Ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե չունենանք առաջնորդություն բոլոր մակարդակներում. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ելույթ է ունեցել Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովում։

Ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Հարգելի՛ մասնակիցներ,
Պատվավոր հյուրեր,
Գործընկերներ,

Երբ ես երեխա էի, և ծնողներս ինձ ասում էին, որ այս կամ այն բանը չանեմ, շատ դեպքերում ես նրանց լսում էի և չէի անում այն, ինչը, նրանց կարծիքով, սխալ էր: Այժմ, երբ իմ երեխաներին խնդրում եմ որևէ բան չանել, ի պատասխան՝ ես հարց եմ ստանում՝ ինչու՞։ Եվ ոչ մի երաշխիք չկա, որ նրանք կհետևեն իմ խնդրանքին, եթե բավարար ապացույցներ չկան, և եթե նույնիսկ դրանք լինեն, նրանք կարող են ասել, որ այլ կարծիք ունեն և վերջ։

Այսպիսով, առաջնորդության ձևը, որը կգործի ինձ և մեր սերնդի համար, ակնհայտորեն չի գործում և չի գործի մեր երեխաների համար:

Մեծ քննարկումներ եղան կրթական ճգնաժամի և կրթական համակարգին անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ։ Սակայն ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա, եթե մենք չունենանք համապատասխան առաջնորդություն այս գործընթացի համար բոլոր մակարդակներում։

Հայաստանում մենք գտնվում ենք կրթական համակարգի ինտենսիվ բարեփոխումների գործընթացում, որը ներառում է ամբողջ համակարգի փոփոխություն՝ ուսումնական ծրագիր, ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, դպրոցի կառավարման և ֆինանսավորման համակարգեր, ինչպես նաև ենթակառուցվածքներ:

Բարեփոխումների շրջանակում մենք կրթության ոլորտում առաջնորդության եռաչափ մոտեցում ունենք՝ կրթությունը կապված է առաջնորդության հետ, կրթությունը առաջնորդության համար է, կրթությունն առաջնորդության միջոցով է։

Առաջին մոտեցում․ կրթությունը կապված է առաջնորդության հետ։

Ասելով, որ կրթությունը առաջնորդության հետ է կապված, առաջին հերթին նկատի ունեմ քաղաքացիական կրթության կարևորությունը։ Այս փոփոխվող աշխարհում միակ բանը, որն առաջնորդում է մեզ մարտահրավերների և անորոշությունների միջով, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքն է, քաղաքացիության արժեքը:

Ուժեղ քաղաքացիներ ասելով՝ նկատի ունենք այն առաջնորդներին, որոնք ուժեղ են կյանքում, ունակ են որոշումներ կայացնել, պատասխանատվություն ստանձնել, առաջնորդել և կազմակերպել գործընթացներ հաջողության հասնելու համար՝ անկախ որոշակի մասնագիտացումից կամ մասնագիտությունից:

Այսպիսով, կրթության հիմքում ընկած են սովորողների առաջնորդական կարողությունների ուսուցումն ու կատարելագործումը՝ որպես քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից մեկը:

Մենք գտնվում ենք ուսումնական ծրագրերի բարեփոխումների գործընթացում. գրեթե երկու ուսումնական տարի փորձարկելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ տեսնում ենք, որ արտադասարանական գործունեությունը, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական բաղադրիչ ունեցող նախագծերը, աճել են ավելի քան 100 տոկոսով՝ համեմատած նախափորձարկման ժամանակահատվածի հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաներն ավելի ու ավելի են սովորում դպրոցից դուրս, և պետք է դպրոցները բաց ուսումնական միջավայր դարձնենք, որպեսզի դրանք ոչ թե մրցեն երեխայի կրթության այլ ձևերի հետ, այլ լրացնեն միմյանց: Այդ իսկ պատճառով մենք դպրոցներում ներդնում ենք կրեդիտային համակարգ, որը թույլ կտա հաշվի առնել ուսուցման այլ տեսակները և դրանք ներառել ծրագրում: Ավելին, կրեդիտային համակարգը մեզ հնարավորություն կտա դպրոցներում ստացած կրեդիտները դիտարկել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության համար՝ դրանք դարձնելով ավելի համահունչ, ժամանակ խնայող և ծախսարդյունավետ։ Մենք ունենք ոչ ֆորմալ և նորարարական ՏՏ դասընթացների և ծրագրերի ցանց, որոնք աջակցում են դպրոցական կրթությանը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Օրինակ, «Թումո» կենտրոնները ստեղծագործական կրթության իսկապես նորարարական կենտրոններ են, որոնք հիմնված են ինքնուսուցումից դեպի թիմային աշխատանք աստիճանական մոտեցման հատուկ մեթոդաբանության վրա։ Հայաստանից դուրս մենք «Թումո» կենտրոններ ունենք Բեյրութում, Փարիզում, Տիրանայում, Կիևում, Մոսկվայում, Լիոնում. դրանցով հետաքրքրված են Պորտուգալիան, Մեքսիկան, Ճապոնիան և այլ երկրներ: Մեկ այլ նորարար մոտեցում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, որոնք գործում են դպրոցներում, բայց համարվում են ոչ ֆորմալ կրթություն։ «Արմաթ» լաբորատորիաներ ունենք մեր դպրոցների մեծ մասում և ոչ միայն. դրանք կան նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Բանգլադեշում և Քուվեյթում ու նույնպես ընդլայնվում են: Կրեդիտային համակարգի շրջանակում այս ուսումնական տարվանից մենք կներդնենք արհեստական բանականության հատուկ դասընթաց ավագ դպրոցների համար և կտեսնենք, թե ինչպես է այն աշխատում ավելի լավ արդյունքների հասնելու համար։

Երկրորդ մոտեցում․ կրթությունն առաջնորդության համար է։

Այստեղ ես նկատի ունեմ, որ կրթությունը՝ որպես մարդկային զարգացման հիմնական ուղիներից մեկը և որպես հանրային բարիք, մարդկային և հանրային առաջնորդության մի մասն է կազմում։ Կրթությունը ծառայում է հանրությանը և քաղաքացիական առաջնորդությանը՝ որպես ռեսուրս և միջավայր: Բերեմ մեկ օրինակ․ մեր օրերում մենք տեսնում ենք, թե ինչպես են կեղծ լուրերն ու կեղծ իրողություններն ավելի ու ավելի շատ տեղ զբաղեցնում մեր կյանքում, և ավելի շատ մարդիկ են հայտնվում լրատվամիջոցների մանիպուլյացիայի ազդեցության տակ։ Հաճախ բավականին դժվար է հասկանալ, թե ինչն է իրական և ինչը՝ ոչ: Լրատվամիջոցների մանիպուլյացիան մարդկանց ավելի կառավարելի և վերահսկելի է դարձնում: Մենք բոլորս տեսնում ենք մեդիագրագիտության կարողությունների աճող անհրաժեշտությունը։ Այսպիսով, կրթությունը դառնում է միջոց ՝ դադարեցնելու լրատվամիջոցների մանիպուլյացիան և մարդկանց ձայնն ու ընտրությունը զերծ պահելու հնարավոր խեղաթյուրումից: Կամ մենք հաճախ տեսնում ենք, թե ինչպես է կրթությունն օգտագործվում առկա տարբերությունները խորացնելու, մարդկանց ու հասարակությունների տարանջատման համար՝ հակամարտությունները լուծելու և խաղաղություն տարածելու փոխարեն: Սակայն մենք կարող ենք և պետք է կրթությունն օգտագործենք մարդկանց միավորելու, երկխոսության հնարավորություններ ընձեռելու և խաղաղությունն ամրապնդելու համար: Ահա թե ինչու կրթությունը պետք է ուղղված լինի իրական առաջնորդությանը, քանի որ այն կարող է ծառայել հանրային զարգացմանը, ժողովրդավարությանը և խաղաղությանը:

Եվ վերջին մոտեցումը՝ կրթությունն առաջնորդության միջոցով է։

Մեր նկարագրած կրթությունն ունենալու համար մեզ անհրաժեշտ են իրական առաջնորդներ՝ ուսուցիչներ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ, դպրոցի տնօրեններ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ և ոլորտի մյուս բոլոր կարևոր դերակատարները, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ:

Ի՞նչ է նշանակում հանդես գալ որպես կրթության առաջնորդ։

Սա նշանակում է, առաջին հերթին, վստահություն ստեղծել կրթության հիմնական դերակատարների նկատմամբ՝ նրանց մանկավարժական ինքնավարություն տալով՝ իրականացնելու այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են համարում արդյունքների հասնելու համար:

Ինքնավար դպրոցները և ինքնավար ուսուցիչները պարտադիր անհրաժեշտություն են ստեղծագործական ուսումնական միջավայր ստեղծելու համար: Մեր ուսումնական ծրագրերի բարեփոխմամբ մենք մեր դպրոցներն ու ուսուցիչներին դարձնում ենք ավելի ինքնավար: Նրանք ազատ են մշակելու իրենց սեփական ծրագրերը, որոնք հիմնված են ազգային ուսումնական ծրագրի, մանկավարժության և իրենց մոտեցումների վրա: Բայց, իհարկե, դա նաև պահանջում է դպրոցի ստուգումների և հավասարակշռման ներքին համակարգ, ինչը նշանակում է, որ ինքնավար դպրոցներում կան որոշումների կայացման մասնակցության ներքին գործընթացներ, որոնք ներառում են ուսուցիչներին, ծնողներին և աշակերտներին: Նոր ուսումնական ծրագրի ինտեգրումը նույնպես հիմնված է ինքնավարության վրա: Մենք ստեղծել ենք մենթորական դպրոցների ապակենտրոնացված ցանց ամբողջ երկրում, որոնք աշխատում են այլ դպրոցների հետ՝ ապահովելով ուսուցում և մենթորություն ողջ գործընթացի ընթացքում: Դրանով մենք կառուցում ենք ամբողջ համակարգի ներուժը՝ այն ավելի քիչ կախված դարձնելով կենտրոնական կառույցներից:

Մեկ այլ կարևոր բան, որ պետք է անենք, դպրոցի կառավարման պահանջների հստակեցումն է: Ի՞նչ ենք ակնկալում դպրոցների տնօրեններից. արդյոք նրանք պետք է լավ գործառնական մենեջերներ լինե՞ն, թե՞ կրթական գործընթացների լավ ղեկավարներ՝ կրթության բովանդակության տեսանկյունից, թե՞ անեն երկուսն էլ և անգամ՝ ավելին: Սա մասն է հանդիսանում Հայաստանում ներկայում ընթացող դպրոցական կառավարման բարեփոխման, որ պետք է ավելի լավ տարբերակել դպրոցների գործառնական կառավարումը կրթական գործընթացների կառավարումից: Գործառնական կառավարումը կարող է և պետք է իրականացվի մասնագիտացված մենեջերների կողմից, գործառույթների որոշ մասեր կարող են նույնիսկ արտապատվիրակվել: Իսկ դպրոցների ղեկավարները պետք է կենտրոնանան հիմնական կրթական գործընթացների վրա և դառնան դրա իրական առաջնորդներ։ Մենք առանձնացրել ենք դպրոցի կառավարման երկու տարբեր գործառույթներ՝ հնարավորություն տալով դպրոցների տնօրեններին կենտրոնանալ ուսման արդյունքների վրա: Մենք ներկայացրել ենք գործունեության արդյունքների վրա հիմնված մոտեցում՝ սահմանելով պահանջներ դպրոցների տնօրեններին՝ ներկայացնելու դպրոցի զարգացման իրենց տեսլականը՝ ներառյալ առաջիկա տարիների կատարողականի հիմնական ցուցանիշները և իրենց ծրագրի իրականացման արդյունքները և կատարողականի հիմնական ցուցանիշների հասնելու մակարդակը կապելով տնօրենի և այլ շահագրգիռ կողմերի հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության հետ: Այս գործոնը նաև կապելու ենք տնօրենի աշխատավարձի հնարավոր բարձրացման հետ։

Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևորը. կրթության ղեկավարներս, որ նստած ենք այս սենյակում և խոսում ենք կրթությունը փոխելու մասին, ո՞րն է մեր խնդիրը:

Կրթության ոլորտում առաջնորդ լինել նշանակում է երբեք չդադարել ինքնակրթվել և երբեք չվախենալ ճանաչել և ընդունել սեփական սխալներն ու անհաջողությունները, երբ դրանք տեղի են ունենում:

Եվ, իհարկե, նշանակում է հետևել այն արժեքներին, որոնց մասին խոսում ենք: Որպեսզի մեր երեխաները ավելի լավ կրթություն ստանան, մեզ պետք են ավելի լավ աշխարհ, ավելի լավ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ:

Շնորհակալություն։