Ոչ ոք չի կարող իմ լեգիտիմությունը կասկածի տակ դնել. Արամ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի մեկնարկին Արամ Սիմոնյանը զարմացավ իր նկատմամբ ուշադրությունից․ «Սկի Ամերիկայի նախագահին էսքան բանով չեն նկարում, էս ի՞նչ բան ա»։

Նա լրագրողների հարցերին պատասխանեց իր աշխատասենյակում։ ԵՊՀ ռեկտորն ասաց, որ իրեն լիազորություններից զրկելու միտքն առաջացել է Կրթության և գիտության նախարարի ու նրա խորհրդական Սամվել Կարաբեկյանի մոտ, որոնց իր աշխատելաոճը դուր չի եկել․ «Թեև քաղաքավարությունից դուրս որևէ խոսակցություն մենք չենք ունեցել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը շատ քաղաքավարի ու բանիմաց ձևով է իրեն դրսևորում և հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ես չեմ լսել որևէ թթու խոսք»։

Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդն արտահերթ նիստ էր հրավիրել, օրակարգում դրված էր 1 հարց՝ Արամ Սիմոնյանին զրկել ռեկտորի լիազորություններից: «Սա նաև քաղաքական հետապնդում է։ Այդ հարցն իրավական տեսանկյունից միանգամայն կամայական է, որովհետև չունի ոչ մի հիմնավորում։ Ես ժամկետով ընտրված ռեկտոր եմ և 1 տարի կա։ Կասկածի տակ դնել իմ լեգիտիմությունը ոչ ոք չի կարող։ Ասել, որ Հոգաբարձուների խորհուրդը բռնապետական էր, հալածվում էր, դա ինձ համար հեռու է ճշմարտությունից»,- ասաց Արամ Սիմոնյանը։

ԵՊՀ ռեկտորը պատմեց, որ Արայիկ Հարությունյանին ինքն է հրամանագրել որպես դասախոս, ինչի համար չի փոշմանել․ «Ես չեմ փոշմանել։ Կարծում եմ՝ ինչ լինում է համալսարանում, հօգուտ համալսարանի է լինում»։

Նա գտնում է, որ համալսարանի ղեկավարի պաշտոնի շուրջ իրավիճակն ի վերջո կհանգուցալուծվի, սակայն, ըստ պարոն Սիմոնյանի, չի կարելի նման հարցը հանգուցալուծել բռնությամբ․ «Ես ինքնակամ հրաժարական չեմ տալու։ Հոգաբարձուների խորհուրդը կարող է որոշել ինձ ազատել, այն ժամանակ ես կորոշեմ, ես կենթարկվեմ որոշմանը։ Բռնի կերպով գնալ համալսարանից, որովհետև ինչ-որ մարդիկ դա ցանկանում են, կներե՛ք, դա անթույլատրելի է։ Սա համալսարանական ինքնավարությանը խոշորագույն հարված է։ Խոսում են համալսարանում ճահճի և հետընթացի մասին, հարգելիներս, ԵՊՀ-ն երբևէ ֆինանսական այդպիսի կայություն չի ունեցել ինչպես հիմա։ Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային 750 միլիոնից ավել, այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80-ը։ Սա՞ է վատ կառավարման արդյունքը»։

Այդուհանդերձ, Արամ Սիմոնյանը չի՞ կարծում, որ ԵՊՀ ռեկտորին կաշառակերության և ֆինանսական չարաշահումների մեջ կասկածելը վնասում է համալսարանի վարկանիշին, հարց ուղղեցինք․ «Արհեստականորեն սարքված գործ է։ Ես համոզված եմ, որ քրեական որևէ հարցում իմ մեղքը չի ապացուցվի»,- պատասխանեց նա։

Պարոն Սիմոնյանը պնդեց, որ ոստիկանության կողմից իրեն վերագրվող չարաշահումների մասով իրենք 48 էջից բաղկացած պատասխան են կազմել և ուղարկել Գլխավոր դատախազություն։ ԵՊՀ ռեկտորը հրաժարվեց մեկնաբանել իր հայտարարությունները, որ 90-ականներին պարսավանքի է ենթարկվել՝ համալսարանը կուսակցական շահերին չծառայեցնելու համար։

Մեր հարցին՝ ո՞վ է եղել իրեն պարսավանքի ենթարկողը և ինչո՞ւ մինչ այս նա չի բարձրաձայնել, Արամ Սիմոնյանն ասաց․ «Չեմ կարող ասել, որովհետև այդ մարդը կենդանի չէ։ Չեմ կարող ասել, դա կուսակցական իմ ներքին խնդիրն է»։

Արամ Սիմոնյանը պնդեց՝ համալսարանում իր մնալը իրեն անհրաժեշտ է պաշտպանվելու և իր անունը մաքրելու հարուցված քրեական գործից։ Արիզոնայի համալսարանի պրոֆեսորներից Վիկտոր Փամբուկչյանը հայտարարել է, որ տարբեր տարիների 30 000 կտոր գիրք նվիրել է ԵՊՀ-ին, բայց դա չի հայտնաբերել գրադարանում։ Արամ Սիմոնյանը պարզաբանում տվեց այս հարցի վերաբերյալ․ «Փամբուկչյանն իսկապես մեզ ուղարկել է 30 000 կտոր գրականություն, ի՞նչ եք կարծում՝ 30 000 կտորը քանի՞ բեռնատար կլինի, 12 բեռնատար է, ուրեմն՝ այդ 12 բեռնատար գիրքը մենք յուրացրել ենք։ Դրանք բոլորը մեր գրապահոցներում են։ Մինչև սեպտեմբերի վերջ այն կնքված ու փակված է եղել մեր մաքսատան կողմից, հոկտեմբերի կեսերից սկսվել է մշակումը, որը շուտով կավարտվի։ Մոտ 150 արկղը ԵՊՀ-ինն է, մնացածը՝ այլ ԲՈՒՀ-երինը»։

Արամ Սիմոնյանը խոստովանեց՝ չի կարող պնդել, որ իր ղեկավարման 13 տարիներին համալսարանում ընդդիմախոսները կարող էին հանգիստ կարծիք արտահայտել և համալսարանից աստիճանաբար չեն հեռացել․ «Այդպես չեմ կարող արտահայտվել, բայց կարող եմ ասել, որ իմ ընդդիմախոսներից որևէ մեկն իմ կողմից պատժի չի ենթարկվել»։

ԵՊՀ ռեկտորն ասաց, որ մեկ-երկու դասախոսի իր հրամանով հեռացրել է, քանի որ կաշառք վերցնելու մեջ են մեղադրվել, որոնք դատական պրոցեսներից հետո վերադարձել են համալսարան աշխատանքի։ Արամ Սիմոնյանը պնդեց, որ իր աշխատասենյակի կահույքը բավականին էժան է արժեցել և, որ ինքը շքեղությունների սիրահար չէ․ «Օրինակ՝ այս նոթբուքը 4 տարվա է, ռեկտորը շքեղությունների կարիք չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան