Ապրիլյան պատերազմ․ դավաճանություն և մեծ խարդավանք ընդդեմ հայ ժողովրդի

Լուրեր

22.12.2024 | 11:32
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ
22.12.2024 | 11:03
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
22.12.2024 | 10:50
Վանաձորում սննդային թունավորման դեպք է արձանագրվել․ 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
22.12.2024 | 10:45
Բնակիչներին է վերադարձվել շուրջ 40000 քմ տարածք․ 2024-ը՝ Արաբկիրում
22.12.2024 | 10:13
Երևանում 2024 թ. անցկացվել են 15 միջազգային մրցաշարեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.12.2024 | 10:00
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21.12.2024 | 20:00
Պետական պարտքի կրկնապատկումն ու պարտքը չավելացնելու Փաշինյանի խոստումը. Փա՞ստ, թե փուստ
21.12.2024 | 19:38
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
21.12.2024 | 19:00
Մեզանում ահավոր անճաշակ, ոչ հայի մասին հարմոնիաներով երգերը շատ են, կանգ առնել է պետք. Էմմա Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2024 | 18:30
Լոնդոնում Ալիևի ընտանիքին պատկանող շքեղ գույքը թաքցվում է օֆշորներում․OCCRP
21.12.2024 | 17:53
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, որոնցից մեկն այրվել է
21.12.2024 | 17:27
Գերմանիայում սուգ է հայտարարվել Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակին
21.12.2024 | 16:49
Վթար Երզնկա գյուղում. կան տուժածներ
21.12.2024 | 16:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.12.2024 | 15:55
Այս գիշեր Երևանում հնարավոր է թույլ ձյուն տեղա
Բոլորը

Ուղիղ չորս տարի է անցել Արցախի սահմաններին բռնկված Ապրիլյան պատերազմից։ Մինչ օրս մութ է քառօրյայի աշխարհաքաղաքական հետնաբեմը՝ արդյոք Ռուսաստանի ու Հայաստանի ղեկավարները տեղեկացվա՞ծ էին Ադրբեջանի ծրագրերից, ի՞նչ գին պիտի վճարեր Արցախը՝ պարտության դեպքում, արդյոք հետախուզական տվյալներ ունեցե՞լ է Հայկական բանակը հակառակորդի ռազմական հարձակման մասին, եթե այո՝ ինչո՞ւ զորքը պատրաստության չի բերվել։

Ավելի քան 100 սպանված, 800 հեկտար տարածքային կորուստ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմի կրած էական վնասներն են։ Զոհերի գերակշիռ մասը զինվորականներ  են։ Տարածքներ կորցրել ենք Արցախի հյուսիսում՝ Թալիշի հատվածում, և հարավում՝ Լելե թեփե բարձունքն ու հարակից այլ տարածքներ։ Ադրբեջանցիների գրաված դիրքերից որոշները հաջողվել է հետ բերել․ «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն»,- պատերազմից մեկուկես ամիս անց պիտի ասեր Սերժ Սարգսյանը։ Իսկ կորցրած տարածքները չազատագրելը Սերժ Սարգսյանը բացատրում էր մարդկային կյանքեր փրկելու մղումով։ Ստացած դիրքային առավելությունն Ադրբեջանն օգտագործում է ուղիղ կրակի տակ պահելու համար  Թալիշի որոշ հատվածներ։

Ապրիլյան պատերազմը  հիմնովին սասանեց  կարծիքը, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, թե  Արցախի հարցում  ռուսական տեսակետը հօգուտ մեզ է։ Պատերազմին նախորդած տարիներին Ռուսաստանը զգալի չափով աջակցել էր Ադրբեջանի ռազմականացմանը՝ զինամթերքի անընդհատ մատակարարումներով սնելով ու հասունացնելով Ապրիլյան պատերազմը։ 2010 թվականից մինչև 2016 թիվը Ադրբեջանը կնքել էր սպառազինությունների մատակարարման 13 միլիարդ դոլարի գործարքներ։ Միայն 5 միլիարդ դոլարի զենք Ռուսաստանն էր վաճառել Ադրբեջանին, գրեթե կրկնակի ավելի, քան Թուրքիան (3 մլրդ դոլար)։ Արդյունքում՝ Ադրբեջանն առաջինն էր Եվրոպայում զենքի ներկրման ծավալով։

Անգամ Ռուսաստանին հավատարմությունը բազմիցս ի ցույց դրած Սերժ Սարգսյանի նյադերը տեղի տվեցին։ 2016-ի ապրիլի 8-ին, Բաղրամյան 26-ում ընդունելով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, նա դժգոհեց․ «Հայաստանում լայն արձագանք գտավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին Ռուսաստանից ձեռք բերած զինատեսակները։ Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ»։

Վարուժան Ավետիսյան․ «Ապրիլյանը պատերազմը պայմանավորված էր»

 

 

Պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանն Ապրիլյան պատերազմից ամիսներ անց «Սասնա Ծռեր» խմբի կազմում գրավեց ՊՊԾ գունդը։ Ասում է՝ այդպես փորձեցին կանխել տարածքային զիջումներն Ադրբեջանին, որ Սերժ Սարգսյանն էր պատրաստվում անել։ Այսօր, ըստ Ավետիսյանի, հետզհետե ավելանում են պատերազմի՝ պայմանավորված լինելու ապացույցները։ Նրա հաշվարկով, առնվազն 4 անգամ Սերժ Սարգսյանը հանդիպել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու ստիպել տարածքային զիջումների գնալ։

Հանդիպումներից մեկը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 16-ին։ Ներկա գտնվածներից Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն է վերջերս հանրայնորեն պատմել է այդ հանդիպման մասին, որ ինքն այդ հանդիպմանն ասել է․ «Մենք հանձնելու ոչինչ չունենք»։ Սերժ Սարգսյանի ու Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հանդիպման փաստը հաստատել է նաև Վիտալի Բալասանյանը, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը հարց է տվել, թե արցախյան վերնախավը ինչպես է պատկերացնում հարցի լուծումը և Արցախի անվտանգության հետագա ամրացման հարցը։ 2019-ի փետրվարին  էլ Արցախի բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր հայտարարել , որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերնախավին հավաքել է դահլիճում և խոսել տարածքային զիջումների մասին: «Ղարաբաղի վերնախավը որևէ կերպ չի ընդդիմացել Սերժ Սարգսյանին»,- ասել էր Բաբայանը։

Նրա ներկայացմամբ՝  ռուսական պլանով  Արցախի ազատագրված տարածքները պիտի անցնեին Ադրբեջանին։ Իսկ դրա դիմաց, Բաքուն պիտի անդամակցեր ռուսական պրոեկտ ԵՏՄ-ին։ Ապրիլյան պատերազմում, Ավետիսյանի խոսքով, Ռուսաստանի հետ Ադրբեջանը համաձայնեցրել էր հայկական տարածքներ խորանալ 10 կիլոմետրի չափով, սակայն այդ պլանը ձախողել են հայ զինվորները, սպաները, աշխարհազորայինները։

Այն, որ Ապրիլյան պատերազմում ռուսական դերակատարությունը մեծ է եղել, մի քանի անգամ հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյանը: «Ապրիլյան պատերազմը Ռուսաստանի կողմից էր հրահրված, որ Ադրբեջանը ԵՏՄ կազմ մտնի, իմ կարծիքով սցենարն այդպիսին է»,- ասել էր նա 2018-ին, հեղափոխական պրոցեսների սկսվելուց մեկ ամիս առաջ։ Ու նաև պնդել էր, որ եթե Ռուսաստանը հրահրած չլիներ պատերազմը, կկանգնեցներ զենքի մատակարարումը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը, արդեն վարչապետ դառնալով, պատասխանել է մի հույժ կարևոր հարցի՝ արդյոք ադրբեջանական հարձակումը անակնկա՞լ էր Հայաստանի ու Արցախի այն ժամանակվա ռազմաքաղաքական ղեկավարության համար։ Դիլիջանում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Փաշինյանն ասել է, որ ինքը քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին։ Մինչդեռ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որ այդ պաշտոնին էր նշանակվել պատերազմից 1 տարի անց, պնդել է հակառակը․ «Հակառակորդի հարձակումը եղել է անակնկալ, հետախուզությունը չի ահազանգել, ու հարձակումը եղել է անակնկալ բոլոր հետախուզությունների համար»։ Ռազմական ծառայության մեծ փորձ ունեցող Վարուժան Ավետիսյանը, մինչդեռ, նշում է, որ Արցախի սահմանին աննախադեպ քանակի ուժերի կուտակումն ինքնին պիտի դիտարկվեր ռազմական սպառնալիք:

