Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է

Լուրեր

18.11.2026 | 17:53
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով ավելի քան երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
18.11.2026 | 17:45
Ուշադիր հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Թուրքիայի պաշտպանության նախարար
18.11.2026 | 17:38
«Մահը վրա է հասել պատգարակի վրա»․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:27
Դատաբժշկական փորձագետների խումբը պնդում է, որ Ջեֆրի Էփշթեյնի մահը սպանություն է
18.11.2026 | 17:21
«Եթե կոռուպցիոն շղթայի մաս եք, շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը՝ Մարիաննա Ղահրամանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 17:19
Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախկին նախագահն առաջադրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
18.11.2026 | 17:16
Ալբերտ Հովհաննիսյանի հայրն ու Ավինյանը միասին որոշել են՝ որտեղ է լինելու հերոսի հիշատակի անկյունը
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
18.11.2026 | 17:02
Գերմանիան աջակցում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին
18.11.2026 | 16:55
Մեկ կշեռք և մեկ սկաներ․ շաբաթներով հերթ են կանգնում․ Աբրահամյանը՝ հայ-իրանական սահմանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 16:54
Թրամփը ժամանել է Չինաստանում անցկացվող ԱԽՏՀ-ի ընդունելությանը․ նա ձեռքսեղմում է ունեցել Պուտինի հետ
18.11.2026 | 16:53
Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք բախվում են խտրականության և իրավունքների պաշտպանության համակարգային խնդիրների․ ՄԻՊ
18.11.2026 | 16:46
Բյուրականում շուրջ 52 հազար խմ տուֆի ապօրինի արդյունահանում է բացահայտվել․ շրջակա միջավայրին պատճառված վնասը՝ 3,5 մլն դրամ
18.11.2026 | 16:39
ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է դատի տալ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը
18.11.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Journal of Forensic and Legal Medicine ամսագրի գլխավոր խմբագիր Մայքլ Ֆրիմենի ղեկավարած փորձագետների խումբը կասկածի տակ է դրել ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի մահվան պաշտոնական եզրակացությունը, փոխանցում է Meduza-ն։

Մարդկանց սեռական շահագործման նպատակով թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով կալանավորված Էփշթեյնը մահացել է 2019 թվականի օգոստոսին՝ Նյու Յորքի բանտախցում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել, սակայն այժմ Ֆրիմենի գլխավորած փորձագետների խումբը հայտարարում է, որ նրան սպանել են։

Փորձագետները նման եզրակացության են հանգել նախկինում չհրապարակված լուսանկարների և դիահերձման նյութերի՝ մի քանի ամիս տևած ուսումնասիրությունից հետո։ Այդ նյութերը նրանց փոխանցել է Էփշթեյնի եղբայրը։

Հետազոտողները, մասնավորապես, հիմնվել են բանտի հսկիչ Մայքլ Թոմասի ցուցմունքների վրա, որն առաջինն էր հայտնաբերել Էփշթեյնի մարմինը։ Այդ ցուցմունքները տրվել են 2021 թվականին՝ ֆինանսիստի մահից ընդամենը երկու տարի անց, երբ Թոմասն ինքը հետաքննության տակ էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Նա ստորագրել էր կալանավորների գիշերային ստուգումների մասին արձանագրությունները, թեև այդ ստուգումներն իրականում չէին անցկացվել, այդ թվում՝ Էփշթեյնի մահվան գիշերը։ Այսպիսով, 2019 թվականին այդ տվյալները չէին կարող օգտագործվել նախնական փորձաքննության ժամանակ։

Ֆրիմենն ու նրա գործընկերները հանգել են եզրակացության, որ պաշտոնական հետաքննության ընթացքում անտեսվել են մի շարք կարևոր հանգամանքներ։

«Դատաբժշկական փորձագետի արձանագրած վնասվածքները չեն համապատասխանում ինքնասպանության միջոցով կախվելու պատկերին։ Իսկ այն վնասվածքները, որոնք կարելի էր բացատրել այլ հանգամանքներով, օրինակ՝ ֆիզիկական պայքարով կամ հարձակմամբ, պարզապես անտեսվել են»,- հայտարարել է Ֆրիմենը։

Իր տրամադրության տակ եղած լուսանկարների հիման վրա Ֆրիմենը ստեղծել է եռաչափ մոդել, որը ցույց է տվել, որ որոշ քերծվածքներ և վնասվածքներ՝ ինչպես պարանոցի, այնպես էլ մարմնի այլ հատվածների վրա, չեն համապատասխանում ինքնասպանության վարկածին։ Այսպես, Ֆրիմենի կարծիքով՝ Էփշթեյնի պարանոցի հորիզոնական հետքերը վկայում են այն մասին, որ ֆինանսիստին հետևից ինչ-որ առարկայով, հնարավոր է՝ պարանով, խեղդել են։ Էփշթեյնի մահից հետո արված բանտախցի լուսանկարներում պատռված նարնջագույն սավանների բազմաթիվ կտորների մեջ երևում է նաև հանգույցով կապված մի կտոր։ Ֆրիմենի կարծիքով՝ դա հաստատում է խեղդամահության վարկածը։

Ֆրիմենը նաև ուշադրություն է դարձրել Էփշթեյնի դեմքի և ձախ ուսի շրջանում բութ առարկայից ստացած վնասվածքներին, որոնք, նրա կարծիքով, վկայում են ֆիզիկական պայքարի մասին։

«Բացի այդ, օղապարանով առաջացած հետքերի վերևում նկատվում են եղունգների հետքերի նմանվող նշաններ։ Այս ամենը միասին լավագույնս բացատրվում է խեղդամահ անելու միջոցով սպանության վարկածով․ ինչ-որ մեկը հետևից հարձակվել է նրա վրա՝ որպես պարան օգտագործելով հանգույցով կապված կտորի նեղ շերտը»,- նշել է հետազոտողը։

Մայքլ Ֆրիմենը հայտարարել է, որ այս աշխատանքի արդյունքներով անձամբ իր համար այլևս կասկած չկա, որ մահը բռնի է եղել։

«Կարող եմ վստահորեն ասել՝ այստեղ առեղծված կա։ Ո՞վ է դա արել։ Ինչպե՞ս են նրանք դա իրականացրել։ Ի՞նչ է իրականում տեղի ունեցել։ Եվ մնացած բոլոր հանգամանքները, օրինակ՝ ինչո՞ւ էին տեսախցիկներն անջատված։ Այո՛, այս ամենն առեղծված է։ Իսկ արդյո՞ք դա ինքնասպանություն էր, այստեղ ոչ մի առեղծված չկա»,- ասել է նա։

Ֆրիմենը խոստովանել է, որ գիտական ամսագրերից մեկը հրաժարվել է հրապարակել իր զեկույցը, քանի որ, նրա խոսքով, անտեղի է համարել քննադատել կոնկրետ դատաբժշկական փորձաքննության պաշտոնական եզրակացությունները։ Մասնագետի խոսքով՝ նա մտադիր է կրկին առաջարկել իր հոդվածը գիտական ամսագրում հրապարակելու համար։

Էփշթեյնը մահացել է 2019 թվականի օգոստոսին։ Դրանից մեկ ամիս առաջ նա ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն այդ ժամանակ նրան հաջողվել էր փրկել։ Ֆինանսիստի մոտ հայտնաբերվել էր գրություն, որը պաշտոնապես հրապարակվել է 2026 թվականին։

Պաշտոնական հետմահու դատաբժշկական փորձաքննությունն իրականացրել է Նյու Յորքի գլխավոր դատաբժշկական փորձագետի գրասենյակի մասնագետ Քրիստին Ռոմանը։ Նա նշել էր, որ մարմնի վրա պայքարի կամ կապտուկների որևէ հետք չի հայտնաբերվել, իսկ եղունգների տակ օտար մասնիկներ չեն եղել։ Ավելի ուշ նա ցուցմունք էր տվել, որ ինքնասպանության վարկածի վերաբերյալ կասկածներ չունի։

Այս եզրակացություններն ավելի վաղ արդեն կասկածի տակ էին դրվել որոշ փորձագետների կողմից։ Սակայն 2025 թվականի հուլիսին ՀԴԲ-ն հետաքննության արդյունքներով հաստատել էր, որ Էփշթեյնն ինքնասպանություն է գործել։ Գերատեսչությունն ընդգծել էր, որ այդ եզրակացությունը համապատասխանում է դիահերձման արդյունքներին, դատախազության դիրքորոշմանը, ինչպես նաև ԱՄՆ Արդարադատության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցին։

2026 թվականին The New York Times-ը հրապարակել էր ծավալուն հետաքննություն՝ ուսումնասիրելով Էփշթեյնի գործին վերաբերող հազարավոր փաստաթղթեր, ինչպես նաև բանտում նրա կատարած անձնական գրառումները։ Լրատվամիջոցը  եզրակացրել էր, որ առկա էին նշաններ, որոնք վկայում էին ֆինանսիստի՝ ինքնասպանություն գործելու մտադրության մասին։ NYT-ի հետ զրուցած դատաբժշկական փորձագետները «գրեթե միակարծիք էին այն հարցում, որ միայն բժշկական տվյալների հիման վրա հնարավոր չէ միանշանակ պարզել՝ դա սպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանություն»։

Նյու Յորքի գլխավոր դատաբժշկական փորձագետի գրասենյակն իր պաշտոնական հայտարարությամբ արդեն հայտնել է, որ «հավատարիմ է մնում իր նախնական եզրակացությանը»՝ Էփշթեյնն ինքնասպանություն է գործել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի