Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Լուրեր

12.12.2024 | 10:40
ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հնարավոր է համարել Իսրայելի հետ գործարքի հնարավորությունը. WSJ
12.12.2024 | 10:31
Նավթի գներն աճել են
12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Բոլորը

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ այդ համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև կողմերը դիտարկում են կարողությունների զարգացումը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ խոսելով վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի, երկու երկրների միջև ակտիվացող պաշտպանական և ռազմական համագործակցության, Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի և տարածաշրջանում ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակման, հայ և հնդիկ ժողովուրդների մշտական մտերմության և այլ հարցերի շուրջ։

-Տիկին դեսպան, վերջին շրջանում Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերություններում բավական ակտիվություն է նկատվում։ Նախորդ տարի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Հնդկաստան, այնուհետև տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունը։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները քաղաքական մակարդակում և ի՞նչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։

-Նախ և առաջ, Նամաստե, բարև Ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն տվեցիք գալ և զրուցել ձեզ հետ ու խոսել Հնդկաստանի ու Հայաստանի հարաբերությունների մասին: Դուք շատ ճիշտ եք՝ ասելով, որ մեր քաղաքական հարաբերությունները շատ ջերմ են․ դրանք պատմականորեն միշտ այդպիսին են եղել: Բայց ոչ վաղ անցյալում, և վստահաբար կարող եմ ասել՝ 2021 թվականին մեր արտաքին գործերի նախարար՝ դոկտոր Ջայշանկարի (խմբ․ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար) այցից հետո մենք կարող ենք տեսնել նորացված եռանդ․ մեր քաղաքական շփումներում մեծ դինամիկա կա: Ինչպես նշեցիք, արտգործնախարար պարոն Միրզոյանի կողմից այցեր ենք ունեցել Հնդկաստան՝ 2022 թվականին, հետո՝ 2023 թվականին: Եվ, եթե նայենք, 2023 թվականին գործնականում ամեն ամիս փոխադարձ այցեր ենք ունեցել։ Տարբեր նախարարներ այցելեցին Հնդկաստան, Դուք նաև նշեցիք ձեր անվտանգության խորհրդի քարտուղարի այցը։ Հարաբերությունները վերընթաց հետագծի վրա են։ Դրանք ջերմ են, և շատ հաճախակի շփումներ են լինում։

-Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում զարգացնելու պաշտպանական կապերը Հնդկաստանի հետ։ Գիտենք, որ դեռ 2022 թվականին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում էր։ Վերջերս նաև տեղեկություններ եղան, որ Հնդկաստանը ռազմավարական կարևորության արտահանումների համար դեպի Հայաստան օդային միջանցք է ստեղծում։ Ասացեք խնդրեմ, ռազմական ոլորտում համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Այո, իսկապես, մեր պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում։ Պաշտպանական համագործակցությունը ոչ միայն պաշտպանական-տեխնիկական է, այլև մենք դիտարկում ենք կարողությունների զարգացումը: Լինի դա ռազմատեխնիկական համագործակցություն, թե ուսուցման և կարողությունների զարգացում, այդ երկու ճակատներն էլ շատ լավ են ընթանում: Դուք միանշանակ ճիշտ եք. 2022 թվականին պաշտպանության նախարար պարոն Պապիկյանն այցելել էր Հնդկաստան, և դրանից հետո մենք տեսնում ենք, որ շատ բան է տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։ Մենք դեռևս աշխատում ենք, որպեսզի հետագայում այն ավելի ընդլայնվի: Ինչ վերաբերում է օդային միջանցքին, ապա կարծում եմ, որ այդ հաղորդումները ճիշտ չէին։ Մենք իսկապես դիտարկում ենք, թե ինչպես կարելի է տեխնիկան հասցնել այստեղ՝ Հայաստան։ Սակայն, ինչ վերաբերում է այս օդային միջանցքին, ապա դա ուղղակի, կարծում եմ՝ ապատեղեկատվություն էր։ Ուստի ես կցանկանայի պարզաբանել այդ գրառումը: Կարծում եմ, որ մեր ռազմական համագործակցության հեռանկարներն իսկապես շատ լավն են, և մենք աշխատում ենք դրանք էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ:

-Փետրվարին Հայաստանում էր Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը։ ՀՀ պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նա նշեց, որ հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Որքանո՞վ եք հավանական համարում այս ձևաչափով համագործակցությունը և ի՞նչ կքաղեն նշված երկրները սրանից։

-Գիտեք, Ձեր նշած չորս երկրներն էլ շատ լավ հարաբերություններ, ջերմ ու սերտ կապեր ունեն՝ լինի դա Հնդկաստան-Հայաստան, Հնդկաստան-Հունաստան, թե Հնդկաստան-Ֆրանսիա։ Մենք հիմա նշում ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման 25-ամյակը։ Հունաստանի հետ նույնպես մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել։ Ես գտնում եմ, որ բոլոր չորս երկրներն էլ համախոհներ են, շատ մոտ գործընկերներ: Այս պահին, կարծում եմ, դեռ մի փոքր վաղաժամ է խոսել քառակողմ ձևաչափի մասին։ Բայց այո, համընկնումներ կան։ Եվ ես վստահ եմ, որ եթե նման համագործակցություն տեղի ունենա, ապա այդ դեպքում բոլոր երկրները կշահեն։ Նրանք կկարողանան համագործակցել այն ուղղություններով, որոնք կան երկկողմ ձևաչափերով, որն այնուհետև կտարածվի չորս երկրների վրա։ Այս պահին, կարծում եմ, որ միայն դրական օրակարգ կարող եմ տեսնել այն դեպքում, եթե դա տեղի ունենա:

-Վերջերս, հնդկական մի շարք լրատվական գործակալություններ հայտնեցին, որ Հնդկաստանը պատրաստվում է ռազմական կցորդներ նշանակել աֆրիկյան, ասիական երկրներում,  նաև Հայաստանում՝ նպատակ ունենալով ամրացնել ռազմավարական կապերն այդ երկրների հետ։ Տիկին դեսպան, ի՞նչ կարող եք ասել այս առումով։    

-Այս կառավարությունը, վարչապետ Մոդիի կառավարությունն ունի շատ հստակ քաղաքականություն և նախաձեռնություն՝ «Make in India» (հնդկական արտադրություն): Այսպիսով, մենք «Make in India» ունենք նաև պաշտպանական ոլորտում: Մենք կարծում ենք, որ մեր պաշտպանական արդյունաբերությունը, լինի դա հանրային, թե մասնավոր հատվածում, իսկապես արտադրում է համաշխարհային մակարդակի պաշտպանական սարքավորում: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհի շատ երկրներ գնում են մեր պաշտպանական սարքավորումը։ Որպեսզի, ըստ էության, այդ գործընթացը լինի ավելի սահուն և ավելի լավ համակարգված, այդ իսկ պատճառով Ձեր նշած վայրերում պաշտպանական կցորդներ են նշանակվում։ Եվ, այո, իսկապես, Հայաստանի համար ևս պաշտպանական կցորդ կունենանք։

-Այո, շնորհակալություն. իսկ որևէ կոնկրետ տեսակի տեխնիկա կամ… զենք…

Դե, գիտեք, երկու երկրների պաշտպանության նախարարություններն էլ կապի մեջ են, և շարունակում են քննարկել և զանազան տարբերակներ են փնտրում:

-Տիկին դեսպան, Ադրբեջանը 2020 թվականից սկսած շարունակում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնող քայլեր ձեռնարկել։ Գիտենք, որ դրանց հետևանքով ԼՂ-ի 100 հազարից ավելի հայ բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից։ Բացի այդ, նույնիսկ այսօր Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերել իր զորքերը։ Որքանո՞վ են այս քայլերն իրենց ազդեցությունն ունենում տարածաշրջանում խաղաղության օրակարգի վրա։