«Բայց որևէ քայլ չի ձեռնարկվել դրան դիմակայելու համար, ռեզերվներ պետք է շարժվեին առաջնագիծ, միջոցներ պիտի կուտակվեին ու վերաբաշխվեին։ Հակառակը, մինչև վերջին վայրկյանը դիմադրելու, պատասխանելու գործողություն չի կատարվել։ Բակո Սահակյանը մի առիթով ասել էր, որ ժամը 1-ին գիշերը գնացել էին քնելու, և հակահարձակման հրաման չտրվեց։ Մի քանի օր Սերժ Սարգսյանը զսպեց բանակին, թույլ չտվեց գրոհել, մինչև որ Ռուսաստանից հրահանգ եկավ պատերազմը դադարեցնելու։ Ի վնաս մեզ հաստատվեց հրադադար՝ խախտված առաջնագծով այն դեպքում, երբ մենք անցում էինք հակահարձակման։ Սա պլանավորված գործողություն էր, ինչին Սերժ Սարգսյանը տեղյակ է եղել, և հետևողականորեն սպասարկել է այդ պլանը՝ ամեն գնով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը ստիպել, ճնշել ու հակել է հանձնվելու տարբերակին»,- պնդում է Վարուժան Ավետիսյանը։

Ստյոպա Սաֆարյան․ «Ադրբեջանցիների հարձակումը Հայաստանի ղեկավարության համար անակնկալ չի եղել»

 

 

Պատերազմից չորս տարի անց էլ կան տեղեկություններ, որ 2016-ի մոտալուտ պատերազմի մասին հետախուզական տվյալները չեն փոխանցվել առաջնագծի զինծառայողներին։ Այս վարկածը կարող է հաստատել ապրիլի 1-2-ի գիշերը նկարահանված մի տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մի դիրքի վրա, սակայն պաշտպանության անցնելու հրաման չի լինում։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ՝ Ապրիլյան պատերազմում ադրբեջանցիների՝ անակնկալ հարձակման մասին խոսք լինել չէր կարող.

«Սա այն ժամանակվա իշխանության ձեռքին ուղղակի արդարացում էր սեփական անգործության, անպատասխանատվության, իհարկե՝ եթե ոչ ավելի սարսափալի մի բանի՝ շրջանառության մեջ է դրված պայմանավորված պատերազմի թեզը։ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը հույս էր դնում ինչ-ինչ պայմանավորվածությունների, գերտերությունների հավաստիացումների վրա, որ պատերազմ չի լինի ու հարձակում չի լինի։ Սերժ Սարգսյանի ու Դմիտրի Մեդվեդևի հրապարակային երկխոսությունն անգամ դա է ցույց տալիս, երբ Սարգսյանը հաշիվ է պահանջում, թե ինչու տեղի ունեցավ պատերազմը։ Հույսը դնելով անվտանգության երաշխավորների վրա՝ ուղղակի զբաղվել են բանակի թալանով»։

Նոր հարձակման այսօր ավելի պատրաստ ենք, քան՝ 2016-ին, ասում է Ստյոպա Սաֆարյանը, բայց նրա գնահատմամբ՝ Ապրիլյան պատերազմի մեծ դասն այն է, որ Հայաստանը ինքնաբավ պետություն պիտի դառնա թե՛ ռազմական, թե՛ տնտեսական առումներով․ «Որ հակառակորդը հասկանա՝ ո՛չ ճանապարհներ փակելով, ո՛չ շրջափակումներով, ո՛չ պատժիչ քաղաքականությամբ հնարավոր չի լինելու Հայաստանին տանել պարտվողական գծով, ամրապնդել սահմանը, թուլացնել հակառակորդի՝ մահաբեր գործողության ուժը»։

Անուշ Սեդրակյան․ «Հայկական բանակը կանգնեց մեծ դավադրության առաջ ու կանխեց այն»

 

 

 

«Ապրիլյան պատերազմի շրջանում Ռուսաստանն ու Ադրբեջանը ԵՏՄ մտնելու առևտրի մեջ էին և ինձ թվում է՝ Ռուսաստանը Ադրբեջանին լյուֆտ էր տվել կարճաժամկետ, որ այսքան ժամանակ ես չեմ խառնվելու ղարաբաղյան ճակատում, ինչ ուզում ես՝ կարող ես անել։ Բայց մեր բանակը կանգնեց դավադրության առաջ և մարդիկ կանգնեցին՝ դուրս եկան առաջնագիծ, ու կանխեցին»,- ապրիլյան պատերազմի պատճառներին անդրադառնալով՝ նշում է քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։

Նա կասկած անգամ չունի՝ ռուսական հսկայաքանակ զենքի վաճառքն Ադրբեջանին որոշիչ գործոն է եղել պատերազմ սկսելու։ Սեդրակյանը ևս բարձրացնում է ինքնաբավության հարցը՝ Հայաստանի կախումը ռուսական զենքից զգալիորեն ռիսկի է ենթարկում անվտանգային համակարգը․ «Մենք հասկանում էինք, որ այն զենքը, որ գնվում էր և շարունակվում է գնվել հիմա «ստրատեգիական դաշնակից» Ռուսաստանից, ինքը էլեկտրոնային բազաներով շարունակում է մնալ  Ռուսաստանի հսկողության տակ, և ինքը շարունակում է մնալ Ադրբեջանի գնած զենքի գոնե կրկնօրինակը, այսինքն՝ զենքի առանձնահատկություններին ադրբեջանական կողմը հաստատ տիրապետում է»։

Նոր հարձակման մենք պատրաստ չենք, ասում է Սեդրակյանը․ «Պատրաստ չենք նրանով, որ մենք չեն քննարկել մեզ համար կենսական անվտանգություն հանդիսացող մի շարք հարցեր, ռազմականին կարևորությամբ չզիջող էներգետիկ անկախությունը։ Հետո՝ մեր սահմանին կանգած են ռուս սահմանապահներ, դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ պատեհ պահին նրանք չեն բացի մեր սահմանը նրա առջև, ում հարմար լինի։ Մենք պատմական նախադեպեր ունենք»։

Այն, որ Ռուսաստանը Հայաստանի իրական ռազմավարական դաշնակիցը չէ, ապացուցվել է ո՛չ միայն Ապրիլյան պատերազմով, այլ ըստ Անուշ Սեդրակյանի, Մոսկվայի՝ Հայաստանի նկատմամբ վարած տնտեսական քաղաքականությամբ։ Համաշխարհային էներգակիրների էժանացման ֆոնին այսօր Ռուսաստանը ոչ թե էժանացնում է Հայաստան մատակարարվող գազը, այլ ցույց է տալիս, որ լավագույն դեպքում կարող է չթանկանալ: «Ի՞նչ է սա, եթե ոչ՝ պատերազմ։ Տարբեր տիպի պատերազմներ կան և բոլոր պատերազմներն ուղղված են Հայաստանի բնակչության կյանքի ու մահվան խնդրի լուծմանն ու անվտանգությանը։ Մինչև Հայաստանը հիմնովին չվերանայի իր մոտեցումները ռազմաքաղաքական դաշինքներին, մենք կարող ենք ունենալ ոչ միայն Ապրիլյան պատերազմի կրկնություններ, այլ կարող է՝ նույնիսկ այսօրվա մարտահրավերներին չդիմանանք»,- զգուշացնում է   Սեդրակյանը։

