ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
Քաղաքականություն
20.11.2026 | 19:40
Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը հայտնել է, որ ուկրաինական հարձակումների հետևանքով վնասվել են Ղրիմի կամրջի կամարային հատվածի հիմնական հեծանը և կամարը, գրում է Current time-ը։
«Մենք հասկանում ենք, որ այս պահին վնասված է կամարակապ կամրջի թռիչքային հատվածի հիմնական հեծանը։ Կամարը նույնպես վնասված է»,- լրագրողներին ասել է նա։
Ուկրաինան երեք օր անընդմեջ՝ նոյեմբերի 17-ին, 18-ին և 19-ին, հարվածներ է հասցրել Ղրիմի կամրջին։ Երկրորդ հարվածի հետևանքով փլուզվել է կամրջի ավտոմոբիլային հատվածի մի մասը և դրա վերևում գտնվող կամարը։
Նոյեմբերի 20-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է կամրջի նոր գունավոր արբանյակային լուսանկարը, որում, ինչպես նշվում է, տեսանելի են երկաթուղային գծերի զգալի վնասվածքներ առնվազն երեք հատվածում, այդ թվում՝ կամրջի պահպանված կամարի ամրացման կետերից մեկում։
Խուսնուլինի խոսքով՝ կամրջի վերականգնման երկու տարբերակ կա, սակայն բոլոր անհրաժեշտ աշխատանքներն արդեն իրականացվում են։ Նրա խոսքով՝ հստակ ժամկետները կսահմանվեն ինժեներական նախագծային լուծումների տրամադրումից հետո։
Աբու Դաբիի Խալիֆայի համալսարանի քաղաքացիական և բնապահպանական շինարարության ամբիոնի պրոֆեսոր Անդրեաս Կապոսը The New York Times-ին ասել է, որ ավտոմոբիլային կամրջով երթևեկության վերականգնումը կտևի մոտ երկու տարի, եթե շինարարական աշխատանքները չընդհատվեն ուկրաինական նոր հարվածների հետևանքով, և եթե կամարային հատվածը պահող հենարանները վնասված չեն։
Պարբերականի տվյալներով՝ կամարի պողպատե բաղադրիչները մի քանի ամիս շարունակ պատրաստվել են Վորոնեժի գործարանում, այնուհետև դրանց եռակցումը տևել է շուրջ 11 ամիս։
Ամերիկացի ինժեներ-շինարար Դոնալդ Դյուսենբերին նշել է, որ եթե անհրաժեշտ լինի վերանորոգել կամրջի հենարանները, դա աշխատանքներն ավելի կբարդացնի։

