Արտակարգ դրությունը չպետք է մահակ դառնա․ լրատվամիջոցները մտահոգված են զգուշացումներից
Հասարակություն
18.03.2020 | 22:23Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկրորդ օրն է, ու արդեն լրատվամիջոցները քաղում են դրա պտուղները, ինչպես և սպասելի էր՝ դառը։ Ոստիկանությունը պահանջ է ներկայացրել «Հրապարակ» և «Առավոտ» լրատվամիջոցներին՝ հեռացնել իրենց գնահատմամբ խուճապ առաջացնող հրապարակումները։ Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը վերահաս տուգանքի վտանգն աչքի առաջ ունենալով՝ կանխարգելիչ քայլերի է գնացել՝ եթերացանցից հեռացվել են քաղաքական հաղորդումներ։
Ինչպես հայտնի է, «Արտակարգ դրության մասին» կառավարության որոշումով կորոնավիրուսի թեմայով հրապարակումները պետք է չհակասեն պաշտոնական տեղեկատվությանը ու հնարավորինս վերարտադրեն այն։ Սա վերաբերում է այն դեպքերին, երբ լրատվամիջոցը պատրաստվում է տեղեկություն հրապարակել օրինակ՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կամ հիվանդների առողջության մասին։ Բացի այդ, հրապարակումը պետք է չլինի խուճապ առաջացնող։ Արգելքը «հատած» լրատվամիջոցին սպառնում է տուգանք՝ 500-ից 800 հազար դրամի չափով։
Արտակարգ դրության հետ եկած սահմանափակումները տարակուսանք, երբեմն՝ զայրույթ են առաջ բերել լրագրողական համայնքում։ «Երկիր մեդիայի» լրատվական – քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը շեշտում է՝ սահմանափակումներն ու արգելքները պարզ, հստակ չեն։ Լիցենզիայից զրկվելու հեռանկարը ստիպել է ցանցից հեռացնել քաղաքական հաղորդումներ։ Երեկ խմբագիրներն ու պաշտոնյաները հանդիպել են կառավարությունում, և ըստ Մանուկյանի, պարզ է դարձել, որ հեռուստաընկերությունները պետք է տան միայն պաշտոնական լրահոս, ընդ որում՝ պաշտոնական տեսակետից չշեղվելու պահանջը դրվել է ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաև այլ թեմաների լուսաբանման վրա՝ տնտեսական, պարենամթերքի, կառավարման հարցեր։
«Որևէ բանի շուրջ իրավունք չունենք խոսելու, եթե դա պաշտոնական տեսակետը չէ։ Այս անորոշ վիճակում, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու վտանգ կա, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք մեր քաղաքական հաղորդումների հեռարձակումը»,- ասում է Գեղամ Մանուկյանը։ Ու նաև նկատում է, որ մինչև երեկվա կառավարությունում հանդիպումը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն իրենց տվել էր ավելի լիբերալ մոտեցումներով հանձնարարկան, սակայն ինչպես Մանուկյանն է ձևակերպում՝ «հիշյալ հանդիպմանը անհասկանալի շրջադարձեր եղան»։
«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն այցելած ոստիկանների ներկայացրած ծանուցման մեջ խմբագրության առաջ պահանջ է դրվել անհապաղ հեռացնել հրապարակումն այն մասին, որ կալանավայրերում հանձնուքներ չեն ընդունվում և դատապարտյալները ծխախոտի պակասից բողոքում են։ «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Factor.am-ի հետ զրույցում նշում է, որ արտակարգ դրության որոշումն ի սկզբանե նպատակ է ունեցել զսպելու լրատվամիջոցներին, որ չկարողանան քննադատել իշխանությանը՝ չհրապարակել իշխանությանը ոչ հաճո տեղեկատվություն. «Մեր խմբագրություն ուղարկված գրությունը ծայրից ծայր ժողովրդավարական արժեքների, խոսքի ազատության ոտնահարում է»։
