Ադրբեջանցի զինվորներ՝ հայերի տանը. զավթում՝ արևելյան ձևով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
06.02.2021 | 13:02Արցախյան պատերազմի ելքն անտուն դարձրեց ո՛չ միայն ադրբեջանցիների զավթած գյուղ ու քաղաքների տասնյակ-հազարավոր բնակիչներին։ Կյանքը սովորական հունից դուրս եկավ նաև երկու մասի բաժանված Շուռնուխում, երբ գյուղից 12 տուն հայտնվեց ադրբեջանական սահմանից այն կողմ։ Սեփական տանիքից զրկված շուռնուխցիներից է Գարենը, որը կնոջ ու երեխաների հետ տեղավորվել է գյուղի կիսաքանդ տներից մեկում․ ժամերն են հաշվում՝ երբ են դուրս գալու։ Բարկացած դժգոհեց՝ տան ներսում ապրելու հնար չկա. «Տեսնո՞ւմ ես, ես ու կինս ենք գիտենք, բայց քո երեխուն կբերե՞ս ստեղ պահես։ Ինչ կարացել ենք, հանել ենք։ Նենց չի, որ զաստավիտ են արել, ասել՝ հինգ րոպե ա, դուրս եկեք։ Հո պատերն էլ չէիք քանդելու»։
Տնանկության թեման, որ այս օրերին գերիշխում է շուռնուխցիների զրույցներում, մտել է նույնիսկ երեխաների կյանք։ Մհերը, Նարեկն ու Լիլիթը մտադրվել են համագյուղացիներին անտուն չթողնել. «Մեր տունը այ էնդեղ ա, էստեղ ենք սարքել, քանդել ենք, քարերով սարքել»։
Իսկ մեծերն արդեն բլրի վրայից են նայում ադրբեջանցիներին անցած իրենց տներին։ Շուռնուխցի Արմեն Հարությունյանը մեկ տարի առաջ վատագույն երազում անգամ չէր պատկերացնի, որ իր ու տղայի տներում մի օր ադրբեջանցի զինվորականներ են հայտնվելու. «Հետևինը՝ դեպի ձորի բերան, իմս ա։ Դրոշից երկրորդ տունը»։ Հասցրել են իրերը տեղափոխել. «Հա թույլատրեցին, ռուսները կանգնեցին հանեցինք։ Էս մի հարևանս գնացել Գորիս ա ապրում, գյուղապետը գյուղապետարանում ա ապրում իր ընտանիքով, ես իմ ընտանիքով դոմիկով ենք ապրում։ Մի քանի հատ էլ ազատ տուն ա եղել, տեղավորել ենք էլի։ Նա իմ տղայի տունն ա եղել, վառնվել ա խոտա եղել վառնվել ա մի 10-15 տարի առաջ։ Հիմա իրանք են տիրապետում դրանց»։
Շուռնուխում նկարահանումների թույլատվություն Factor TV-ն ստանում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներից՝ պայմանով, Շուռնուխն իր ամբողջության մեջ կադրերում պիտի չերևա։ Շուռնուխի՝ Ադրբեջանին անցած հատվածում ադրբեջանցի զինծառայողները տեղավորված են հինգ վրաններում, որոնցից մեկը խոհանոցն է։ Արմեն Հարությունյանը պատմում է.
«Մեր թուլեքը մնացել են ընդեղ, քյացել ենք, որ բերենք, ասել ա դե վերցրեք տարեք։ Փախել ա իրանց մոտ ճաշարան, էլ չենք քյացել։ Հետ են քաշում։ Թուլեք են էլի ինչ շներ, էս իմ շունս ա էն ա ռուսների մոտ նստած, նա հասկանում ա, իրիկունը գալու ա իմ տան մոտ։ Բայց դե լավ թուլեք էին, մնացին ընդեղ։ Թե չէ կովն անցնի իրանցն ա։ Մի երկու կիլոմետր էլեկտրական հովիվ են քաշել, որ ով ապրանք ունի գոնե էդ հովիվներով պահի»։
30 տարվա տունն ու տեղը կորցրած 56-ամյա Արմեն Հարությունյանի որդու տան առաջին հարկում ադրբեջանցիները դասավորել են մոտակա անտառից հատված փայտը։ Ադրբեջանցի երկու զինվորական էլ հերթապահում է հայերին պատկանած հարևան տանը։ Իսկ այս հատվածում շուռնուխցի կնոջն ու ադրբեջանցի զինվորին բաժանում է ընդամենը մի քանի մետր։ Ո՞նց են իրենց պահում արդբեջանցի զինվորները, հարցնում ենք Արմեն Հարությունյանին. «Ա դե մարդ պտի ըլի, որ գիդենաս ոնց ա պահում։ Ես ինչ գիտեմ։ Դե շփում չենք ունեցել հետները։ Մի անգամ ստեղ են լկտիություն արել 70 տարեկան բիձու հետևից մտել տուն, որ աստիճանները մնացել են թուրքին, բալկոնը՝ իրան։ Հետևից մտել ա տուն, ԱԱԾ-ն եկել ա, չի թողել, նորից հանել ա, թուրքերին ասել՝ երկորդ անգամ չմտնեք։ Բայց սա մեր տարածքներն են։ Էն շենքը տեսնում ես, դա մեր «Հայփոստն» ա։ Եթե իրա հողն ա, «Հայփոստն» էնտեղ ինչ ա անում։ Մեր գրադարանը մեջն ա, հենց մենք դուրս ենք եկել, թուրքը մտել ա գրքերը ցրել էս ու էն կողմ։ Ռուսի գեներալն ասել ա՝ երկրորդ անգամ․․․ դասավորի նորից։ Երկրորդ անգամ գրքերին կպնես, պրծել ես։ Հետո եկանք հանեցինք գրքերը»։
Արմեն Հարությունյանը և ընտանիքը, որ տուն են կորցրել, ժամանակավոր տեղավորվել են տնակում.
«Էնքան որ քչից շատից տեղավորվել ենք էլի։ Սա էլ մեր էն մի սենյակն ա, որ տղերքս են քնում։ Հիմա ես եմ, հարսը, երկու տղաս ա։ Բայց տղուս կինը երկու երեխու հետ հիմա Գորիսում տնվոր են ապրում»։
Տան տիկինը՝ Տաթևիկ Ջավահիրյանը, հուզված է. «Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարող ա տնից դուրս գանք։ Կռիվ էր գնում մեր դեմը, պարզ երևում էր, ասեցինք՝ լավ կլինի։ Վերջին պահն էր որ մեր տնից դուրս եկանք, կարողացանք մի երկու բան հանենք։ Թուրքի գեներալն եկավ ասեց մինչև առավոտ 5-ը դուրս եկեք։ Դուրս չէինք գալիս։ Չէ, չէինք հավատում։ Ամեն օր երեխեքն ասում էին արի հանի, ասում էի՝ ամեն ինչ լավ կլինի, ժամանակավոր ա։ Վերջում ռուսի գեներալն էկավ ասեց մինչև առավոտ 5-ը դուրս եկեք։ Փակեցինք ճանապարհը։ Զանգեցին ռուսներին, ասեցին՝ մինչև հունվարի 5-ը հանեք ձեր վեշերը։ Ամսի 5-ը չեղավ, ամսի 4-ի առավոտ արդեն տեսանք թուրքերը իջան արդեն»։
Ընտանիքում աշխատում է միայն Տաթևիկ Ջավահիրյանը՝ Արմենի կինը։ Տան տղամարդիկ օրվա ապրուստը վաստակում էին «Արցախ անտառում» աշխատելով։ Այսօր արդեն տիկին Տաթևիկի վաստակած 5․000 դրամով բազմանդամ ընտանիքը չի կարող գոյատևել, հատկապես, որ արոտավայր չունենալու պատճառով էժան գնով վաճառել են խոշոր եղջերավոր անասունները։
«Խոսքի հիմա ուզում են գնամ խանութից հաց առնես կամ․․․ Հա ճիշտ ա, սնունդով ապահովել են, չեմ բողոքում, բայց հաց պիտի առնես, աղ ա և այլն։ Հիմա լվացք չէին առնում, ջուր էլ չունենք։ Լվացքը վերցնեմ տանեմ Գորիս լվանամ, հետո բերեմ ստեղ, ջուր էլ չանեմ։ Իսկ էդ տները որ սարքում են, ես էս գյուղի 30 տարվա տղա եմ, ջուր չկա էս գյուղում, չի հերիքում։ Ասում ա հլը տները շինենք, ջուրը մի բան կանենք», – ասաց Արմենը։
Տիկին Տաթևիկը բաց չի թողնում լրատվական ոչ մի հաղորդում՝ հույսով՝ Կառավարության հերթական նիստում կհայտարարվի շուռնուխցիներին աջակցելու ծրագրերի մասին։ Եվ ահա՝ փետրվարի 4-ին նիստում Կառավարությունը հաստատեց Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների օգնության միջոցառումը: Ամեն անձի կտրվի միանվագ 300․000 դրամ գումար, 6 ամիս ժամանակով էլ ամեն շահառու 68․000 դրամ կստանա։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ Շուռնուխ ու Որոտան էր այցելել: Բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ։
Այսպես կոչված սահմանազատման աշխատանքները, վարչական ղեկավար Հակոբ Արշակյանի խոսքով, խաթարել է գյուղի անվտանգային միջավայրը. «90-ական թվականներին թուրքը նստած էր այն բարձունքում։ Մեր պոստն էր ճանապարհի ձախ հատվածում էր, մենք կարողացանք որսորդական հրացաններով էս բարձունքը գրավենք, իսկ հիմա 21 թվականն ա, էս ամբողջը տվեցինք իրենց, նորից անցանք 90-ական թվականներին, մեր Շուռնուխն ու Գորիսը իրենց ափի մեջ տեսնում են, որտեղ ուզեն էնտեղ էլ խփելու են։ Ամենաբարձրադիր դիրքերն իրենց մնաց ու մենք մնացինք սենց խեղճացած»։
Վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը մեզ ուղեկցում է Շուռնուխի վերին հատված։ Այստեղ երկու լավ նորություն կա, առաջինը՝ Արցախից տեղահանված անձանց համար։ Դեռ բացահայտվել չցանկացող բարերարները նոր թաղամաս կառուցելու խոսում են տվել. «Այստեղ մեր բարերները էս ճանապարհի աջ հատվածում էս ստոլբեքին զուգահեռ մինչև ջրի մոտ կառուցեն փողոց՝ և ասֆալտապատում, և բնակելի տներ իրենց գոմով ու անասունով»։
Երկրորդ լավ նորությունն արդեն շուռնուխցի 12 ընտանիքներին է վերաբերվում, որոնց տները զավթել են ադրբեջանցիները։ Գյուղի նախկին դպրոցի շենքը, որ 90-ականներին ռմբակոծվել է, տեղը կզիջի Կառավարության կողմից կառուցվող նոր թաղամասին։
Հակոբ Արշակյանը ներկայացնում է. «Կառավարության կողմից նոր թաղամասը, որ պետք է կառուցվի, այստեղից մինչև անտառամերձ տարածքն է ձգվելու, սենց նոր թաղամասը կլինի, կոմունիկացիայով, տարածքը նոր տարածք է, բան չունեմ ասելու, ճիշտ ընտրություն է։ Կստացվի, կարևորը՝ մարդիկ հուսախաբ չլինեն»։
Երկու-երեք ընտանիք ցանկություն է հայտնել բնակարանի փոխարեն դրամական փոխհատուցում ստանալ։ Շուռնուխը գյուղնշանակության՝ վարելահողեր, խոտհարքեր չի կորցրել՝ միայն տներ և տնամերձներ։ Արոտավայրի կորուստ կա։
«Արոտի հարցով՝ անասունն էն ժամանակ դուրս էր գալիս լրիվ արոտ էր, էնտեղ թուրքը նստած ա, մեր անասունը, որ իջավ ձորը սովորության համաձայն, էնտեղ պիտի ասեն՝ «բիզիմդիր»։ Էլեկտրական հովիվ ենք բերել տեղադրել, որ անասունները փողոցը չանցնեն»։
Հատկապես տունը կորցրած շուռնուխցիները երկու-երեք անգամ էժան գնով վաճառել են խոշոր եղջերավոր անասուններին։ Ըստ Հակոբ Արշակյանի՝ Ռազմավարական զարգացման գործակալությունը նոր ծրագիր է մշակել.
«Էս անասնագոմը որ կա, ՌԶԳ-ի հետ համայնքապետարանը համագործակցություն ա սկսել նոր ծրագրի հետ կապված, որ էս անասնագոմը բերի բաժանվի 12 թե 20 տան համար, հատկացնեն անասունների համար՝ բտում, կամ ցուլիկ կամ կով, գոմը վերանորոգման կենթարկվի, որ ծրագիրը գործի»։
Ի դեպ, Շուռնուխ բնակավայրն ամբողջությամբ լուսավորվում է։ Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են LED տեսակի նոր լուսատուներով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան