Գազի մատակարարման պայմանները դաշնակիցներին պետք է միշտ ավելի ձեռնտու լինեն, քան այլ երկրներին․ Արա Մարջանյանը՝ ռուս-հայկական գազային խնդրի մասին

Լուրեր

12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ

– Պարո՛ն Մարջանյան, երեկ հայտնի դարձավ, որ Թբիլիսին ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնության է եկել գազի գնի նվազեցման շուրջ, «Գազպրոմ»-ից էլ հաստատել են լուրը։ Միաժամանակ, ավելացել է դեպի Հայաստան գազի տարանցման գինը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

– Նախ՝ կուզենայի շնորհավորել մեր վրացի և ռուս գործընկերներին։ Երկու երկրների համար էլ սա կարևոր ձեռքբերում է։ Դա կարևոր է նաև Հայաստանի համար, որովհետև ռուս-վրացական հարաբերությունների ցանկացած բարելավում ուժեղացնում է հյուսիս-հարավ գիծը՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական, ինչը ձեռնտու է Հայաստանին և հակադրվում է արևելք-արևմուտք թուրք-ադրբեջանական՝ մեզ խեղդամահ անող օղակին։ Այս տեսանկյունից գազի գնի և մատակարարումների հետ կապված ռուս-վրացական գործարքը միարժեքորեն շահեկան է և՛ Վրաստանի, և՛ միջնորդված՝ նաև Հայաստանի համար։

– Նշվում է, որ մրցակցության և աշխարհում գազի ու նավթամթերքի գների անկման ֆոնին է հաջողվել հասնել այս գործարքին։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանի պարագայում էներգակիրների շուկայում առկա իրավիճակը դերակատարում ունենում է, իսկ դաշնակից Հայաստանի պարագայում՝ ոչ։

– Այստեղ երկու գործոն կա։ Առաջինի մասին շատ է խոսվում՝ դա նավթի գնի անկումն է, որն իր հետևից բերեց նաև համաշխարհային մասշտաբով գազի գնանկման՝ եվրոպական և տարածաշրջանային։ Իր հերթին դա բացատրվում էր կոնյուկտուրայի պակասով՝ այդ թվում պայմանավորված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հանգամանքով։ Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ Ադրբեջանի գազը՝ «Շահդենիզ 2»-ի, պարզապես չի հերիքում՝ Վրաստանում գազի պահանջի աճող ծավալները բավարարելու համար, այդ պատճառով Վրաստանը խոհեմորեն դիվերսիֆիկացնում է իր գազային մատակարարումները։ Այս երկու գործոնների համադրությունն էլ բերեց այս հաջողությանը։

– Իսկ ինչո՞ւ Հայաստանի պարագայում, էներգակիրների շուկայում գների նվազման ֆոնին, «Գազպրոմ»-ը չի ցանկանում որևէ զիջման գնալ։

– Այստեղ կարևոր է առաջնայինը տարբերել երկրորդականից։ Առաջնայինն այն է, որ անգամ ռուս-վրացական այս պայմանագրի պարագայում, Հայաստանը կստանա ռուսական գազ ավելի էժան, քան Վրաստանը և որևէ այլ երկիր՝ բացի Բելառուսից։ Կուզենայի, որ սա մենք ֆիքսենք՝ ռուսական գազը Հայաստանի համար շարունակում է մնալ տնտեսապես ամենաձեռնտուն և երկարաժամկետ առումով՝ ամենահեռանկարային էներգակիրը։ Իսկ թե այս գործարքն ինչ կնշանակի Հայաստանի համար և ինչպիսին են հեռանկարները․․․ բանն այն է, որ բանակցվում էր, այսպես ասած, միասնական սակագների հարցը, ի պատասխան որի հնչեց ռուսական կողմի դիրքորոշումը, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ ինտեգրացիոն գործընթացներն ընդունեն շատ ավելի սերտ ու խորը բնույթ, քան այսօր ԵՏՄ շրջանակում գործող իրավիճակն է։ Կարծում եմ, որ խոսակցություններն այդ ուղղությամբ դեռ չեն ավարտվել։ Մասնավորապես, կուզենայի ընդգծել մի շատ կարևոր հանգամանք․ քննարկվում էր, որ այո՛, Հայաստանը գազը ստանում է պրեֆերենցիալ՝ ձեռնտու գներով, բայց գնային կոնյուկտուրան որոշակի փոխլրացնող մեխանիզմներ է պահանջում։ Այսինքն՝ երբ գազը թանկ է, ՌԴ-ն Հայաստանին գազ է մատակարարում ավելի էժան, երբ տեղի է ունենում գնանկում, Հայաստանին մատակարարվող գազի գինը պետք է այդ գնանկումը փոխհատուցի ինչ-որ առումով։ Կարծում եմ, որ այս մոտեցումն այնքան էլ համահունչ չէ դաշնակցային հարաբերություններին, և ավելի ճիշտ կլինի հետևյալ սկզբունքը որդեգրել, որ գազի մատակարարումը դաշնակիցներին պետք է միշտ ավելի ձեռնտու լինի, քան այլ երկրներին։ Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ էլ կշարունակվեն մեր հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ։

– Պարբերաբար տարբեր փորձագետների կողմից կարծիքներ են հնչում, որ հարկավոր է վերանայել 2013 թվականի հայ-ռուսական գազային համաձայնագիրը։ Դրա անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավորությունը տեսնո՞ւմ եք։

– Որոշակի առումով՝ այո։ Այստեղ Հայաստանի համար էական է բազմազանեցնել գազի մատակարարման ճանապարհները և ձևերը՝ ճիշտ այնպես, ինչպես, ի դեպ, անում է Վրաստանը։ Այստեղ Իրանի և Թուրքմենիայի դերակատարումը, կարծում եմ, պետք է բարձրանա։ Ուղղակի նորից պետք է շատ ճիշտ և հանգիստ մեթոդները գտնել՝ այդ ամենը իրականացնելու համար։

– Վրաստանը, փաստորեն, ռուսական գազին շատ լուրջ այլընտրանք ունի՝ ադրբեջանական գազը, որքան էլ, ինչպես նշեցիք, դրա ծավալներն արդեն չեն բավարարում վրացական կողմի պահանջարկը։ Մեր պարագայում նման լուրջ այլընտրանք տեսնո՞ւմ եք։ Իրանական գազի դեպքում, ինչպես հայտնի է, խնդիրներ կան։

– Տեսականորեն՝ այո, իրանական և ավելի հեռու՝ թուրքմենական գազը կարող է այլընտրանք հանդիսանալ ռուսականին։ Գործնական դաշտում, ես կարծում եմ, ռուսական գազը կշարունակի մնալ մեր հիմնական էներգակիրներից մեկը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է մտածի գազի ներկրման իր ուղիների բազմազանեցման ուղղությամբ։

– Իսկ այդ ուղղությամբ, Ձեր կարծիքով, ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանի կառավարությունը։

– Իրանի հետ հարաբերություններում պետք է ավելի խոհեմ և մտածված քայլերի դիմի, խորացնի համագործակցությունը՝ բացառելով այլ երկրների ազդեցությունը մեր երկկողմ հարաբերությունների հարցում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում։ Ցավոք, մենք դրա օրինակները տեսնում ենք։ Հայաստան-Իրան փոխգործակցությունն աշխարհում շատ չուզողներ ունի՝ թե՛ Թուրքիայի և Ադրբեջանի տեսքով, թե՛ տարածաշրջանի այլ երկրների, էլ չեմ ասում՝ գլոբալ խաղացողների առումով։ Հայաստան-Իրան հարաբերություններն առաջին հերթին անհրաժեշտ են Հայաստանին և Իրանին, մենք պետք է զբաղվենք դրանով։ Կարծում եմ՝ պետք է արագ և բարեհաջող ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երկրորդ գծի մեկնարկը, պետք է մտածել գործող խողովակաշարի ավելի արդյունավետ օգտագործման ուղղությամբ, պետք է ներգրավել Վրաստանին Հայաստան-Իրան գազային և էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության տիրույթ։ Այստեղ շատ լուրջ և փոխշահավետ զարգացումների հնարավորություններ կան։

Թամարա Հակոբյան