Ադրբեջանը պատժիչ ուժ է ՌԴ-ի ձեռքին՝ ՀՀ-ի դեմ․ սա քանդել կարող ենք՝ չվախենա՛լ ցավոտ հարվածներից․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
19.11.2024 | 19:15
Ափսոսում եմ, որ Արգիշտի Քյարամյանը հեռացվեց․ շատ լավ կլինի՝ ԱԱԾ պետ նշանակվի․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:05
Պարոն Պետոյան, ակնկալում եմ, որ մարդ պետք է ազատվի աշխատանքից․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:52
Այլ ելույթներ՝ գաղջից, կսկիծից ու ցասումից չկա՞ն․ Ավինյանը կատակեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

Տիկի՛ն Գևորգյան, 26 տարի շարունակ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը, իր բացասական և դրական դրևորումներով հանդերձ, բախվեց 44-օրյա պատերազմին։ Ոմանք դա հակադրության քաղաքականություն են որակում, ոմանք՝ ՌԴ-ի զսպիչ դերի վրա հիմնված, ոմանք՝ պասիվ և զիջողական, երևի կան մարդիկ՝ ակտիվ և նախաձեռնողական այս խումբը ՀՀ նախկին իշխանություններն են։ Ի՞նչ փոփոխության պետք է ենթարկվի ՀՀ-ի արտաքին քաղաքականությունը, որպեսզի դուրս գանք Ձեր նկարագրած ռուս-թուրք-ադրբեջանական թակարդից, ուր մշտապես անվտանգային խնդիրներ ենք ունենալու և լինելու ենք մանրադրամ։

-Այո՛, Հայաստանը դարձել է մանրադրամ, որովհետև իր ազգային, քաղաքական մտածող խավը չի կարողացել մշակել պետականամետ քաղաքականություն։ Կարծում եմ՝ խնդիրը հենց այդ խավն է, որը հիմա չի կարողանում դուրս գալ այս ցայտնոտից։ Սա ո՛չ այնքան այս իշխանություններին է վերաբերվում, որովհետև նրանք այդ խավի մի մասն են ընդամենը, արդյունքն են, դաստիարակված սերունդն են։ Այս խավը ձևավորվել է 90-ականներից, սա ռուսաստանակենտրոն անվտանգային համակարգն է, որը չի աշխատում։ ՌԴ-ն ունի իր շահերը, և այլ դեր է տվել ՀՀ-ին։ ՀՀ-ի մարդիկ և տարածքները մանրադրամ են՝ ավելի մեծ ձուկ բռնելու համար ՌԴ-ի ձեռքին, որը, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն է։ Բավականին բաց են խոսում, որ Արցախի խնդրի լուծումով և «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանն այլևս պատճառ չունի ԵՏՄ-ին չմիանալու համար։ Հայաստանի՝ այս զոհի և մանրադրամի կարգավիճակից դուրս գալու համար պետք է քաղաքական դասը, և այդ դասի այն անդամները, որոնք անկեղծորեն տեսնում են, որ սխալ են եղել, գուցե դա կլինի առաջին քայլը՝ ինքնամաքրվելու և մի կողմ կանգնելու։

Սա մարտահրավեր է նաև ամբողջ սփյուռքի համար։ Պահանջները փոխվել են։ 30 տարի ժամանակն այդ մեղրամիսն էր, որը չկարողացանք օգտագործել, վատնվեց, և հիմա սկսվել է այլ շրջան, ուր ուժերի հստակ կոնսոլիդացիա է պետք և հստակ ծրագրեր, թե ինչ է պետք ՀՀ-ին։

-Այսօրվա ՀՀ-ի առաջնահերթ անելիքը ո՞րն եք համարում։

-ՀՀ-ն պետք է վերականգնի իր բանակը, և ո՛չ այն մոդելով, ինչ ՌԴ-ն, քանի որ ռուսական մոդելը ենթադրում է հայկական զինուժի ինտեգրումը ռուսական ավելի լայն կառույցի մեջ։ Բանակի ուժերի վերակառուցումն այն խնդիրներից է, որ կարելի է անել այլ գործընկերների հետ միասին։ ՀՀ-ն կարիք ունի վերազինման՝ ամենավերջին արդիական տեխնոլոգիաներով, և սա վերաբերում է հատկապես տիեզերական պոտենցիալին, կոմունիկացիոն կոորդինացման կարողություններին, որն Ադրբեջանն արդեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով ստեղծել է իր համար։ Հայաստանն ունի՛ այդ հնարավորությունը՝ ստեղծելու, պարզապես Հայաստանը կամք չի ցուցաբերում։ Հայաստանի ձևական ընդդիմությունը և այս իշխանությունները հիմնականում մտահոգված են իրենց իշխանությունը պահելով։ Իմ նշած քայլերը կարող են դիտվել որպես ոչ ընկերական Ռուսաստանի կողմից և նվազեցնել նոմինալ ընդդիմության և իշխանության հնարավորությունները՝ իշխանություն պահելու կամ վերցնելու։

