Ապրիլյան պատերազմի չբացահայտված և մութ կողմերը. հետաքննության հրամայական. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
31.05.2019 | 19:552016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով 47 պատգամավորի պահանջով այսօր Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Այսպիսով, Ապրիլյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի իշխանությունը գործնական հիմքերի վրա է դնում քառօրյա պատերազմի հանգամանքները հետաքննելու հարցը։
«Հանձնաժողովի աշխատանքներում պետք է ներգրավվեն նաև բացառիկ պրոֆեսիոնալներ՝ կրթություն ունեցող զինվորականներ, դիվանագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ,- պնդում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:- Մեր պետականության ներկայի և ապագայի հարցն է, կարող եմ ընդհանրացնել՝ մեր ժողովրդի հարցն է»։
«Իրականում ինչի՞ մասին էր Ապրիլյան պատերազմը, արդյոք այն քաղաքական պայմանավորվածության արդյո՞ւնք էր, ինչո՞ւ հայկական զինուժը հետ չգրավեց ադրբեջանցիների գրաված բոլոր հենակետերը և արդյոք կոռուպցիան էականորեն ազդե՞լ էր Հայկական բանակի մարտական պատրաստվածության վրա։ Սրանք հարցեր են, որոնք մինչ օրս սպառիչ և համոզիչ պատասխաններ չեն ստացել։ Հանձնաժողովը պետք է ուսումնասիրի հատկապես պատերազմի աշխարհաքաղաքական կողմը»,- ասում է Լևոն Շիրինյանը։ Ապրիլյան պատերազմը, ըստ նրա, եղել է Հայաստանի անկախությունը Ադրբեջանի ձեռքով վերացնելու և Հայաստանը Ռուսաստանի կազմ մտցնելու ծրագրի մաս։ Եվ այս ծրագիրը համախոհներ է ունեցել բարձրագույն ղեկավարության շրջանում։
«Որ Ռուսաստանը զինեց, կազմակերպեց և հրահրեց պատերազմը, կասկած չկա։ Հարձակումը լինում էր հարավից և հյուսիսից, իսկ հիմնական զորախումբը լինում էր Ասկերանում։ Եթե ադրբեջանական զորքը չփախչեր, դրանց զորքը՝ տանկային շարասյունը, գալիս էր Ասկերան։ Եթե Ստեփանակերտի հարցը լուծվում էր, մնում էր Շուշին և Գորիսը։ Հայաստանն ի՞նչ ճար ուներ չդիմեր, թե՝ վերցրեք մեզ ձեր կազմի մեջ, էս էլ անում էին։ Որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ գիտեր, դա 100% է։ Նա Հայաստանի ճգնաժամային օրերին, այդ ժամանակ ևս Հայաստանում չէր, այստեղ չէր նաև արտգործնախարար Նալբանդյանը։ Իսկ զինվորականության մեջ․․․ Խաչատուրով։ Սրանք կարող է սխալ հաշվարկ էին արել, որ միանանք Ռուսաստանին պրծնենք։ Սա ռեալ է»,- ասաց Լևոն Շիրինյանը։
Ըստ Շվեդիայում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի՝ 2011-2015 թվականներին, 2006-2010 թվականների համեմատ Ռուսաստանը 7 անգամ ավելացրել է սպառազինության մատակարարումը Ադրբեջան։ Այսինքն՝ Ռուսաստանում արտադրված զենքի շուրջ 5 տոկոսը արտահանվել էր հենց Ադրբեջան։ Խոսքը 5 միլիարդ դոլարի հասնող գործարքի մասին է։ Կա Ապրիլյան պատերազմի սանձազերծման աշխարհաքաղաքական ևս մեկ վարկած, որը հանձնաժողովի ստուգման կարիքն ունի։ Ըստ վարկածի հեղինակների՝ սպասվող ռազմական գործողությունների շուրջ գոյություն է ունեցել պայմանավորածություն Մոսկվայի, Երևանի ու Բաքվի միջև, նպատակով՝ Արցախյան խնդիրը կարգավորել ռուսական ծրագրի՝ «Լավրովի պլանի» համաձայն, ինչը ենթադրում էր ադրբեջանական զինուժի կողմից հայկական տարածքների գրավում։ Բայց հայ զինվորականների դիմադրությունը խափանել է ծրագիրը։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ավելի շուտ պատժիչ պատերազմ է անվանում Ապրիլյանը՝ հիմնվելով Բելառուսի նախագահի այն հայտարարության վրա, թե պաշտոնական Երևանը սկսել էր դեմ արտահայտվել «ռուսական պլանին․ «Ակնհայտորեն կար մեր ռազմավարական դաշնակցի թողտվությունը, որը պաշտոնական Բաքուն ընկալեց որպես հարձակման համաձայնություն, ես ավելի շատ հակված եմ այսպես բացատրել, հատկապես, երբ այս՝ 2016-ի դրամատիկ իրադարձություններն ավելի շատ նման են «Կոլցո» օպերացիային, որի 30 տարին լրանում է այս տարի և այն ժամանակ էլ մեզ պատժեցին Խորհրդային Միության լոյալությամբ, բայց և ադրբեջանական «ՕՄՕՆ»-ի ձեռքերով։ Բայց լինելով այս վարկածի կողմնակիցը, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ պայմանավորված պատերազմի տեսությունը կարող է հակասության մեջ մտնել այս տեսության հետ։ Եթե նույնիսկ ընդունենք, որ Սերժ Սարգսյանի մակարդակով առարկություն է եղել ռուսական պլանի և դրա դիմաց պատժվել ենք, դա չի բացառում, որ համակարգում լինեին մարդիկ, որ պայմանավորված պատերազմի սցենարը սպասարկեին»։
Ապրիլյան պատերազմի պայմանավորված լինելու հանգամանքը, ըստ քաղաքագետի, պետք է լինի հանձնաժողովի հայացքի ներքո։ Հատկապես հարցը հրատապ է արժանահավատ այն տվյալների ֆոնին, որ ռուսական պլանը խափանվել է հայ դիրքապահների անձնազոհության և հերոսական դիմադրության շնորհիվ։ Ի դեպ, մինչ օրս տեղեկություններ են շրջանառվում, որ 2016-ին մոտալուտ պատերազմի մասին հետախուզական տվյալները չեն փոխանցվել առաջնագծի զինծառայողներին։ Այս վարկածը կարող է հաստատել ապրիլի 1-2-ի գիշերը նկարահանված այս տեսանյութը, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցիները հարձակվում հայկական մի դիրքի վրա, սակայն պաշտպանության անցնելու հրաման չի լինում։ Հատկանշական է ևս մեկ փաստ, որ ըստ որոշ տվյալների՝ հայկական կողմը մարդկային կորուստների մեծ մասն ունեցել է պատերազմի առաջին օրերին։
Ստյոպա Սաֆարյանը նշում է․ «Որ օղակները ինչո՞ւ են անգործության մատնվել, ինչո՞ւ է շղթան կտրվել, դա վա՞տ կառավարման հետևանք է եղել, թե՝ պայմանավորված պատերազմի բաղկացուցիչ մաս, սրանք այն հարցերն են, որոնք պետք է պարզվեն ժամանակավոր քննիչ հանձնաժողովի շրջանակներում, և վերին աստիճանի վտանգավոր կլինի, եթե այս հարցերի պատասխանները չտրվեն և դրանք շարունակեն թունավորել հանրային-քաղաքական կյանքը»։
Աշխարհաքաղաքական կոնտեքստից զատ, քառօրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին պետք է հետաքրքրի նաև հնարավոր կոռուպցիան և չարաշահումները Զինված ուժերում։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից ամիսներ անց ՀՔԱՎ-ի ներկայացուցիչները հանդիպել էին 94 զոհվածից 71-ի ընտանիքներին։ Հետաքննության վրա հիմնված զեկույցը փաստում է, որ Ապրիլյան պատերազմում զոհված 94 զինծառայողներից առնվազն 15-ն ունեցել է առողջական խնդիրներ, առնվազն 3-ը մահացել է պատշաճ բժշկական օգնություն չստանալու հետևանքով։ Զինամթերքի բացակայությունը և անսարքությունը պատճառ են դարձել առնվազն 12 զինծառայողի մահվան։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցը պատմում է, որ այն ժամանակ զեկույցն ուղարկվել էր, թե՛ ԱԺ, թե՛ իրավապահ կառույցներին, սակայն դրան չհետևեցին իրավական հետևանքներ։ Ահա թե ինչու նա չի կիսում հանձնաժողովի ստեղծումը քննադատողների տեսակետը, որոնք հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են։
«Նման կերպ մտածողները հերթական անգամ փորձում են մարդկային զոհերի հերոսացման միջոցով կոծկել հանցագործությունները պետության և քաղաքացիների նկատմամբ, և ավելին՝ իրենք շատ լավ գիտակցում են, որ այդ կոռուպցիոն բնույթի կազմակերպված հանցագործության մեջ մեղավոր են հենց իրենք։ Շատ ակնառու է, թե գեներալների մեծածավալ հարստությունը ինչի արդյունք է, արդյունք այն միջոցների, որ հատկացվում էր պաշտպանության բնագավառին և յուրացվում էին պաշտպանությունը կազմակերպողների կողմից։ Ապրիլյան պատերազմը, ցավոք սրտի, զոհերի միջոցով բացահայտեց ողջ սնանկությունը կեղծ բարեպաշտների և հայրենասերների, որոնք իրենց էությամբ կոռումպացված են, հակապետական և հակամարդկային»,- ասաց Սաքունցը:
Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովը պետք է բացահայտի ճշմատությունն Ապրիլյան պատերազմի մասին։ Իսկ դրա համար, իրավապաշտպանի խոսքով, հանձնաժողով պետք է հրավիրվեն 2016 թվականին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահը, պաշտպանության նախարարը և նրա տեղակալները, Գլխավոր շտաբի պետը։ Բայց առավել կարևոր է, որ բացահայտումներին հաջորդեն իրավական գնահատականները, ինչը, ըստ Արթուր Սաքունցի, հիմնական երաշխիքն է նմանատիպ հանցագործությունների հետագա բացառման։
Ռոբերտ Անանյան