ՀՀ ծառայությունների ներմուծման և արտահանման ներկան կամ ինչպես չհայտնվել «կոտրած տաշտակի առաջ»
Տնտեսություն
30.12.2024 | 19:45Վճարովի բովանդակություն
Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռելոկանտների և նրանց կապիտալի ներհոսքի արդյունքում ծառայությունների ներմուծումը և արտահանումը Հայաստանից կտրուկ աճել են, ընդ որում արտահանումը, առաջանցիկ աճի շնորհիվ, զգալիորեն գերազանցել է ներմուծման ծավալները։ Այսպես, եթե 2022 թ-ին Հայաստանից արտահանվել էր 1 միլիարդ 718 միլիոն ԱՄՆ դոլարով ավել ծառայություններ, քան ներմուծվել էր, ապա 2023 թ-ին այս տարբերությունը էլ ավելի է աճել՝ հասնելով 2 միլիարդ 320 միլիոն ԱՄՆ դոլարի։ Մինչդեռ մոտ 10 տարի առաջ՝ 2013 թ-ին, ՀՀ ծառայությունների ներմուծումը 123 միլիոն ԱՄՆ դոլարով գերազանցել էր արտահանումը։ Ընդհանուր առմամբ, 2023 թ-ին Հայաստանից արտահանվել են 5 միլիարդ 690 միլիոն ԱՄՆ դոլարի ծառայություններ, ներմուծումը կազմել է 3 միլիարդ 370 միլիոն ԱՄՆ դոլար։ Բայց, պարզից էլ պարզ է՝ երբ երկիր մեծ գումարներ են հոսում տարբեր խողովակներով, իսկ տնտեսական քաղաքականության մեջ որակական սրբագրումներ չեն կատարվում, այս ամենը կարող է ունենալ «ջրի բերած, ջրի տարածի» էֆեկտ։
ՀՀ տնտեսության արձագանքը Մոսկվա-Կիև հակամարտությանը
2022 թ-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ-ն) ավելացել է 1.5 տրիլիոն դրամով կամ 12.6%-ով` կազմելով 8․5 տրիլիոն դրամ: Վերջին 15 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության համար սա ռեկորդային ցուցանիշ է: Դրան նախորդել են COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հետևանքով 7․2% անկումը 2020-ին և հետքովիդային 2021-ը՝ 5.7% հավելաճով։
2022-ի միտումները 2023-ին որոշակիորեն պահպանվել են, բայց պայմանավորված բարձր բազայով և արտաքին ազեցությունների որոշակի թուլացմամբ՝ աճի տեմպն ավելի դանդաղել է՝ մինչև 8․7%։ 2023 թ-ին ՀՀ տնտեսական աճը շարունակել են ապահովել հիմնականում առևտուրն ու ծառայությունները, ոչ մեծ չափով՝ շինարարությունը․ առևտուրն ու ծառայությունները ապահովել են ՀՆԱ-ի 59%-ը, իսկ գրանցված 8.7% տնտեսական աճի առյուծի բաժինը առևտրի ու ծառայությունների հաշվին է գրանցվել՝ 6.7%-ային կետով։
Մասնավորապես, այս ընթացքում աճել է նաև ծառայությունների արտահանումը, որը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանից զբոսաշրջիկների և միգրանտների ներհոսքով (2022 թ-ին ծառայությունների հաշվեկշիռը կազմել էր 1,719 միլիոն ԱՄՆ դոլար, մինչդեռ 2021 թ-ին կազմում էր 390 միլիոն ԱՄՆ դոլար)։
Ի՞նչ ծառայություններ է արտահանում և ներմուծում Հայաստանը
Հայաստանը հիմնականում արտահանում և ներմուծում է ապրանքներ, ոչ թե ծառայություններ։ 2007-2023 թթ-ին ապրանքների մասնաբաժինն ընդհանուր արտահանման մեջ կազմել է միջինում 56.2%, ներմուծման մեջ՝ 71.6%։ Չնայած ապրանքային առևտրի գերակայմանը, հարկ է նշել, որ ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը Հայաստանում համեմատաբար ավելի բարձր է, քան շատ երկրներում։ Օրինակ, վերջին մեկուկես տասնամյակում ծառայությունների մասնաբաժինը ՀՀ արտահանման մեջ կազմել է տարեկան մոտ 44%, ԵՄ երկրներում այն հասնում է 30%-ի։
2000-ականներին ծառայությունների մասնաբաժինը արտահանման մեջ աստիճանաբար աճել է՝ 2009 թ-ին կազմելով 50%՝ 2007 թ-ի 39%-ի համեմատ: Հաջորդ հինգ տարվա ընթացքում այն համեմատաբար կայուն էր (տարեկան միջինում 48%), սակայն 2016 թ-ից սկսած՝ զգալիորեն նվազել է։
2020 թ-ին Հայաստանում ծառայությունների թե´ արտահանումը, թե´ ներմուծումը մեծ անկում ապրեցին՝ պայմանավորված COVID-19-ով, սակայն 2022 թ-ի Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո ՌԴ քաղաքացիների և Ռուսաստանում գրանցված ընկերությունների (հատկապես ՏՏ ոլորտում) ներհոսքի արդյունքում ծառայությունների արտաքին առևտուրը զգալիորեն աճել է՝ տարբեր ուղիներով ազդելով նաև ամբողջ տնտեսության վրա։
Հայաստանի ծառայությունների արտահանումը և ներմուծումը, 2007-2023 թվականներին
2023 թ-ին արտահանման մեջ ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 39.8%, ներմուծման մեջ՝ 23.3%։
Խիստ խոցելի արտահանում
Հայաստանի ծառայությունների արտահանումը կենտրոնացված է երեք ոլորտներում (ճանապարհորդություն, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ), ընդ որում զբոսաշրջությունը (որն ընդգրկում է ճանապարհորդության և տրանսպորտի հետ առնչվող ծառայություններ) վերջին մեկուկես տասնամյակում ապահովում է երկրից ծառայությունների արտահանման շուրջ 60%-ը։ Այս կենտրոնացվածությունը նշանակում է, որ Հայաստանից ծառայությունների արտահանումը խիստ խոցելի է արտաքին ցնցումների նկատմամբ։
Օրինակ՝ 2020 թ-ին COVID-19-ի հետևանքով այս ոլորտը կրճատվել է գրեթե 55%-ով, իսկ 2022 թ-ին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքի արդյունքում՝ աճել 2.5 անգամ։ Մասնավորապես, ճանապարհորդության ոլորտի ծառայությունների արտահանումը 2022 թ-ին աճել է մոտ 3 անգամ, հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ծառայությունները՝ 2 անգամ։ Այս տպավորիչ աճը շարունակվել է նաև 2023 թ-ին՝ չնայած ավելի ցածր տեմպերով։ Արդյունքում, 2023 թ-ին ճանապարհորդական ծառայությունների արտահանումը հասել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի (արտահանվող ծառայությունների 54%-ը) իսկ համակարգչային ու տեղեկատվական ծառայությունների արտահանումը՝ 1 միլիարդ 74 միլիոն ԱՄՆ դոլարի (արտահանվող ծառայությունների 19%-ը):
2022 և 2023 թթ․-ին Ռուսաստանից Հայաստան մարդկանց մեծ ներհոսքով և նրանց կողմից ֆինանսական ծառայությունների սպառմամբ պայմանավորված՝ ֆինանսական ծառայությունների արտահանումը Հայաստանից ևս նշանակալիորեն աճել է՝ նպաստելով ծառայությունների արտահանման կառուցվածքում այս ոլորտի մասնաբաժնի աճին։ Օրինակ՝ 2022 թ-ին ֆինանսական ծառայությունների արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 14 անգամ, իսկ մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր արտահանման մեջ կազմել է 4․6%՝ 2021 թ-ի 0․8%-ի դիմաց։
Հայաստանից ծառայությունների արտահանման կառուցվածքը, 2007-2023 թվականներին
Որպեսզի ռեկորդը չվերածվի հակառեկորդի
2023-ի «թռիչքային աճից» անմիջապես հետո ՀՀ ֆինանսական իշխանությունները շտապեցին հայտարարել, որ Հայաստանի ՀՆԱ-ի գեներացման աճի ներուժը նախկին 4-4․5%- ից աճել է մինչև 5-5․5%՝ շնորհիվ կառուցվածքային բարեփոխումների, ներդրումների, վերջին 2 տարում կառավարության աշխատանքի արդյունքում տարբեր ոլորտների զարգացմանն աջակցելու ծրագրերի։ Բայց այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ստիպված եղան մի քանի անգամ «իջեցնել նշաձողը»՝ սրբագրելով սեփական կանխատեսումները, որոնք ամրագրված են նաև կառավարության գործունեության ծրագրով՝ տարեկան առնվազն 7 տոկոս աճ ապահովելու վերաբերյալ մինչև 5-5․5%։ Մինչդեռ ակնհայտ է, որ պետք էր, թեկուզև պատերազմի գործոններով պայմանավորված, բայց տրված բացառիկ ժամանակային շանսը օգտագործել այդ թվում նաև ծառայությունների արտահանման և ներմուծման ոլորտը դիվերսիֆիկացնելու համար։
Այսպես, չնայած Հայաստանում ծառայությունների արտաքին առևտուրը վերջին տասնամյակների ընթացքում աճի միտում ուներ, այնուամենայնիվ թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը շարունակում են լինել կենտրոնացված ճանապարհորդական և տրանսպորտային ծառայությունների ոլորտներում։ Իսկ ՏՏ և ֆինանսական ոլորտի ծառայությունների արտահանման վերջին երկու տարիների տպավորիչ աճը, այնուամենայնիվ պայմանավորված էր արտաքին շոկերի ազդեցությամբ, որը, որպես հետևանք, նաև բերեց նրանց ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններից կախվածության մեծացման։ Իսկ դա նշանակում է, որ էկզոգեն գործոնների չեզոքացման պարագայում, նույնիսկ ամենաբարենպաստ սցենարի դեպքում ոլորտները կարող են հայտնվել «կոտրած տաշտակի առաջ»։