Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
Քաղաքականություն
20.11.2026 | 17:53
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներով ընդունված «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հաջորդել է Ուկրաինային աջակցող երկրների ներկայացուցիչների, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, գրում է Meduza-ն։
Նրա խոսքով՝ հռչակագրի վերջնական տարբերակի նախապատրաստման մանրամասները հայտնի են դարձել Բեռլինում տեղի ունեցած փակ քննարկումների ընթացքում։ Ստուբը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է նշված եղել Ուկրաինային վերաբերող կետում։ Նա պնդել է, որ ձևակերպումներն «անհաջող» են եղել, ուստի ԱՄՆ-ը խնդրել է հանել այդ կետը։
Թրամփի, Պուտինի և Սիի եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ չինական Շենժենում։ Նույն օրը Բեռլինում հանդիպել էին ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆն ու Ջարեդ Քուշները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ու եվրոպական երկրների առաջնորդները։
Եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով մասնակիցներն ընդունել են համատեղ հռչակագիր, որը, ի թիվս այլ հարցերի, պարունակում է ՄԱԿ-ի բարեփոխման կոչ և Միջազգային քրեական դատարանին ուղղված պահանջ՝ «չչարաշահել իր լիազորությունները»։ Փաստաթղթում չի հիշատակվում ռուս-ուկրաինական պատերազմը, որը նույնպես քննարկվել է հանդիպման ընթացքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

