շարունակել է պատգամավորական գործունեությունը «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում՝ որպես անկուսակցական պատգամավոր։
Մանդատը վայր դնելու հայտարարության մեջ Վանեցյանը նշել է․
«ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։
«Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։
Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար»,- հայտարարել էր Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու մասին տեքստից կարելի է եզրահանգել, որ Սերժ Սարգսյանի և Վանեցյանի միջև,ըստ էության տարաձայնությաններ չեն եղել, ավելին,Վանեցյանը ԱԺ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում մնացած պատգամավոր Մարտուն Գրիգորյանին է առաջադրել որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու։
Այս համատեքսում, թերևս, հասկանալի է հասարակության շրջանում տարածված այն համոզմունքը, որ Գյումրիի համայնքապետի ընտրության ստեղծված իրավիճակում ոչ թե Մարտուն Գրիգորյանը, այլ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Սերժ Սարգյսանն է որոշում կայացնողը։
Իսկ Սարգսյանը կցանկանա՞ ընտրել Վարդան Ղուկասյանին։ Հիշեցնենք՝ 2018 թվականին Հայաստանում իշխանափոխության պահանջով ցույցների ժամանակ Վարդան Ղուկասյանը ևս պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Համացանցում մինչ օրս կարելի է գտնել տեսանյութը, որում Վարդան Ղուկասյանը հայտարարում է՝ «Ճվա՛, մերժիր Սերժին»։
Factor TV-ն կապ հաստատեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի հետ՝ պարզելու հետևյալ հարցերի պատասխանները
- Արդյոք Մարտուն Գրիգորյանը ստեղծված իրավիճակում պետք է քվե տա Վարդան Ղուկասյանին։
- Չմիավորվելու դեպքում ինչպես են վերաբերվում Գյումրիում ավագանու նոր ընտրություն անցկացնելուն։
Ի պատասխան 3-րդ նախագահի գրասենյակից հայտնեցին.
«Եթե Սերժ Սարգյանի կամ նրա գլխավորած քաղաքական ուժի անունից հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշություն լինի,դուք այդ մասին կիմանաք»։
Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի որոշմանը,ասել էր․ «Ինչ որոշել է, թե ոնց է վարվելու կամ ոնց ենք վարվելու՝ կհայտարարենք էն ժամանակ, երբ կորոշենք, որ պետք է հայտարարենք»։
Նշենք, որ մինչ քաղաքական դաշտում սպասում են Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը, մամուլում շրջանառվում է այն վարկածը, թե Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանի հետ թշնամանքի պատճառով է ձգձգում իր որոշման կայացումը և չգիտի՝ տալ նրան քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ քվե, թե ոչ։ Այս վարկածը, սակայն, քիչ հավանական է, քանի որ ԱԺ պատգամավոր և քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրած Գրիգորյանը չէր կարող մինչև ընտրությունները դիտարկած չլիներ ընտրությունների արդյունքում նման սցաների հավանականությունը և։ Ուստի՝ կարելի է եզրահանգել, որ որոշում կայացնելու համար քննարկվող հարցերն ավելի լուրջ ու խորքային են, քան Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև միջանձնային հարաբերությունները։
Նշենք, որ եթե Մարտուն Գրիգորյանը քվե չտա Վարդան Ղուկասյանին, ապա ամենահավանական սցենարն այն է, որ Գյումրիում նոր ընտրություններ կլինեն։ Այդ դեպքում Մարտուն Գրիգորյանը նոր ընտրություններում կպահպանի՞ իր այս պահին ունեցած վարկանիշը, թե ոչ, հայտնի չէ։
Արաքս Մամուլյան