Հայրենասիրական քարոզչություն գիտության հաշվի՞ն

Լուրեր

12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
Բոլորը

Վերջին ժամանակներս հանրային քննարկման տիրույթում պարբերաբար հայտնվում են Հայոց պատմության դպրոցական և բուհական դասագրքերը: Բազմաթիվ հետազոտողներ, ուսուցիչներ և պարզապես քաղաքացիներ խիստ քննադատության են ենթարկում պատմության շարադրման և դասավանդման մոտեցումներն ու մեթոդաբանությունը՝ նշելով, որ պատմագիտությունը, որպես այդպիսին, արհեստականորեն քաղաքականացվում է, իսկ գիտական տեքստերը հաճախ վերածվում են հայրենասիրական միակողմանի շարադրանքի:

Թեժ բանավեճեր են ընթանում հատկապես 10-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ, որի շարադրանքի խնդրահարույց դրույթները սկսում են հենց երկրորդ դասից. այն վերաբերում է հնդեվրոպական նախահայրենիքին և հայ ժողովրդի կազմավորման գործընթացին: Դասագրքում որպես  հնդեվրոպական նախահայրենիք նշված է  Հայկական լեռնաշխարհը՝ հարակից տարածքներով: Ինչպես հայտնի է՝ սա խորհրդային գիտնականներ Թ. Գամկրելիձեի և Վ. Իվանովի 1970-ական թթ. սկզբներին առաջ քաշած վարկածն է: Դրանից բացի, դասագրքերում այլ վարկածներ ներկայացված չեն, թեև՝ դրանցից մի քանիսն առավել տարածված են:

Խնդրի վերաբերյալ Factor. am-ը զրուցեց ոլորտի մասնագետների հետ: Բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արմեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում  նշեց, որ հնդեվրոպական նախահայրենիքի և դրա տեղայնացման վերաբերյալ գիտնականները սկսել են մտածել, տեսակետներ ու վարկածներ առաջարկել հնդեվրոպաբանության զարգացման ամենասկզբնական շրջանից: 19-րդ դարից սկսած՝ ուսումնասիրողները  առավել ծանրակշիռ գիտական տեսակետներ  են հայտնել, եղել են իհարկե չափազանց աներևեկայելի, անհիմն վարկածներ՝ գրեթե բոլոր այն վայրերի համար, որտեղ ապրել են հնդեվրոպական ժողովուրդները: Այսինքն՝ Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա: Գիտության զարգացման հետ զուգընթաց՝ աստիճանաբար սկսել  են առավել փաստարկված վարկածներ առաջ քաշել: Մինչև 1990-ական թթ. շրջանառության մեջ կար  տեղայնացման չորս  վարկած: Ներկայումս՝ 2000-ականներից սկսած, կա ընդամենը երկու տեղայնացում: Առաջ քաշված վարկածներում  Հայաստանն ու Փոքր Ասիան հաճախ չեն ներառվել, իսկ 20-րդ դարում արդեն շատ մեծ մասսայականություն ուներ Ուկրաինայի և Հարավռուսաստանյան տեղայնացումը՝ Սև ծովից հյուսիս՝ մինչև Կասպից ծով, ու Վոլգա: Ըստ մեր զրուցակցի՝ այս տեսակետի կողմնակիցներն են եղել հայագիտության գրեթե բոլոր նշանավոր դեմքերը՝ Հ. Աճառյանը, Հ. Մանանդյանը և այլն: Մինչև այժմ այդ տեղայնացումը գիտնականների միջավայրում ամենատարածվածն է:

Ներկայացնելով Գամկրելիձեի և Իվանովի հայկական տեղայնացման վարկածը՝ Պետրոսյանը նշեց. «Այն երբեք լայն ընդունելություն չի գտել հարցին քիչ թե շատ իրազեկ գիտնականների կողմից՝ հատկապես Արևմուտքում: ԽՍՀՄ-ում որոշ դրական կարծիք ձևավորվեց 1980-ական թթ.,  որը շուտով մարեց: Ընդհակառակը՝ շատ գիտնականներ իրենց խիստ անհամաձայնությունն են հայտնել այդ տեսության դեմ, քննադատողները այդ վարկածում բազմաթիվ թերություններ են նշում և անհնարին համարում հնդեվրոպական նախահայրենիքի հայաստանյան տեղադրությունը: Ընդ որում՝ տեսության հեղինակները հնագետներ չեն և հենց դրա հնագիտական մասն է համարվում առավել թույլը, իսկ նրանք,  ովքեր համակրանքով են վերաբերվում Գամկրելիձե-Իվանով վարկածի հատկապես լեզվաբանական դրույթներին, նախահայրենիքի տեղադրության հարցում տարակուսանք և անհամաձայնություն են հայտնում: Փաստորեն՝ այս վարկածը շրջանառության մեջ է եղել միայն խորհրդային և հետխորհրդային տարածքներում»:

Իսկ այն հարցին, թե ինչու է Հայաստանում գերիշխող հատկապես այս վարկածը, գիտաշխատողը նկատեց, որ դա գիտության քաղաքականացման և հայրենասիրական մոտեցումների արդյունք է: «Այդպես մենք ընդգծում ենք մեր չկայացած լինելը, խեղճությունը՝ արժանանալով միջազգային գիտնականների խղճահարությանը, նրանք իսկապես խղճում են այդպիսի մոտեցումներ առաջ քաշողներին»,- համոզմունք հայտնեց Արմեն Պետրոսյանը:  

Իսկ ահա պատմագետ, մարդաբան և Դիլիջանի կենտրոնական դպրոցի պատմության ուսուցիչ Արտակ Խաչատրյանի գնահատմամբ՝  այդ հարցը ոչ միայն հայոց,  այլև համաշխարհային պատմության դեռևս լուծում չստացած հիմնախնդիրներից մեկն է: «Հայաստանում վերջին ժամանակներում գերիշխող է նախահայրենիքի տեղադրության՝ Հայկական լեռնաշխարհի վարկածը: Եթե նայենք ընդհանուր գիտության տեսանկյունից, ապա հայկական լեռնաշխարհում տեղադրությունը ընդամենը վարկածներից մեկն է, բայց արի ու տես, որ հայոց պատմության դասավանդանդման ասպարեզում ենթադրությունը, վարկածը բարձրացել է գրեթե պաշտոնական մակարդակի: Շարժառիթներն են հետաքրքիր, այստեղ արդեն գալիս է քաղաքական ենթատեքստը, այն գտնվում  է հարևանների հետ մրցակցող պատմության համատեքստում, քանի որ վերջին տասնամյակում պատմությունը մեր հանրապետությունում հանդես է գալիս ոչ թե որպես ինքնաբավ գիտություն՝ օբյեկտիվ և մեթոդաբանական կազմով գործող,  այլ մի տեսակ ծառայում է քաղաքական  և իշխանական պահանջներին՝ ձևավորելով համապատասխան առաջարկ: Դրանից արդեն ածանցվում է դպրոցական դասավանդումը»:  

Պատմության ուսուցիչը նկատեց, որ այդ ոչ դոմինանտ վարկածի՝ որպես իրողություն, ներկայացումը դասագրքերում բազմաթիվ հարցեր է առաջացնում աշակերտների մոտ: «Ի վերջո՝ գիտության մեջ եղած տեսակետները չեն հանգեցնում մի կոնկրետ եզրահանգման, բացի հայ մասնագետների աշխատություններից՝ այլ միջազգային մասնագետների աշխատություններում մենք հստակ տեղադրություն չենք գտնում, որևէ  լուրջ գիտական աշխատության մեջ չի հանդիպում Հայկական լեռնաշխարհ տերմինը: Նույնիսկ եթե այդ վարկածը նորից արդիական դառնա, դա մեզ՝ որպես պետություն և ժողովուրդ, ոչինչ չի տալիս, որովհետև խնդիրը ընդամենը աշխարհագրական գործոնի մեջ է: Լեռնաշխարհում նախահայրենիքի տեղադրումը դեռևս որևէ էթնիկական երանգ չի տալիս խնդրին»,- ընդգծեց մասնագետը:  

Արտակ Խաչատրյանը,  կապված նախահայրենիքի հիմնախնդրի հետ, խոսեց նաև Ուրարտուի շուրջ ծավալված բանավեճի  մասին՝ նշելով, որ նույն խնդիրն առկա է  նաև Ուրարտուի պարագայում, որը տեղափոխվել է դպրոցական դասագրքեր: «Առաջին հարցադրումը առաջնում է  այդ թեմային վերաբերող հենց առաջին դասի վերնագրից՝ «Վանի կամ Ուրարտուի համահայկական թագավորություն»: Եթե տեքստի մեջ խոսվում է համադաշնային միությունների մասին, իսկ դա արդեն ենթադրում է տարբեր լեզուներ ու խոսվածքներ, հավատալիքներ ունեցող ցեղային միությունների համախումբ, ապա այդ դեպքում արդեն համահայկական բառը հակասության մեջ է մտնում իրողության հետ, վերնագիրը հակադրվում է հենց դասի մեջ ներառված ձևակերպման հետ: Ուսուցչի և աշակերտի մոտ տրամաբանական հարց է առաջանում, եթե գրված է համահայկական, ապա այդ բառի մեջ մենք ի՞նչ ենթաշերտ ենք տեսնում՝ քաղաքական, մշակութային, թե՞ աշխարհագրական, դասագրքում դրա մասին չի խոսվում: Ի վերջո, սովորողի մոտ այդ հարցը առաջանալու է: Այսինքն՝ վերնագիրը որևէ տիպաբանություն չունի, ինչ-որ լղոզված վերնագիր է: Շատ պարզ հարց է առաջանում. մեզ՝ որպես էթնիկ միավոր, որպես պետություն ունեցող ազգ՝ ի՞նչ է տալիս պատմությունը արհեստականորեն հնեցնելը, դեպի վաղ շրջաններ տանելը  և Ուրարտուն հայկական թագավորություն դարձնելը, իսկ նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհում տեղադրելը: Այս ամենի արհեստական գիտակցումը աշակերտին, քաղաքացուն ի՞նչ շոշափելի արդյունք  է տալիս»,- հարցադրում արեց  պատմագետը:

Թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաև դասագրքի համահեղինակ- համախմբագիր, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի հետ:  Նրա կարծիքով՝ դպրոցական դասագիրքը չի կարող հայրենասիրական շնչով գրված չլինել, որովհետև մեր առջև խնդիր է դրված ձևավորել հայրենասեր շրջանավարտ, որը պետք է հաջորդ օրը անցնի մեր սահմանների պաշտպանությանը: «Դրանից ելնելով՝ մենք մեր խնդիրը կատարել ենք շատ ճիշտ՝ ոչ թե գիտության հաշվին, այլ մենք գիտության մեջ տեղ գտած կեղծիքները վերանայել ենք և վերադարձել մեր իրական արմատներին ու անաչառ պատմությանը, այնպես որ՝ մենք կարիք չունենք արհեստականորեն հնեցնել մեր պատմությունը »,- նշեց Մելքոնյանը:  

Պատմության ինստիտուտի տնօրենը ներկայացրեց դպրոցական դասագրքերը այդ մոտեցումներով գրելու շարժառիթները, մասնավորապես նշելով. «Ինչ վերաբերում է հնդեվրոպական-արիական տեսությանը, տեսեք, մինչև Գերմանիայում ֆաշիստների իշխանության գլուխ գալը, հնդեվրոպական ժողովուրդներին անվանում էին արիական ժողովուրդներ, ոչ թե աշխարհագրական տերմինով, այլ՝ էթնիկ: Երբ որ  գերմանացիները իրենց վերագրեցին արիական ծագում, որպես ազնվազարմ ժողովուրդ, բնականաբար գիտնականների մոտ ի հայտ եկավ այն մոտեցումը, որ լավ կլինի՝ էթնիկ տերմինը փոխարինվի տարածքային տերմինով,  և արիականը դարձավ հնդեվրոպական: Իսկ դա սխալ է, քանի որ ոչ թե Հնդկաստանից մինչև Եվրոպա ապրողներն են միայն արիական- հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդներ, այլ նաև ամբողջ Լատինական Ամերիկան: Ինչևէ՝ տերմինը փոխվեց, փոխվեց նաև հետևյալ դրույթը. Երբ որ արմենոիդ մարդաբանական տիպի մասին էին խոսում, որը չի նշանակում հայկական տիպ, նշանակում է հայատիպ մարդաբանական տիպ, ահա այս մարդաբանական տիպը շուտով թուրքերի ջանքերով դարձավ փոքրասիական մարդաբանական տիպ: Եվ ահա տեսեք, թե ովքեր են իրականում պատմություն կեղծողները, իսկ մենք անաչառ պատմությունը վերականգնելու ճանապարհին ենք գտնվում»:

Վերադառնալով նախահայրենիքի հիմնախնդրին՝ Մելքոնյանը հավաստիացրեց, որ ոչ միայն Իվանովն ու Գամկրելիձեն են դրա մասին խոսել, այլ նաև՝ այլ գիտնականներ, իսկ դա անկասկած չափազանց արդիական է: «Կարևորը որ մենք այստեղ ոչ թե փաստում ենք մեր բնիկ լինելու հանգամանքը, այլ նաև մատնանշում ենք, որ արիական-հնդեվրոպական մայր ժողովուրդը ձևավորվել է այստեղ: Գիտության մեջ ոչինչ վերջնականապես չի կարող հիմնավորված լինել: Նախկինում մեր հնագետներից շատերը սվիններով էին ընդունում այն փաստը, որ հայկական պետականությունների սկզբնավորումը սկսում է 3-րդ հազարմյակից սկսած, նրանք էթնիկ հայկական պետականություն դիտարկում էին Երվանդունյաց Հայաստանը, իսկ հիմա իրենք իրենց իսկ հետազոտությունների միջոցով փաստում են 3-րդ հազարամյակում պետականության սկզբնավորման  մասին:  Երբ հնագիտական բազմաթիվ գտածոներ գտնվեցին, և աշխարհի գիտնականները փաստեցին, որ մենք իսկապես գտնվում ենք մարդագոյացման ակունքներում, նոր արդեն այդ մասնագետները սկսեցին վերանայել իրենց մոտեցումները: Երբ որ սկսեց մայր ժողովրդի տրոհման գործընթացը, դրանց մի հատվածը՝ հնդիրականական հատվածը, հեռացավ դեպի արևելք, մի մասը՝ սլավոնական ցեղերը, հեռացան դեպի հյուսիս, մյուս մասն էլ հեռացավ դեպի Բալկաններ, իսկ ֆրանկները, վանդալները, վեսթգոթերը, օսթգոթերը՝ Եվրոպա, և այո՛ գիտնականների մեծ մասը հակված է պնդելու, որ իրենց ակունքները Հայկական լեռնաշխարհում են: Այստեղ հայրենասիրական, պաթոսով գրված հայեցակարգեր չկան»,- վստահեցրեց  ակադեմիկոսը:

Իսկ այն հարցին, թե ինչու դասագրքում ներառված չեն նախահայրենիքի տեղայնացման մյուս դոմինանտ վարկածները ևս, Մելքոնյանը հակադարձեց, որ այլ տեսակետներ ևս կան: Նա մատնանշեց հայ ժողովրդի ծագման ավանդազրույցների մասին դասը , որտեղ խոսվում է ոչ միայն Հայկի և Բելի առասպելի մասին, այլ նաև գրի է առնված հունական առասպելը: Այնտեղ ասվում է, որ Արմենիոսը Արգոնավորդների, Յասոնի հետ միասին եկավ Սև ծովի արևելյան ափը և Թրակիայի Արմենիոն քաղաքից էր: Նա չցանկացավ վերադառնալ Հունաստան և երկիրը, որտեղ բնակություն հաստատեց, նրա անունով կոչվեց Արմենիա: Այդպիսով, ըստ  Մելքոնյանի,  եկվորության վարկածը առասպելի  միջոցով բերվում է: «Իսկ դասագիրքը դարձնել բանավեճի նյութ, բնականաբար սխալ է, այն էլ՝  10-րդ դասարանի երեխայի համար, երբ նրա մոտ վերջնականապես չի ձևավորվել աշխարհայացք, և  նա չի կարող գլուխ հանել նման մոտեցումներից»,- եզրափակեց նա:

  

Կարպիս Փաշոյան