Արցախն Ադրբեջանի ագրեսիային հակադարձելու համար ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը. ԱԳՆ-ի արձագանքն Ադրբեջանին

Լուրեր

03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
03.09.2026 | 17:18
Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 5-րդ տուրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:07
Սրտով եմ աջակցում Գագիկ Ծառուկյանին, չեմ վախենում. Մագա Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:58
Հայաստանը 80 մլն եվրոյի վարկ է վերցնում
03.09.2026 | 16:47
ԱԶԲ-ի 293 մլն դոլար ֆինանսավորմամբ Հայաստանում ևս 50 դպրոց կկառուցվի
03.09.2026 | 16:41
Պրահայի ամրոցում տեղի է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.09.2026 | 16:30
Ինչ են քննարկել Սիմոնյանն ու Հաջիևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 16:20
Մեզ մոտ մարդիկ կամավոր են մեկնում ռազմաճակատ, ի տարբերություն Ուկրաինայի․ Պուտին
03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը պատասխանել է «Lragir.am» գործակալության հարցին՝ ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ, որում նշվել էր, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։

ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
-Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, և եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղությունը, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, տարբեր են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի նմանատիպ հայտարարությունները։
-Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման ակնհայտ հետևանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը։

Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանման մասին է վկայում նաև այն, որ նրանք փորձում են իբր թե ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն իրենց վերապահել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու իրավունք։ Մինչդեռ, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ընդհակառակը, իրավաբանորեն ամրագրել է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքը՝ բացառությամբ երկու թույլատրելի դեպքերի՝ ինքնապաշտպանության նպատակով և Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվի կողմից ինքնապաշտպանվելու իրավունքի վկայակոչումը զուրկ է իրավական հիմքերից ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ սովորական իրավունքի տեսանկյունից։ Ադրբեջանը չի կարող վկայակոչել ոչ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 51-ը, ոչ ինքնապաշտպանության «հանկարծակի և անհաղթահարելի անհրաժեշտությունը», քանի որ 1994 թվականից գործում է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր, որը հայկական երկու կողմերը լիարժեք կերպով պահպանում են։ Հիշեցնեմ, որ 1994 թ. հուլիսի 26-27-ը (Արցախը) Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։

Ավելորդ չի լինի նշել, որ հենց Արցախն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային, որին հակադարձելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ի հետ լիակատար համապատասխանությամբ իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինքնապաշտպանության իրավունքի մասին Ադրբեջանի շահարկումները մերժվել են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաև՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։ Հարկ է նշել, որ նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձը խափանվել է գլխավորապես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։  Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել 1994 թ. կրակի դադարեցման և 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը։ Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին «խստորեն պահպանել 1994 և 1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում»։

Ավելին, միջազգային իրավունքը նաև արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ և ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության» և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 «Ագրեսիայի բնորոշում» բանաձևի։

Տեղին է նաև հիշեցնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի ուժի կիրառման վրա ընդհանուր արգելք դնելուց, ամրագրել է նաև միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի, «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը և անվտանգությունը և արդարությունը»։

Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից  մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։

Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։