Դատարան ուղարկելուց մեկ տարի անց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի գործով միայն նյութեր են հետազոտվել

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, դատարանում ընդունել է, որ կատարել է իրեն վերագրվող գործողությունները, բայց իր արարքի քրեաիրավական որակման հետ համաձայն չէ, պնդում է, որ խուլիգանություն չի կատարել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում, մի քանի մարդ վիճաբանել, հարվածներ էին հասցրել իրար, նաև կրակոցներ էին հնչել։ Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որով մեղադրյալի կարգավիճակ էր ստացել նաև Ռոբերտ Սուքիասյանը։

Ամիսներ անց 2021 թվականի նոյեմբերի 8-ին գործն ուղարկվել էր դատարան, սակայն ավելի քան մեկ տարվա քննության ընթացքում դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, դեռևս գործի նյութերն է հետազոտում, վկաներ, տուժող կամ մեղադրյալ չի հարցաքննվել։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Սուքիասյանի խափանման միջոցի հարցի քննության վերաբերյալ դատական ակտերից մեկում որոշ մանրամասներ են ներկայացված, որոնք, ըստ գործի, տեղի են ունեցել Ամիրյան փողոցում։

Ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Սուքիասյանը 2021 թվականի հուլիսի 18-ին մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խուլիգանական մղումներով, հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն:

Մասնավորապես՝ ըստ քրեական գործի՝ Նարեկ Կարապետյանն Արման Ապիյանի կնոջը՝ Ալինա Ապիյանին ավտոմեքենաների երթևեկի ընթացքում ձայնային ազդանշան է տվել և վիրավորել, որի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, Արման Ապիյանն իր մտերիմների՝ Վարազդատ Գասպարյանի, Սարգիս Աբգարյանի, Սուրեն Հակոբյանի և Գասպարյանի վարորդ Հայկ Ասատրյանի հետ, 2021 թ.-ի հուլիսի 18-ին, ժամը 19:23-ի սահմաններում, Նար-Դոս փողոցից ժամանել են Ամիրյան փողոց, որտեղ, պարզելով կնոջ հետ վիճաբանած Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը և հեռախոսազրույց ունենալով նրա հետ՝ րոպեներ անց շենքի դիմաց հանդիպել են վերջինիս և նրա քրոջ ամուսնուն՝ Հարութ Հաբգարյանին: Ալինա Ապիյանին վիրավորելու վերաբերյալ վերջիններիս միջև ծավալված խոսակցությունը հետաձգելու և հետագայում հանդիպելու Նարեկ Կարապետյանի առաջարկը Սարգիս Աբգարյանը մերժել է, որից անմիջապես հետո զրույցը վերածվել է վիճաբանության, ապա ծեծկռտուքի, որին քիչ անց՝ ժամը 19:30-ին, միացել է նաև Արման Ապիյանի մտերիմ Ռոբերտ Սուքիասյանը:

Մասնավորապես՝ Ռոբերտ Սուքիասյանը, տեսնելով Արման Ապիյանի և Սարգիս Աբգարյանի խուլիգանական գործողությունները, դրանք շարունակելու և փոխլրացնելու դիտավորությամբ, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, մոտեցել է Նարեկ Կարապետյանին, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել վերջինիս դեմքին, որից հետո սեփական անձը վեր դասելով հասարակության մեջ ընդունված և համընդհանուր ճանաչում ստացած բարոյական և իրավական նորմերից, դրանց նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհանք՝ հանել ու ցուցադրաբար լիցքավորել է գոտկատեղի հատվածում կրած, օրինական հիմունքներով իրեն պատկանող մարտական ատրճանակը, որից հետո նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել Նարեկ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ՝ գետնին, որի հետևանքով շրջակայքում գտնվող անձանց մոտ առաջացրել է վախի մթնոլորտ և իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված սպառնալիքի վիճակ։

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Ռոբերտ Սուքիասյանը իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Հարութ Հաբգարյանի ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքի շրջանի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման ձևով վնասվածք, որը վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով: Գործում նշվում է, որ Ռոբերտ Սուքիասյանի՝ նկարագրված արարքն ականատեսների մոտ առաջացրել է զայրույթ, վրդովմունք, խուճապ, ինչպես նաև լուրջ վախի զգացում իրենց առողջության և գույքի պահպանության կապակցությամբ, էականորեն խաթարվել է նաև տվյալ տարածքում գործող օբյեկտների աշխատանքը՝ անհարմարություն և լուրջ անհանգստություն պատճառելով հարակից շենքերի բնակիչներին և պատահական անցորդներին:

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպանը նախկինում պնդել էր, որ Սուքիասյանի՝ դեպքի վայրում կատարած գործողությունները պաշտպանվելու նպատակ են հետապնդել։

Գործի շրջանակներում բացի Ռոբերտ Սուքիասյանից խուլիգանությանն առնչվող հոդվածի ամենախիստ՝ 4-րդ մասով, մեղադրանք է առաջադրվել նաև Արման Ապիյանին․ խոսքը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մասին է։ Սուքիասյանի և Ապիյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված գրավը։

Սարգիս Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ավելի մեղմ ՝ խուլիգանությանն առնչվող հոդվածի 3-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը, իսկ Վարազդատ Գասպարյանը մեղադրվում է հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով։ Աբգարյանի և Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Արաքս Մամուլյան