Եկել է ժամանակը, որ ուս ուսի տված ազգովի իրականացնենք այն երազանքները, որոնք երազել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի «Գաբրիել» սրահում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց մի շարք հարցերի:

«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում եմ, հենց այսկերպ ձեզ դիմելու արդարացվածությունն է այն առանցքային քաղաքական փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում: Դա է այն լրջագույն բովանդակային փոփոխությունը, որ տեղի է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որովհետև անկախության տարիներից ի վեր բանավեճը միշտ եղել է, թե ինչպիսին են Հայաստանի և սփյուռքի հարաբերությունները, ովքեր են Հայաստանում ապրողները և ովքեր Հայաստանից դուրս ապրողները: Այս բանավեճը երկար տարիներ տեղի է ունեցել, տարբեր տեսակետներ են հնչել, և ի վերջո այս երկար դեգերումներից հետո մենք հասել ենք մի կետի, որտեղ ՀՀ վարչապետն աշխարհի ցանկացած տեղում, դիմելով իր հայրենակիցներին, կարող է վստահորեն ասել` սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև քաղաքացիությունն անձնագիր չէ, նույնիսկ կեցություն չէ, նույնիսկ հաշվառման հասցե չէ և գտնվելու վայր: Քաղաքացիությունը գիտակցություն է ու զգացողություն, և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի թավշյա հեղափոխությունը ողջ հայությանը միավորեց միության և քաղաքացիական գիտակցության շուրջ, հասկացանք, որ բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, անկախ նրանից` ապրում ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` ծնվել ենք Հայաստանում, թե` ոչ, անկախ նրանից` երբևէ կվերադառնանք Հայաստան, թե` ոչ, որովհետև Հայաստանը բոլորիս ընդհանուր ինքնությունն է, Հայաստանը բոլորիս ծննդավայրն է և բոլորիս բնակավայրն է, բոլորիս հայրենիքը, բոլորիս երազանքը, բոլորիս նպատակն է և բոլորիս հաղթանակը: Սա մի հաղթանակ է, որ կերտել ենք միասին, որը պետք է փայփայենք և վայելենք միասին»,– նշել է վարչապետ Փաշինյանը` հավելելով, որ ներկաների հայացքները տեսնելիս` նկատում է, որ նրանք իսկապես վայելում են հաղթանակը:  Դրա մեծագույն իմաստը, ըստ վարչապետի, հետևյալն է. «Կար ժողովուրդ, որը չէր հավատում իր ուժերին, ապագային, և այլևս կա ժողովուրդ, որ հավատում է իր ուժերին, ապագային և այդ ժողովուրդն այլևս անշրջելիորեն հաղթանակած է: Կա երազելու և երազանքներն իրականացնելու ժամանակը: Կարծում եմ, որ մենք ընդամենը մի քանի ամիս առաջ ապրեցինք երազելու ժամանակը և հիմա ապրում ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակ: Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան, ուրեմն եկել է ժամանակը, որ մենք ուս ուսի տված, կողք կողքի կանգնած ազգովի միասին իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով: Մեր երազելու հազարամյականերին գալիս է փոխարինելու երազանքներն իրականացնելու հազարամյակը, մենք այլևս մի ժողովուրդ ենք, որը կանգնում է ոտքի, ուղղում մեջքը և քայլում դեպի երազանքների իրականացում: Ի գործ` դեպի քաղաքացիությամբ և ինքնությամբ ամրացած Արցախի Հանրապետություն, դեպի Հայաստանի Հանրապետություն, որը բոլոր հայերի հայրենիքն է, այն հայության հայրենիքն է, որ ապրում է վերադառնալու երազանքով, և եկել է այդ երազանքն իրականացնելու ժամանակը: 
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունում»
:

Այնուհետև ներկաները վարչապետից հետաքրքրվել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներից: Ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա հանդիպման ամենակարևոր արձանագրումը և արդունքը հետևյալն է. կարող ենք համարել, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետությունն ավելի լուրջ և մեծ միջազգային դերակատարում պետք է ունենա: Հեղափոխությունից հետո Հայաստանի միջազգային հեղինակությունն աճել է ու կարող ենք ավելի ակտիվ դերակատարում ունենալ միջազգային հարաբերություններում»:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ բացի երկկողմ հարաբերություններից` Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են նաև միջազգային նշանակության տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կիսատ մնացած հարցերը Ֆրանսիայի գործընկերոջ հետ կքննարկի Երևանում, երբ Էմանուել Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան: «Վստահ եմ, որ նախագահ Մակրոնի հետ մեր շփումները և հարաբերությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնալու»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին` Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կկարողանա կազմակերպել այն այնպես, որ կազմակերպությունը գագաթաժողովի արդյունքում ավելի ուժեղանա, ֆրանկոֆոն տարածքում մեր երկրի դերակատարությունն ավելի ընդգծվի:

Ֆրանսահայերը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններից և հարցրել՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում սպասվում է: Վարչապետը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն իսկ կայացել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման մասին դեռևս պայմանավորվածություն և խոսք չկա: «Նախագահ Մակրոնը հետաքրքրվում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մեր պատկերացումներով և նրանով` արդյոք կա հնարավորություն լրջորեն քննարկել հարցի կարգավորումը: Մտքեր փոխանակեցինք այս հարցի կապակցությամբ, և ես նրան ասացի, որ իմ կարծիքով` Ադրբեջանի ղեկավարն իրականում այդքան էլ անկեղծ չէ, երբ խոսում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին, որովհետև դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կա կարգավորման մթնոլորտ: Սպառնալիքների պայմաններում խոսել կարգավորման մասին, այնքան էլ իրատեսական չէ, եթե միջնորդներն իսկապես ուզում են, որպեսզի զբաղվենք կարգավորմամբ, իսկ մենք պատրաստ ենք կարգավորման, առաջին հերթին պետք է կարգի հրավիրեն Ադրբեջանի նախագահին: Եթե վերջինս մտածում է, որ սպառնալիքներով կարող է մեզ զիջման մղել, ապա սխալվում է: Այսօրվա Հայաստանը ուրիշ Հայաստան է, որն աշխարհի բոլորին հայերին դիմում է այնպես, ինչպես այսօր ձեզ դիմեցի, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը: Տվյալ դեպքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը ստանալու է հակահարված՝ համախմբված և դուխով հայ ժողովրդի կողմից»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է Հայաստան-սփյուռք հարաբերությունների ավելի ակտիվացմանը, տարբեր երկրների հետ Հայաստանի հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, հայրենադարձության հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող յուրաքանչյուր ընտանիքում անընդհատ այդ թեման պետք է հնչի: Կապ չունի՝ ներկաներից քանիսը երբ կվերադառնան, եթե վերադառնան՝ շատ լավ, եթե նրանց երեխաները վերադառնան՝ շատ լավ, եթե երեխաները չէ, թոռները վերադառնան՝ լավ, կարևորը՝ ձևակերպվի, որ ամեն հայի նպատակն ի վերջո Հայաստան վերադարձն է: Եվ այդ վերադարձի գաղափարը պետք է լինի մեր ինքնության, երեխաների դաստիարակության մի մասը, մնացածն ինքն իրեն կստացվի: Կարևորը, որ դա լինի երազանք»: