Անսպասելի դասավորումներ. ով ում ընտրական ցուցակում է հանգրվանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու է 26 քաղաքական ուժ, որից 22-ը՝ կուսակցությունը, 4-ը՝ կուսակցությունների դաշինք: Իշխանության ձգտող քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում նոր և նախկին թեկնածուների պակաս չկա: Factor TV-ն դիտարկել է նախընտրական ցուցակներն ու առանձնացրել հետաքրքիր դասավորումները։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, որում ներառված դեմքերի զգալի մասը հանրությանը հայտնի դարձավ 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններից, երեք տարի անց արդեն այլ տեսք ունի։ Ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, նրան հաջորդում է Արարատ Միրզոյանը, ապա՝ Լիլիթ Մակունցը, որը նախորդ ընտրություններում ցուցակի 8-րդ տեղում էր։ Մակունցը ՔՊ ցուցակի առաջին կին թեկնածուն է, նախկինում այդ տեղում Լենա Նազարյանն էր, որն այս անգամ ցուցակի 6-րդ տեղում է։

Հակառակ Նիկոլ Փաշինյանի պնդումների, որ քաղաքականությունն ու օլիգարխիան պետք է տարանջատված լինեն, իշխանական կուսակցության ցուցակի 5-րդ տեղում խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանն է, իսկ 14-րդում՝ Գուրգեն Արսենյանը: Նոր դեմքերից հիշարժան են նաև Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն լքած Սերգեյ Բագրատյանը և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մելքոնյանը: Ի դեպ, նա 16-րդ տեղում է՝ ավելի բարենպաստ հորիզոնականում, քան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինը  23-րդ տեղում է: ՔՊ ցուցակում է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը:

Ուշագրավ է, որ գործարարները և մյուս թեկնածուները զբաղեցնում են ավելի բարենպաստ տեղեր, քան ՔՊ ազդեցիկ անդամները: Օրինակ՝ ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը, որը հեղափոխության քայլարշավի նախաձեռնողներից էր, այս ընտրություններին ցուցակի վերջին՝ 157-րդ հորիզոնականում է: ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը, որը 2018-ին 10-րդ տեղում էր, այժմ հայտնվել է 39-րդ հորիզոնականում: Հետարքիր է, որ ցուցակում իր դիրքերը բարելավել է Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը․ նա 55-րդ տեղում է, իսկ 2018-ին 181-րդն էր:

ՔՊ առանցքային դեմքերից ոմանք էլ ընդհանրապես չեն ընդգրկվել նախընտրական ցուցակ. օրինակ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը 2018 թվականին 4-րդ համարն էր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը 7-րդ համարն էր։ ՔՊ ցուցակում չկա նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը թեև խորհրդարանական վերջին ընտրություններին էլ չէր մասնակցում, բայց սատարում էր «Իմ քայլին»։ ՔՊ ցուցակում չկան նաև Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, «Հայկական ժամանակում» Փաշինյանի հետ երկար տարիներ աշխատած և նրա տնտեսական հիմնական խորհրդատուն համարվող Հայկ Գևորգյանը, տնտեսագետ Արտակ Մանուկյանը և փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Իսկ ահա ՔՊ նախորդ ընտրացուցակում 15-րդ տեղը զբաղեցնող, հեղափոխության կարևոր դերակատարներից Դավիթ Սանասարյանն ընտրություններին մասնակցում է իր հիմնադրած «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունով՝ գլխավորելով ընտրական ցուցակը:

Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թիմը լքած մի քանի պատգամավորներ էլ հայտնվել են Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Վանեցյանի գլխավորած նախընտրական ցուցակներում: Այսպես՝ Գեղարքունիքի մարզից պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանը, որը 2018-ին «Իմ քայլի» ցուցակի 68-րդ տեղում էր, այս ընտրություններում հայտնվել է Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի 6-րդ տեղում:

Ուշագրավ է, որ «Պատիվ ունեմ» դաշինքում հայտնի ՀՀԿ-ականներ չկան: Դաշինքը գլխավորում է Փաշինյանի օրոք ԱԱԾ տնօրեն դարձած Արթուր Վանեցյանը, նրան հաջորդում է Երևանի քաղաքապետի պաշտոնից հեղափոխությունից հետո հրաժարական տված Տարոն Մարգարյանը, ապա Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյանը: Առաջին տասնյակում տեղ են գտել նաև ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը, նախկինում նախ՝ ԲՀԿ-ական, ապա ՀՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, 2017-ին ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված, ՀՀԿ-ական իշխանություններին ԱԺ ամբիոնից կոռուպցիայի մեջ մեղադրող վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը 2017-ին Նիկոլ Փաշինյանի հետ «Ելք» դաշինքի կազմում էր, և ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Արման Սահակյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում է օֆշորային սկանդալում հայտնված և դրա պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած, ներկայում հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը, որը Սերժ Սարգսյանի ընկերոջ՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգորի Հարությունյանի քրոջ որդին է: Ի դեպ, ուշագրավ է, որ 2019 թվականին Արթուր Վանեցյանի ղեկավարած ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը:

Շատերի համար անսպասելի էր այն, որ ՀՀԿ-ի ծանր հրետանին՝ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսնակ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ-ին անդամակցությունը սառեցրած Արփինե Հովհաննիսյանն այս ցուցակում ընդգրկված չեն։ Ի դեպ, մամուլը գրեց, որ Արփինե Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքով է առաջադրվելու, բայց վերջինս այդպես էլ որևէ ցուցակ չընդգրկվեց, թեև ակտիվ մասնակցում էր հակաիշխանական ցույցերին:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը ևս բազմազան է: Քոչարյանին հաջորդում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, իսկ ցուցակի առաջին կին թեկնածուն Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից Աննա Գրիգորյանն է, որը պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքով:

