Կնոջը առևանգել են Քննչականի վարչության Արթիկի բաժնի դիմացից

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ընտանեկան բռնության ենթարկված կնոջը առևանգելու գործով դատական քննությունը։ Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին, երբ Ա․Մ․-ն ժամանել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի բաժին՝ առանց տեղեկանալու, որ այդ օրը պետք է առերեսվի նախկին ամուսնու հետ, ում ժամանակին մեղադրել է իր նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, սակայն հետագայում բողոքը հետ է վերցրել։ Տուժողի խոսքով՝ իրեն չեն զգուշացրել, որ այդ օրը առերեսում է տեղի ունենալու։

Քննչական բաժնից դուրս գալիս կնոջը ուղեկցել է ոստիկան Լիպարիտ Սիմոնյանը, ով նրա հետ քայլել է մինչև շենքի ելքը և հեռացել՝ առանց սպասելու, որ նա ապահով նստի ավտոմեքենա։ Շենքից դուրս գալուն պես, համաձայն Ա․Մ․-ի ցուցմունքի, իրեն է մոտեցել որդին, ով համոզել է, որ մայրը տուն վերադառնա և կրկին ապրի հոր հետ։ Կինը հրաժարվել է, ինչից հետո տեղի է ունեցել նրա առևանգումը, որին, ըստ մեղադրանքի, մասնակցել են Ա․Մ․-ի որդին, նախկին ամուսինը, նախկին ամուսնու եղբայրը և դստեր նախկին նշանածը։

Ա․Մ․-ն այսօր դատարանում հայտարարեց, որ կատարվածը չի ընկալել որպես առևանգում և չի համարում, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Նա քննիչներին և ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ՝ նշելով, որ դեպքը նրանց աչքի առաջ է տեղի ունեցել, սակայն վերջիններս չեն փորձել կանխել։ Տուժողը նշում էր, որ եթե իրավապահների կարծիքով տեղի ուենցողը հանցագործություն էր, ապա նրանք պիտի փորձեին կանխել, այլ ոչ թե դեպքից հետո քրեական հետապնդման ենթարկեին իր հարազատներին։ «Քննիչներն իմ ձայնի վրա դուրս են եկել, ես գոռում էի «օգնե՜ք», բայց ոչ ոք չմոտեցավ։ Ինչ եղել է, պահի տակ է եղել, ես չեմ ընդունում, որ իրենք մտածված են գործել»,- ասաց Ն․Մ․-ն՝ նշելով, որ ներկայումս լավ հարաբերություններ ունի թե՛ իր որդու, թե՛ նախկին ամուսնու հետ։

Կինը նշեց, որ իրեն տարել են մինչև ռեստորանի հարակից տարածք, որտեղ էլ մեքենա են կանգնեցրել և տարել նախկին ամուսնու մորաքրոջ տուն։ Ա․Մ․-ն պնդեց, որ ինքնակամ է նստել մեքենան, իր նկատմամբ բռնություն չեն գործադրել, իսկ նախկին ամուսնու մորաքրոջ տանը միայն զրուցել են, իրեն հյուրասիրել են և խնդրել, որ վերադառնա։ Այնուհետև ոստիկանությունից զանգահարել են նախկին ամուսնուն, ով տվել է հեռախոսը Ա․Մ․-ին, ինքն էլ հայտնել է իր գտնվելու վայրը։

Ընդհանուր առմամբ Ա․Մ․-ի դիրքորոշումն այն է, որ իր առևանգման մեջ մեղադրվողները պատասխանատվության չպետք է ենթարկվեն, նա նույն օրը նախաքննական մարմնին տված բացատրությունում էլ նույն դիրքորոշումն է հայտնել։ Մեղադրող դատախազ Մանասյանը, սակայն, էական հակասություններ գտավ այսօր դատարանում տված ցուցմունքների և նախաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև և միջնորդեց դատարանին հրապարակել այդ էջերը։ Հակասությունը վերաբերում էր մեքենան հարկադրաբար նստեցնելուն։ Այժմ կինը պնդում է, որ ինքնակամ է նստել մեքենան․ «Ես եմ նստել մեքենան, քանի որ ուզեցի խոսել հետները, եթե ուզեի, կարող էի դուրս գալ»,- պնդում է տուժողը։

Դատարանում Ա․Մ․-ն նշեց, որ իր դստեր նախկին նշանածը՝ Ա․Ա․-ն ընդամենը մի ակնթարթ է մասնակցել առևանգմանը, իսկ նախաքննության ընթացքում գրել է, որ նախկին փեսան ասել է․ «Բռնի տանենք» և բռնել է իր ոտքերից։ Սակայն Ա․Ա․-ն մեքենա չի նստել և չի եղել այն տանը, ուր մոտ մեկ ժամ գտնվել է Ա․Մ․-ն իր նախկին ամուսնու և որդու հետ։

Կինը հաճախակի էր իր խոսքում մեղադրում քննիչ Ռիմա Դավթյանին, ով, ըստ տուժողի առերեսման ընթացքում ծաղրել է իրեն, քմծիծաղով է վարել առերեսումը, հաճախակի ներսուդուրս է արել և սենյակի դուռը բաց է թողել ամբողջ ընթացքում։ Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ սա միակ դեպքը չէ, երբ ընտանեկան բռնության ենթարկված կնոջ՝ քննչական մարմին ներկայանալիս խնդիրներ են առաջանում։ Հաճախ են լինում, երբ բռնարարները ագրեսիվ պահվածք են դրսևորում, փորձում են հետապնդել կնոջը։

«Երբեմն պարզապես անհրաժեշտություն է, որ բռնության ենթարկված անձին հեռավար հարցաքննեն, որպեսզի նրա անվտանգությունը չտուժի։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո մեր օրենսդրությունը թույլ տալիս է վկայի կամ տուժողի անվտանգությունն ապահովելու նպատակով հարցաքննությունն իրականացնել տեսակապի միջոցով։ Մեկ այլ գործով ես միջնորդել էի տեսակապով անել հարցաքննությունը, սակայն մերժել էին»,- ասում է փաստաբանը։

Մեջլումյանը կարծում է, որ օրենքով պետք է հնարավորություն տալ նաև առերես հարցաքննությունները տեսակապով ապահովել, քանի որ բռնության ենթարկված անձի համար մեծ դժվարություն է բռնարարի հետ նույն սենյակում գտնվելը, առավել ևս որ իրավապահները լիարժեք չեն ապահովում նրա անվտանգությունը։

Ասվածը ապացուցվում է նաև տվյալ գործով, երբ քննչականի շենքի հենց դիմացից կնոջը տարել են՝ իր կամքին հակառակ, որը հետագայում իրավապահները որակել են որպես «մարդու առևանգում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» (ՀՀ քրեական օրեսնգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ): Այդ արարքի համար նախատեսված է պատիժ 4-8 տարի ազատազրկմամբ։

Հաջորդ դատական նիստին հարցաքննվելու են վկաները, այդ թվում և քննիչ Ռիմա Դավթյանը։ Նիստը նշանակվեց հունվարի 18-ին՝ ժամը 16։00-ին։

ՀԳ – Ամբաստանյալների պաշտպաններ, Հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ Ժորա Պետրոսյանն ու Հովհաննես Ղարաքեշիշյանը այնպիսի հարցեր էին տալիս տուժողին, որն ըստ դատավոր Նարեկ Բեգլարյանի՝ «կրկնազոհացման էր վերածում հարցաքննությունը»։ Մի պահ պաշտպանները նույնիսկ ենթադրեցին, թե գուցե ամբողջ առևանգման դրվագը կարող է բեմականացված լինել՝ բոլոր մասնակիցների իմացությամբ «ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ցույց տալու համար»։ Սա, ըստ տուժողի ներկայացուցիչ Զարուհի Մեժլումյանի, զավեշտալի վարկած է, քանի որ ամբաստանյալի աթոռին են հայտնվել ոչ միայն տուժողի նախկին ամուսինը, նրա եղբայրը և նախկին փեսան, այլև հարազատ որդին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի