Դուլաներ․ ովքեր են ծննդկանների նոր օգնականներն ու ինչ խնդիրների են բախվում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ծննդաբերության ընթացքում առաջացող հոգեբանական խնդիրները, վախերն ու անվստահությունը հաղթահարելու հարցում հղի կանանց կարող են օգնել դուլաները։ Համեմատաբար նոր այս մասնագիտությունը հետզհետե ավելի մեծ պահանջարկ է ստանում։ Հայաստանում դուլաները հինգ տարուց ավելի է՝ գործունեություն են ծավալում և արդեն իսկ մի քանի տասնյակ կանանց են օգնել ծննդաբերության ժամանակ, նախա- և հետծննդաբերության շրջանում։

Բանասեր, ջութակահար, կավագործ Անուշ Հարությունյանի առաջին ծննդաբերությունը մեծ փորձություն է եղել նրա համար։ Բարդ ծննդաբերությունից հետո Անուշը հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է ծննդաբերության ցավը մեղմել, և տեղեկացել է դուլաների մասին։

«Այս գործն ինձ գրավեց և հետաքրքեց, քանի որ ես սիրում եմ հղի կանանց, երեխաներին, և ինձ համար սա իդեալական մասնագիտություն էր թվում, որտեղ կարող եմ օգնել հղի կնոջը և վայելել այդ հրաշք պահը»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է երեք երեխաների 32-ամյա մայր Անուշը։

Բազմաթիվ դասընթացներից հետո Անուշ Հարությունյանը սկսել է դուլայի ծառայություններ մատուցել, ներկայում նաև սերտիֆիկացում է անցնում։

«Հետծննդաբերական դեպերսիայի մեջ գտնվող կանանց թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական օգնություն է պետք։ Դժվարությունն այն է, որ օգնության առաջարկները, ցանկացած խոսք կշռադատված պիտի լինի, որ ծննդկանի համար չլինի պարտադրանք։ Կարևոր է նաև, որ զգացմունքներդ կարողանաս կառավարել»,- հավելում է դուլան, որն արդեն աշխատել է 5 ծննդկանի հետ։

Մեկ այլ դուլա՝ մեկ երեխայի 36-ամյա մայր Անուշիկ Հարությունյանը (անուն-ազգանվան համընկնումը պահատականություն է) նշում է, որ ամենամեծ խնդիրը ծննդաբերության սենյակում գտնվելու թույլտվություն ստանալն է։ Ասում է՝ թեպետ ծննդաբերության ընթացքում կինն իրավունք ունի ցանկացած մեկ հոգու հրավիրել ծնարան, լինում են դեպքեր, երբ որոշակի բարդություններ են ի հայտ գալիս՝ կախված նրանից, թե ով է բժիշկը, ինչ բուժհաստատություն է։

«Շատ բուժաշխատողներ կարծում են, թե դուլան ոչ թե օգնում, այլ խանգարում է և կարող է կարծիք թելադրել, բժշկի աշխատանքին միջամտել, բայց դուլան բժշկական որոշումներին չի մասնակցում և չի ազդում ծննդկանի որոշումների վրա»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Հարությունյանը։

Նա խորհուրդ է տալիս դուլաների օգնությանը դիմող կանանց անպայման ստուգել՝ արդյո՞ք ծառայություն մատուցող դուլան ունի սերտիֆիկատ։

Դուլա (doula) եզրույցն առաջին անգամ օգտագործվել է 1969 թվականին՝ ԱՄՆ-ից Դանա Ռաֆայելի մարդաբանական ուսումնասիրության մեջ։ 1960-ականներին Միացյալ Նահանգներում բնական ծննդաբերության կողմնակիցները ձևավորեցին դուլաների համայնքը, որի ներկայացուցիչներն օգնում էին առանց դեղորայքի, բժշկական ցածր միջամտությամբ ծննդաբերել ցանկացող կանանց, ինչպես նաև աջակցում հղիության ու կերակրման ընթացքում։ Ռաֆայելը դուլա եզրույթը վերցրել է հունարենից՝ δούλα, doúla, որը թարգմանաբար նշանակում է՝ կին սպասավոր։

1992 թվականին հիմնադրվել է «Հյուսիսային Ամերիկայի դուլաներ» (Doulas of North America) կազմակերպությունը։ Այն հետագայում դարձել է DONA International՝ առաջին կազմակերպությունը, որը սկսել է վերապատրաստել ու հավաստագրել դուլաների։ Նրանց լոբբիստական ջանքերի շնորհիվ 2000-ականներին doula եզրույթը ներառվել է միջազգային մի շարք բառարաններում։

2008 թվականին Նյու Յորքում ակտիվիստները սկսել են «Դուլա» նախագիծը, որը միտված էր դուլաների գործունեությունը ԱՄՆ-ում ու աշխարհում ընդլայնելուն և զանգվածային դարձնելուն: Դուլաները շատ պահանջված են ԱՄՆ խոշոր քաղաքներում, Կանադայում և Միացյալ Թագավորությունում, այլ երկրներում նրանց տարածվածությունը լավ փաստագրված չէ:

Դուլայի ծառայությունը Հայաստանում արժե 80֊100 հազար դրամ՝ Factor TV-ի հետ զրույցում նշում է «Միշել Օդեն Մայր» (ՄՕՄ) կենտրոնի հիմնադիր, մարդաբան, դուլա Աստղիկ Վարդանյանը։ Հայաստանում դուլայի ծառայությունից օգտվելու համար պետք է դիմել ՄՕՄ կենտրոն, որն էլ հենց վերապատրաստում է այս գործունեությամբ զբաղվել ցանկացող կանանց։ Հայաստանում ներկայում դուլայի ծառայություններ է մատուցում հինգ կին։

Առողջապահության նախարարության՝ Factor.am-ի հարցմանն ի պատասխան ուղարկված գրությունում նշված է, որ դուլա մասնագետներն ընդգրկված չեն առողջապահության բնագավառի բժշկական ու հանրային առողջապահական մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների, ինչպես նաև հարբժշկական ծառայությունների ցանկում։

«Դուլայի գործունեության համակարգումը դուրս է Առողջապահության նախարարության օրենսդրությամբ վերապահված լիազորություններից։ Ըստ ԱՀԿ-ի՝ դուլան դիտարկվում է որպես աջակից անձ՝ չտարբերակելով նրան, օրինակ, ամուսնուց կամ հարազատից»,- մեր հարցմանն ի պատասխան՝ նշում է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության ներկայացուցիչ Ն․Մնացականյանը։

Հոգեբան Արմինե Ալոյանի կարծիքով՝ ոչ բոլոր կանայք կարող են ինքնուրույն հաղթահարել հղիության, ծննդաբերության ու դրան հաջորդող դժվարությունները։ Ոմանց օգնում են ընտանիքի անդամներն ու ընկերները, ոմանց՝ դուլաները։ Ծննդաբերության ժամանակ կնոջ համար կարևոր է ստանալ համապարփակ աջակցություն՝ թե՛ բուժանձնակազմի, թե՛ այն մարդու կողմից, ում նա վստահում է։

Լիանա Դանիելյանը ծննդաբերել է դուլայի օգնությամբ, նա անորոշության ու վախի զգացում ուներ, որը կարողացել է հաղթահարել։

«Քանի որ իմ առաջին հղիությունն էր և վախենում էի ընթացքից, դեռ չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում։ Քննարկման արդյունքում հասկացանք, որ լավագույն լուծումը դուլայի օգնությանը դիմելն է։ Դուլայի հետ մի քանի անգամ տեղեկատվական զրույցներ վարելուց հետո որոշեցի, որ ճիշտ ընտրություն եմ արել»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Դանիելյանը։

Թամարա Կուբլարյանը դուլայի օգնությանը դիմել է, քանի որ առաջին ծննդաբերությունը բավական դժվար է ընթացել, և մասնագետի հետ մանրակրկիտ քննարկման արդյունքում եկել է այդ որոշմանը։ Առաջին ծննդաբերության համեմատ՝ երկրորդն ավելի թեթև է ընթացել։

Մանկաբույժ Էլիզա Առաքելյանը դուլաների մեծ կողմնակից է։

«Դուլաները վերապատրաստված են և ունեն համապատասխան գիտելիքներ, կարողանում են գրագետ օգնություն ցուցաբերել,  ինչը միանշանակ կարևոր է, քանի որ ծննդաբերության ընթացքում բուժանձնակազմը ֆիզիկապես չի կարող հասցնել թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական աջակցություն ցուցաբերել, դուլաները շատ օգնում են»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը։

Դուլա Անուշիկ Հարությունյանը լիահույս է՝ իր մասնագիտությունը ժամանակի ընթացքում ավելի մեծ պահանջարկ կունենա Հայաստանում՝ օգնելով ավելի մեծ թվով կանանց առանց հավելյալ խնդիրների անցկացնել հղիությունը, ծննդաբերությունն ու հետծննդաբերական շրջանը։

Արմիկ Գրիգորյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: