Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել
Քաղաքականություն
17.08.2020 | 13:02Բելառուսում համազգային գործադուլ է մեկնարկել, որին մասնակցում են տարբեր ձեռնարկությունների աշխատակիցներ, այդ թվում՝ Մինսկի տրակտորի գործարանի, Բելառուսի ավտոմոբիլային գործարանի՝ «ԲելԱԶ»-ի, պարարտանյութեր արտադրող «Բելառուսկալիա»-ի աշխատակիցները, տեղեկացնում է rus.ozodi.org կայքը:
Այսօրվա գործադուլի մասին հայտարարվել էր նախօրեին տեղի ունեցած ցույցի ժամանակ, որը Բելառուսի պատմության մեջ ամենազանգվածայինն էր: Ըստ որոշ աղբյուրների` ցույցին մասնակցել է ավելի քան 200 000 քաղաքացի։
«Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով լուծել իրավիճակը և երկրում խաղաղություն հաստատել: «Բելառուսկալիա»-ի նման խոշոր ձեռնարկության աշխատանքների դադարեցնելը լուրջ հարված է տնտեսության համար. բժիշկներն ու ուսուցիչները պետք է աշխատավարձ ստանան, բյուջեն պետք է հարստացվի: Մենք այս ամենը հասկանում ենք, բայց իշխանությունների վրա ազդելու այլ միջոց չկա»,- «Բելառուսկալիա»-ի աշխատակիցներն ասել են գործարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Ղեկավարությունը նրանց առաջարկել է գրավոր ներկայացնել իրենց պահանջները՝ առանց գործարանի աշխատանքները դադարեցնելու, սակայն նրանք չեն համաձայնվել:
Հիշեցնենք, Բելառուսում բողոքի ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80%-ով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ցուցերի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, դադարեցնել ցուցարարների նկատմամբ բռնություններըը, նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: