ՀՀ-ն նվազեցնում է կախվածությունը ՌԴ-ից, բայց կարևոր ենթակառուցվածքները մնում են ռուսական․ Freedom House
Քաղաքականություն
03.04.2025 | 19:17
Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարակված «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցում ՀՀ-ի վերաբերվող բաժնում առանձին անդրադարձ է կատարվում քաղաքական բազմակարծությանն և մասնակցությունը։
«Արդյո՞ք մարդիկ իրավունք ունեն ստեղծելու տարբեր քաղաքական կուսակցություններ կամ իրենց ընտրությամբ այլ մրցակցող քաղաքական խմբավորումներ, և արդյո՞ք համակարգը զերծ է մրցակցող կուսակցությունների կամ խմբավորումների վերելքի ու անկման անհիմն խոչընդոտներից:
Քաղաքական կուսակցություններն ու ընդդիմադիր խմբերը կարողացել են գործել շատ ավելի ազատ միջավայրում 2018 թվականից ի վեր: 2021 թվականի հունվարին ուժի մեջ են մտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները՝ սահմանափակելով անհատական նվիրատվությունները և պետական ֆինանսավորումը։ 2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել են աննախադեպ թվով քաղաքական սուբյեկտներ՝ 22 քաղաքական կուսակցություն և չորս միավորում։
Կա՞ իրատեսական հնարավորություն ընդդիմության համար մեծացնելու իր աջակցությունը կամ ընտրությունների միջոցով իշխանություն ստանալու։
Ընտրությունները զգալիորեն ավելի մրցակցային են դարձել 2018 թվականից ի վեր՝ թույլ տալով ընդդիմությանը հաջողության հասել։ Այնուամենայնիվ, ընդդիմադիր կուսակցությունները վերջին տարիներին երբեմն բախվել են դատավարական խոչընդոտների և քրեական հետապնդման սպառնալիքի հետ:
2023 թվականի սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը ստացել են ձայների համապատասխանաբար մոտ 19 և 15 տոկոսը, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել ընդամենը 32,5 տոկոս։ Այնուամենայնիվ, 2024 թվականի փետրվարին իշխող կուսակցությունը նախաձեռնել է ընթացակարգ՝ հեռացնելով Ազգային առաջընթացի առաջնորդին՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, և խորհրդից երկու ընդդիմադիր այլ անդամների՝ պատճառաբանելով նրանց բազմաթիվ բացակայությունները։ Մարությանը պնդում էր, որ միտումնավոր բոյկոտում էր նիստերը և իր պաշտոնանկությունը որակել «քաղաքական դրդապատճառներով»։ Սեպտեմբերին նույն հիմնավորմամբ խորհրդի կազմից հեռացվել էին ևս երեք ընդդիմադիրներ։
2024 թվականի հոկտեմբերին Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը և նրա «Բալասանյան դաշինքի» բոլոր անդամները հրաժարական էին տվել այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա ընտանիքի դեմ։
2025 թվականի սկզբին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններով վարչապետ Փաշինյանը քաղաքապետի պաշտոնակատար է նշանակել դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագրով» սահմանափակ փրայմերիզ անցկացնելուց հետո։ Ընդդիմությունը քննադատել է այդ քայլը։
2021 թվականին խորհրդարանը ավելի խիստ պատիժներ է սահմանել ձայների գնման, ընտրությունների հետ կապված բռնությունների և ընտրական գործընթացի խաթարման համար։ Օրենսդիրները քրեականացրել են նաև նախընտրական քարոզարշավի խոչընդոտումը։ Թեև այդ տարվա խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել նման պրակտիկայի անկում, միջազգային դիտորդները շարունակել են հայտնել կասկածներ, այդ թվում՝ ձայների գնման և վարչական ռեսուրսների չարաշահման առանձին դեպքեր: «Անախ դիտորդը» նշել է, որ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ուղղակի ձայների գնում չի եղել, սակայն նշել է մի քանի դեպքեր, երբ ընտրողներին տարբեր կուսակցությունների կողմից առաջարկվել են ապրանքներ կամ ծառայություններ:
Բնակչության տարբեր շերտեր (ներառյալ էթնիկ, ռասսայական, կրոնական, սեռային, ԼԳԲՏ+ և այլ համապատասխան խմբեր) ունե՞ն լիարժեք քաղաքական իրավունքներ և ընտրական հնարավորություններ:
Քաղաքացիները պաշտոնապես օգտվում են հավասար քաղաքական իրավունքներից՝ անկախ սեռից և էթնիկ պատկանելությունից: Այնուամենայնիվ, կանայք շարունակում են բավարար ներկայացված չլինել քաղաքականությունում և կառավարությունում, և կուսակցությունների մեծամասնությունը քիչ բան է անում կանանց քաղաքական շահերը լուծելու համար:
Հասարակական մշտական խտրականության և քաղաքական մարգինալացման պատճառով ոչ մի բացահայտ ԼԳԲՏ+ անձ չի առաջադրվել ընտրություններում կամ նշանակվել պետական պաշտոնի Հայաստանում: Համակարգը, որը ներդրվել է որպես 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մաս, պահանջում է խորհրդարանի մինչև չորս պատգամավորի ընդգրկում, որոնք ներկայացնում են ազգային փոքրամասնությունների խմբերը։
2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է երեք մանդատ՝ ներկայացնելով էթնիկ ռուսներին, եզդիներին և քրդերին, իսկ «Հայաստան» դաշինքը՝ էթնիկ ասորիներին ներկայացնող մանդատ։
Արդյո՞ք ազատ ընտրված կառավարության ղեկավարը և ազգային օրենսդիր ներկայացուցիչները որոշում են կառավարության քաղաքականությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը զգալի խորհրդարանական մեծամասնություն է ստացել մրցակցային ընտրությունների միջոցով, արդյունավետորեն վերահսկում է կառավարության քաղաքականությունն ու օրենսդրությունը: Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր նվազեցնել բիզնեսի շահերի ազդեցությունը քաղաքականության մշակման վրա, երկու հզոր գործարարներ մտել են խորհրդարան նրա կուսակցական ցուցակով, և նրանցից մեկը 2024 թվականի օգոստոսին նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։ Որոշ ընդդիմադիր պատգամավորներ նաև սերտ կապեր ունեն ազդեցիկ գործարարների հետ։
Ընդգծվում է, որ Հայաստանի իշխանությունները դիվերսիֆիկացնում են իրենց միջազգային անվտանգության գործընկերներին՝ նվազեցնելու կախվածությունը Ռուսաստանից, հատկապես այն բանից հետո, երբ ադրբեջանական ուժերը 2023 թվականի սեպտեմբերին նվաճել են Լեռնային Ղարաբաղը՝ չնայած ռուսական զորքերի առկայությանը։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը բանակցել է ռուս զինվորականների և սահմանապահ ուժերի դուրսբերման շուրջ ՀՀ մի շարք շրջաններից, որտեղ նրանք տեղակայվել էին 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո, ինչպես նաև Իրանի սահմանից։ Ռուս սահմանապահները նաև լքել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը, որտեղ նրանք տեղակայված էին 1992 թվականից: Փետրվարին Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ին. տարվա ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա չի մասնակցել կազմակերպության նիստերին։
Նշվում է, որ չնայած այս քայլերին, Հայաստանի տնտեսությունը և նրա ազգային ենթակառուցվածքի զգալի բաղադրիչները, ներառյալ երկաթուղիները և էներգետիկան, մնացել են կախված Ռուսաստանից՝ թույլ տալով Մոսկվային պահպանել ազդեցությունը քաղաքականության մշակման վրա: Բացի այդ՝ 2024 թվականին Հայաստանը բախվել է Բաքվի կողմից շարունակվող տարածքային ճնշմանը։ Ապրիլին կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ և հետագայում մայիսին Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցել Տավուշի մարզի չորս տարածք։
Արդյո՞ք պաշտոնյաների շրջանում կոռուպցիայից պաշտպանվելու միջոցները հուսալի և արդյունավետ են։
Իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները հազվադեպ են հետապնդման ենթարկվում՝ չնայած պաշտոնի ոչ պատշաճ օգտագործման ակնհայտ ապացույցներին: 2024 թվականի փետրվարին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ մեղադրվեց պաշտոնեական դիրքի չարաշահմամբ գնումների որոշումները, իբր, մանիպուլյացիայի ենթարկելու մեջ։ Մայիսին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը, որը ղեկավարվում էր Էկոնոմիկայի նախարարության կողմից, լուծարվեց կոռուպցիայի հետագա մեղադրանքների պատճառով, թեև քրեական հետաքննությունը մինչև տարեվերջ առաջընթաց չէր գրանցել:
Ընդգծվում է, որ հակակոռուպցիոն մարմիններն իրենք են հայտնվել ակնհայտ դիսֆունկցիայի և հնարավոր խախտումների տակ: Օրինակ, 2023 և 2024 թվականներին ԶԼՄ-ների հաղորդագրությունները բացահայտել էին զգալի կոռուպցիոն ռիսկեր Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ունեցվածքի հայտարարագրերում և այլ լիազորագրերում: Սասուն Խաչատրյանը հրաժարական տվեց Հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից 2024 թվականի նոյեմբերին՝ վարչապետի խնդրանքով, և նրան փոխարինող առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ կասկածներ առաջացնելով մրցակցային ընտրության գործընթացի ամբողջականության վերաբերյալ։ Խորհրդարանը նաև դժվարությունների է հանդիպել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թափուր պաշտոնները լրացնելու հարցում՝ 2024 թվականի դեկտեմբերին ընտրելով մեկ նոր անդամ, սակայն չկարողացավ նշանակել մշտական նախագահ։
Առանձին-առանձին, ամբողջ տարվա ընթացքում լրատվամիջոցների հաղորդագրությունները ընդգծել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավման հետ կապված դատական գործերի չափազանց դանդաղ տեմպերը:
Արդյո՞ք կառավարությունը բաց և թափանցիկ է գործում
Թափանցիկությունը պատմականորեն սահմանափակ է եղել, իսկ պետական ծառայողների համար գնումների երաշխիքների և գույքի հայտարարագրման կանոնների կիրարկումը՝ թույլ։ Քաղաքացիական հասարակության փորձագետները մատնանշել են մի շարք թերություններ և իբր ռեգրեսիվ հատկանիշներ տեղեկատվության ազատության մասին օրենքի նախագծում, որը կառավարությունը հրապարակել է 2024 թվականի փետրվարին՝ մեկնաբանությունների և վերանայումների նախորդ փուլից հետո։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն զեկուցել է 2024 թվականի ընթացքում լրագրողների տեղեկատվության հարցումներին կառավարության պատասխանների թերի, հետաձգված կամ մերժված լինելու օրինակ։ Մեկ այլ դիտորդ խումբ՝ Տեղեկատվության ազատության կենտրոնը, ևս կարևորել է թերի կամ ընդհանուր արձագանքները՝ որպես լուրջ խնդիր, ինչպես նաև կառավարության կողմից խտրական վերաբերմունքը տարբեր լրատվամիջոցների նկատմամբ և տեղեկատվություն ստանալու հարցումները հիմնավորելու անօրինական պահանջները: Վերջին տարիներին ԶԼՄ-ների հաղորդումները վկայակոչում են փակ կամ գաղտնի պետական վարույթների աճը և կառավարության ղեկավարների պարբերական մամուլի ասուլիսների սակավությունը»,- ասված է զեկույցում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի