Քոչարյանի թիկնազորի կողմից դաժանորեն սպանված Պողոս Պողոսյանի եղբորորդին պահանջում է գործի վերաբացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Երևանի «Առագաստ» սրճարանում 2001 թվականի սեպտեմբերի 24-ին Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի կողմից Պողոս Պողոսյանի դաժան սպանությանը ականատես Սթիվեն Նյուտոնը Գլխավոր դատախազություն է ներկայացրել գրավոր ցուցմունք, որում պատմում է սպանության մանրամասները։ Այդ օրը ընկերների հետ «Առագաստ» սրճարանում ճաշում էր Սթիվեն Նյուտոնը, երբ ներս են մտել Ռոբերտ Քոչարյանն ու Շառլ Ազնավուրը։ Բոլորը երջանիկ էին բարձրաստիճան հյուրերին տեսնելով։ Երկու տղամարդ մոտեցել են Քոչարյանի սեղանին։ Հենց այդ պահին է Պողոս Պողոսյանը հնչեցրել իր համար ճակատագրական «Պրիվետ, Ռոբ» արտահայտությունը։ Քոչարյանի գնալուց հետո նրա թիկնապահները վերադարձել են սրճարան։ Պողոսյանի սպանության վկա Սթիվեն Նյուտոնը պատրաստ է դատարանում պնդել խոսքերը։

«Մենք նստած էինք տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, թիկնապահները տղամարդկանց հետ հրեցին աստիճաններով ներքև դեպի զուգարան ու սկսեցին ծեծել։ Ստիպված էի միջամտել, որովհետև կինս ասաց, որ նրանք սպանելու են այս մարդուն: Ես մտա զուգարան, այնտեղ երկրորդին ևս ծեծում էին: Պողոս Պողոսյանի մարմինը զուգարանից դուրս էր գտնվում, և ակնհայտ էր, որ լուրջ ծեծի է ենթարկվել, որովհետև գլուխն ուռել էր, աչքերը փակել էր, լուրջ վնասվածք կար Պողոսյանի ճակատին կամ մահակի հարված էր, կամ ատրճանակի: Կուկույին հրեցի ձեռքով ու ասացի որ կանգ առնի։ Րոպեներ անց Պողոսյանը մահացավ։ Իմ միջամտության շնորհիվ փրկվեց Նալբանդյանը»,- Factor TV-ի հետ զրույցում պատմեց վկան։

Սթիվեն Նյուտոնը հիշում է, որ Աղամալ Հարությունյանը՝ Կուկու մականունով, ատրճանակի կոթով ծեծում էր Պողոս Պողոսյանին։ Նրան հրելով ներս է մտել ու տեսնելով խոշտանգվող տղամարդուն՝ օգնություն է կանչել։ Թեև բժիշկները շատ արագ հասել են «Առագաստ» սրճարան, բայց տղամարդն արդեն մահացած էր։ Աստիճաններով վեր բարձրանալով՝ Նյուտոնը տեսել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: «Ասացի՝ անմիջապես ձերբակալեք նրանց, բայց նա անջատեց հեռախոսը, դրեց գրպանն ու հեռացավ այդտեղից»,- հիշեց Նյուտոնը։

Ի՞նչ կապ ունի Քոչարյանն այս սպանության հետ, հարցրինք Սթիվեն Նյուտոնին․ «Նրանք Քոչարյանի մարդիկ էին ու այդ ամենը չէին կատարի, եթե նա հրաման տված չլիներ։ Անուղղակիորեն, բայց դա նրա պատասխանատվությունն է։ Քոչարյանը գիտեր՝ ինչ էր կատարվում, որովհետև ինձ ականջակալներով մարդիկ էին մոտեցել, անգլերենով ասեցին՝ մի անհանգստացեք, մենք հոգ կտանենք»,- պատմեց պարոն Նյուտոնը։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը, Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ Նյուտոնի վկայությունը Դատախազություն ներկայացնելը չափազանց կարևոր իրադարձություն է իր ընտանիքի համար։ 2018 թվականի հուլիսին Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, գործի վերաբացման ու դաժան սպանության բացահայտման հույսով դիմել է ԱԱԾ-ին, Դատախազությանն ու Նիկոլ Փաշինյանին։ Դատախազությունից Պողոսյանի հարազատներին պատասխանել են՝ մինչև նոր հանգամանքներ ի հայտ չգան, գործը չեն կարող քննել։

Սամվել Պողոսյանն ասում է․ «Եվ հիմա, փաստորեն, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, մենք շատ ուրախ ենք, պատկան մարմինները պարտավոր են ուսումնասիրել գործը, վերաքննել և պատժել մեղավորներին՝ հրաման տվողին և մասնակիցներին։ Երբ որ քաղաքի կենտրոնում հարյուրավոր մարդկանց աչքի առաջ Քոչարյանի հրամանով 7-8 հոգով սպանում են անմեղ մարդուն, և դատարանը, չնայած եղած վկայություններին (8-9 հոգի կային, շատերը վախեցան) ոչ մի բան հաշվի չառնելով դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կեղծեց ամեն ինչ և փակեց գործը»։

