Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի՞ Մոսկվա՝ անտեսելով ԵՄ պաշտոնյաների հորդորը․ Factor.am-ի գրավոր ու բանավոր հարցումները մնում են անպատասխան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ԵՄ պաշտոնյաների զգուշացումների ֆոնին, թե միության անդամության թեկնածու երկրները չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք ռազմական շքերթին, ՀՀ վարչապետի աշխատակազմից պաշտոնապես չեն հայտնում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Ռուսաստանի Դաշնություն, թե՝ ոչ։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հետաքրքրվելով, թե հաշվի առնելով ԵՄ զգուշացումները՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է Մոսկվայում կայանալիք Հաղթանակի միջոցառումներին, թե՝ ոչ։

Մեր գրավոր հարցումը վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերահասցեագրել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Երբ փորձեցինք պարզել, թե ինչ փուլում է մեր հարցման պատասխանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը նախ զարմացավ, որ հարցումն իրենց է հասցեագրվել, հետո էլ ասաց, թե արձակուրդում է և որևէ տեղեկություն չունի հայտնելու։

Ամբողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց կապ հաստատել ո՛չ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի, ո՛չ էլ՝ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ։ Նրանք կա՛մ անջատում էին հեռախոսը, կա՛մ անհասանելի են։

Factor․am-ը հարցի վերաբերյալ մինչ այս փորձել էր տեղեկություններ ստանալ նաև Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորներից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ակնարկել էր Փաշինյանի Մոսկվա գնալու մասին, հայտարարելով՝ թե ՀՀ-ն առաջնորդվում է սեփական շահերով։ ԱԺ նախագահի խոսքով՝ մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար զոհ ենք ունեցել: Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ԵՄ շատ առաջնորդներ այցելում են Մոսկվա, հանդիպում և բանակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է Մոսկվա մեկնի։

Նա նշեց, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում Հայաստանն իր լուման ունի, Երևանում էլ այդ հաղթանակին նվիրված հուշարձաններ կան, որտեղ կարելի է այդ օրն այցելել։ Ըստ Մեհրաբյանի՝ Ռուսաստանը Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակում մենաշնորհ չունի, իսկ Հայաստանի ղեկավարությունը մայիսի 9-ին անելիք ունի Երևանում։

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահի դիտարկմամբ՝ Մոսկվա գնալուց օգուտ չկա, իսկ վնասները բազմաթիվ են։

«Ռուսաստանի ղեկավարությունը մայիսի 9-ը օգտագործում է որպես գաղափարական բազա իր ֆաշիստական քաղաքականության համար, այնտեղ Հայաստանն ինչի՞ պետք է ներկա լինի։ Եթե Փաշինյանը Մոսկվա գնա, Հայաստանի ռեպուտացիայի վրա մեծ բիծ է հայտնվելու՝ մանավանդ այդ այլանդակությունների, մարդասպանություններին ֆոնին, որոնք իրականացնում է Ռուսաստանը և արժանանում ամբողջ աշխարհի դատապարտմանը։ Հայաստանն այդ ամենի հետ որևէ ձևով չպետք է ուղղակի կամ անուղղակի ասոցացվի»,- նկատեց մեր զրուցակիցը։

Մեհրաբյանի խոսքով՝ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ։

«Եթե մտածում ենք՝ մայիսի 9-ին Մոսկվա գնալով այդ հիբրիդային պատերազմը դադարելու է, իհարկե, դա այդպես չէ։ Մենք տեսնում ենք, թե ՌԴ-ն այսօր ինչ հիբրիդային գրոհներ է իրականացնում ՀՀ-ում իր 5-րդ շարասյան միջոցով։ ՌԴ-ն ամեն ինչ անում է Հայաստանը ներսից պայթեցնելու համար։ Գնալը ոչինչ չի փոխում»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։

Նշենք, որ Հայաստանը թեև ԵՄ անդամության թեկնածու չէ, սակայն ՀՀ ԱԺ-ն ավելի վաղ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլի փոխանցմամբ՝ «Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին»։

Մարտին էլ վարչապետի մամուլի խոսակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ մայիսի 9-ին ՌԴ-ում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ, առանց հստակեցնելու՝ արդյոք, առհասարակ, Փաշինյանի Մոսկվա այց նախատեսված է, թե՝ ոչ։

Հավելենք նաև, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանը չէր մեկնել Մոսկվա և չէր մասնակցել Հաղթանակի շքերթին։ Փաշինյանը Մոսկվայում Հաղթանակի տոնակատարություններին մասնակցել էր 2023 թվականի մայիսի 9-ին։

Մանյա Պողոսյան