Կոշտ պատասխան Միքայել Մինասյանին կամ Ծառուկյանի վերադարձը խորհրդարան․ նոր ԱԺ-ի 5-րդ օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
18.01.2019 | 20:13Չնայած իշխանությունից հեռանալուն, արդեն երրորդ օրն է, ինչ նորընտիր խորհրդարանում քաղաքական քննարկումների հիմնական հերոսներից մեկը շարունակում է մնալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա այսօր նաև հարցազրույց է տվել, և հակառակ սպասումներին՝ Սերժ Սարգսյանի փեսան ոչ թե շնորհակալություն է հայտնում Արման Բաբաջանյանին՝ իրեն լավագույն դեսպաններից մեկն անվանելու համար, այլ քննադատում է ԱԺ ամբիոնից այս ելույթը․ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը մի օրում այսպես չի ապականվել և ձևախեղվել։ Արտերկրում դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք։ Դրանցից ամենախնդրահարույցը եղել է, թերևս, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը, ըստ ուկրաինացի դիվանագետների, տարիներ ի վեր զբաղված է եղել Հայաստանի դեսպանատան անվամբ պետհամարանիշեր ստանալով և տեղի հայ քրեականներին վաճառելով»։
Aysor․am կայքին տված հարցազրույցում Միքայել Մինասյանն ասել է, թե անկեծորեն ցավում է, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցին մտքեր ու տրվեցին որակումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ մեր արտաքին քաղաքական ընթացքի վրա։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը գիտի՝ ինչու է Միքայել Մինասյանը քննադատում․ «Կարող եմ ենթադրել՝ ինչ նկատի ունի Միքայել Մինասյանը գուցե իր կողմից նշանակված դիվանագետների մասին։ Դրանցից մեկը Ռուսաստանում դեռևս պաշտոնավարող Վարդան Տողանյանն է, որի անունը ես հնչեցրել եմ և խոսել այն խնդիրների մասին, որոնք շարունակում են առկա մնալ Ռուսաստանում։ Ցավում եմ այդ գնահատականի համար, որ Միքայել Մինասյանը նոր Հայաստանի իրողությունը չի կարողացել ընկալել»։
Արման Բաբաջանյանին ուղղված քննադատություններն այսքանով չեն ավարտվում։ Միքայել Մինասյանը վարկաբեկիչ է գնահատում պատգամավորի գնահատականներն ուղղված դիվանագետի ինստիտուտը։ «Եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք»,- Միքայել Մինասյանի այս խոսքին Արման Բաբաջանյանի պատասխանը կոշտ է․ «Վարկաբեկիչ են Միքայել Մինասյանի այս պաշտպանական մոտեցումները, որովհետև երկիրն Ավգյան ախոռի վերածած իշխանության մաս է կազմել նաև Միքայել Մինասյանը։ Նաև Ազգային ժողովի ուսերին է այդ Ավգյան ախոռները մաքրելու, երկիրը մաքուր տեսքի բերելու․․․»։
Սերժ Սարգսյանի փեսայի կարծիքով՝ ժողովուրդն այսօր ընդդիմություն չի ուզում։ Իսկ իրենց ընդդիմադիր հայտարարող «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» «Իմ քայլին» կից ուժեր են: «Ես նրա փորացավն էլ եմ հասկանում։ Ընդհանրապես, լուսանցք նետված քաղաքական գործիչներ, Հանրապետական կուսակցության նախկին գործիչներ իրար հերթ չտալով խոսում են ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» գործունեության մասին։ Մենք չենք հայտարարում մեզ ընդդիմություն, մենք այդպիսին ենք»,- ասում է պարոն Բաբաջանյանը։
Երկօրյա բացակայությունից հետո այսօր Ազգային ժողով էր եկել Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդն այս օրերին զբաղված է եղել տնտեսական հեղափոխության առաջին քայլերն անելով․ «Իտալիայից դելեգացիա ա եկել, նրանք ուզում են ներդրումներ անել։ Կերամիկայի արտադրության համար է, որ շրջանառությունը կատարում է 1 միլիարդ։ Նրանք նախնական պայմանավորվածություն ունեն 4 միլիոնի արտահանել ԱՄՆ»։
Արձագանքելով Մինասյանի քննադատությանը՝ ԲՀԿ առաջնորդը հավաստիացրեց՝ իրենք ընդդիմություն են և ոչ մի բան չի կարող իրենց կաշկանդել քննադատել․ «Եթե կոալիցիայի մեջ չես, իշխանության մեջ չես, ուրեմն ընդդիմություն ես, բայց մեկը ավելի ուժեղ՝ ես թունդ ընդդիմություն եմ, ես դա չեմ հասկանում։ Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու հետևողական, ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ աջակցելու ենք, որ պարոն Փաշինյանը իր ներկայացրած ծրագիրն իրականություն դարձնի»։
Մեր հիշեցմանը, որ պարոն Մինասյանն էլ է դա ասում՝ իրենք կից են «Իմ քայլին» և ընդդիմություն չեն, պարոն Ծառուկյանը պատասխանեց․ «Ուրեմն, ով ինչ ասում ա, իրա համար ա ասում։ Ես էստեղ անձնական, դու ուզում ես ասել, որ ես երկու բառ ասեմ, Ծառուկյանին հունից չեք կարող հանել»։
Հունվարի 15-ին ԱԺ ամբիոնից ելույթը հիրավի կարելի է որակել պատմական։ ԲՀԿ առաջնորդը 12 տարվա ընթացքում առաջին անգամ էր խոսում պետության թիվ 1 հարթակից։ Ի՞նչը Ծառուկյանին ստիպեց խախտել լռությունը․: «Ասեմ, միշտ էլ որևիցե մեկը չի կասկածել Ծառուկյանի մտքի, տեսակետի, ոլորտի վրա։ Այդ օրը որ նստած էինք մեր կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասեց՝ մենք կապ չունենք ԲՀԿ-ի հետ, ես ուզեցի ասել, որ մենք ընդհանրապես մեզ շատ ծանր ենք պահել պարոն Մարուքյան»,- ասաց պարոն Ծառուկյանը։
Լրագրողներն առիթն օգտագործում են ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից ճշտելու համար նրա տեսակետը Միքայել Մինասյանի մեկ այլ մտքի վերաբերյալ, թե եթե այս իշխանությունը ևս չկարողանա բավարարել հանրության լավ ապրելու պահանջմունքը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն։ Արարատ Միրզոյանը պատասխանում է․ «Ես ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում այժմ, այլ ուզում եմ նմանատիպ բոլոր պնդումների մասին ասել, որ տարիներ շարունակ Հայաստանում կար արդարության և սոցիալական իրավունքների խնդիր։ Եվ սա էր, որ հանգեցրեց հեղափոխության։ Այս իշխանությունները լուծել են իրենց թիվ 1 առաջնային խնդիրը՝ ազատ, արդար և արժանապատիվ իրականությունն այլևս իրականություն է»։
Արարատ Միզոյանը չբացառեց, որ կառավարությունն առաջին նստաշրջանում ԱԺ կբերի կառավարության կառուցվածքի վերաբերյալ նախագիծը։ Վերջնական որոշում դեռ չկա, բայց քիչ է հավանականությունը, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը ստանան նախարարության կարգավիճակ: «Ես լրջագույն քաղաքական սխալ կհամարեմ այս կառույցներին քաղաքական կարգավիճակ տալը և քաղաքականացնելը»,- ասում է պարոն Միրզոյանը։
Ըստ պարոն Միրզոյանի՝ դա չի նշանակում, որ այդ կառույցների ղեկավարները պիտի չգան խորհրդարան ու հաշվետու չլինեն օրենսդիրին։ Անելիքներ կան այդպիսի մեխանիզմներ մշակելու առումով։
Հավելենք, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն այս շաբաթ ընտրեց նախագահ ու փոխնախագահներ։ Ինչպես նաև այսօր ընտրվեցին 11 հանձնաժողովների նախագահները, 8 հանձնաժողով կղեկավարի «Իմ քայլը» դաշինքը, 2-ը՝ ԲՀԿ-ն, իսկ 1-ը՝ «Լուսավոր Հայաստանը»։
Ռոբերտ Անանյան