Ոստիկանությունում ենթադրյալ անմարդկային վերաբերմունքի գործով արդյունավետ քննություն չի իրականացվել․ ՄԻԵԴ վճռի հիմքով Վճռաբեկ դատարանը բեկանել է 10 տարի առաջ կայացված դատական ակտերը

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

 ՀՀ քաղաքացիների նկատմամբ  ենթադրյալ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ցուցմունք տալուն հարկադրելու գործով Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Դավթյանն ընդդեմ  Հայաստանի» վճռից հետո վճռաբեկ դատարանը վերանայել ու բեկանել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների կողմից կայացված դատական ակտերը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ 

Ըստ գործի հանգամանքների՝  2012 թվականի փետրվարի 23-ին քաղաքացիներ Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն` այն մասին, որ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ին  ուղղված նամակով  Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արման Դավթյանը հայտնել է, որ 2011 թվականի հունիսի 14-ի առավոտյան իրեն, կնոջը` Սոնա Մկրտչյանին, և ընկերոջը` Արթուր Մանուկյանին, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, ռետինե մահակներով և մանրահատակի փայտով ծեծի են ենթարկել իրեն` ստիպելով պատմել, թե ինչպես է գողություն կատարել։ Մանրահատակի հարվածից կոտրվել են ձախ ձեռքի մատները, հետագայում իրեն հոսանքահարել են էլեկտրաշոկով։ 2011 թվականի հունիսի 18-ին տարել են դատարան` կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար։ Արման Դավթյանը հայտնել է նաև, որ օպերլիազորների պարտադրանքով քննիչ Վիգեն Սարգսյանի մոտ ցուցմունք է գրել, որ բերման ենթարկելուց մի քանի օր առաջ ձեռքը խփել է պատին։ Հետագայում Հայաստանի Հելսինկյան կոմիտեին նմանատիպ բովանդակությամբ դիմում է ներկայացրել նաև Սոնա Մկրտչյանը։

Հայտնելով վերոգրյալը` Ռոբերտ Ռևազյանը խնդրել է տեղի ունեցած անձի իրավունքների խախտումների՝ ապօրինի ազատությունից զրկելու, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք դրսևորելու և խոշտանգելու կապակցությամբ, հարուցել քրեական գործ ու պատժել մեղավորներին։ 

Հաղորդման առթիվ հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2013 թվականի հոկտեմբերի 31-ին կարճվել է՝  ոստիկանության բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 341-րդ հոդվածներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը և քննիչի կամ հետաքննիչի կողմից  ցուցմունք տալուն հարկադրելը), իսկ Արման Դավթյանի և Ռոբերտ Ռևազյանի արարքներում` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով (սուտ մատնություն) նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ:

Ըստ կարճման որոշման՝  նախաքննությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես` Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին, Արթուր Մանուկյանին, ինչպես նաև բաժին բերման ենթարկված  Սամվել Ավագյանին և Արման Սարգսյանին ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ցուցմունք տալուն հարկադրելու հանգամանքը հաստատող ապացույցներ, բացի Արման Դավթյանի ցուցմունքներից, ձեռք չեն բերվել, բացի դա, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։

Այսինքն` քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն` Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների արարքում Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի և Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, նրանց ապօրինի ոստիկանության բաժնում պահելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի կողմից նրանց ցուցմունք տալուն հարկադրելու հանցակազմերի առկայությունը հաստատված համարելու առումով։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 28-ի որոշմամբ արձանագրել է, որ քրեական գործի քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա․Կարապետյանը և Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Հարությունյանը պահպանել են պահանջվող դատավարական կանոնները,  քննիչն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչը թույլ է տվել նրան հանգելու ճիշտ հետևության, իսկ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ստուգման ենթարկելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, ղեկավարվելով ինչպես օրենսդրական նորմերով, այնպես էլ դրանց պարզաբանման և մեկնաբանման նպատակով ՄԻԵԴ կողմից կայացված նախադեպային որոշումներով, չունենալով այդպիսի հիմքեր իրավացիորեն չի վերացրել այն։

Դատարանն արձանագրում է, որ բողոք բերող Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի կողմից դատարանին չներկայացվեցին բավարար հիմնավորումներ` քննիչի և դատախազի կողմից իր իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ, ինչը հիմք է՝ բողոքը մերժելու համար։

Դատարանն արձանագրում է, որ քննիչը քրեական գործի բազմակողմանի ուսումնասիրմամբ, քննության է արժանացրել բողոքաբերների կողմից նշված և վարույթն իրականացնող մարմնին հետագայում հայտնի դարձած ցանկացած տեղեկություն և փաստ, դրա վերաբերյալ կատարել մանրակրկիտ քննություն, իսկ իր որոշմամբ համադրելով ձեռք բերված բոլոր փաստերը՝ եկել համապատասխան հետևության։

Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը թողել է անփոփոխ, իսկ վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի որոշման դեմ Դավթյանի և Մկրտչյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է։ Դավթյանն ու Մկրտչյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գանգատի քննությամբ, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով առկա է եղել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք, Եվրոպական դատարանը նշել է.

 «Սույն գործով դիմումատուի ձեռքի, կրծքավանդակի, մեջքի և ձախ սրունքի հատվածում մի շարք վնասվածքներ են հայտնաբերվել, այդ թվում՝ քննիչի և դատաբժշկի կողմից, երբ նա բերման է ենթարկվել ժամանակավոր պահման վայր և կալանավորված անձանց պահման վայր։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վնասվածքներն ստացվել էին մինչև ոստիկանության բաժին ժամանելը’ հիմք ընդունելով քննիչին և դատաբժշկին տված նրա ցուցմունքները, ինչպես նաև վերջինիս եզրահանգումները:

Դատարանն ի սկզբանե նշում է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն արդեն վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մտնելիս: Նրա առաջին ֆիզիկական զննումն անցկացվել է միայն մոտ տասնմեկ ժամ անց, մինչդեռ քննիչի կողմից նրա հարցաքննությունը, որի ժամանակ ձեռքի վնասվածք է արձանագրվել, տեղի է ունեցել ոստիկանությունում արգելանքի տակ պահելու վայր բերվելուց մոտ երկուսուկես ժամ անց:

Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուի ցուցմունքները, որոնք տրվել են իր հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերելուց անմիջապես հետո, որոնցում նա ընդունել է, որ ինքն է իրեն վնասել մինչև իրեն ձերբակալելը, կարող են արված լինել առաջացած սթրեսի լուրջ ազդեցության, տրավմայի և վախերի հետևանքով՝ հատկապես հաշվի առնելով, որ նա այդ ցուցմունքները տվել է դեռևս ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ։

Հատկանշական է, որ այդ ցուցմունքները ներպետական մակարդակով երբեք հիմք չեն ընդունվել: Ավելին, դիմումատուի ցուցմունքը՝ մեջքի այրվածքների վերաբերյալ, ակնհայտ կեղծ է եղել, քանի որ նա պնդել է, որ այդ այրվածքները, որոնք նա անվանել է «քերծվածքներ», ստացել էր պատին հենվելու արդյունքում: Հատկանշական է, որ դիմումատուն ավելի ուշ հրաժարվել է այդ ցուցմունքներից և հետևողականորեն հերքել է, որ վնասվածքներն ստացել է մինչև իրեն ձերբակալելը: Հետևաբար՝ Դատարանը համարում է, որ տվյալ ցուցմունքները հավաստի ապացույցներ չեն եղել:

Ի վերջո, ինչ վերաբերում է դատաբժշկի եզրակացություններին, ապա դատարանը նշում է, որ փորձագետն առանց կասկածի տակ առնելու ընդունել է դիմումատուի այն ցուցմունքը, որ մեջքի այրվածքներն առաջացել են պատին հենվելուց: Նա այնուհետև չի զննել և չի արձանագրել դիմումատուի ձեռքի վնասվածքը՝ չնայած ակնհայտորեն տեղյակ է եղել այդ մասին: Ավելին, էլեկտրահարման սարքի օգտագործումը բացառող կարծիքը փորձագետն արտահայտել է ոչ թե դիմումատուին զննելուց հետո, այլ միայն մոտ երեք ամիս անց՝ քննիչի կողմից հարցաքննվելիս: Այս ամենը կասկածի տակ է դնում փորձագետի եզրահանգումների արժանահավատությունը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուի այրվածքների պատճառն էլեկտրահարման սարքը չի եղել, դա, այնուամենայնիվ, չի ազատի Կառավարությանը դիմումատուի վնասվածքների համար պատասխանատվություն կրելու և հիմնավոր բացատրություն տալու պարտավորությունից, ինչն այդ դեպքում Կառավարությունը չի արել:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել հիմնավոր բացատրություն տրամադրել դիմումատուի վնասվածքների համար: Մասնավորապես ցույց չի տրվել, որ նրա վնասվածքները եղել են ուժի կիրառման հետևանք, ինչը խիստ անհրաժեշտ է եղել նրա վարքագծի պատճառով: Հետևաբար՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով»։

Անդրադառնալով դիմումատուի հանդեպ ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելու խնդրին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ  երբ դիմումատուի վնասվածքները հայտնաբերվել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում, ծանուցում է ուղարկվել դիմումատուի դեմ քրեական գործը քննող մարմնին, որի աշխատակիցները ենթադրաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել նրա հանդեպ, և որը հետևաբար անկախ մարմին չէր՝ դիմումատուի վնասվածքների առնչությամբ քննություն իրականացնելու համար։ Միայն երկու տարի անց քրեական գործ է հարուցվել և հանձնվել ՀՔԾ-ին՝ «անաչառ քննության», և  ժամանակ է, որ դիմումատուն ճանաչվել է տուժող: 

«Դատարանը գտնում է, որ դիմումատուի պնդումների առնչությամբ քննությունն անկողմնակալ մարմնին չհանձնելը և այդքան երկար ժամանակ դիմումատուի արդյունավետ մասնակցությամբ անկախ քննություն չիրականացնելը պետք է լրջորեն ազդեր դրա արդյունավետության ու արդյունքի վրա: Նման հանգամանքներում Դատարանը համաձայն չէ Կառավարության հետ, որ ապացույցների ցանկացած հնարավոր կորուստ կարելի է վերագրել դիմումատուի կողմից ժամանակին բողոք չներկայացնելուն: Այն մեկուկես ամսով ուշացումն այնքան երկար չի համարում, որպեսզի իմաստազուրկ ճանաչի դիմումատուի 2011 թվականի հուլիսի 28-ի բողոքը: Այս կապակցությամբ կարևոր է նաև նկատի ունենալ այն հոգեբանական հետևանքները, որ վատ վերաբերմունքը կարող է ունենալ տուժողների վրա, ներառյալ’ նրանց ներկայանալու կարողությունը խաթարելը։

Ամեն դեպքում, իշխանության մարմինները շատ վաղ փուլում տեղեկացել են դիմումատուի վնասվածքների մասին, և նրանց պարտականությունն էր ապահովել, որ այդ հարցն ստանա համարժեք, արագ և անաչառ արձագանք: Ճիշտ է, որ դիմումատուն ի սկզբանե հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ հարցաքննվել է իր պնդումների վերաբերյալ, սակայն Դատարանը նշում է, որ այդ հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ քննությունն իրականացվում էր ՄՔԲ-ի կողմից: Այսպիսով, սկզբնական շրջանում դիմումատուի՝ համագործակցության ցանկության բացակայությունը կարող է բացատրվել այդ մարմնի անաչառության բացակայությամբ, ինչը պետք է որ անվստահություն առաջացներ դիմումատուի մոտ: Հատկանշական է, որ նրա վարքագիծը փոխվել է ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննությունն սկսվելուն պես, որի ընթացքում դիմումատուն ներկայացրել է իր հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբեմունքի մանրամասները»,-գրել է Եվրոպական դատարանը:

Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում:

Որպես նոր  հանգամանք վկայակոչելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ Արման Դավթյանի (Սիմոնյանի)  ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը 2022 թվականի մայիսի 16-ին նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի որոշման վերանայման վարույթ, և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է։

Դատարանը նաև  փաստում է, որ Եվրոպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման, մասնավորապես՝ արդյունավետ քննություն չիրականացնելու բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել։ Նման պայմաններում դիմող Դավթյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կվերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ առկա է ուղիղ պատճառահետևանքային կապ` արձանագրված խախտման և բացասական հետևանքների միջև, որոնք դիմող Ա.Սիմոնյանը (Դավթյանը) շարունակում է կրել։ Հետևաբար, նշված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) բողոքը բավարարելով՝ վարույթն իրականացնող մարմնին դիմողի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելն է:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշման վերանայման արդյունքում առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի և վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի դատական ակտերը պետք է բեկանել ու փոփոխել, դիմողներ Ա.Սիմոնյանի (Դավթյանի), Ս.Մկրտչյանի և նրանց ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը բավարարել, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռով արձանագրված՝ դիմողի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ինչպես նաև այդ կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պահանջի խախտումը։

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքը բավարարել,  Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել, վերանայման արդյունքում դիմող Արման Սիմոնյանի (Դավթյանի) վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Արման Սիմոնյանի (Դավթյանի), Սոնա Մկրտչյանի և նրանց ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արման Սիմոնյանի (Դավթյանի) իրավունքների խախտումները:

Արաքս Մամուլյան