Քոչարյանի ղեկավարած դաշինքում գերակշռում են դաշնակցականները․ այստեղ են Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուսատմյանը, Լիլիթ Գալստյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանը, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը և այլք: Քոչարյանի հետ Մարտի 1-ի գործով անցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ևս առաջադրվել են «Հայաստան» դաշինքով, ցուցակում է անգամ դատարանում Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամ Վարդևանյանը:

Քոչարյանի թիմում է նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ ի դեպ, Հաշվեքննիչ պալատը 2019թ. կատարած ստուգումների արդյունքում պարզել էր, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը և նրա վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ:

Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքում է Էրեբունու նախկին թաղապետ, տարբեր ապօրինությունների առնչվող նախկին ՀՀԿ-ական «Թոխմախի Մհերի»՝ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, լքել էր Հայաստանը, երբ Սերժ Սարգսյանի և Մհեր Սեդրակյանի հարաբերությունները լարվել էին:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ընտրացուցակում ներառված է նաև նրա գործարար որդիներից կրտսերը՝ Լևոն Քոչարյանը, որը զբաղեցնում է ցուցակի 50-րդ տեղը։

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ի ընտրական ցուցակը ևս փոփոխությունների է ենթարկվել․ դուրս են մնացել ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովում պարբերաբար սկանդալային հայտարարություններով աչքի ընկնող Գևորգ Պետրոսյանը և, որ ամենաանսպասելին էր, Նաիրա Զոհրաբյանը․ վերջին երկուսը հեռացել են նաև կուսակցությունից: ԲՀԿ ցուցակը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում են Միքայել Մելքումյանն ու Իվետա Տոնոյանը, իսկ 4-րդ տեղում  Ծառուկյանի փեսան է՝ Կարապետ Գուլոյանը: Նկատենք, որ Գագիկ Ծառուկյանն իր փեսաներին պարբերաբար ընդգրկում է ընտրական ցուցակների անցողիկ տեղերում:

Եռամյա քաղաքական դադարից հետո ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը: Ցուցակը գլխավորում է Տեր-Պետրոսյանը, նրան հաջորդում է կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, իսկ երրորդ տեղում Ջրային կեոմիտեի նախկին նախագահ Ինեսա Գաբայանն է, որը 2019թ․-ին աշխատանքից ազատվեց՝ իրեն և կառույցի աշխատակիցներին 150 տոկոսով պարգևատրելու համար: Ի դեպ, ՀԱԿ-ի ցուցակում ևս կա մեծահարուստ գործարար՝ բժշկական պարագաների բիզնեսներով զբաղվող Հայկ Մաղաքելյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը ղեկավարում է Էդմոն Մարուքյանը, 2-րդ համարում նոր դեմք է՝ փաստաբան, Արտյոմ Գեղամյանը, իսկ երրորդ համարում Անի Սամսոնյանն է: ԼՀԿ-ի ցուցակի անակնկալը 7-րդ տեղը զբաղեցնող Լևոն Մարտիրոսյանն է, որը նախկինում Սերժ Սարգսյանի օգնականն էր և Կանադայում Հայաստանի նախկին դեսպանը։ Հավելենք, որ ԼՀԿ-ի ցուցակում ընդգրկված չեն գործող խորհրդարանի ԼՀԿ խմբակցության անդամներ Տարոն Սիմոնյանն ու Արկադի Խաչատրյանը:

ԼՀԿ ցուցակով պատգամավոր դարձած, իսկ հետո խմբակցությունը լքած և նոր՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հիմնած Արման Բաբաջանյանն էլ Լևոն Շիրինյանի՝ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հետ հանդես է գալիս «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքով»: Ցուցակի առաջին հնգյակում են Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Մարտի 1-ի գործից հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանը, նրա եղբայրը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը և Հայկ Սուքիասյանը:

Այս ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ այլ մեծահարուստ՝ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, տարբեր աղմկահարությց պատմություններից հայտնի Տիգրան Արզաքանցյանը, որը գլխավորելու է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը։ Նկատենք, որ ինքը՝ կուսակցության երկարամյա նախագահ Արամ Սարգսյանը, ցուցակի երկրորդ տեղում է։ Թե Արզաքանցյանի քաղաքական որ արժանիքների համար է Արամ Սարգսյանը նրան զիջել ցուցակի առաջին տեղը, մնում է միայն ենթադրել։ Այս ուժի ցուցակի երրորդ տեղում էլ «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանն է:

«Ազատ Հայրենիք» դաշինքը, որը ստեղծվել է Անդրիաս Ղուկասյանի ղեկավարած «Հայ կառուցողական կուսակցության», Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում միավորման» և Պահպանողական կուսակցությունների միավորմամբ, գլխավորում է Միքայել Հայրապետյանը, երկրորդ համարը Անդրիաս Ղուկասյանն է: Այս ցուցակի անակնկալն էլ Արշակ Սադոյանն է, որը, թվում էր, հրաժեշտ է տվել քաղաքականությանը։

Չի բացառվում, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակներում լինեն նաև այլ ուշագրավ առաջադրումներ, որոնց մասին հայտնի կդառնա նախընտրական ցուցակների ամբողջական հրապարակումից հետո։