«Ճիշտ տղամարդ ընտրեիր․․․»․ հետաքննիչները «ցրում են» ծեծված կանանց բողոքները

Լուրեր

14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
Բոլորը

Ընտանեկան բռնության ենթարկվող կանանցից շատերը չեն դիմում իրավապահ մարմիններին, իսկ նրանք, ովքեր դիմում են, հաճախ խտրական վերաբերմունքի, անգամ ծաղրի են արժանանում ոստիկանության ծառայողների կողմից։ Factor.am-ի հետ բացառիկ հարցազրույցում նախկինում բռնության ենթարկված կանանցից երկուսը պատմել են, թե ինչ խնդիրների են իրենք բախվել, երբ բռնարար ամուսնուց պաշտպանվելու հույսով դիմել են պետությանը՝ ի դեմս ՀՀ ոստիկանության։

Թեև վերջին տարիներին ընտանեկան բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի թիվը զգալիորեն աճել է, մեր զրուցակիցներն իրենց փորձով են համոզվել, որ ոստիկանության հետաքննիչները հակված չեն ընտանեկան բռնության դեպքերով քրեական գործ հարուցելու, ուստի ծեծված կանանց հաճախ համոզում են, որ իրենց ամուսինների դեմ «գործ չտան»։

43-ամյա Ս․Ա․-ն հիշում է, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչները դժկամությամբ են արձագանքել նախկին ամուսնու կողմից բռնության վերաբերյալ իր ահազանգերին։ Ս․Ա․-ն քանիցս դիմել է ոստիկանություն, սակայն որևէ դեպքով քրեական գործ չի հարուցվել։ Ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող բռնության դրսևորումները մնացել են անպատիժ, քանի որ կամ կնոջ ստացած մարմնական վնասվածքները բավարար չեն համարվել կամ ընդամենը մեկ հարված է եղել, որի համար քրեական գործ չի հարուցվել։ ««Նորից թուղթ պիտի սևացնենք, մեկ ա՝ գործ չեմ հարուցելու»,- ասում էր հետաքննիչը, իսկ մեկ այլ հետաքննիչ իմ շարունակական բողոքներին ի պատասխան ասաց՝ «Ճիշտ տղամարդ ընտրեիր․․․», կարծես ես էի մեղավոր, որ իմ դեմ բռնություն էր կիրառվում»,- պատմում է Ս․Ա․-ն։

Միջադեպերից մեկի ժամանակ նախկին ամուսինը տուփ է նետել կնոջ երեսին։ Ոստիկանությունում դիտել են միջադեպի տեսագրությունը, հետաքննիչներից մեկը մեկնաբանել է․ «Հա լավ, դատարկ տուփ էր․․․»։ Ս․Ա․-ն նկատել է, որ երբ ոստիկանության բաժին գնացող կինը կոկիկ, խնամված տեսք ունի, հետաքննիչները կասկածի տակ են դնում նրա խոսքերը․ «Իրենց թվում է, որ բռնության ենթարկված կինը պետք է շատ թշվառ տեսք ունենա, իսկ եթե դու այդպիսին չես, ապա չեն հավատում, թե քեզ կարող են բռնության ենթարկել»,- նշում է Ս․Ա․-ն։

Իսկ երբ հերթական բռնության դեպքից հետո կինը դրսից զանգահարել է ոստիկանություն և ներկայացրել իրավիճակը, իրեն չեն հրավիրել բաժին բացատրություն տալու․ «Ցրողական վերաբերմունք է միշտ եղել, ասում էին՝ գնա տուն, իրենք չէին ուզում, որ ես հանցագործության մասին հաղորդում տամ»,- վստահ է Ս․Ա․-ն։

Նույն համոզման է եկել բռնության ենթարկված մեկ այլ կին։ 42-ամյա Թ․Մ․-ն էլ տհաճ փորձառություն է ունեցել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննիչների հետ, ովքեր համոզել են բռնության ենթարկված կնոջը, որպեսզի բացատրություն չտա։ «Հետաքննիչն ինձ հարցնում էր՝ ինչի՞ է ծեծում, կարո՞ղ է խանդում է, ամեն ինչ անում էին, որ ես չգրեմ բացատրություն, բայց ես պնդեցի, ասացի՝ մինչև չգրեմ, դուրս չեմ գա»,- պատմում է Թ․Մ․-ն։

Նրա խոսքով՝ ոստիկանությունում իր և նախկին ամուսնու առերեսման ժամանակ հետաքննիչները հեգնել ու ծաղրել են իրեն, կատակի են փորձել վերածել իր խոսքերը․ «Մեզ ձեռ էին առնում, երկուսիս խոսքերի վրա էլ խնդում էին»։ Թ․Մ․-ի հայրն ու մայրն էլ են դիմել ոստիկանություն՝ նախկին փեսայի բռնությունների վերաբերյալ։ Երբ Թ․Մ․-ի ծնողները ոստիկանության բաժնում են եղել, բռնարար տղամարդը փորձել է կոտրել տան դրսի դուռը և բռնության ենթարկել նախկին կնոջը։ «Հենց այդ պահին զանգեցի մամայիս, գիտեի, որ բաժնում է, ասացի՝ դուռը ջարդում ա, ոստիկաններին ասա՝ թող գան։ Մամաս ասել էր, բայց ոչ մեկ չէր եկել, ծնողներս արագ տաքսի էին նստել, եկել-հասել այն ժամանակ, երբ դուռն արդեն ջարդել էր, մազերից էր քաշում»,- հիշում է Թ․Մ․-ն։

Առերեսման ժամանակ նախկին ամուսինը հետաքննիչների ներկայությամբ սպառնացել է Թ․Մ․-ին և նրա ընտանիքին, սակայն սպառնալիքները չեն արձանագրվել․ «Ասում էր՝ սպանելու եմ ձեզ, քննիչին ասում եմ՝ գրեք, որ սպառնում է, չգրեցին»։ Ի վերջո նախկին ամուսինը սպառնալիքն իրագործել է, սպանել է Թ․Մ․-ի մորը, որից հետո միայն նրան ձերբակալել են։

Բռնության ենթարկված կինը դատարանում ևս անտարբերություն է զգացել իր ցավի նկատմամբ։ «Դատավորը չէր թողում, որ պատմեի, թե ինչեր է արել նախկինում, ասում էր՝ անցի բուն գործին։ Իսկ նիստերից մեկի ավարտին դատավորն ինձ հարցրեց՝ «Մեղքդ չի՞ գալիս, չե՞ս խղճում իրեն»»,- պատմում է բռնություն վերապրած կինը։

Մեր զրուցակիցների դեմ ևս քրեական գործեր են հարուցվել՝ նախկին ամուսինների բողոքների հիման վրա։ Թ․Մ․-ի դեմ հարուցված քրեական գործերը կապված են եղել նախկին ամուսնու կողմից բռնության գործադրման ժամանակ ինքնապաշտպանության փորձերին, որոնք որակվել են «ծեծ»։ Իսկ Ս․Ա․-ի դեմ նախկին ամուսինը հաղորդում է ներկայացրել՝ նրան մեղադրելով իրենց երեխային ծեծելու մեջ։ Առհասարակ վերջին տարիներին ամուսինների կողմից կանանց դեմ հաղորդումների ներկայացման միտում է նկատվում, հատկապես, երբ կանայք բարձրաձայնում են իրենց նկատմամբ բռնությունների վերաբերյալ։

«Սա ճնշման ձևերից մեկն է, յուրօրինակ պատժիչ գործիք կնոջ նկատմամբ, որ վերջինս հանդգնել է դիմել ոստիկաններին կամ որոշել է պաշտպանել իր իրավունքները։ Կնոջ դեմ հաղորդում են ներկայացնում, որպեսզի հետո սակարկեն, շանտաժի ենթարկեն, ասեն՝ հետ վերցրու իմ դեմ ներկայացրած բողոքդ, ես էլ իմը հետ կվերցնեմ»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

Այնուամենայնիվ, մեր զրուցակիցները կանանց կոչ են անում չհանդուրժել բռնությունը և դիմել իրավապահ մարմիններին։ «Պետք է դիմել, բայց հետևողական լինել, որ գործ անպայման հարուցվի»,- ասում է Թ․Մ․-ն, իսկ Ս․Ա․-ն  խորհուրդ է տալիս ոստիկանություն դիմելուց առաջ կապ հաստատել ընտանեկան բռնության ենթարկված կանանց աջակցող հասարակական կազմակերպություններին։

Նշենք, որ 2021 թվականին ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից ընդամենը 129-ն են ավարտվել մեղադրական եզրակացությամբ և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել են դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար։ Քննված գործերից գրեթե կեսի՝ 252-ի վարույթը կարճվել է։ Գործերի մեծամասնության դեպքում բռնարարը ամուսինն է եղել, տուժողը՝ կինը։

Արման Ղարիբյան

Նկարազարդումները՝ Ելենա Ակոջյանի