«Քրեական ենթամշակույթը բանակի հրամանատարության մեջ է». իրավապաշտպանները տագնապահարույց են գնահատում բանակում դրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
17.02.2020 | 20:17Հայկական բանակում մեկուկես ամսում մահացել է 13 զինծառայող։ Բոլոր մահերը ոչ թե հակառակորդի գնդակից են, այլ՝ հիմնականում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանք։ Բանակում շարունակական մահացությունները մի խումբ քաղաքացիների այսօր բերել էր կառավարության շենքի առաջ։ Պահանջում են բացատրություն՝ իշխանություններից։
«Խոսքը գնում է մեր անվտանգության, սահմանի, բանակի անվտանգության մասին, որովհետև ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում բանակում, և խոսքը գնում է մեր երեխաների մասին, որոնք չես հասկանում՝ ինչ պայմաններում զոհ են դառնում ներսում, և ոչ թշնամու գնդակից»,- ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Նա ու իրավապաշտպան համայնքի այլ անդամներ պահանջում են հինգշաբթի օրը հանդիպում վարչապետ Փաշինյանի, ՊՆ ղեկավարության, իրավապահ մարմինների հետ։ Նրանք պարտաստ են իշխանությանը ներկայացնել կոնկրետ առաջարկներ՝ շտկելու դրությունը։ Իրավապաշտպանը կասկածի տակ է դնում իրավապահ համակարգի հավաստիացումները, թե դեպքերի 90%-ը բացահայտվում է. «Ստում են, որովհետև էս գործերի մեծ մասը կամ թերի բացահայտված է, կամ առհասարակ պատժված չեն մեղավորները։ Նաև սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ ու մահվան դեպքեր»։
Միայն վերջին երկու շաբաթում հայկական բանակում 8 զինծառայող է մահացել։ Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ դրությունը տագնապահարույց է․ «Սա արտառոց իրավիճակ է, պետք է համազգային սուգ հայտարարել, պառլամենտում հրավիրել լսումներ, հայտարարել արտակարգ իրավիճակ, այսքան տարի չեմ տեսել այսպիսի պարբերականությամբ զոհեր։ Ի՞նչն է ամենաահավորը, որ արձագանք չկա»։
«Բացարձակ ճշմարտություն է՝ չի կարող բանակում մահվան ելքով դեպք տեղի ունենալ, բայց այն չլինի որոշակի թերացման արդյունք»,- Զինդատախազության 2019 թվականի աշխատանքն ամփոփող խորհրդակցությանը օրերս հայտարարել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը հայտարարելով թիվ 1 առաջնահերթություն. «Ոչ աշխատանքային ժամ պետք է, չնայենք, ոչ մեր լիազորությունների ֆորմալ հատված, գիշեր-ցերեկով պետք է մտնել զորանոցներ, տեսնել կա՞ն էս տեսակ բարքեր, թե՝ ոչ, ովքեր են այս բարքերի պատասխանատուները, խնդիր բարձրացրեք հրամանատարության առաջ, տեղափոխել այլ տեղեր, միջոցներ ձեռնարկեք»։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ վերջին աղմկահարույց մահվան դեպքերով էլ քրեական գործեր հարուցվել են ինքնասպանության հասցնելու հոդվածով, ինչը նշանակում է, որ զինծառայողների մահվան քննությունները տարվում են դեպի չբացահայտում. «Դատախազությունը և գուցե բանակի․․․․ շահագրգիռներն ուզում են ասել, որ չենք բացահայտելու։ Որևէ մեկը ելույթ չի ունենում ասի՝ ինչ են մտածում, ձեր զավակները ապահով են, հասկացանք, դուք տանում եք բոլոր ընտանիքներից բանակ, բարի եղեք՝ հավասար պայմաններ ստեղծել։ Դրանք ինքնասպանություններ չեն, սա պարարտ հող է բանակում անպատժելիության մթնոլորտը պահելու։ Եթե չեն բացահայտվում հանցագործությունները, ծնվում են նորերը։ Քննչական կոմիտեն թող փակեն ընդհանրապես, գլխավոր դատախազը, եթե չի կարողանում վերահսկել, թող հեռանա։ Տարիներ շարունակ մենք գոռում ենք։ Եթե վարչապետը պատմական մինիմում էր արձանագրել, հիմա էլ արձանագրել է պատմական մաքսիմում»։
Նիկոլ Փաշինյանը պատմական մինիմում համարել էր 2019 թվականին բանակում 49 մահվան դեպքը, չնայած թե՛ պաշտոնական, թե՛ ՀԿ սեկտորից առկա էին հակառակն ապացուցող այլ տվյալներ։ Բանակում մահվան դեպքերին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանը դրանք գլխավորապես քրեական ենթամշակույթով էր պայմանավորել, ընդգծելով՝ ցանկացած մահվան դեպք չափազանց մեծ խնդիր է ՊՆ-ի ու Գլխավոր շտաբի պետի համար: «Խնդրի խորքը հասկանալու համար պետք է գնանք և տեսնենք մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում»,- ասել է վարչապետը։
Ժաննա Ալեքսանյանին անհասկանալի է վարչապետի ելույթը պառլամենտում․ «Անհասկանալի է՝ ինչ ասեց։ Մեր երեխաները․․․ թող կոնկրետ ասի՝ իր երեխան քրեական ենթամշակույթ կրո՞ւմ է, թե՝ չէ, իսկ եթե իր երեխան չի կրում, մյուսներն էլ չեն կրում։ Քրեական ենթամշակույթը բանակում է, հենց բանակի ղեկավարության մեջ է, ներքևից պետք է չսկսել, այլ վերևից։ Եվ վարչապետը շատ լավ գիտի, նա պետք է ռադիկալ քայլեր ձեռնարկի»։
Փետրվարի 18-ին ԱԺ-ում Զինված ուժերի ղեկավար անձնակազմի մասնակցության փակ նիստ է գումարվելու, որին կմասնակցի նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ Փետրվարի 22-ից ուժի մեջ մտնող օրենքով՝ զինվորական ծառայության ժամանակ զինվորին ինքնասպանության դրդելու պատժաչափերը 3-ից կհասնի մինչև 14 տարվա, սակայն Զոհրաբյանն ընդունում է, սա բավարար միջոց չէ․ «Ուսումնասիրել եմ Իսրայելի և ԱՄՆ-ի փորձը, որտեղ հսկայական խմբի հոգեբաններ, բժիշկներ են աշխատում զինվորների, սպաների հետ։ Ցավոք սրտի, մենք այսօր ունենք կամանդիրներ, ովքեր առաջնորդվում են անհասկանալի հասկացություններով։ Մենք ունենք կատաստրոֆիկ իրականություն՝ թշնամու գնդակից ավելի քիչ զինվոր է զոհվում, քան բանակի ներսում՝ «դեդովշինայի» հետևանքով։ Եվ զորամասում սնունդը որակյալ դարձնելով բանակի խնդիրը չենք լուծելու։ Եթե զինվոր ու սպա ենք կորցնում, նշանակում է՝ պարտված ենք բոլորս»։
Այսօր վարչապետի մոտ փակ քննարկում է տեղի ունեցել բանակում իրադրության թեմայով։ Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին բանակի ռազմական խորհրդի անդամների և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը նշել է՝ «Վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում»։ Ապա տրվել են հանձնարարականներ։ Նաիրա Զոհրաբյանը, սակայն, բանակում կտրուկ և համակարգային փոփոխություններ է սպասում։
«Զայրույթ է առաջանում, երբ գրում են՝ հերթական մահ, մենք ցավակցում ենք զինվորի հարազատներին, հարցրե՞լ եք զինվորի մահվան դեպքում ձեր ցավակցությունը ինչի՞ն է պետք, նա հայրենրիքին զինվոր է տվել և մայրը զինվորին հետ է ուզում։ Պիտի լինի պատասխանատվություն, պիտի չլինի այնպես, որ պատասխանատվությունը բարդեն մանր կիլկիների վրա»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։
Իրենց հերթին իրավապաշտպանները հայտարարում են, եթե կառավարությունում իրենց չընդունեն, բողոքի գործողությունները չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչև որ իշխանությունը չլսի իրենց և չընդունի բանակում կարգուկանոնի հաստատմանն ուղղված առաջարկները։
Ռոբերտ Անանյան