Դաշնակից Ռուսաստանը Բաքվին միլիարդավոր դոլարների զենք է վաճառել. ինչպես Մոսկվան կընդունի հանցակից լինելու՝ Փաշինյանի ակնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կոշտ քննադատություններ է հնչեցրել՝ ուղղված Ադրբեջանին զենք մատակարարող երկրներին։

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված մարտական գործողությունների հետևանքով, հիշեցնենք, հայկական կողմի զոհերի թիվը հասավ 5-ի․ այսօր  մահացավ հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած շարքային զինծառայող, 19-ամյա Արթուր Մուրադյանը:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով սահմանային վերջին դեպքերին՝ հատուկ ընդգծեց այն երկրների հանցակցությունը, որոնք զինում են Ադրբեջանին։

Վերջին հինգ տարիների ընթացքում ադրբեջանական սպառազինությունը համալրվել է Ռուսաստանից, Թուրքիայից, Իսրայելից, Բելառուսից և այլ երկրներից ձեռք բերված գերժամանակակից զինատեսակներով: Ադրբեջանին զենք վաճառող պետություններից Ռուսաստանը և Բելառուսը Հայաստանի դաշնակիցներն են, Հայաստանն այս երկիրների հետ ԵՏՄ և ՀԱՊԿ կազմում է: Ընդ որում, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հակառակորդ երկրի՝ Ադրբեջանի զենքի ամնամեծ մատակարարը։

Այսպես, 2010-2014 թթ․ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ավելի քան չորս միլիարդ դոլարի սպառազինություն, իսկ 2015-2018 թվականների ընթացքում՝ հինգ միլիարդ դոլարի տարբեր զինատեսակներ: Զենք-զինամթերքի խոշորածավալ պայմանագրով Մոսկվան Ադրբեջան է ուղարկել Т-90 տիպի 100 տանկ, 100 ԲՄՊ-3 զրահամեքենա, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու «Մստա-Ս» կայանքներ:

Հատկանշական է, որ ռուսական «Նովոստի» գործակալությանը 2017 թվականին տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդգծել էր, թե նաև ռուսական զինամթերքի շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել 2016 թվականի Ապրիլյան պատերազմում: 2018 թվականին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե վերջին խոշոր խմբաքանակից զատ՝ Մոսկվայի հետ քննարկում են համագործակցությունն ընդլայնելու հնարավոր տարբերակները: Առայժմ նոր գործարքի մասին տեղեկություններ չկան, սակայն նախորդ տարի Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ 2020-ին ևս պատրաստվում են ՌԴ-ից զենքի հերթական խմբաքանակը ձեռք բերել:

ՀԱՊԿ գծով Հայաստանի մյուս դաշնակից Բելառուսը 2018 թվականի ապրիլին Ադրբեջանին «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել: Համացանցում առկա տվյալների համաձայն՝ «Պոլոնեզ» համակարգերն ավելի հեռահար են, քան ադրբեջանական բանակում առկա ռուսական «Սմերչ» համակարգերը: «Պոլոնեզ»-ը կարող է հարվածներ հասցնել մինչև 200 կիլոմետր հեռավորության վրա: Գործարքի գինը հայտնի չէ:

Ադրբեջանը տարիների ընթացքում հինգ միլիարդ դոլարի զենք-զինամթերք է ձեռք բերել նաև Իսրայելից: Այս մասին Բաքվում 2016 թվականին լրագրողների հետ զրույցում ասել էր նախագահ Ալիևը: Իսկ ահա Ուկրաինան Ադրբեջանին, 2016 թվականին կնքված պայմանագրով, տրամադրել է ավելի քան 4 մլն դոլար արժողությամբ սպառազինություն:

Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ տարբեր կառույցներում դաշնակից համարվող երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենքի վաճառքի հետ կապված ունեցել է կրավորական կեցվածք։

Այսպես, ՀՀ իշխանությունները հետևողականորեն լռում էին 2011-ին, 2012-ին, 2013-ին, երբ Ռուսաստանը շուրջ 4 միլիարդի, այդ թվում՝ զանգվածային ոչնչացման զինատեսակներ էր վաճառում Ադրբեջանին։ Ամեն անգամ, երբ նրանց այդ մասին հարց էր ուղղվում, թե՛ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, թե՛ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և թե՛ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոսում էին Ռուսաստանի բիզնես շահերին ըմբռնումով մոտենալու անհրաժեշտության մասին։ Եվ միայն 2014-ին արգենտինական «La Nacion» պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հայտնեց իր դժգոհությունն այս փաստի առիթով՝ ասելով՝ հայ ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին, ինչից հետո արդեն 2015թ․ ապրիլին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա-ֆորումի ընթացքում հայտարարեց՝  Ռուսաստանը, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքով:

Իհարկե, այդ ուշացած քննադատությունը որևէ արդյունք չունեցավ, և ապրիլյան պատերազմում վերստին արձանագրվեց, որ հայ զինվորները զոհվում են ռուսական զենքից։ Այս հանգամանքը, այնուհանդերձ, նվազեցրեց Ռուսաստանի բիզնես շահերով մտահոգվելու՝ ՀՀ իշխանութունների ակտիվությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունում թեև կոնկրետ երկրների անունները բացակայում էին, սակայն հիմնական հասցեատերերն ակնառու էին։ Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այս հայտարարությունը։

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը կարծում է՝ սա վտանգավոր հայտարարություն էր, որը կարող է բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, մինչդեռ, նկատում է, որ հստակ հասցեատեր ունեցող այս հայտարարությունը շատ կարևոր էր և տեղին։ Ըստ նրա՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Երևանից հնչող մտահոգություններին ի պատասխան՝ ռուսներն ասում են, թե դա   ընդամենը բիզնես է, սակայն վարչապետն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ընդգծեց, որ ռուսական զենքով խաղաղ բնակչության դեմ գործողություններ են կատարվել։

Միջազգային հնչեղությունը գործին չի օգնի։ Իշխանություններն այլ քայլերով պետք է հասնեն թշնամուն զենքի վաճառքի ծավալների կրճատմանը, նշում է Գագիկ Հարությունյանը։

Արմեն Բաղդասարյանը, սակայն, նման հայտարարությունները նաև համարում է հայկական բանակը նոր զինատեսակներով համալրելու գործընթացի նախապատրաստական մաս: Քաղաքագետը նաև չի կիսում մտահոգությունը, թե Փաշինյանի դիրքորոշումը կարող է լարվածություն առաջացնել Երևանի և Մոսկվայի հարաբերություններում:

Թե Մոսկվան ինչպես կարձագանքի Հայաստանից հնչեցված գնահատականներին կամ արդյո՞ք կարձագանքի, պարզ կդառնա առաջիկայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան