Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
20.11.2026 | 16:43
ՀՀ նախագահի հրամանագրով Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ նստավայրը Վարշավա։ Համապատասխան հրամանագիրը ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Սահմանադրության և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համապատասխան դրույթների հիման վրա։
ՀՀ նախագահի հրամանագիրը՝ ստորև․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վահան ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Վահան Հունանյանը 2021 թվականի օգոստոսից մինչև 2023 թվականի մարտը զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի պաշտոնը։ Դրանից հետո շարունակել է աշխատանքը ԱԳՆ-ում՝ որպես արտաքին գործերի նախարարի խորհրդական։ 2025 թվականի հունիսի 19-ի վարչապետի որոշմամբ ևս նա հիշատակվում է որպես ԱԳ նախարարի խորհրդական։
Հունանյանը նախկինում՝ 2018-2021 թվականներին, եղել է նաև այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարն ու խորհրդականը։ Դիվանագիտական գործունեության ընթացքում՝ 2013-2017 թվականներին, աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ զբաղեցնելով կցորդի, ապա երրորդ քարտուղարի պաշտոնները։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև ստացել եվրոպագիտության մագիստրոսի աստիճան։ 2019 թվականին Վարշավայում Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակի շրջանակում եռամսյա հետազոտական աշխատանք է իրականացրել։ Տիրապետում է անգլերենին, ռուսերենին և լեհերենին։

