Խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման համար մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարին
Հասարակություն
23.09.2024 | 13:41Շիրակի մարզի համայնքներից մեկի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերով դրամական միջոցների յուրացման համար (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով), տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Նրա փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը։
Նշենք, որ Factor.am-ի տեղեկություններով, մեղադրանք առաջադրվել է Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Փիլոսյանին։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարը ձերբակալվել է։
Մանյա Պողոսյան