Ծառուկյանին ազատազրկելու հարցը՝ ԱԺ-ի օրակարգում․ քաղաքակա՞ն, թե քրեական հետապնդում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
13.12.2024 | 10:26
Շիրակի մարզպետի պաշտոնում վարչապետը կառաջադրի Դավիթ Առուշանյանի թեկնածությունը
13.12.2024 | 10:12
Փաշինյանը ստորագրել է Սարիկ Մինասյանին Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու որոշումը
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իրեն առնչվող քրեական երեք գործերի հարուցումը քաղաքական հետապնդում է որակում։ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, որ նաև մեծությամբ քաղաքական 2-րդ ուժի ղեկավարն է, ԱԱԾ-ում 9 ժամ տևած հարցաքննությունից հետո հայտարարեց․ «Էն բոլոր կատարած գործողությունները, որ տեղի են ունեցել իմ ելույթից հետո, ես բոլորը ընդունում եմ քաղաքական»։

Ծառուկյանն իր նկատմամբ տեղի ունեցողը քաղաքական էր որակել նաև կեսօրին՝ ԱԱԾ հարցաքննության ներկայանալուց առաջ՝ հավելելով, որ չի ընկրկելու․ «Ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»։

Հետ կանգնել Ծառուկյանը չի պատրաստվում հունիսի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստում իր հայտարարությունից։ Նշելով, որ կառավարությանը տրվել էր բավարար ժամանակ խոստումներն իրականացնելու համար, սակայն ձախողումներն ակնհայտ են, Ծառուկյանը կառավարության փոփոխության պահանջ էր ձևակերպել․ «Այսօր տեսնելով այս ձախողումները, լիարժեք կարող եմ ասել, ոչ թե 97, այլ՝ 100%-ը պետք է փոխվի, որովհետև իրենց աշխատանքի արդյունքում բոլոր ոլորտները ձախողված են»։

Իշխանությունը փոխելու այս հայտարարությանն արձագանքելով, վարչապետի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով՝ փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն կոռուպցիային վերաբերող։ Շատ չանցած՝ հանրությունը տեղեկացավ Ծառուկյանին առնչվող երեք  քրեական գործերի մասին։ Ըստ ԱԱԾ-ի՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ի և նրա առաջադրած պատգամավորության թեկնածուների օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր են հայտնաբերվել, ինչում ներգրավված են եղել ԲՀԿ-ի ղեկավար կազմն ու կուսակցության անդամները։

Ծառուկյանին առնչվող երկրորդ գործը «Շանգրի Լա» խաղատանն է վերաբերում։ Ըստ ԱԱԾ-ի՝ մի դեպքում «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն թաքցնելով իրական փաստերը, խաբեության մեջ է գցել ՀՀ Կառավարությանը, որը հավանություն է տվել խաղատան գործունեությունը շարունակելու հայտին, ինչի հետևանքով պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի ներդրումից։ Խաղատան գործի երկրորդ դրվագով առանց լիցենզիայի խաղատանը շահումով խաղեր են կազմակերպվել, պետությանը հասցվել է շուրջ 30 միլիարդ դրամի վնաս։ Ծառուկյանին առնվող երրորդ քրեական գործը կապ ունի Առինջ համայնքի ղեկավարի ու «Նյու» ՍՊԸ-ի ղեկավարների հետ, որոնց միջև ապօրինի համաձայնությամբ 7․5 հա հողատարածք է օգտագործվել։ Ըստ ԱԱԾ-ի՝ անօրինականության արդյունքում պատճառվել է ընդհանուր 378․764․925 դրամի վնաս։ Կալանքի տակ է նաև Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որը մեղադրվում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլարի կաշառք տալու համար։ Առուստամյանը, ըստ Գլխավոր Դատախազության, 22 միլիոնի ծագման աղբյուր է ներկայացրել պապի կողմից «Շահի ոսկիները բերելու և 1987 թվին տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքը։

Չնայած իրավապահների բերած ենթադրյալ հանցագործությունների մասին փաստերին, ԲՀԿ-ի երբեմնի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության Գերագույն մարմինը սա իշխանության կողմից ընդդիմության նկատմամբ ռեպրեսիվ մեթոդ ու մեկ անձի բռնատիրություն հաստատելու ձգտում է որակել։ Վարչապետ Փաշինյանին հեռացնեու պահանջը պարբերաբար թմբկահարող և այս ընթացքում Գագիկ Ծառուկյանի հետ պարբերական հանդիպումներ ունեցած ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կուսակցությունը քաղաքական հետապնդում է որակել պրոցեսը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կառավարման խորհուրդն էլ տարածած հաղորդագրությունում նշել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության և վերահսկողության ներքո։ Իշխող քաղաքական ուժին «Լուսավոր Հայաստանը» մեղադրում է կոմպրոմատային քաղաքականության ու օրենքն ընտրողաբար կիրառելու համար։

Պատգամավոր Անի Սամսոնյանն ասում է․ «Երբ, օրինակ, ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը, և իրավական գործընթացները սկսվում են, պաշտոնյաների բարձր մակարդակով, տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, տեսնում ենք՝ պաշտոնյաների բարձր մակարդակով որոշում են՝ մեղավո՞ր, թե անմեղ է անձը»։

Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը բացառող հիմնավորում բերում է այն, որ քրեական գործերը եղել են մինչև Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, երբ պահանջեց կառավարության 100%-ի հեռացումը․ «Ժամանակագրությունը չի կարելի կեղծել, դրանք թվեր են, որոնք ակնհայտ են։ Այս պրոցեսն իր տակ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի պարունակում՝ մենք ընտրությունների առաջ չենք կանգնած, քաղաքական որոշում չի կայացված։ Քաղաքական երանգ տալը փորձ է ուղղակի սակարկումների գնալ, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի օրոք»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ անձի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին կարելի է խոսել, եթե հետապնդումը արտահայտած կարծիքի համար է։ Մինչդեռ Ծառուկյանին այս պահին առնչվում է միանգամից երեք քրեական գործ՝ պետությանը մեծ ծավալի վնաս հասցնելու և ընտրակաշառք բաժանելու փաստերով: «Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի՝ քրեական աշխարհի հետ սերտաճվածության մասին վկայում է հայտնի լուսանկարը Ռոբսոնի հետ, որին Սերժ Սարգսյանի որոշմամբ հատկացվել էր հյուպատոսի անձնագիր։ Այս համատեքստում քաղաքական հետապնդման մասին խոսելը խոսում է ավելի շուտ նման որակումներ տվողների արժեքային համակարգի մասին»,- նկատեց Սաքունցը։

Իսկ ահա իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ամբողջ ցանկության դեպքում անգամ չի կարող Ծառուկյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չհամարել, հիշեցնում է՝ Ծառուկյանի ելույթին հաջորդեց վարչապետի կոշտ պատասխանը՝ քաղաքական որոշ շրջանակների պատմության աղբանոցը նետելու վերաբերյալ, ինչին հետևեցին քրեական գործերը։

Ալեքսանյանը իշխանության կողմից ընտրողական մոտեցում է նկատում՝ մոռացվել է ՀՀԿ-ի ընտրակեղծարարությունը, մինչդեռ հիշում են միայն ԲՀԿ-ինը․ «Թող գնային ՀՀԿ-ի ընտրակեղծիքները․․․ ամբողջ կյանքում ընտրակեղծիքներն առաջնորդել են ՀՀԿ-ականները և լիդերն էին ընտրակեղծարարության, բա որտե՞ղ են իրենց դեմ գործերը։ Մոտեցումը ընտրովիության սկզբունքով անհասկանալի է։ Սերժ Սարգսյանը զատված է ամեն ինչից և վայելում է կյանքը, նրան ոչ մի վտանգ չի սպառնում։ Շատ ծանոթ սցենար, ես ցավում եմ, որ այս իշխանությունը ձգտում է նախորդին նմանվել, չի տարբերվում։ Երիտասարդ սերունդ, որից այլ ակնկալիքներ ունես, բայց տեսնում ես չէ՝ իշխանությունը միշտ նույնն է։ Սա միանշանակ քաղաքական հետապնդում եմ գնահատում»։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցնում է՝ 90-ականներից սկսած խոշոր բիզնեսը հատկապես գործել է կոռուպցիոն սխեմաներով՝ իշխանության թողտվությամբ։ Հեղափոխությունից հետո, սակայն, իրավապաշտպանն ասում է՝ իշխանությունը ո՛չ գնաց այդ մարդկանց ներելու, ո՛չ՝ համատարած ստուգումների ու քրեական գործերի ճանապարհով, այլ որպես գործիք կիրառեց ընտրովի արդարադատությունը։ «Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ հստակ ցուցում կա կոնկրետ այդ գործարարի նախկին բիզնես-պրոեկտները ստուգելու և այս տեսակետից շատ հեշտ է հանրությանը ներկայացնել, որ սա կոռուպցիայի դեմ պայքար է, բայց իրականում սա ընտրովի արդարադատություն է և բնականաբար՝ քաղաքական երանգով»,- ասաց Իշխանյանը։

Նա հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է իշխանությունը ընտրովի ստուգում քաղաքականացված գործարարներին և կասկած է հայտնում՝ արդյոք նախկինում եղած կոռուպցիոն սխեմաներն այսօր չե՞ն գործում․ «Չգիտեմ՝ արդյոք փոխվե՞լ են այդ սխեմաները, թե՝ ոչ, համենայն դեպս, շատ գործարարներ, որ այսօր անձեռնմխելի են առայժմ, նրանք էլ բավականին բացահայտ մուծումներ են կատարում տարբեր հիմնադրամների, այդ թվում՝ հանրաքվեի հիմնադրամին»։

Իրավապաշտան Արթուր Սաքունցը տեսնում է նաև Նիկոլ Փաշինյանի մեղքի բաժինը, որը Գագիկ Ծառուկյանին համարեց խոշոր սեփականատեր, այդպիսով՝ ԲՀԿ ղեկավարին իբրև քաղաքական գործիչ հանդես գալու ինդուլգենցիա տալով։ Հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը նույնիսկ հուշագիր ստորագրեց Ծառուկյանի հետ՝ մոռանալով քաղաքականության ու բիզնեսի տարանջատման՝ հեղափոխական ամբիոնների հնչեցրած խոստումը։ Արթուր Սաքունցի խոսքով՝ Ծառուկյանին առնվող քրեական գործերն ու կալանավորումները գոյություն են ունեցել մինչև իշխանության հեռացման հարց դնելը, այսինքն՝ իրավապաշտպանը քրեական գործերը Ծառուկյանի ելույթով չի պայմանավորում․ «Այն, որ Գագիկ Ծառուկյանը իրավապահ մարմիններից հնարավորություն է ունեցել ստանալու տեղեկատվություն իր նկատմամբ փաստերով քեական գործի մասին, անկասկած է։ Այն, որ այդ ամենը հաշվի առնելով փորձել է Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ քրեական գործերին տալ քաղաքական աստառ, դա ինձ համար նույնպես անկասկած է»։

Այսօր Ազգային ժողովի աշխատակազմն ստացել ու մուտքագրել է Գլխավոր դատախազության միջնորդագրերը՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ խորհուրդը հաստատել է վաղվա նիստի օրակարգը, որի ժամանակ կքննարկվեն նաև այս հարցերը։ ԲՀԿ-ականների մեկնաբանությունները, թե քաղաքական հետապնդում է, Միրզոյանը չի կիսում, ասաց՝ բացառապես իրավական գործընթաց է․ «Անշուշտ գործընթացը վերաբերում է քաղաքական կուսակցության, ֆրակցիայի ղեկավար անձանց և այսքանով հասկանալի է, որ քաղաքականացված է, քաղաքական ենթատեքստ է հաղորդվում։ Բայց մեկ անգամ ևս ընդգծում եմ՝ գործընթացը իրավական է»։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանն այսօր ԲՀԿ պատգամավորների հետ հանդիպումից հետո տարածած հայտարարությունում նշել է՝ ինքը պատրաստ է ցանկացած սցենարի։

 

Ռոբերտ Անանյան