ԱԱԾ-ն պետք է կրկնապատկի իր զգոնությունը․ Փաշինյանի ելույթը անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով և ուզում եմ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի ու ծառայության համար:

Պիտի ընդգծեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես մենք ականատես եղանք Ազգային անվտանգության ծառայության մարմինների աշխատանքի արդյունավետության շոշափելի և տեսանելի բարելավման, և այն, որ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո, երբ երկիրը թևակոխեց, ըստ էության, քաղաքական, հոգեբանական և վստահության խորը ճգնաժամի փուլ, Հայաստանի Հանրապետությունը կարողացավ այդ փուլը հաղթահարել առանց իրավիճակը վատթարացնելու:

Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերից հետո Հայաստանի Հանրապետության ներսում ոչ մի կրակոց չի հնչել, և, ըստ էության, քաղաքացիական բախումներ տեղի չեն ունեցել, ինչը, մի կողմից, աննախադեպ է նման իրավիճակներ տեսած երկրների պատմության համար, և մյուս կողմից՝ արձանագրում է, ընդգծում է մեր մի շարք պետական մարմինների, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը:

Այս առումով պիտի ընդգծեմ, որ թերևս այս վերջին մեկ տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը, մեր մի շարք այլ կառույցների հետ, մեր պետականության, ինքնիշխանության և անկախության պահպանման և պաշտպանության շատ էական և կարևոր գործառույթ է իրականացրել, և ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այդ գործառույթն արդյունավետ կերպով իրականացնելու համար: Բայց մենք նաև պիտի ընդգծենք, որ մեր առաջ եղած և առկա մարտահրավերները չեզոքացված չեն, և այս ընթացքում մեր ձեռք բերած փորձը պիտի օգտագործենք պետականության, ինքնիշխանության, անկախության, մեր Սահմանադրության և օրենսդրության, մեր տարածքային ամբողջականության պահպանման գործում առավել արդյունավետ լինելու համար:

Մյուս կողմից՝ պիտի նաև հետևյալն ընդգծել. 2020 թվականը, ի վերջո, մեծ հաշվով ինչի՞ մասին էր, և ի՞նչ ցույց տվեց: Ցույց տվեց, որ շատ դեպքերում մենք ունենք պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ կայացման խնդիր: Հայերենում այսպիսի ասացվածք կա՝ «Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից՝ մեր»: Շատ դեպքերում, այո, հաջողվում է երկար տարիներ ծառայության բովանդակությամբ պետական մարմինների համար ստեղծել որոշակի իմիջ, բայց երբեմն գործնական առումով տեսնում ենք, որ այդ մարմինները բավարար հզորություններով, կարողություններով, այդ թվում՝ տեխնիկական, բովանդակային, համակարգային, ապահովված չեն: Սա մեր ընթացիկ ամենամեծ խնդիրն է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ, ի վերջո, մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը համապատասխանեն այն միջավայրին, որում նրանք այսօր գործում են: 21-րդ դարի միջավայրում, երբ տեխնիկան, տեխնոլոգիաներն օր օրի զարգանում են և ներդրվում են գործնական կյանքում, այդ ոլորտում հետ մնալը նշանակում է՝ չկարողանալ կառավարել երկրի առաջ առկա մարտահրավերները:

Իհարկե, զուգահեռ նաև պիտի արձանագրենք հետևյալը՝ աշխատավարձերի այն մակարդակը, որ մենք այսօր ունենք մեր երկրի պետականության, անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար պատասխանատու մարմիններում, այդ աշխատավարձերի, վճարումների, դրամական բավարարումների մակարդակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որոնց առաջ մեր պետական մարմինները եղել են, կան և պիտի շարունակեն լինել:

Ես չեմ ասում, որ մենք հիմա մեկ գործողությամբ այդ բոլոր խնդիրները պետք է լուծենք, բայց պետք է արձանագրենք այս ամենը, որպեսզի ճիշտ դիրքավորվենք և ճիշտ կարողանանք կազմակերպել մեր աշխատանքը: Մանավանդ հիմա, երբ, ըստ էության, տարածաշրջանում ձևավորվում է նոր իրավիճակ, երբ Հայաստանի կառավարությունը հռչակել է Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն, ինչը նշանակում է, որ այս նոր միջավայրում Ազգային անվտանգության ծառայության առաջ դրված խնդիրները շատ ավելի են բարդանալու: Որովհետև, նախ, քաղաքական հայտարարությունները դեռևս ինքնին չեն նշանակում, որ կհաջողվի դա իրականացնել, և երկրորդը, եթե մենք այս ուղղությամբ հաջողությամբ առաջ շարժվենք, մարտահրավերների կառավարումը լինելու է շատ ավելի բարդ և շատ ավելի դժվարին:

Բայց ուզում եմ նաև արձանագրել, որ Սոչիում և Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումներից հետո ես տեսնում եմ հնարավորություն, որ մենք կարող ենք քայլ-քայլ առաջ շարժվել մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ճանապարհով: Համենայնդեպս, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենից կախված ամենն անելու է՝ այս ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար: Բայց առավելևս այս պայմաններում և միջավայրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կրկնապատկի իր զգոնությունը, մեծացնի իր գործունեության արդյունավետությունը, հենց բուն՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ազգային անվտանգության ծառայության մարմինները, որովհետև այս նոր միջավայրի ձևավորումը շատ պատասխանատու և էական խնդիր է, որը միասին, իհարկե, պիտի փորձենք իրագործել:

Ուզում եմ նաև անդրադառնալ հետևյալ հարցադրումներին – որովհետև այս թեման շատ է քննարկվել և համոզված եմ, դեռ շատ կքննարկվի, անգամ հարյուրամյակներ – երբ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պիտի և կարող էր լուծվել այսպես: Թող լուծվեր: Իսկ ինչո՞ւ չի լուծվել: Եթե կարող էր և պիտի լուծվեր այդպես, ինչո՞ւ չի լուծվել: Արդեն շատ երկար ժամանակ՝ ավելի քան 20 տարի, Հայաստանի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացի մեջ: Մենք անընդհատ լսել ենք քաղաքական հայտարարություններ, իսկ երբ վերադարձել ենք և հասանելիություն ենք ստացել բանակցային բովանդակությանը, տեսել ենք, որ շատ դեպքերում Հայաստանում հնչող քաղաքական հայտարարությունները կապ չունեն այն բովանդակության հետ, որը ձևավորվում էր բանակցային սեղանի շուրջ:

Մենք չենք ուզում գնալ նույն ճանապարհով: Մենք ուզում ենք փակ խորհրդակցություններում, հրապարակային ելույթներում և բանակցային սեղանի շուրջ խոսել նույն բովանդակության շրջանակում: Ես չեմ ասում, որ դռնփակ և դռնբաց հանդիպումները պետք է բովանդակությամբ լինեն 100 տոկոս նույնական: Ես նկատի ունեմ ուղղությունները, որովհետև ցանկացած խոսակցություն՝ առավելևս անվտանգությանը վերաբերող, ունի գաղտնիության բազմաթիվ շերտեր: Բայց ես ասում եմ, որ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք չենք ուզում ներսում ասել մի բան, դրսում խոսել այլ բան, հետո ընկնել ներսի և դրսի խոսացածների տարբերության արդյունքում առաջացած թակարդների մեջ:

Սա է մեր մեծագույն խնդիրը, և այստեղ ես տեսնում եմ նաև, որ, այո, քաղաքական գործընթացների ճշգրիտ ապահովման համար ունենք Ազգային անվտանգության ծառայության մարմինների փորձագիտական, պրոֆեսիոնալ օժանդակության և աջակցության կարիքը: Մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ Կառավարությունը պետք է մեր Ազգային անվտանգության ծառայությանը և Ազգային անվտանգության ծառայության մարմիններին կարողանա օժտել այնպիսի հնարավորություններով, որ իր առաջ դրված խնդիրները լուծելի լինեն: Պիտի խոստովանեմ և արձանագրեմ, որ, այո, շատ երկար տարիների ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը գործել է տեխնիկապես համակարգային առումով ոչ պատշաճ բավարարվածության մակարդակով: Բայց, մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ Ազգային անվտանգության ծառայության կողմից լուծվել են և լուծվել են բազմաթիվ ծառայողների նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և պետական ծառայության արժեքն իմանալու շնորհիվ:

Մենք երբեք չենք ասում, որ մեր պետական կառավարման մարմինների աշխատանքն անթերի է, բայց այսպիսի հանդիսավոր օրերին մենք հատկապես պիտի շեշտենք այն դրականը, որը կա, որպեսզի նոր լիցք ստանանք՝ գնալով ավելի բարդացող խնդիրները լուծելու համար: Իսկ մեր խնդիրը պարզ է՝ ամրապնդել Հայաստանի Հանրապետությունը, ամրապնդել մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի լինելիությունը, Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանությունը, հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Արցախի ընդունելի կարգավիճակի միջազգայնորեն ճանաչմանը: Եվ այս ուղղություններով աշխատանքը շատ մեծ նվիրում, հետևողականություն, հավասարակշռվածություն պիտի պահանջի մեզանից:

Այո, շատ դեպքերում մենք պետք է փոխենք մեր դիտանկյունը, պետք է կարողանանք համապատասխանեցնել մեր ընկալումը ժամանակակից աշխարհին և նրա մարտահրավերներին, պիտի կարողանանք հաղորդակցության մեջ լինել աշխարհի հետ: Գիտեք, շատ դեպքերում այնպիսի տպավորություն է և, իմիջիայլոց, սա վերաբերում է մեր անկախության ամբողջ շրջանին, որ մենք շատ դեպքերում ասել ենք մեր ասելիքը՝ ըստ էության, չլսելով կամ չլսելու տալով, թե ինչպես է դրան արձագանքում միջազգային հանրությունը: Ո՛չ դժբախտաբար, ո՛չ էլ բարեբախտաբար, ուղղակի սա պիտի արձանագրեք, մենք ապրում ենք միջավայրում, այդ միջավայրն աշխարհն է, միջազգային հանրությունն է, մենք պետք է առավել ուշադիր լինենք՝ հասկանալու միջազգային հանրությանը և պետք է առավելագույն ջանք գործադրենք՝ միջազգային հանրությանը հասկանալի լինելու համար: Սա է այն բանաձևը, որը պիտի ապահովի և երաշխավորի Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը անկախությունը, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը:

Հարգելի պարոն Աբազյան,

Հարգելի գործընկերներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով: Ինչո՞ւ եմ ասում բոլորիս՝ որովհետև Ազգային անվտանգության մարմինների աշխատողները, մարմիններն իրենց գործունեության մեջ ապահովում են և պիտի ապահովեն Հայաստանի Հանրապետության, նրա բոլոր քաղաքացիների անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայության արդյունավետ աշխատանքը բխում է Հայաստանի Հանրապետության՝ առանց բացառության բոլոր քաղաքացիների շահերից»:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ մի խումբ աշխատակիցների է հանձնել պետական պարգևներ:

«Արիության» մեդալով պարգևատրվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը:

Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը, դեպարտամենտի պետի տեղակալ, գնդապետ Վազգեն Ավետիսյանը, դեպարտամենտի բաժնի պետ, փոխգնդապետ Դավիթ Աբրահամյանը, Պետական պահպանության ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ Էդգար Աղախանյանը:

Հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանը, դեպարտամենտի պետ, գնդապետ Արթուր Պողոսյանը, գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբյանը, վարչության պետ, գնդապետ Արմեն Հակոբյանը, Պետական պահպանության ծառայության թիկնապահ, ավագ լեյտենանտ Շավարշ Ուլուխանյանը, Պետական պահպանության ծառայության սպա, լեյտենանտ Հենրիկ Գրիգորյանը:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են՝ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-մայոր Սարգիս Հովհաննիսյանը, ԱԱԾ քննչական դեպարտամենտի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, մայոր Արման Երիցյանը, ՊՊԾ կրտսեր տեսուչ-հերթապահ, ավագ ենթասպա Անահիտ Ժամկոչյանը, ՊՊԾ կրտսեր տեսուչ, ենթասպա Շահեն Անտոնյանը: