Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում մի քանի անգամ կշփվեն
Քաղաքականություն
18.11.2026 | 16:17
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ ) գագաթնաժողովի շրջանակում մի քանի անգամ կշփվեն։ Հնարավոր է՝ դա տեղի ունենա արդեն չորեքշաբթի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Ինտերֆաքսը։
«Որոշվել է, որ նրանք կհանդիպեն, կարող է լինել և այսօր երեկոյան՝ հանդիսավոր ճաշի ընթացքում, եթե այնտեղ հավաքվեն բոլոր առաջնորդները»,- ասել է նա։
Հարցին՝ արդյո՞ք երկու նախագահների միջև կկայանա լիարժեք երկկողմ հանդիպում, Ուշակովը պատասխանել է. «Առաջնորդները կհանդիպեն և, հավատացեք ինձ, նրանց միջև լիարժեք զրույց տեղի կունենա՝ անկախ նրանից՝ նրանք կնստեն բազկաթոռներին, աթոռներին, աթոռակներին, թե՞ պարզապես կանգնած կզրուցեն՝ նայելով միմյանց աչքերի մեջ։ Հանդիպումը կայանալու է։ Ավելին, կարծում եմ, որ մեր նախագահը և Միացյալ Նահանգների նախագահը ԱԽՏՀ-ի աշխատանքների ընթացքում մի քանի անգամ կշփվեն»։
Ուշակովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպմանը երկու երկրների պատվիրակությունների կազմը բավականին փոքր կլինի։
«Հստակ է, որ կազմը բավականին փոքր կլինի։ Մեծ պատվիրակություններ չեն լինի, եթե նկատի ունեք Պուտին-Թրամփ հանդիպումը»,- ասել է նա՝ երկու առաջնորդների հանդիպման ձևաչափի մասին հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը հանդիպում էր անցկացրել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

