FactorTV-ի հոդվածի հիման վրա Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե, դատախազը՝ պարզաբանել

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2024 թ․ դեկտեմբերի 13-ին հրապարակված Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները Factor TV-ի հոդվածն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։ 

FactorTV-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ դատախազների 45 տոկոսը բարեվարքության ստուգում չի անցել, գրել էինք նաև, որ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Գարեգին Իսախանյանը բանկերում 35 մլն դրամ ավանդ և այլ ունեցվածք ունի, սակայն Սնանկության դատարանի 2022 թ. մայիսի 6-ի վճռով սնանկ է ճանաչվել: Դատախազին սնանկ ճանաչելու գործը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում փակ է, հետևաբար՝ վճռի մանրամասները հայտնի չեն: Նրան պատկանող ընկերությունը ևս խնդիրներ է ունեցել հարկային մարմինների հետ ու դարձյալ սնանկ ճանաչվել: Գարեգին Իսախանյանը 2014 թ. հունիսի 23-ից դատախազի պաշտոն է զբաղեցնում: Մինչ այդ աշխատել է Դատախազությունում որպես քննիչ: Այժմ զբաղեցնում է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնը: 

Մինչև հոդվածի հրապարակումը Գլխավոր դատախազության էլեկտրոնային հասցեին Գ․ Իսախանյանին գրավոր հարցեր ենք ուղղել։ Սպասել ենք 20 օրից ավելի, որպեսզի Իսախանյանը պատասխանի, սակայն, այդ ընթացքում ոչ պարզաբանում է ներկայացվել, ոչ էլ հայտնել է ավելի ուշ պատասխանելու պատրաստակամության մասին, ինչից հետո նյութը հրապարակվել է։

Նյութի հրապարակումից 6 օր անց, Գագիկ Իսախանյանն իր պաշտոնական էլեկտրոնային հասցեից ի վերջո պատասխանեց FactorTV-ի հարցմանը։

Գործող դատախազն անդրադառնալով 35 մլն դրամ ավանդին, նշել է, թե իր կողմից ներկայացված վերջին՝ «Պաշտոնատար անձի՝ 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրում» նման տեղեկատվություն առկա չէ։

«Ավելին, եթե ես որևէ բանկում ունենայի ավանդ, ապա այն սնանկության կառավարչի կողմից արդեն իսկ պետք է արգելադրված լիներ»,-գրավոր պատասխանում նշել է Գարեգին Իսախանյանը։

Ստորև հրապարակում ենք դատախազի հիշատակած հայտարարագրի համապատասխան հատվածի լուսապատճենը, որտեղ հստակ երևում են ունեցած ավանդների մասին համապատասխան նշումները։ Հայտարարագիրը հրապարակված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում և հասանելի է բոլորին։ Այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու է դատախազը ժխտում իր կողմից ներկայացված հայտարարագրի տվյալները։ Եթե ընդունենք, որ նա բանկերում ավանդ չունի, ապա ստացվում է, որ հայտարարագրում կեղծ տվյալներ են նշված։

Հարկ է նշել, որ ավանդի նույն գումարը՝ մոտ 35 մլն դրամ,  նշված է նաև դատախազի 2022 թ․ հայտարարագրում, իսկ 2021 թ․ հայտարարագրել է փոքր ինչ ավելի ավանդ՝ մոտ 36 մլն 895 հազ․ դրամ։ Այս տվյալները ևս հրապարակված են։

Գարեգին Իսախանյանը հայտնել է, որ սնանկության գործով 2022 թ. մայիսի 6-ին կայացված վճռի շրջանակում, նույն դատարանի 2024 թ․ դեկտեմբերի 12-ի որոշմամբ, հաստատվել է պարտատերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված ֆինանսական առողջացման ծրագիրը։ Քանի որ դատարանի որոշումը ստացել է դեկտեմբերի 17-ին, հետևաբար՝ մեր հարցերին պատասխանում է մեկամսյա ժամկետում։

Հարկ է նշել, որ մեզ հետաքրքրում էր, թե ինչպես է գործող դատախազը սնանկ ճանաչվել, երբ ունեցել է բավականին եկամուտ, գույք, ինչպես նաև իր անունով ավանդ։ Ընդ որում, հիմք ենք ընդունել բացառապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած և հրապարակված գույքի, եկամուտների ու ծախսերի  տարեկան հայտարարագրերի տվյալները։ Հետևաբար՝ այստեղ որևէ էական նշանակություն չուներ, թե սնանկ ճանաչված դատախազը առողջացման ծրագիր կներկայացներ, թե՝ ոչ։ Այդ հարցը դատախազին չենք էլ ուղղել։ Ինչ վերաբերում է մեկ ամսվա ընթացքում հարցերին պատասխանելուն, ապա դատախազ Իսախանյանը 5-օրյա ժամկետում որևէ կերպ չի տեղեկացրել, որ իրեն լրացուցիչ ժամանակ է պետք։

«Ֆինանսական առողջացման ծրագրի հիման վրա սահմանված ժամանակացույցով իմ կողմից կկատարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները, ինչն էլ հիմք կհանդիսանա սնանկության գործը վերաբերելի օրենսդրական կարգավորումների համաձայն ավարտելու համար։ Իմ վերաբերյալ սնանկության գործընթացի համար հիմք հանդիսացած ֆինանսական պարտավորությունների առաջացման պատճառները նեղ անձնական են և ենթակա չեն հանրայնացման»,- հայտնել է Գարեգին Իսախանյանը։

Գրել էինք նաև, որ դատախազն ու կինը մասնակցություն ունեն նաև առևտրային ընկերություններում: 2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Գ. Իսախանյանին է պատկանել «Արբումպրոմ» ՍՊԸ-ի 50%-ը, «Բար» ՍՊԸ-ի՝ 53%-ը, իսկ կնոջը՝ Հերմինե Իսախանյանին պատկանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում հիմնած  UAB Gintra ընկերությունը, որի 80%-ի սեփականատերն է: 2017թ. մարտի 21-ին Պետական եկամուտների կոմիտեի կողմից դիմում է ներկայացվել դատարան ընդդեմ «Արբումպրոմ» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին: Ընկերությունը չի կատարել իր հարկային պարտավորությունները և կուտակել է 2 մլն 704 հազ. դրամ պարտք: Նույն տարվա սեպտեմբերին «Արբումպրոմ»-ը սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը 2023թ. հոկտեմբերի 27-ին գործն ավարտել է:

Գարեգին Իսախանյանն անդրադառնալով «Արբումպրոմ» ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելուն, նշել է, թե սնանկության կառավարիչը սպառելով օրենքով նախատեսված բոլոր միջոցները, չկարողանալով առողջացնել այդ ընկերությունը՝ միջնորդել է դատարանին լուծարել, ինչն էլ տեղի է ունեցել։

«Սնանկ ճանաչված և լուծարված «Արբումպրոմ» ՍՊԸ-ի պահանջատեր եմ հանդիսացել նաև ես, և իմ հանդեպ ունեցած պարտավորություններն ընկերության կողմից մնացել են չկատարված»,- նշել է Գ․ Իսախանյանը։

Ինչ վերաբերում է կնոջը՝ Հերմինե Իսախանյանին պատկանող Լիտվայի Հանրապետությունում հաշվառված  UAB Gintra ընկերությանը, ապա Գ․ Իսախանյանը հայտնել է, թե այն հիմնադրման օրվանից չի աշխատել՝ լիտվացի գործընկերոջ առողջական խնդիրների պատճառով։ Ներկայում, իրավական առումով, հնարավոր չէ այդ ընկերությունը լուծարել, քանի որ ըստ Իսախանյանի, նա մահացել է և փոխարինող չկա։ Իսկ իր անվամբ գրանցված «Բար» ՍՊԸ-ի 53 տոկոս բաժնեմասը դեռևս 2014թ-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարման։

Թե ինչ ընթացք կստանա Factor TV-ի հրապարակումը Հակակոռուպցիոն կոմիտեում, արդյոք քրեական վարույթ կնախաձեռնվի հոդվածի հետքերով, կանդրադառնանք առաջիկայում։

Ռոզա Վարդանյան