Արմինե Օհանյանը կարծում է, որ «Արտակարգ դրության մասին» հրամանագրում «խուճապ տարածելու» մասին ձևակերպումը ոչ հստակ է սահմանված, ինչն իշխանությունը օգտագործելու է որպես մահակ․ «Այս օրերն անցնելու են և իրենց բոլոր քայլերը բումերանգով գնալու են իրենց հարվածեն և ակնհայտ է դառնալու, որ սրանք խոսքի ազատության սահմանափակումներ են։ Ամբողջ աշխարհում է այս վիճակը, բայց այնտեղ ձեռնպահ են մնում լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելուց։ Իրենք երևի հույս ունեն, որ սրանից հետո սա իներցիոն ուժով կպահպանվի և իրենք ավելի զերծ կմնան մեր քննադատությունից, բայց ես ասեմ, որ չի ստացվելու՝ մեր իրավունքները պաշտպանելու ենք և թույլ չենք տալու ֆինանսական տուգանքների մեխանիզմները մեր դեմ կիրառել, ու ոչ էլ՝ հոգեբանական ճնշումներ գործադրել»։
Նշենք, որ թե՛ «Հրապարակին», թե՛ «արտակարգ» զգուշացում ստացած «Առավոտին» Ոստիկանությունը զգուշացրել է՝ անհապաղ հեռացնելու պահանջի չկատարումը առաջացնելու է տուգանք, որը կազմում է 500-ից 800 հազար դրամ։ «Հրապարակը» հեռացրել է հրապարակումը․ «Հիմա այն պահը չէ, որ պատերազմական վիճակի մեջ մտնենք, բայց ես զգուշացրեցի, որ եթե կրկնվի, մենք էլ քայլերի կդիմենք։ Այդքան խեղճ չենք, որ ենթարկվենք մի կիսագրագետ գնդապետի որոշմանը»,- ասաց Արմինե Օհանյանը։
Առցանց «Առավոտը» զգուշացումից հետո ոչ թե հեռացրել է հրապարակումը, այլ՝ խմբագրել ու տեքստից հեռացրել «խուճապահարույց» մասը՝ թողնելով միայն Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Իսկ այդ հրապարակման մեջ համադրվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, որ կորոնավիրուսի վարակակիրների թիվն իրենք չեն թաքցնում, բայց վստահ չէ, որ այլ պետություններ ճշգրիտ են տվյալներում, և ապա «Առավոտը» նույն հրապարկման մեջ բերել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ռուս քաղաքագետ Վալերի Սոլովեյի տված մեկնաբանությունը, ինչը Ոստիկանությունը մեկնաբանել է իբրև խուճապի տարածման փորձ։
Factor.am-ի հետ զրույցում առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը կարծիք է հայտնում, որ «Արտակարգ դրության մասին» կառավարության որոշման մեջ «խուճապ տարածելու» սահմանումը բավական լայն ու կամայական մեկնաբանության տեղ է թողնում, ինչից հիմա օգտվում են իրավապահները․ «Չեմ կարծում՝ այն լուրը, որ Ռուսաստանի կառավարությունն ինչ-որ դեպքեր է թաքցնում, Հայաստանի ազգաբնակչության մոտ կարող է խուճապ առաջացնել։ Ես այդպես չեմ կարծում, ինչ-որ մեկը պարետատնից այդպես կարծել է»։ Աննա Իսրայելյանն ասում է՝ փաստորեն ստիպված են չհրապարակել տեղեկություններ, որոնք նշված չեն կառավարության որոշման մեջ։ Այսինքն՝ սահմանափակումներ են դրված ոչ միայն կորոնավիրուսի թեմայի վրա, այլ նաև այն ամենի, ինչն ըստ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի՝ կարող է խուճապ առաջացնել։ Ու այսօր «Առավոտը» բարդ ընտրության առաջ է կանգնել:
«Մեկ ամիս հարկադրված ենք Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների սղագրություն տալ, իրենց հրավիրած ասուլիսները լուսաբանել ու հաղորդագորությունները վերահրապարակել։ Հասկանալի է՝ ինչով է պայմանավորված արտակարգ դրությունը, բայց մամուլի, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումներն ավելին են, քան պահանջվում էր։ Ինչո՞ւ չի կարելի Թոմ Հենքսի և կնոջ առողջական վիճակի մասին գրել, դա խուճա՞պ է առաջացնելու։ Սա պետք է վերանայվի, դեռ առաջին օրերն են ու արդեն ընդվզում է առաջանում»,- ասաց Աննա Իսրայելյանը։
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ լրատվամիջոցների առաջ դրված սահմանափակումները ադեկվատ չեն։ Խմբագիրը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող են ոչ վստահելի աղբյուրներ դիտարկվել միջազգային այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Գարդիանը» կամ «Էկոնոմիստը»։ Նաև անհասկանալի է՝ ինչպես է որոշվում խուճապ առաջացնո՞ղ է հրապարակումը, թե՝ ոչ։
«Ես իրավունք չունե՞մ ասելու, որ 102 վարակակրի առկայությունը պաշտոնական տվյալ է, բայց մեր տեղեկություններով շատ ավելի են դրանք։ Ո՞վ է մեկնաբանում՝ սա խուճապ հարուցող է, թե ոչ։ Բացարձակ հասկանալի չէ։ Պաշտոնականը ներկայացնելուց զատ նաև կարող եմ այլ փաստեր բերել։ Միակողմանի լրատվության վտանգ գոյություն ունի։ Եթե միայն պաշտոնականն է, ես դրան դեմ եմ»,- ասաց Հակոբ Ավետիքյանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մեիլիքյանի կարծիքով՝ արտակարգ դրության պայմաններում սահմանափակումները բավականին տրամաբանական են, պարզապես շատ մեծ հարց է, թե ինչպես կկիրառվի այդ փաստաթուղթը․ «Շատ կարևոր է, որպեսզի չդրսևորվի կամայականություն և նոր ստեղծված պայմաններում սահմանափակումները չվերածվեն չարաշահումների, անհիմն սահմանափակումների։ Իհարկե, պետք է բացառել խուճապային տրամադրությունները, անհիմն դատողությունների տարածումը, բայց սահմանափակումները չեն նշանակում, որ լրատվամիջոցների գործունեությունը պետք է խաթարվի և նրանք պետք է կաշկանդված լինեն այդ փաստաթղթով»։
Factor.am-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանը տեսակետ է հայտնում, որ լրատվամիջոցները պետք է շարունակեն հայթայթել սեփական տեղեկությունները, բայց իմաստ ունի դրանք տրամադրել պաշտոնական աղբյուրներին՝ մեկնաբանությունների համար, այլ խոսքով՝ հանրային կարևորության տեղեկությունները պետք է ստուգվեն մի քանի անգամ, հետո նոր՝ կառուցվեն նյութերը։
Վերջում նշենք, որ Ժուռնալիստների միություն ՀԿ-ն և 25 լրատվամիջոցների խմբագիրներ հարցադրումներ են ուղղել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին։ Բաց նամակում ասված է, որ կորոնավիրուսի թեման լուսաբանող լրատվամիջոցները կարող են հայտնվել անելանելի վիճակում․ «Որոշման դրույթները և դրանց հնարավոր մեկնաբանությունները զուրկ են կանխատեսելիությունից և որոշակիությունից ու, հետևաբար, կարող են իրավակիրառ մարմինների կողմից կիրառվել կամայականորեն՝ կոպտորեն խախտելով Սահմանադրությամբ երաշխավորված կարծիքի արտահայտման ազատությունն ու սահմանադրական մի շարք այլ սկզբունքներ»։
Ռոբերտ Անանյան
Հրապարակման գլխավոր լուսանկարը՝ «Մեդիալաբի»