Պողոս Պողոսյանի սպանությունից երկու օր անց Նյուտոնի՝ օգնության կոչերն անարձագանք թողած Դավիթ Հարությունյանը ԱԺ-ում լրագրողներին պատմել է, որ որևէ քաշքշուկ չի նկատել՝ ինքը սրճարանից դուրս է եկել Քոչարյանի հեռանալուց 7-8 րոպե անց։ Դուրս գալիս նկատել է բարետես, լավ հագնված տղամարդու, որը անգլերենով գոռում էր, թե չի հեռանա մինչև չներկայանա դեսպանը: Մտածելով, թե նա գինովցած է, նախարարը հեռացել է: «Համադրելով իրադարձությունները, հիմա կարող եմ ասել, որ ինչ-որ բան էնտեղ տեղի է ունեցել, և սա սովորական դժբախտ պատահար չէր կարող լինել»,- ասել է Դավիթ Հարությունյանը։

Այսօր արդեն Սամվել Պողոսյանը վայրկյան անգամ չի կասկածում, որ հորեղբայր Պողոս Պողոսյանը սպանվել է Ռոբերտ Քոչարյանի հրամանով. «Հենց Ռոբերտ Քոչարյանի հրամանն է եղել, որովհետև չի կարող Քոչարյանի անվտանգությունը թողնել իր տիրոջն ու հետ վերադառնալ։ Իր ամենամերձավոր թիկնապահները նրան ճանապարհում ու վերադառնում են, կանչում են կողքի ու մարդուն սպանում են։ Մամուլում հայտնվեցին նյութեր, որ բառացի ասել ա՝ տարեք սատկացրեք։ Թիկնազորն էլ բառացի հասկանալով խոսքերը տարել է մարդուն սպանել։ Հորեղբորս հետ է եղել Յուրա Նավոյանը, որը վախեցավ ցուցմունքներ տալ»։

Հետագայում Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է հետևյալ կերպ․ «Եթե այդ մարդը մահացած չլիներ, ես նաև այդ առումով շատ բան կունենայի ասելու, բայց հիմա չեմ կարող ասել»։

Պողոսյանները տեսել են սպանված հարազատի խոշտանգված դիակը՝ մեկ անձը չէր կարող այդպես դաժան ծեծի ենթարկել: «Դաժան ծեծի էր ենթարկված, ամբողջ մարմինը կապտուկներով էր ծածկված, գլխի վրա ատրճանակի հարվածի հետք կար՝ ատրճանակի կոթով էին նաև խփել։ 7-8 հոգով դաժանաբար ծեծել էին, ինքը ֆիզիկապես ամուր տղամարդ էր, վերջում ատրճանակով էին խփել, որ ուշքը գնա ու շարունակել են ծեծել»,- պատմում է Պողոսյանը։

Հաջորդող օրերին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է Պողոս Պողոսյանի հարազատների, ընկերների բնակարանները, ավտոմեքենաները։ Սպանված Պողոս Պողոսյանի ընտանիքը չի ընկրկել վախի մթնոլորտի առաջ։ Գործը մտել է դատարան ու քննվել դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։

Մեղադրյալի աթոռին էր հայտնվել միայն Քոչարյանի մեկ թիկնապահ՝ Աղամալ Հարությունյանը, որին անզգույշ կատարված սպանության համար սպառնում էր մինչև 3 տարվա ազատազրկում։ Նա չէր կալանավորվել՝ կիրառվել էր խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու պայմանով։ Ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը կարգի է հրավիրել Պողոս Պողոսյանին, որը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետնամասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին ու ստացել գանգուղեղային վնասվածք։ Պատահական մահվան վարկածը կասկածի տակ է դրել անգամ «Հյուման րայթս ուոթչ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Աղամալ Հարությունյանը դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման: «․․․Նշանակված պատիժը Աղամալ Հարությունյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառել»,- հնչեցրել էր դատավորը։

Եթե Քոչարյանը նախագահ չլիներ, ասում է Սամվել Պողոսյանը, Աղամալ Հարությունյանի կողքին կլինեին այլ մեղադրյալներ ևս․ «Եթե պատահաբար փողոցում մեկին կպչենք ընկնի մահանա, մեզ 7-8 տարի կդատեին, բայց կազմակերպված գնացել-սպանել ա, հրամանով են սպանել ու էդ մարդուն նույնիսկ 1 օր կալանավորում չեն տվել։ Դա հենց դատական համակարգի աբսուրդն էր։ Դրանով Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի իրավական համակարգը և դատարանների նկատմամբ վստահությունը ու էսօր ինքը խոսում ա դատարանների մասին»։

Նախագահ Քոչարյանի թիկնազորի զոհ դարձած Պողոս Պողոսյանի եղբորորդին վստահ է, որ Ռոբերտ Քոչարյանն անձամբ պետք է պատասխան տա հորեղբոր սպանության համար․ «Երկրի նախագահ լինել, չի նշանակում սպանելու, սպանել հրաման տալու իրավունք ունենալ։ Էն ժամանակ լուրեր ունեինք, որ մի քանի օր առաջ Աշտարակի ձորում մարդ էին սպանել նրա թիկնապահները, ինչի մասին չխոսվեց ոչ մի տեղ։ Տասնյակ սպանություններ կարող ենք վերագրել Քոչարյանի հրամանով իրականացված»։

Պողոս Պողոսյանի եղբորորդին ասում է՝ դատական պրոցեսը անարդար ընթացք է ունեցել։ Կարևոր վկա Սթիվեն Նյուտոնը, որ սպանության հաջորդ օրը Հայաստանից հեռացել էր բրիտանական դեսպանի օգնությամբ, կնիքով հաստատված իր ցուցմունքն ուղարկել էր Հայաստան: Այն, սակայն, դատարանում ապացույց չի համարվել, չի կցվել գործին։ Պողոս Պողոսյանի հարազատները 2000-ականներին անցել են հայաստանյան դատական ատյաններով ու ստացել մերժումներ։ ՄԻԵԴ դիմելու համար ֆինանսական միջոցները չեն բավարարել։ Այն ժամանակ, ասում է Սամվել Պողոսյանը, արդարության սպասել չէին կարող, որովհետև երկրում բռնապետական ռեժիմ էր։ Տարիների հեռվից հիշելով կարևոր նամակի՝ դատարան չներկայացնելու դրվագը, Սամվել Պողոսյանն ասում է՝ փաստաբան Ռուբեն Սահակյանը, լինելով իրենց շահերի ներկայացուցիչը, ծառայություն է մատուցել Քոչարյանին, ու այսօր զղջում են, որ իրենց հարազատի շահերի պաշտպանությունը նրան են վստահել․ «․․․Որովհետև տեսանք ինքը հիմա Քոչարյանի փաստաբան դարձավ, և եթե կհիշեք՝ մեր հարցը, ծածկադմփոցին օժանդակելուց հետո դարձավ Փաստաբանների պալատի նախագահ և որոշակի արտոնություններ ստացավ, և հիմա, երբ նայում ես, հասկանում ես, որ էդ մարդը ներգրավված է եղել կեղծարարության մեջ»։

Factor TV-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ իրեն չի հետաքրքրում գործի նյութերին ու դատարանում իր իրականացրած գործառույթներին անտեղյակ մարդկանց մեկնաբանությունները․ «Իմ գործառույթները և այն վայրահաչոցները… և ես կարդում եմ մամուլում, բացարձակ մեկը մյուսի հետ առնչություն չունեն։ Ինձանից դժգոհություն չի եղել Պողոս Պողոսյանի եղբոր մոտ, եթե եղած լիներ, նա արտահայտած կլիներ, երևի 15 տարուց ավելի է անցել։

Factor TV – Պարո՛ն Սահակյան, ասում են, որ Դուք օժանդակել եք ծածկադմփոցին, դրանից հետո դարձել եք Փաստաբանների պալատի նախագահ։

Ռուբեն Սահակյան – Գիտե՞ք ինչ, ես վաղուց չէի հայհոյել, հիմա հայհոյում եմ, որովհետև ասողը պետք է հիմնավորի։ Մերկապարանոց ասելը ընդամենը մարդուն վարկաբեկելու միտում է պարունակում։

Քոչարյանի թիկնազորի զոհ Պողոս Պողոսյանին դատարանում պաշտպանած Ռուբեն Սահակյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հնարավոր չի եղել գործով կարևոր վկա Սթիվեն Նյուտոնի նամակ-ցուցմունքը դարձնել ապացույց, կցել գործին, դատարանում դարձնել հետազոտման առարկա։

«Ո՞ր նամակի պատմությունը։ Ես չեմ հիշում դեպքի մանրամասները, ինքներդ ասեցիք՝ 18 տարի է անցել։ Ես չեմ կարող ասել կարևոր ապացույց էր, թե՝ ոչ, դուք էլ չեք կարող ասել։ Գուցե դա գործի մեջ էլ չի եղել, չգիտեմ ես»։

Փաստաբան Լուսինե Հակոբյանն ակնկալում է, որ Դատախազություն ներկայացված Սթիվեն Նյուտոնի ցուցմունքին առնվազն ընթացք կտրվի և նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործը կվերաբացվի: «Դա այդ մարդու բացատրությունն է, որ ժամանակին գործին չի կցվել այն պատճառով, որ անգլերեն է եղել և հայերերն թարգմանությունը չի ներկայացվել դատարան։ Դա հնարավորություն է տալիս միջադեպի ամբողջական պատկերը վերականգնել՝ ականատեսի ցուցմունքը ձեռք բերելու։ Հեղափոխությունից հետո ինքը տեսել է, որ արդարադատություն կիրականացվի այս գործով։ Ռեժիմի փոփոխության պայմաններում ավելի քիչ մտահոգություն է ունեցել իր կյանքի, կնոջ կյանքի և ընտանիքի վերաբերյալ»,- նշեց փաստաբանը։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Factor TV-ին փոխանցեց, որ Սթիվեն Նյուտոնի ցուցմունքը այս պահին ուսումնասիրվում է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան