Լևոն Մնացականյանի հայտարարությունը՝ հուսահատության նշա՞ն

Լուրեր

12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում անվտանգության գոտին ընդլայնելու և ապրիլյան պատերազմի օրերին կորցրած տարածքները վերադարձնելու մասին ԼՂ ՊԲ ղեկավար Լևոն Մնացականյանի հայտարարությունն ավելի շատ հուսահատության նշան է: Իսկ նման ծրագրերի իրականացումը կարող է հանգեցնել մեծաթիվ քաղաքացիական զոհերի շփման գծի երկայնքով տեղակայված ադրբեջանական բնակավայրերում: Դա միջազգային հանրության կողմից կարող է գնահատվել որպես էթնիկական զտում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի ներկայացուցիչ Օլեսյա Վարդանյանը: Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ կողմերից յուրաքանչյուրից միջնորդներն ունեն որոշակի սպասումներ: Իսկ թե որոնք են այդ սպասումները և ինչ զարգացումներ են հնարավոր, կարդացեք հարցազրույցում:

 

 

-Մի քանի օր առաջ ԼՂ ՊԲ ղեկավարը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի, Ղարաբաղը կընդլայնի իր անվտանգության գոտին և կվերադարձնի ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած դիրքերը: Նկատենք, որ կորցրած դիրքերը վերադարձնելու մասին պաշտոնապես հայտարարվում է թերևս առաջին անգամ: Ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը:

-Սա շատ կարևոր հայտարարություն է, որը, ինչպես տեսնում ենք, հանդիսանում է տեղի ռազմական ղեկավարության ռազմավարության մասը: Նրանք հույս ունեն, որ հակառակորդի գրոհին ի պատասխան՝ կարող են լայնամասշտաբ հարձակում կազմակերպել շփման գծի երկայնքով և հսկողության տակ առնել նոր տարածքներ: Կարծում եմ՝ նրանք համարում են, որ նման ձևով կարող են ադրբեջանական կողմին ստիպել դադարեցնելու հայկական դիրքերի ուղղությամբ կանոնավոր կերպով գրոհելու հետագա փորձերը: Նաև մտածում են, որ դա իրենց առավելություն կտա բանակցությունների ժամանակ, քանի որ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, արդեն խոսք կգնա նախևառաջ այդ նոր գոտին վերադարձնելու անհրաժեշտության, հետո միայն այն տարածքները վերադարձնելու մասին, որոնք գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ 1990-ականների պատերազմի ավարտից հետո: Սակայն նման ծրագրերն ավելի շատ հուսահատության նշան են՝ հայկական կողմն այնքան է համակերպվել պատերազմի հեռանկարի հետ, որ պատրաստ է հրապարակավ հայտարարել ռազմական պլանավորման իր ներքին պատրաստությունների մասին, որպեսզի մի կողմից բարձրացնի սեփական բանակի ու հասարակության ոգին, մյուս կողմից՝ ինչ-որ առումով զգուշացնի Բաքվին, որ պատրաստ է ձեռնարկել քայլեր, որոնք կհանգեցնեն նշանակալի թվով զոհերի այդ տարածքներում ապրող քաղաքացիական անձանց շրջանում: Դա հաստատապես կդառնա լայնամասշտաբ պատերազմի պատճառ:

-Ապրիլից հետո ՀՀ նախագահը հայտարարեց, որ այդ հողերը ռազմավարական նշանակություն չունեն: Այսօր դրանք ձե՞ռք են բերել այդպիսի նշանակություն, թե՞ խնդիրը, այնուամենայնիվ, քաղաքական է:

-Ակնհայտորեն խոսքը տարբեր բաների մասին է: Եթե չեմ սխալվում, Հայաստանի նախագահն այդ հայտարարությունն արել էր Վիեննայի գագաթաժողովից վերադառնալիս: Նա խոսել էր այն երկու բարձունքների մասին, որոնք ադրբեջանական կողմի հսկողության տակ էին անցել ապերիլյան էսկալացիայից հետո: Ու հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ ճիշտ էր, քանի որ այդ կոնկրետ պահին այդ բարձունքները հետ նվաճելու փորձը կնշանակեր մեծ զոհերի գնով շարունակել ռազմական դիմակայությունը մի ժամանակահատվածում, երբ հույս կար, որ կհաջողվի իրավիճակը վերադարձնել խաղաղ հուն: Հիմա, կարծում եմ, խոսքը ներկա շփման գծի երկայնքով շատ ավելի մեծ տարածքի մասին է:

-Հայկական կողմը հայտարարում է նաև անվտանգության գոտին ընդլայնելու մասին: Իր վերջին զեկույցնում նաև Միջազգային ճգնաժամային խումբն էր գրել, որ հայկական կողմը կարող է խորանալ 15 կմ և նոր բուֆերային գոտի ստեղծել: Նոր անվտանգության գոտու ստեղծումն ի՞նչ կարող է նշանակել, նաև՝ փոխել:

-Կարծում եմ՝ կարևոր է հասկանալ, թե նման գործողություններ սկսելու փորձն անգամ ինչի կարող է հանգեցնել: Կենտրոնական և հարավ-արևելյան ուղղությունների շատ հատվածներում շփման գիծն ընդհուպ մոտենում է բնակավայրերի: Մեր զեկույցում նշվում է մարդկանց այն թիվը, ովքեր ապրում են այդ գծից այն կողմ՝ մոտ 300 000 մարդ շփման գծի երկայնքով՝ 15 կմ-ի սահմաններում, այսինքն՝ երկու անգամ ավելի շատ մարդ, քան նույն Ղարաբաղում բնակվողների թիվն է: Եթե հայկական կողմը մտադրվի գնդակոծել այդ գյուղերից թեկուզ մի քանիսը և սկսի տեխնիկա առաջ տանել, դա անպայման կհանգեցնի քաղաքացիական զոհերի: Եթե դա տևի թեկուզ մի կարճ ժամանակահատված, ապա, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այնպիսի մեծաթիվ զոհերի ու կորուստների, որ հայկական կողմի գործողությունները կարող են գնահատվել որպես էթնիկական զտում: Իսկ դա կարող է ոչ միայն հիմք դառնալ, որպեսզի Ադրբեջանը սանձազերծի լայնամասշտաբ պատերազմ, այլև կառաջացնի տարածաշրջանային գերտերությունների միջամտության խնդիր: Մեզ հետ հանդիպումների ժամանակ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները շատ կոնկերտ նշում էին, որ պատրաստ են միջամտել, եթե լինեն մեծաթիվ մարդկային զոհեր, ու կարևոր չէ, թե որ կողմից: Բացի այդ, նման գործողությունը կփակի մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի կարգավորման ցանկացած հեռանկար: Ավելին, դա կարող է լուրջ խնդիրներ ստեղծել նաև Հայաստանի համար, որի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է գնալ ծայրահեղ քայլի և ճանաչել Ղարաբաղը: Իսկ եթե լինեն էթնիկական զտումներ, այդ ճանաչումը կհանգեցնի Հայաստանի մեկուսացմանը, գուցե նաև էլ ավելի մեծ խնդիրների` միջազգային հանրության կողմից:

-Վերջին շրջանում Ադրբեջանի հռետորաբանությունը ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում: Պատերազմ սանձազերծելը կախված է միայն Ադրբեջանի՞ կամքից:

-Ապրիլյան լարվածությունից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները չեն թաքցնում, որ գնդակոծությունների թվի աճը միտված է քաղաքական նպատակներին հասնելուն: Այդ մասին նրանք ասել են նաև մեզ հետ հանդիպումների ժամանակ, և մենք մեր զեկույցում ներկայացնում ենք այդ մասով վերլուծություն: Բաքվի տեսլականն այն է, որ ուժի կիրառումն իր ձեռքին եղած միակ լծակն է, որպեսզի բանակցությունների ժամանակ հայկական կողմին ստիպի գնալ զիջումների:

-Քանի որ Ադրբեջանը վաղուց է վարում այդ մարտավարությունը, արդյո՞ք նրա այդ շանտաժներն այսօր գործում են: Ադրբեջանի այս քաղաքականության նկատմամբ միջազգային վերաբերմունքն ինչպիսի՞ն է:

-Կրակոցների թվի ցանկացած ավելացում առաջացնում է պատասխան կրակ, ինչն իր հերթին բերում է զոհերի` թե՛ զինվորների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում: Դա առաջին և ամենակարևոր հանգամանքն է, որին պետք է ուշադրություն դարձնել: Կարծում եմ՝ այդ ամենի հիմքում շատ ավելի խորը պրոբլեմ կա՝ հակառակորդների՝ միմյանց նկատմամբ վստահության և մտադրությունների ընկալման բացակայությունը: Ապրիլյան լարվածությունից հետո տեսնում ենք, որ կայունության ապահովման հարցը հայկական կողմի համար գլխավորն է: Ուստիև հարցը կարգավորելու համար հայկական կողմը փորձում է հասնել միջազգային դիտորդների ներկայության ընդլայնման և հետաքննող մեխանիզմների ներդրման: Ուժի միջոցով ճնշում գործադրելու ցանկացած փորձ բերում է հակառակ արդյունքի՝ հայկական կողմի էլ ավելի ռադիկալացման և պատային այս վիճակի խաղաղ կարգավորման հեռանկարներից էլ ավելի հեռացման:

-ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո նշվեց սեպտեմբերին Ալիև-Սարգսյան նոր հանդիպման հնարավորության մասին: Ըստ Ձեզ` այն կկայանա՞, և եթե այո` ապա ինչ կարող է տալ:

-Այդ հանդիպումը չափազանց կարևոր է: Ամենայն հավանականությամբ, այն ճակատագրական է լինելու, քանի որ հենց այդ ժամանակ պարզ կդառնա՝ առաջնորդները շարունակելո՞ւ են գնալ պատերազմի ուղով, թե, այնուամենայնիվ, ջանքեր կգործադրեն և կսկսեն աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հանդիպումը բարդ է լինելու երկու կողմի համար էլ, քանի որ նրանից յուրաքանչյուրից միջնորդներն ունեն որոշակի սպասումներ, իսկ բուն բանակցությունը տեղի է ունենալու մեծ պատերազմի վտանգի համապատկերին: Ադրբեջանական կողմից ակնկալում են, որ վերջնականապես կհամաձայնի միջազգային դիտորդների ներկայության ընդլայնմանը և հետաքննող մեխանիզմների ներդրմանը: Հայկական կողմին նույնպես անկյուն են հրել՝ Հայաստանի նախագահից ակնկալում են կոնկրետ պատասխան, թե երբ է սկսվելու խաղաղ համաձայնագրի իրականացումը, ինչը ենթադրում է տարածքների վերադարձ: Ակնհայտորեն Երևանը պատրաստ չէ նման լուրջ քայլի, որը կարող է հանգեցնել մեծ դիմադրության հայ հասարակության ներսում: Այս պատային վիճակը վաղուց է ստեղծվել, կողմերը բազմիցս են լսել միմյանց փաստարկները, ինչը կարող է ինչ-որ առումով նաև լավ լինել: Եթե գիտես, թե զրուցակիցդ ինչ է ասելու, կարող ես ավելի հստակ ջանքեր գործադրել՝ գտնելու փոխզիջումային որոշման բանաձևը, ինչն էլ օգնելու է դադարեցնել լարվածության աճը հակամարտության գոտում:

-Թեև կողմերը նշում են, որ բանակցություններին այլընտրանք չկա, բայց յուրաքանչյուրն ունի իր օրակարգը: Նման ձևով բանակցությունները դեռ որքա՞ն կարող են շարունակվել:

-Ճիշտ չեմ համարում այս օրերին հաճախ հնչող այն հայտարարությունը, որ կողմերն այսքան տարի բանակցում են, բայց ոչ մի բանի շուրջ չեն պայմանավորվել, ուստիև այդ հանդիպումների իմաստը չկա: Բանակցությունները միշտ իմաստ ունեն, առավել ևս հիմա: Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն ընթանում են արդեն երրորդ տասնամյակն անընդմեջ: Այդ երկարատև պրոցեսում եղել են ձախողումների ու հաջողությունների տարբեր փուլեր, երբ կողմերին, օրինակ, հաջողվել է լուծում գտնել հակամարտության կարգավորման թեկուզ և ոչ հիմնարար բանաձևի շուրջ, նաև կարգավորել հակամարտության գոտում ապրող մարդկանց կենցաղային խնդիրներն ու նրանց անվտանգության հարցերը:

Արփի Սահակյան