Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև ապրիլյան հանդիպումից և որո՞նք են եղել նախորդների արդյունքները

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Արդեն հայտնի է՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Նախաձեռնողը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելն է։ Այս հանդիպումը տեղի է ունենում Արցախում իրադրության լարման՝ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի խախտման, Արցախի տարածք ներխուժման և այնտեղից հեռանալու կոչերի ֆոնին։

«Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Factor.am-ը ներկայացնում է 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումները, դրանց արդյունքները, ինչպես նաև փորձագիտական կարծիք, թե ինչ սպասել բրյուսելյան երկրորդ հանդիպումից։

Պատերազմից հետո Փաշինյան-Ալիև առաջինը հանդիպումը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 11-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Կրեմլում տեղի ունեցած այս բանակցությունների օրակարգում էր նոյեմբերի 10-ի գիշերը ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը։ Շուրջ 4 ժամ տևած հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են 4 կետից կազմված այս հայտարարությունը․

  1. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
  2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021թ. հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
  3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները՝ դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
  4. Աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»:

Երկրորդ դեմ առ դեմ հանդիպումը՝ կրկին Կրեմլի միջնորդությամբ

Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպման մասին խոսակցություններն ակտիվացան 2021 թվականի նոյեմբերի 9-ին ընդառաջ։ Ենթադրվում էր, որ առիթ կդառնա եռակողմ պայմանավորվածությունների մեկ տարվա լրանալը։ Սակայն որևէ ձևաչափով հանդիպում այդ օրերին այդպես էլ տեղի չունեցավ։ Հետո լրագրողների հարցերին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին եռակողմ առցանց հանդիպում անցկացնելու գաղափար եղել է։

«Ես ասել եմ, որ այդ հանդիպման գաղափարը մեզ համար քննարկելի է և խնդրահարույց է։ Այնուամենայնիվ, կարծել եմ, որ եթե այդ հանդիպման արդյունքում կարող է հրատապ որևէ, օրինակ՝ գերիների վերադարձի խնդիրը լուծվել, ես պատրաստ եմ եղել հանդիպել, սակայն արդյունքում այդ հանդիպումը չի կայացել, կկայանա նոյեմբերի 26-ին Սոչիում»,- նշել էր նա։

Սոչիում եռակողմ հանդիպումից առաջ կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ, դրանից հետո՝ Փաշինյանի հանդիպումը։

Սոչիի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ էլ նշվել է, որ կողմերը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

«Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Երրորդ հանդիպումը՝ Արևմուտքի ջանքերով

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև երրորդ դեմ առ դեմ հանդիպումը Բրյուսելում էր։ Այն կազմակերպվեց Եվրոպայի խորհրդի  նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության և նաև հենց Շառլ Միշելի հայտարարության՝ հանդիպման ժամանակ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։

«Վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակում ստանձնած առանցքային պարտավորությունները կկատարվեն, և որ 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Շառլ Միշելն ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ Նա ողջունել էր մինչ հանդիպումը Ադրբեջանի կողմից տասը հայ գերիների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի բոլոր քարտեզների տրամադրումը:

«Կոչ եմ անում ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով»,- ասված էր հայտարարության մեջ։

Ըստ դրա՝ ԵՄ-ն նաև պետք է շարունակեր աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործընթացին:

Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ առաջնորդները քննարկել են Եվրամիության և երկու երկրների միջև առկա ու հեռանկարային առևտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Բացի այդ, նրանք քննարկել էին վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու՝ ԵՄ մտադրությունը:

«Նախագահ Միշելը նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի, մասնավորապես, Հարավային Կովկասում կապի ենթակառուցվածքի վերականգնման կարևորությունը՝ լիովին հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային և մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը»,- նշվել էր հայտարարությունում։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ վերահաստատել էր այն փաստը, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Նաև պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- գրել էր նա։

Բրյուսելում գագաթնաժողովի ավարտից հետո Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպում է կազմակերպել նաև Եվրամիության խորհուրդը նախագահող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հանդիպումից մանրամասներ այդպես էլ չհրապարակվեցին։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հաջորդ հանդիպումն արդեն դեմ առ դեմ չէր։ Հեռահար հանդիպման նախաձեռնությունը կրկին Եվրամիությանն էր, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։

«Նախագահ Միշելը և նախագահ Մակրոնը վերահաստատեցին իրենց լիակատար հանձնառությունը՝ աջակցելու տարածաշրջանում լարվածության նվազմանը և վստահության ձևավորմանն ուղղված ջանքերին։ Նրանք ամփոփեցին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո ձեռք բերված առաջընթացը, մասնավորապես՝ ձերբակալված անձանց վերջին ազատ արձակումները, անհետ կորածների որոնման համատեղ ջանքերը, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցության առաջիկա վերականգնումը: Պետությունների և կառավարությունների ղեկավարները համակարծիք էին, որ այս հանդիպումն արժեքավոր հնարավորություն է՝ քննարկելու հարցերի լայն շրջանակ։ ԵՄ-ն և Ֆրանսիան հավատարիմ են մնում այլ գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի հետ աշխատելուն՝ բարգավաճ, անվտանգ և կայուն Հարավային Կովկաս կառուցելու համար»,- այս հայտարարությունն էին տարածել Միշելն ու Մակրոնը հանդիումից հետո։

Հեռավար հանդիպման տեսանելի արդյունքը Եվրամիության առաջնորդների միջնորդությամբ Ադրբեջանում պահվող 8 հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելն էր։

Ի՞նչ սպասել Բրյուսելյան 2-րդ հանդիպումից

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Ալիև-Փաշինյան հանդիպումից գլխավոր և ռացիոնալ սպասելիքը պետք է լինի ստեղծված իրավիճակում հնարավորինս կայունության հասնելը։

«Թե՛ երկու կողմերի դիրքորոշումների նրբերանգները, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը, այդ թվում՝ մեր տարածաշրջանի վրա պրոեկտված, այնքան բարդ է, որ հանդիպման արդյունքում որևէ հիմնարար համաձայնություն դիտարկելն իրատեսական չէ»,- ասում է նա։

Ըստ Բադալյանի՝ այնուամենայնիվ, նկատելի է, որ կան որոշակի գործընթացներ և համաձայնություններ։ Մատնանշում է՝ հակառակ դեպքում՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի միջև հանդիպումից հետո չէր լինի Փաշինյան-Ալիև մակարդակով հանդիպումը։

«Դա խոսում է այն մասին, որ ինչ-որ ընդհանուր մոտեցումներ կան, բայց ներկայիս միջավայրը նպաստավոր չէ, որ դրանք վերաճեն հիմնարար պամանավորվածությունների։ Ըստ այդմ՝ այս հանդիպումից ակնկալիքն այն է, որ նպաստեն երկարաժամկետ կայունության ապահովման»,- նշում է նա։

Հակոբ Բադալյանը չի բացառում, որ ապրիլյան հանդիպման արդյունքում տեղաշարժեր լինեն նաև հումանիտար հարցերում, մասնավորապես՝ գերիների վերադարձ լինի։

Նա նաև մատնանշում է՝ հանդիպումը Եվրամիության ջանքերով է, առավելապես Ֆրանսիայի և Գերմանիայի դերակատարմամբ, և ոչ թե հավաքական Արևմուտքի։ Ըստ նրա՝ եվրոպական այս տերություններն Ուկրաինայի հարցերով էլ փորձում են Ռուսաստանի հետ աշխատել։ Այս համատեքստում վերլուծաբանը նկատում է՝ դրա պատճառն այն է, որ Եվրամիության այս երկրները չեն ցանկանում մնալ «Միացյալ Նահանգների և Ռուսաստանի արանքում»։

«Այս մոտեցումն է նաև տարածվում Կովկասի ուղղությամբ Եվրամիության քաղաքականության վրա։ Տևական ժամանակ է՝ մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը փորձում է այստեղ ևս աշխուժանալ»,- ասում է նա։

Ալիև-Փաշինյան հանդիպումները, դրանց արդյունքում գործընթացները, ըստ Հակոբ Բադալյանի, տեղի են ունեցել և ունենում Եվրամիության և Ռուսաստանի դիրքորոշումների համադրվածությամբ, նրանք միմյանց չեն անտեսում․ Բրյուսելը հաշվի է նստում այստեղ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության իրողության հետ։

«Կարծում եմ՝ Եվրամիությունն ունի շրջահայացություն՝ այստեղ եղած իրողությունները չանտեսելու համար։ Դրա օրինակներից մեկն այն է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունենում Բրյուսել մեկնող Փաշինյանի և Ալիևի հետ։ Անկասկած է, որ նվազագույն աստիճանի համակարգվածություն կամ համադրվածություն լինելու է։ Անկախ նրանից, թե ինչպիսի պատկերացում ունեն Եվրամիությունը կամ Ռուսաստանը տարբեր հարցերի վերաբերյալ, նրանց երկուսին էլ հուզում է Կովկասում կայունության պահպանումը։ Ռուսաստանի համար սա թիկունք է, և երկրորդ ճակատի բացումն իսկապես սպառնալիք է լինելու։ Եվրամիության համար էլ Կովկասի անվտանգությունն անմիջականորեն իր անվտանգության վրա ազդող գործոններից է»,- նշում է վերլուծաբանը՝ նկատելով, որ հիմա այստեղի կայունությամբ ԵՄ-ն առավել քան շահագրգռված է։

Հակոբ Բադալյանը նաև իրատեսական չի համարում քաղաքական ճանապարհով, օրինակ՝ բրյուսելյան հանդիպման արդյունքում Ադրբեջանին հետ մղելը Արցախում վերջերս զբաղեցրած դիրքերից։ Նշում է՝ եթե Բաքուն կարողացել է այդ դիրքերը զբաղեցնել, նշանակում է՝ կա՛մ դա արել է արդեն տեղի ունեցած գործարքի արդյունքում, կա՛մ էլ լավ հաշվարկել է և վստահ եղել, որ հետ մղելու համար նրա վրա ճնշում գործադրելու ռիսկ չի լինի։

«Եթե անգամ տեղի ունենա նահանջ, կարող է լինել քաղաքական սակարկության միջոցով»,- ասում է նա՝ հավելելով, որ որպես հանդիպման արդյունք՝ ակնկալվող կայունությունն էլ կարող է լինել, այս պահին ստեղծված իրողությունները պահպանելով, լարվածության թոթափումը։

Հռիփսիմե Հովհաննիսյան