Այս շրջանակները որոշել են Հայաստանի ազգային շահերի հաշվին սպասարկել իրենց շահերը։ Բայց, իմ կարծիքով, նույնիսկ այս ճանապարհն իրենց համար կործանարար է, որովհետև Հայաստանի խնդիրներն իսկապես լուրջ են և, ի վերջո, ՌԴ-ն չի լուծելու դրանք, որքան էլ հնազանդություն ցույց տան։ Ինչպես տեսնում ենք՝ հնազանդությունն էլ այլևս չի գործում։ Երկրորդ՝ բացի ռազմական համագործակցությունից՝ Հայաստանի կարևորագույն խնդիրը հատկապես էներգետիկ հարցերի լուծումն է, որտեղ Ֆրանսիան և ԱՄՆ-ն շատ լավ գործընկերներ կարող են լինել։ Սրանք փոքր քայլեր են, որոնք ցույց են տալիս, որ ՀՀ-ն կարող է և ցանկանում է իր խնդիրները լուծել՝ անկախ կերպով։ Երբ Հայաստանը սկսի նման անկախ քայլեր ձեռնարկել, ապա կհայտնվեն նաև միջազգային այն գործընկերները, որոնք պատրաստ են օգնել ՀՀ-ին։

Այստեղ ՀՀ-ն պետք է հստակորեն ձևակերպի, թե ինչպես է տեսնում իր ապագան տարածաշրջանում և ինչպես է տեսնում կոնֆլիկտի լուծումը։ ՀՀ-ի հզորացումը կարող է այլ մակարդակով, այլ կերպ լուծել Արցախի խնդիրը։ Եթե սա չի արվում և ՀՀ-ն շարունակում է սպասարկել ռուս-ադրբեջանական օրակարգը, ապա մենք տեսնելու ենք ուղղակի դանդաղ հյուծում։ Արցախի հարցը հիմա լուծված է, և Հայաստանը չի էլ բարձրացնում որոշ հարցեր՝ փախստականներ, Շուշի, Հադրութ գերիներ․․․ սրանք լրիվ լռեցվում են։ Այսինքն՝ ՀՀ-ն գնում է «բաց ձեռքերի» քաղաքականության։ Սա, գուցե, հնարավոր է օգտագործել ներքաղաքական պայքարում, բայց միջազգային հարաբերություններում, մանավանդ՝ այնպիսի տարածաշրջանում, որտեղ ռազմական դիվանագիտությունն է գործում, դա կործանարար է։ ՀՀ-ն պետք է փոխի իր քաղաքականությունը։ ՀՀ բոլոր նախագահների և ներկայիս ղեկավարի քաղաքականությունը եղել է այն, որ արել են քայլեր և ցավալի պատասխաններ ստացել, արդյունքում դաս չքաղել։ Որքան սա շարունակվի, ստանալու ենք ցավալի հարվածներ՝ կա՛մ սովորելու ենք դաս, կա՛մ չենք սովորելու։

-Նշեցիք՝ ՌԴ-ին հնազանդվելու քաղաքականությունը ՀՀ-ին չբերեց օգուտներ։ Բազմիցս է նշվել ՌԴ-ի՝ ՀՀ-ի վրա ունեցած չափազանց մեծ ազդեցության մասին։ Դա քաղաքական, անվտանգային, էներգետիկ, տնտեսական կախվածությունն է։ ՌԴ-ն չափազանց լավ է ներկայացված ՀՀ քաղաքական դաշտում՝ ՌԴ-ի շահերը սպասարկող ուժեր կան ԱԺ-ում։ Եվ ինչպե՞ս է հնարավոր այս ամենը հետ շրջել՝ ՌԴ-ին ընտելացնել նրան, որ ՀՀ-ն էլ շահեր ունի և պետք է դրանք ոտնատակ չտրվեն։ Արդյո՞ք ՀՀ-ն ռուսական հուժկու հարվածին չի արժանանա իր անվտանգային կամ արտաքին քաղաքական համակարգերը հավասարակշռելիս։

-Կան բաց և ոչ այնքան բաց ու հանրային քայլեր։ Երբ պետությունը փորձում է իր անկախ քաղաքականությունը ձևակերպել և առաջ տանել, տարբեր գործիքներ և ձևեր կան։ Բնականաբար, ՌԴ-ն սովորել է ՀՀ-ի հնազանդությանը, և ամեն նման քայլ առաջ է բերելու իր կոնտինգենտի ակտիվացմանը։ Կա նաև այն, որ Ադրբեջանը ռուսական պատժիչ ուժ է՝ պրոքսի է, որը գործում է։ Եթե Ուկրաինայում տեսնում ենք, որ հարձակումներն ուկրաինական դիրքերի վրա արվում են անգամ ռուսական ուժերի կողմից, ապա ՀՀ-ի դեպքում, եթե այդ պատժիչ գործողությունների դեմ որևէ քայլ է արվում ՀՀ-ի կողմից և դա դուր չի գալիս ՌԴ-ին, ապա հայտնվում է Ադրբեջանը։ Այս շղթան հնարավոր է քանդել, եթե ՀՀ-ն սկսի աշխատել այլ երկրների հետ։ Եթե դուք ունեք սահմանների պաշտպանության խնդիր, այդ սահմանները կարելի է պաշտպանել ոչ միայն այլ երկրի զորք բերելով, այլ նաև կան մասնավոր ընկերություններ, որոնց հետ հնարավոր է աշխատել։

Կարելի է աշխատել այլ երկրների հետ, որոնք կտան այդ տեխնոլոգիաները։ Իհարկե՝ սա կբերի դժգոհություն ՌԴ-ից, բայց պետք է կշռել ռիսկերը՝ որքա՞ն վնաս կստանա ՀՀ-ն, եթե ՌԴ-ն բարկանա, նեղվի և ադրբեջանցիներին կանաչ լույս տա որոշ գործողությունների համար, և որքա՞ն վնաս կստանա ՀՀ-ն, եթե ոչինչ չարվի, և հինգ տարում որտե՞ղ կհայտնվի։ Սրա համար պետք են սցենարներ, հաշվարկներ։ Նման հարցադրումը՝ արդյո՞ք այս կամ այն երկիրը կբարկանա, թե՞ ոչ, ինքնին փակուղի տանող հարցադրում է։ Այդ դեպքում՝ ՀՀ-ն չպետք է ներգրավված լիներ Արցախի խնդրում, նույնիսկ այդ դեպքում չպետք է պաշտպաներ Սյունիքը կամ Սևանի արևելքը։

Չէ՞ որ դա էլ կարող էր բարկացնել ինչ-որ մի պահի։ Այսինքն՝ եթե երկիրը չի ձևակերպում իր պահանջները և «կարմիր գծերը», ապա, իհարկե, այլ երկրներ օգտագործելու են որպես մանրադրամ և անեքսիայի են ենթարկելու։ Հայաստանի խնդիրը կոնֆլիկտից խուսափելու և վախենալու մեջ է։ Որովհետև չեն պատրաստվել, եղել է մեղրամիս, և հարմարվել են այդ ստատուս քվոյին, և այդ ստատուս քվոն հիմա հօդս է ցնդել։ Հօդս է ցնդել անգամ պրոռուսական խմբերի համար։ Եվ որքան էլ հավատարմության երդումներ տան, դա ոչինչ չի բերելու։ Դա չի բերելու այդ անվտանգության բարձիկը կամ ինչպես իրենք են տեսնում։ Այդ դարաշրջանը ավարտվեց։ Եվ, թերևս, ցավոտ ճանապարհով քաղաքական այդ դասը հասկանալու է, որ նոր ուժերի և նոր մեթոդների կարիք կա։ Նախկին ԽՍՀՄ երկրներում էլ Հայաստանի նման իրավիճակ կար։ Մոլդովան և Ուկրաինան էլ կիսված էին, բայց, ի վերջո, այդ քաղաքական խավերը հասկացան՝ կա ընտրության ճանապարհ և մի կետում պետք է կատարել ընտրություն, որքան էլ առաջին կամ երկրորդ հարվածը դժվար լինի։

ՀՀ-ի ամենակարևոր և ամենացավոտ կետը Արցախն է, որը վերցրին Ռուսաստանն ու Ադրբեջանը։ ՌԴ-ն վարել է մտրակի և կարկանդակի քաղաքականություն, հիմա այլևս այդ կարկանդակը չկա։ Ավտանգությունը, ինչպես տեսնում ենք, չկա։ Սա ինչ-որ առումով ՀՀ-ի համար հնարավորություն է ստեղծում՝ դուրս գալ այդ տրամաբանությունից և ստեղծել իր անվտանգությունն ու կարողությունները։ Ինչ-որ առումով մենք հետ ենք գնում հետխորհրդային շրջան, երբ մենք նոր պետություն պետք է ստեղծենք։ ՀՀ-ն հիմա այդ շրջանում է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան