Դավիթ Բալայանը պնդում է՝  խախտվել է իր՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը․ դատավորի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի դեմ հայց ներկայացնելու պատճառը

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Դատավոր Դավիթ Բալայանի ներկայացուցիչ Հեղինե Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ հիմնավորմամբ է դատավորը վարչական հայց ներկայացրել Դատական դեպարտամենտի ղեկավարի դեմ։

Հիշեցնենք՝ դատավորը հայցադիմումով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու՝ ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունը և որպես հետևանք՝ վերջինին պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցում ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

ԲԴԽ կազմում առկա է դատավոր անդամի թափուր տեղ՝ պայմանավորված դատավոր Մեսրոպ Մակյանի հրաժարականով, որն այդ պաշտոնում ընտրվել էր որպես առաջին ատյանի դատարանի ներկայացուցիչ՝ Երևան քաղաքից։

Ներկայացված հայցադիմումում դատավորի փաստաբանն անդրադարձել է ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղը համալրելու վերջին շրջանի պրակտիկանյին։

Այսպես՝ ԲԴԽ աշխատակազմի Դատական դեպարտամենտի ղեկավարը Խորհրդի անդամի թափուր տեղի ընտրությանը մասնակցելու համար 2023 թվականի մարտի 10-ին  ծանուցագրեր է ուղարկել ՀՀ Սնանկության դատարանի դատավորներին, իսկ 2023 թվականի ապրիլի 7-ին Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ անդամ է ընտրել ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Աթաբեկյանին, որը, ըստ էության, այդ պահին համալրել է  առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր հաստիքը։

Ընդ որում, միայն Սնանկության դատարանի դատավորներին ծանուցում ուղարկելու հանգամանքը հիմնավորվել է նրանով, որ Սնանկության դատարանը սպասարկում է ՀՀ ամբողջ տարածքը, այսինքն՝ այդ դատարանի դատավորի ընտրությամբ ԲԴԽ-ում ապահովվում է նաև մարզերի դատարանների ներկայացվածությունը։

Ըստ դատավորի ներկայացուցչի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը, շրջանցելով այն հանգամանքը, որ ԲԴԽ կազմում արդեն իսկ ապահովված է առաջին ատյանի մարզերի դատարանների ներկայացվածությունը՝ ի դեմս Սնանկության դատարանից ընտրված դատավորի, այս անգամ ևս ծանուցումներ ուղարկել է միայն մարզային դատարանների դատավորներին՝ ծանուցումներ չուղարկելով Երևան քաղաքի և մասնագիտացված դատարանների դատավորներին:

Նշենք, որ բացի Սնանկության դատարանից՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում նաև Վերաքննիչ քրեական դատարանի ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Արշակ Վարդանյանը։ Այս ընտրության համար էլ ծանուցումներ ստացել են միայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորները։

Հայցադիմումում Դավիթ Բալայանի ներկայացուցիչն  ընդգծել է այն հանգամանքը, որ ծանուցում ուղարկելով միայն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին՝ հիմքում դրվել էր այն պատճառաբանությունը, որ թափուր տեղն առաջացել է այդ դատարանից ընտրված անդամի՝ Սերգեյ Չիչոյանի լիազորությունների ժամկետը լրանալու հիմքով։ Ընդ որում՝ այդ պահի դրությամբ ԲԴԽ-ում ապահովված է եղել  վերաքննիչ դատարանների ներկայացվածությունը՝ ի դեմս Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանի։

Նույն մոտեցումն իրականացվել է նաև Քրիստինե Մկոյանի դեպքում, որըՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր է։ Վերջինս ԲԴԽ անդամ է ընտրվել  այն բանից հետո, երբ հրաժարականի դիմում է  ներկայացրել  ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Այսինքն՝ այս դեպքում ևս թափուր տեղը համալրել են՝ հաշվի առնելով այն, թե մինչև թափուր տեղի առաջանալը որ ատյանից է ընտրված եղել ԲԴԽ դատավոր անդամը՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պահին արդեն իսկ Վերաքննիչ դատարանի ներկայացուցիչ Սերգեյ Չիչոյանը նշանակվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։

Ըստ փաստաբանի՝  ստացվում է, որ Դատական դեպարտամենտի ղեկավարն ընդամենը մի քանի ամիս առաջ ծանուցումներ ուղարկելիս առաջնորդվում էր այն սկզբունքով, որ եթե դատարանից ընտրված ԲԴԽ անդամի լիազորությունները որևէ հիմքով ավարտվում էին, պետք է նրա փոխարեն Խորհրդի կազմը համալրվեր նույն դատարանի դատավորով։ Մինչդեռ այս դեպքում, ըստ Հեղինե Մանուկյանի, տրամագծորեն հակառակ մոտեցումն է ցուցաբերվել։

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության կարգը սահմանվում է ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածով։

Ըստ այս հոդվածի 1-ին մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրում է Ընդհանուր ժողովը բոլոր ատյանների դատարանների դատավորներից՝ հետևյալ համամասնությամբ.

1) Վճռաբեկ դատարանից՝ մեկ անդամ,

2) վերաքննիչ դատարաններից՝ մեկ անդամ,

3) առաջին ատյանի դատարաններից՝ երեք անդամ, ընդ որում՝ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից` առնվազն մեկ անդամ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները:

Հայցադիմումում փաստաբանը եզրահանգել է, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամները, ի թիվս այլնի, պետք է համալրված լինեն նաև առաջին ատյանի դատարանների դատավորներից։ Ընդ որում, այդ սահմանադրական մարմնում պետք է ներկայացված լինեն բոլոր մասնագիտացումների դատավորները։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի անդամը Քրիստինե Մկոյանն է, Վերաքննիչ ատյանինը՝ Արշակ Վարդանյանը, առաջին ատյանի դատարանինը՝ Նաիրա Հովսեփյանն ու ևս մեկ անդամ, այն է՝ դատավոր Արթուր Աթաբեկյանը, որը Սնանկության դատարանի դատավոր է։ Վերջին համալրումը կատարվել է  այն տրամաբանությամբ, որով ԲԴԽ անդամ դառնալու առաջարկ ուղարկվել է  բացառապես ՀՀ Սնանկության դատարանի դատավորներին՝ այն տրամաբանությամբ, որ այդ պահին ԲԴԽ կազմում բացակայում էր մարզային դատարանների ներկայացուցիչ։ Քանի որ Սնանկության դատարանն ընդգրկում է ՀՀ ամբողջ տարածքը, Դատական դեպարտամենտի ղեկավարն առաջարկ է ուղարկել բացառապես ՀՀ Սնանկության դատարանի դատավորներին՝ դրանով փորձելով ապահովել նաև մարզային դատարանի ներկայացուցչի համալրման օրենսդրական պահանջը։

Ըստ հայցվորի՝  այժմ Դատական դեպարտամենտի ղեկավարն առաջարկ ուղարկել է միայն ՀՀ մարզերի քաղաքացիական և քրեական մասնագիտացում ունեցող դատավորներին՝ անտեսելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ ևս այդ նույն տրամաբանությամբ արդեն իսկ համալրվել է ԲԴԽ կազմը։

Ըստ դատավորի՝ այս մոտեցումն իրավաչափ համարվել չի կարող․ ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի տրամաբանությունից բխում է, որ այդ առաջարկը պետք է ուղղվի առաջին ատյանի բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարն Ընդհանուր ժողովի նիստից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և նույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրվելն ինքնին չի խախտի նույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված պահանջները: Եթե առաջին ատյանի, Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանում չկան նման թեկնածուներ, ապա քվեաթերթիկում ներառվում են բոլոր այն դատավորների անունները, որոնք բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները, եթե նրանց ընտրությունն ինքնին չի խախտի սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված պահանջները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին, 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում:

Նույն հոդվածի 6.1. հոդվածով սահմանվում է, որ  հոդվածի 6-րդ մասով նախատեսված դիմումը չներկայացնելու դեպքում նույն մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, թեկնածուն Դատական դեպարտամենտի ղեկավարին է ներկայացնում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։

Նույն հոդվածի 6.2. մասով սահմանված է, որ հարցաթերթիկը ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, Դատական դեպարտամենտի ղեկավարը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ տասնօրյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ այն դատավորը, որը հավակնում է դառնալ ԲԴԽ անդամ, պետք է բարեվարքության թերթիկ լրացնի, իսկ բարեվարքության թերթիկ լրացնելու համար պետք է համապատասխան ծանուցում ստացած լինի։

Այսինքն՝ ծանուցում չուղարկելն անհնարինություն է ստեղծում ծանուցում չստացած որևէ դատավորի՝ Դատավորների ընդհանուր ժողովի ԲԴԽ անդամի իր թեկնածությունն առաջադրելու համար։

Այսպիսով՝ հայցվոր կողմը գտել է,  որ խախտվել են Դավիթ Բալայանի՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի դատավորի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու իրավունքը, և ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունները ոչ իրավաչափ են, և առկա է նմանատիպ իրավիճակում կրկին նմանատիպ միջամտող գործողություն կատարելու վտանգ։

Դատավորի ներկայացուցիչը նաև հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, այն է՝ արգելել դատավարության մասնակից, երրորդ անձ Դատավորների ընդհանուր ժողովին՝  2023 թվականի հուլիսի 19-ի նիստով ԲԴԽ անդամի ընտրությունը կամ ժամանակավորապես բավարարել հայցվորի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը միայն մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորներին ուղարկելու՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել և որպես հետևանք՝ վերջինին պարտավորեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության համար քվեաթերթիկում ներառելու ծանուցումը ուղարկել առաջին ատյանի դատարանների բոլոր այն դատավորներին, ովքեր բավարարում են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուի համար սահմանված պահանջներին։

Նշենք, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը։ Այս ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորել հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը։

Ի թիվս այլնի՝ հայցի ապահովման միջոցներն են՝

1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը,

2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը։

Սույն դեպքում հայցի ապահովման միջոց չկիրառելու և Դատավորների ընդհանուր ժողովի  կողմից միայն մարզային դատարանների դատավորներից ԲԴԽ անդամ ընտրելու դեպքում՝ անհնարին կդառնա գործով հայցը բավարերելու մասին հնարավոր դատական ակտի կատարումը, քանի որ այն ինքնին կդառնա առարկայազուրկ։

Բացի այդ, ըստ հայցվոր կողմի՝ հայցի ապահովում չկիրառելու և հայցի բավարարման դեպքում խնդրահարույց կլինի ԲԴԽ լեգիտիմության հարցը, քանի որ եթե Դատական դեպարտամենտի ղեկավարի գործողությունը ճանաչվի ոչ իրավաչափ, ապա կասկածի տակ կդրվեն ԲԴԽ նոր անդամի կողմից ստորագրված ԲԴԽ բոլոր որոշումները։ Նշվածն առավել քան բավարար է հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու համար։

Նշենք, որ գործը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին։

Արաքս Մամուլյան