Անդրանիկ Քոչարյան․ «Պատերազմում բանակը ղեկավարած Յուրի Խաչատուրովը հրաժարվում է պատասխանել հարցերի»

 

Թավշյա հեղափոխությունից հետ նոր իշխանությունը ձևավորել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողով, որի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ստուգում են բոլոր վարկածները։ Սակայն տարօրինակ մի փաստ՝ հանձնաժողով ներկայանալու և հարցերի պատասխանելու հրավերը մերժել է Ապրիլյան պատերազմում բանակը ղեկավարած, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։ Հայաստանի օրենքը թույլ չի տալիս պարտադրել նրան պատասխանելու հարցերի:

 

«Ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողները վրդովված են ու պահանջում են, որ Խաչատուրովը գա հանձնաժողով։ Ինքը պիտի գա, որովհետև ինքն է եղել այն ժամանակ մեր երկրի թիվ մեկ զինվորական պաշտոնյան։ Խաչատուրովի չգալը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Եթե ինքը չի գալիս, նշանակում է՝ իր ղեկավարած զինվորականներին թողնում է մենակ։ Եկել են բոլոր նրանք, ովքեր ղեկավարվել են իր կողմից, և նրանք բաներ են ասել, որի արդյունքում հանձնաժողովը  կազմել է հարցաշար 54 հարցով։ Ինքը պետք է գա ու այդ 54 հարցերը պետք է հնչեցնենք, և ինքը պիտի տա իր պատասխանները»,- ասում է  Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ Յուրի Խաչատուրովն առայժմ միակ հրավիրված զինվորականն է, որը մերժել է ներկայանալ հանձնաժողով։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի, Խաչատուրովը խնդիր ունի որպես Գլխավոր շտաբի նախկին պետ՝ ապացուցելու պատերազմում իր գործողությունների էֆեկտիվությունը․ «Սա փախուստ է պատասխանատվությունից, ինչը շատ վատ է հենց Խաչատուրովի համար»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ քննիչ հանձնաժողովը պետք է պատասխանի շատ կարևոր հարցի՝ ի՞նչ է տեղի ունեցել Ապրիլյան պատերազմում և ինչու․ «Պատերազմի դիմելը մեկ օրվա որոշում չէ։ Հակառակորդն այդ որոշումը կայացրել է շատ ու շատ գործոնների հիման վրա, ու կարիք կա համոզիչ փաստարկների՝ ի՞նչը ստիպեց կամ օգնեց Ալիևին գնալ պատերազմի, որտեղ էր մեզ թույլ համարում և ինչու նա վստահություն ուներ, որ հաղթանակ կարձանագրի։ Ես անհամբեր սպասում եմ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի եզրակացություններին։ Արդյոք պատրաս՞տ էինք, թե՝ ոչ, անակնկա՞լ էր, թե՝ ոչ։ Եվ այո, պետք է պատասխանատվության ենթարկել բոլոր պատասխանատուներին»։

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի անդառնալի կորուստները հետևանք էին նաև անվտանգային համակարգը քայքայած կոռուպցիայի։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները 91 զոհերից 71-ի ընտանիքներ էին այցելել։ Հետաքննության վրա հիմնված զեկույցը փաստել է, որ Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել է առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել է պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է․ «Գեներալների մեծածավալ հարստությունը արդյունք է այն միջոցների, որ հատկացվում էր պաշտպանության բնագավառին և յուրացվում  պաշտպանությունը կազմակերպողների կողմից։ Ապրիլյան պատերազմը, ցավոք սրտի, զոհերի միջոցով բացահայտեց ողջ սնանկությունը կեղծ բարեպաշտների և հայրենասերների, որոնք իրենց էությամբ կոռումպացված են, հակապետական և հակամարդկային»։

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով փաստաթղթեր, 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաղթեր։ Լսվել է 40 բարձրաստիճան պաշտոնյա։ Ապրիլ ամսին հանձնաժողով կհրավիրվի Սերժ Սարգսյանը։

 

Ռոբերտ Անանյան