-Հնդկաստանը միշտ կողմ է եղել երկխոսության և դիվանագիտության միջոցով երկարաժամկետ խաղաղության հասնելուն։ Եվ մենք ոգևորված ենք՝ տեսնելով վերջին քայլերը, որոնք արվել են երկու երկրների կողմից: Ալմաթիում հանդիպել են արտգործնախարար Միրզոյանը և արտգործնախարար Բայրամովը։ Այսպիսով, ես կարծում եմ, որ այն փաստը, որ երկու երկրներն էլ այժմ սեղանի շուրջ խոսում են միմյանց հետ, դրանով նրանք առաջ են տանում խաղաղության օրակարգը: Հնդկաստանը միշտ զգում է, որ միայն այս քննարկումների միջոցով կարող է երկարաժամկետ խաղաղություն լինել տարածաշրջանում: Եվ դա այն է, ինչ մենք ջերմեռանդորեն կցանկանայինք:

-Անդրադառնանք Հայաստանի և Հնդկաստանի միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցությանը։ Ինչպիսի՞ն է եղել երկու երկրների առևտրաշրջանառության ծավալը 2023 թվականին։ Ի՞նչ միտումներ են նկատվում երկկողմ արտահանման ու ներմուծման հարթակներում։

-Ինչ վերաբերում է մեր առևտրատնտեսական համագործակցությանը, կարծում եմ, որ այն միանշանակ շատ ցածր է իր ներուժից։ Եթե նայեք անցյալ տարվա առևտրի թվերին, ապա երկկողմ առևտուրը մեկ տարվա կտրվածքով 200 միլիոն ԱՄՆ դոլարից ցածր էր: Մեր դեսպանատան նպատակն է համոզվել, որ մենք կարող ենք աշխատել երկու երկրների գործարար մարդկանց համախմբելու ուղղությամբ: Անցյալ տարի մենք երեք բիզնես համաժողով ենք կազմակերպել։ Արդեն այս տարի ևս մեկ բիզնես համաժողով ենք կազմակերպել, որը կատարել ենք հիբրիդային ձևաչափով, որպեսզի ավելի շատ գործարարներ կարողանան միանալ Հնդկաստանից, և պարտադիր չլինի ճանապարհորդելը։ Այդպիսով մենք ավելի մեծ կապ կունենայինք գործարար մարդկանց հետ: Մեր ջանքերն ուղղված են եղել երկկողմ առևտրի ծավալների մեծացմանը։ Եվ կան որոշակի ոլորտներ, որտեղ մենք լավ ներուժ ենք տեսնում: Ինչպես գիտեք, Հնդկաստանը հայտնի է որպես ‹‹աշխարհի դեղատուն››: Մեր դեղագործական արտադրանքը առաջատարն է աշխարհում: Փաստացիորեն, ամբողջ աշխարհում պատվաստանյութերի ավելի քան 60%-ը գալիս է Հնդկաստանից, ներառյալ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) և GAVI-ի (Պատվաստանյութերի դաշինք) նման այլ մեխանիզմների միջոցով: Այսպիսով, սա այն ոլորտն է, որտեղ ես ավելի շատ ներուժ եմ տեսնում: Երկու կողմերն էլ (խմբ․ Հայաստան և Հնդկաստան) աշխատում են հնդկական դեղամիջոցների և պատվաստանյութերի ներմուծումը դեպի Հայաստան մեծացնելու ուղղությամբ։ Բացի այդ, երկու երկրներն էլ ունեն բարձր տեխնոլոգիաների զարգացած ոլորտ։ Եվ սա այն ոլորտն է, որտեղ ես զգում եմ, որ, այս կոնկրետ հատվածի հզորությանն ամրություն հաղորդելով, մենք կարող ենք ընդլայնել համագործակցությունն՝ ի նպաստ երկու երկրների փոխադարձ շահերի:

-Նախորդ տարի Երևանում տեղի ունեցած փորձագիտական համաժողովի ընթացքում Դուք նշեցիք, որ Հնդկաստանը պատրաստ է մասնակցել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին։ Ո՞ր ուղղություններն են Հնդկաստանի հետաքրքրությունների շրջանակում։

-Գիտեք, հայկական կողմի հետ մեր քննարկումներում նրանք մեզ պատմում էին ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ մայրուղու նախագծի մասին։ Հաշվի առնելով, որ հնդկական ենթակառուցվածքային ընկերություններն ունեն համաշխարհային մակարդակի փորձ, ինչպես գիտեք, Հնդկաստանում մենք ձեռնարկում ենք ենթակառուցվածքների խոշոր զարգացում՝ լինեն դրանք ճանապարհներ, երկաթուղիներ, մայրուղիներ, ջրային ուղիներ, օդանավակայաններ, կամուրջներ և այլն՝ շատ մեծ վստահություն կա ենթակառուցվածքի զարգացման վրա: Մեր ընկերությունները մեծ փորձ են կուտակել ոչ միայն մեր երկրում, որը շատ մեծ է, և որտեղ կան բազմաթիվ նախագծեր, այլ նաև ամբողջ աշխարհում: Հնդկական ենթակառուցվածքային ընկերություններն ամբողջ աշխարհում իրականացնում են կամուրջների, ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, օդանավակայանների զարգացում: Այս կապակցությամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Սանոսյանը ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի հետ անցյալ տարվա հոկտեմբերին Global Indian Maritime գագաթնաժողովի համար այցելել էր Հնդկաստան։ Այդ ժամանակ նրանք կարողացան հանդիպել բազմաթիվ հնդկական ենթակառուցվածքային ընկերությունների: Այդ քննարկումները շարունակվում են, և մենք հուսով ենք, որ հնդկական ենթակառուցվածքային ընկերությունները կկարողանան մասնակցել և իրենց ներդրումն ունենալ այս երկրում (խմբ․ Հայաստանում) ենթակառուցվածքների զարգացման գործում:

-ՀՀ կառավարությունը նախորդ տարի հրապարակեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Կարծիքներ կային, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը համընկնում է Հարավային Կովկասում Հնդկաստանի տեսլականի հետ։ Ո՞րն է Ձեր դիտարկումն այս նախաձեռնության մասին։

-Գիտեք, երբ երկրները բարգավաճման կարիք ունեն, հաղորդակցությունը բանալին է։ Եվ դա մի բան է, որով մենք մեր տարածաշրջանում շատ սերտորեն համագործակցել ենք մեր հարևան երկրների հետ: Կապի նախագծերը կապում են Հնդկաստանին իր հարևանների հետ․ սա մի բան է, որում մենք շատ մեծ զարգացում ենք ունեցել վերջին տասնամյակում: Նմանապես մենք գտնում ենք, որ ցանկացած տարածաշրջանի համար, եթե ցանկանում եք անցնել բարգավաճման հաջորդ մակարդակ,ապա  դուք պետք է ունենաք հաղորդակցության ծրագրեր: Եվ, բնականաբար, մենք տեսնում ենք Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն այն լույսի ներքո, որ դա կլինի շահեկան իրավիճակ  տարածաշրջանային բոլոր գործընկերների համար։ Այնպես որ, մեզ համար իսկապես այլ ճանապարհ չկա, քան երկրների միջև ավելի շատ կապեր ունենալը՝ ճանապարհների, երկաթուղու և այլնի տեսքով: Մենք դրան (խմբ․ «Խաղաղության խաչմերուկ») շատ դրական և շատ ոգևորված ենք նայում:

-Ինչպես գիտենք, Հնդկաստանը կարևոր դերակատարում ունի  Չաբահար նավահանգստի զարգացման գործում։ Դուք նշել էիք, որ Հայաստանի համար ևս դիտարկվում են Չաբահար նավահանգստի օգտագործման հնարավորությունը հեշտացնելու հեռանկարները։ Ի՞նչ հնարավորությունների մասին է խոսքը։

-Դուք գիտեք, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից: Հայկական կողմի հետ մեր քննարկումներում վերջիններս հետաքրքրություն են ցուցաբերել Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում։ Ձեր Տարածքային կառավարման նախարարն անցյալ տարվա դեկտեմբերին այցելել էր Չաբահար նավահանգիստ։ Հայկական կողմից մենք սպասում ենք մանրամասներին, և մենք դա անպայման հաշվի կառնենք, երբ հայկական կողմից հստակ առաջարկներ ստանանք։

-Հայաստանն ի՞նչ դերակատարում կարող է ունենալ Հնդկաստանից մինչև Չաբահար նավահանգիստ, այնուհետև դեպի Սև ծով հաղորդակցման ուղու զարգացման գործում։ 

-Սա վերադարձ է հաղորդակցության մասին իմ մեկնաբանությանը: Հայաստանը, լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր, միանշանակ կապի ավելի շատ ծրագրերի կարիք ունի: Եվ, եթե դա իրականանա, ապա կարծում եմ՝ կօգնի, որ Հայաստանը կարողանա հաղթահարել այն փաստը, որ հանդիսանում է դեպի ծով ելք չունեցող երկիր:

-Տիկին դեսպան, երկու երկրներն ի՞նչ անելիքներ ունեն մշակութային, կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։ Ի՞նչ նորությունների կարող ենք սպասել այս ուղղությամբ։  

-Ես շատ ուրախ եմ տեսնել, թե այստեղ՝ Հայաստանում, հայ ժողովուրդը որքան շատ գիտելիք ունի հնդկական մշակույթի մասին: Եվ երբ ասում եմ գիտելիք, նկատի ունեմ՝ խորը իմացություն։ Ուրախ եմ Ձեզ հետ կիսվել, որ ներկա եմ եղել մի գրքի շնորհանդեսի․ սա մեր Սանսկրիտ բանաստեղծ Կալիդասի թարգմանության վերահրատարակությունն էր: Նա ապրել է մ.թ. 4-5-րդ դարերում։ Դա նրա ‹‹Աբհիգյան Շակունթալամ›› հիմնարար աշխատության հայերեն թարգմանության վերահրատարակումն էր: Ես հաճելիորեն զարմացած էի՝ տեսնելով հայերի գիտելիքների մակարդակը Կալիդասի աշխատանքների մասին։ Սա պարզապես այն հետաքրքրության ցուցանիշն է, որը ես տեսնում եմ այստեղ հինդիի, սանսկրիտի, յոգայի, գրականության, պարի, երաժշտության, ֆիլմերի և այլնի նկատմամբ։ Ուստի, մենք՝ որպես դեսպանատուն, կցանկանայինք էլ ավելի նպաստել դրան։ Մենք գտնում ենք, որ իրական հնդկական մշակույթի ավելի տարածման ծարավ կա։ Ինչ վերաբերում է կրթությանն, ապա այստեղ՝ Հայաստանում, ունենք բժշկական կրթություն ստացող  շուրջ 3000 ուսանող։ Հնդկաստանը նաև ակտիվորեն խթանում է կրթաթոշակները: Մենք մեր ITEC (Հնդկական տեխնիկական և տնտեսական համագործակցություն) ծրագրում ունենք 40 տեղ: Եվ մենք դա առաջարկում ենք ոչ միայն քաղաքացիական ծառայողներին, այլև Հայաստանի տարբեր ոլորտների մարդկանց։ Մենք դա շատ լայնորեն գովազդում ենք, քանզի կցանկանայինք, որ հայերը կարողանան օգտվել այդ դասընթացներից, որովհետև այդ ամենն անվճար է՝ դեպի Հնդկաստան թռիչքը, կեցությունը։ Բացի այդ, դիվանագիտական պատրաստության մեր ինստիտուտը նաև հրավիրում է հայ դիվանագետներին մասնակցելու տարբեր դասընթացների: Անցյալ տարի հայ դիվանագետների համար հատուկ դասընթացներ էին կազմակերպվել։ Մենք ունեինք 15 դիվանագետ ոչ միայն Արտաքին գործերի նախարարությունից, այլև վարչապետի աշխատակազմից, նախագահի աշխատակազմից, Ազգային անվտանգության խորհրդից։ Նրանք 15 օր Հնդկաստանում էին, և ամեն ինչ վճարված էր նրանց համար: Սա օգնում է երկու ժողովուրդների միջև շփումներն ավելի ամրապնդել։ Դրանք այն ոլորտներն են, որոնք մենք ձգտում ենք էլ ավելի ամրապնդել և խորացնել:

-Գիտենք, որ Հնդկաստանից Հայաստան են գալիս հազարավոր ուսանողներ, զբոսաշրջիկներ նրանցից շատերը գալիս են այստեղ աշխատելու նպատակով:  Որքանո՞վ այս միտումը կարող է նպաստել երկու ժողովուրդների կապերի առավել ամրապնդմանը։

-Դե իրականում, ինչպես հենց նոր նշեցի, մարդիկ, ովքեր ճանապարհորդում և աշխատում են այստեղ, նրանք իրականում կենդանի կամուրջ են մեր երկու երկրների միջև, իսկ ուսանողների մասին արդեն խոսեցինք։ Անցյալ տարվանից մենք նաև նկատել ենք, որ մեծ թվով հնդիկ աշխատողներ եկել են այստեղ և աշխատում են։ Մեր նպատակն է տեսնել, որ նրանք աշխատում են ճիշտ պայմաններում, հարգվում են նրանց իրավունքները և նրանց մասին հոգ են տանում։ Նրանց բժշկական առողջության և մնացած բոլոր գործոնների մասին հոգ են տանում։ Բայց, միանշանակ, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են փոխադարձ ճանապարհորդում, ես միայն կարող եմ տեսնել, որ այս շատ ջերմ հարաբերությունները, որոնք մենք արդեն վայելում ենք, կարող են միայն ավելի ջերմանալ: Եվ դա կարող է միայն օգնել մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։

-Տիկին դեսպան, մոտ ապագայում նախատեսվու՞մ են արդյոք բարձրաստիճան այցելություններ Հնդկաստանից Հայաստան:

Ինչպես գիտեք, ժողովրդավարության ամենամեծ փորձությունն է այս պահին տեղի է ունենում Հնդկաստանում, որտեղ անց են կացվում համընդհանուր ընտրությունները։ Դրանք մեկնարկել են ապրիլի 19-ին և կավարտվեն հունիսի 1-ին։ Ընտրություններն անց են կացվում յոթ փուլով։ Մենք ունենք ընտրելու իրավունք ունեցող շուրջ 970 միլիոն քաղաքացի։ Սա մեծ երկիր է, շատ բազմազան: Երբ ընտրություններն ավարտվեն, և արդյունքները հայտարարվեն հունիսի 4-ին, մենք կունենանք նոր կառավարություն։ Դա Հնդկաստանի և Հայաստանի կառավարությունների ջանքն է դիտարկել բարձր մակարդակի այցելությունները: Եվ մենք կաշխատենք այդ ուղղությամբ, երբ նոր կառավարությունը լինի։

-Կցանկանայի՞ք ինչ-որ բան հավելել

-Միայն կավելացնեմ, որ հայերը՝ որպես ժողովուրդ շատ ջերմ են, շատ հյուրընկալ։ Եվ այս առումով ես հայերին նմանեցնում եմ հնդիկների հետ, քանի որ մենք նույնպես շատ ջերմ ենք և շատ հյուրընկալ: Երկու երկրներում էլ ես այս մշակույթը տեսնում եմ։ Եվ ես կարծում եմ, որ դա բացահայտելը շատ հաճելի է եղել:

-Շնորհակալություն այս հնարավորության համար:

-Շատ շնորհակալություն։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Արմենպրես»-ին։ Կարծում եմ՝ դուք շատ լավ աշխատանք եք կատարում։ Շատ շնորհակալություն։ Եվ ինչպես ասում են ֆրանսերեն՝ բարի շարունակություն։