Վաղը պատերազմ չի սկսվելու, Ադրբեջանի համար դա լիարժեք ավանտյուրա կլիներ․ Ալեքսանդր Կռիլով

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գիտությունների ռուսական ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ Կովկասագետների գիտական հանրության նախագահ Ալեքսանդր Կռիլովի հետ

– Պարո՛ն Կռիլով, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը երեկվանից լարված է։ Նախ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրադրությունը։

– Դատելով տեղեկատվական հոսքից՝ տեղային կոնֆլիկտ է՝ ադրբեջանական կողմից մի քանի սպանվածով։ Հայկական կողմից զոհերի մասին տեղեկություններ, համենայն դեպս, ես չեմ տեսել։ Կողմերը, բնականաբար, տարբեր կերպ են լուսաբանում տեղի ունեցածը։ Ադրբեջանն ասում է այն մասին, որ թիրախային հարվածներ են հասցվել և հայկական հենակետ է ոչնչացվել։ Հայկական կողմն ասում է, որ գիշերը գնդակոծություն է սկսվել, ինչից հետո ադրբեջանական մի քանի զինծառայողով մեքենա է մոտեցել սահմանին, նրանցից 3-ը սպանվել են, մի քանիսը՝ վիրավորվել։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն արդյունքում հայտարարեց, որ բախմանը մասնակցել են տանկեր, հրետանի և ադրբեջանական բանակը հաղթանակ է տարել։ Սակայն սա շատ զարմանալի է, քանի որ, կարծես, ադրբեջանցի զինծառայողներ են զոհվել և ոչ մի տարածք իրենք չեն գրավել, իսկ հաղորդումները, որ հայկական կողմը նույնպես կորուստներ ունի, առայժմ մերկապարանոց են։ Այս ամենը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Առաջինն այն է, որ եթե ադրբեջանական մեքենա է եկել և ադրբեջանցի զինծառայողները փորձել են հատել սահմանն ու փորձել որևէ բարձունք կամ հենակետ զբաղեցնել, ապա դա կարող է որևէ սերժանտի կամ կրտսեր լեյտենանտի ավանտյուրա լինել, որը ցանկացել է զինվորական կարիերա անել։ Եվ այդ ամենը շատ տխուր ավարտվեց։ Իսկ եթե ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները, որ գործողությանը տանկեր և հրետանի է ներգրավված եղել, իրական պատկերն են արտացոլում, ապա կարելի է ասել, որ հերթական սադրանք է հայ-ադրբեջանական սահմանին։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ դա տեղի է ունեցել ոչ թե արցախյան հակամարտության գոտում, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Եվ սա առաջին դեպքը չէ։

– Ձեր կարծիքով՝ ինչի՞ կարող է վերաճել այս ամենը։

– Հասկանալի է, որ Ադրբեջանը չի գնա հետագա ռազմական էսկալացիայի, քանի որ դա կհանգեցնի նրան, որ կգործարկվի ՀԱՊԿ-ի շրջանակում փոխադարձ պաշտպանության մեխանիզմը։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Եթե այս ամենը տեղի ունենար Ղարաբաղում, կարելի էր ասել, որ ՀԱՊԿ-ն իր անվտանգության երաշխիքներն այս տարածքում չի տարածում, իսկ ահա Հայաստանի սահմանին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքները տարածվում են։ Այդ պատճառով հիմա ՀԱՊԿ-ում քննարկումներ են ընթանում իրավիճակի վերաբերյալ, հավանաբար արձագանքման վերաբերյալ ինչ-որ որոշումներ կկայացվեն։ Բայց հազիվ թե իրադրությունը զարգանա դեպի ռազմական սրացում։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող էր լուծել իր խնդիրը՝ հերթական անգամ նման սադրանքի միջոցով խուճապ առաջացնել Հայաստանում և խժդժություններ մտցնել հայ հանրության շրջանում։ Եթե Ադրբեջանը նպատակ է դրել ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, սա կարող է նման ձգտում լինել։

– Նշեցիք ՀԱՊԿ-ի արձագանքի և փոխադարձ պաշտպանության մեխանիզմի գործարկման մասին։ Ձեր կարծիքով՝ կառույցը կարձագանքի՞, քանի որ սահմանային միջադեպեր էլի են գրանցվել, սակայն ՀԱՊԿ-ն միշտ սահմանափակվել է միայն հայտարարություններով։

– Դա կախված է նրանից՝ ինչպես կզարգանա իրադրությունը։ Ես միանգամայն վստահ եմ, որ Ադրբեջանը, ինչպես և նախկինում, կձգտի իրավիճակը չսրել այնքան, որպեսզի ՀԱՊԿ-ն միջամտի։ Նման սադրանքները կարող են շատ կարճ տևել, իսկ հետո, ուշադրություն դարձրեք, ամեն ինչ դադարում է։ Եթե Հայաստանին Ադրբեջանի, առավել ևս՝ Թուրքիայի կողմից իրական վտանգ սպառնա, փոխադարձ պաշտպանության մեխանիզմը կգործարկվի։ Դրա համար Հայաստանի տարածքում միջոցներ կան, Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, որը միջոցներ ունի՝ Հայաստանին ուղղված ցանկացած ռազմական սպառնալիք չեզոքացնելու համար։

– Պարո՛ն Կռիլով, այսօր ՀԱՊԿ-ն պետք է Մշտական խորհրդի հրատապ նիստ անցկացներ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ այն հետաձգելու մասին, իսկ նիստի մասին լուրը ՀԱՊԿ կայքից ընդհանրապես հեռացվեց։ Սա ինչպե՞ս մեկնաբանել։

– Քանի որ, որքան հասկանում եմ, սահմանի այդ հատվածում գործողությունները դադարել են, ամեն ինչ կորոշվի՝ ելնելով այն հանգամանքից, թե Հայաստանի կողմից ինչ հարցում կուղղվի ՀԱՊԿ-ին։ Եթե իրական սպառնալիք, զինված ագրեսիա լինի Հայաստանի դեմ, ապա պետք է ռազմական աջակցության մասին հավուր պատշաճի ձևակերպված խնդրանք լինի՝ արտաքին ագրեսիային դիմակայելու մասին։ Որքան հասկանում եմ, Հայաստանի ղեկավարության կողմից նման խնդրանք չի եղել և, հնարավոր է, այդ պատճառով էլ հրատապ միջոցառումների անհրաժեշտությունը վերացել է։

– ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ անհանգստություն հայտնելով ստեղծված իրադրության առիթով և կողմերին հրադադարի կոչ է արել։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մոսկվան դիվանագիտական ուղիներով չի փորձում ազդել Բաքվի վրա՝ հաշվի առնելով նաև ադրբեջանական հռետորաբանությունը։

– Խնդիրն այն է, որ Բաքուն ձգտում է տեղի ունեցածը ներկայացնել որպես Հայաստանի կողմից սադրանքին պատասխան։ Քանի դեռ սահմանային դիտարկման հուսալի համակարգ չկա, նման հայտարարությունները հնարավոր չէ կտրականապես հերքել։ Հնարավորությունը, որ կրակը կարող է սկսվել երկու կողմից էլ, առկա է, և հարկ է լինում հաշվի առնել դա։ Այնպես որ, բոլորը, ովքեր շահագրգռված են, որպեսզի ռազմական բախումներ չլինեն, պետք է նաև շահագրգռված լինեն, որ դիտարկման արդյունավետ համակարգ գործի, ընդ որում՝ և՛ հայ-ադրբեջանական սահմանին, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Հայտնի է, որ Բաքուն հրաժարվում է, որպեսզի ադրբեջանական կողմում նման տեխնիկական միջոցներ տեղադրվեն։ Հասկանալի է, որ սա խոսում է այն մասին, թե որ կողմն է ռազմական բախումների և նման տեղային կոնֆլիկտների հիմնական մասի նախաձեռնողը։

– Դուք խոսեցիք նաև Թուրքիայի մասին։ Ինչպե՞ս եք գնահատում Անկարայի հայտարարությունն այս օրերի իրադարձությունների վերաբերյալ։ Թուրքիան ԵԱՀԿ անդամ պետություն է, իսկ այս կազմակերպության կառույցը՝ Մինսկի խումբը, միջնորդական առաքելություն է իրականացնում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում։

– Թուրքիան, ինչպես գիտենք, առանձնահատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ Այնտեղ շատ տարածված է դիրքորոշումը, որ մեկ ազգ են և երկու կամ երեք պետություն, եթե որպես երրորդ պետություն դիտարկենք Հյուսիսային Կիպրոսը։ Նրանք ռազմական ոլորտում փոխօգնության համաձայնագրեր ունեն։ Սակայն Թուրքիան հազիվ թե վճռի միջամտել հակամարտությանը սահմանի իր կողմից, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ռազմական առճակատման։ Իհարկե, Անկարան կարող է Բաքվին օժանդակել իր ռազմական խորհրդատուներով, զինտեխնիկայով, սակայն Հայաստանի հետ պատերազմը ֆանտազիայի շարքից է, որը կարող է միայն տեղեկատվական դաշտում գիտակցված շրջանառվել՝ որպես Հայաստանի վրա ճնշման միջոց։ Ամեն դեպքում, և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը միասնական տեղեկատվական քաղաքականություն են վարում, Հայաստանի դեմ տեղեկատվական այդ պատերազմն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի բնակչությունն ու իշխանություններն այնքան քայքայվեն այդ պատերազմում, որ համաձայնեն հանձնել Ղարաբաղը։ Սակայն այս մարտավարությունն իր նպատակին չի հասնում։

– Եվ եթե ամփոփենք, այս իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

– Այս ամենը, իհարկե, տխուր է, քանի որ տարածաշրջանում բարդ իրադրություն է, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում համաճարակային իրավիճակը խնդրահարույց է, բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, այդ պատճառով պետության ուժերն ու բնակչությանը ռազմական հակամարտության ուղղությամբ շեղելը, նման ռազմական ավանտյուրան չափազանց ոչ խելամիտ քայլ է։ Պետք է հասկանալ՝ խոսքն այն մասին չէ, որ վաղը լայնածավալ պատերազմ է սկսվելու, սա պարզապես քաղաքականություն է՝ ուղղված Հայաստանի իշխանության և բնակչության վրա ճնշում գործադրելուն։ Ինչ-որ առումով այն հաջողություն է գրանցել, որովհետև երբ հետևում ենք հայկական տեղեկատվական դաշտին, այն շատ բուռն է, ոմանց մոտ՝ նույնիսկ հիստերիայի հասնող։ Բայց, կրկնեմ, պետք է հասկանալ, որ վաղը պատերազմ չի սկսվելու։ Ադրբեջանի համար դա լիարժեք ավանտյուրա կլիներ, և Բաքուն, կարծում եմ, հաշվի է առնում 2008 թվականի Վրաստանի փորձը։

Թամարա Հակոբյան