«Ազիմուտ»-ի ինքնաթիռը ռումբի մասին հաղորդումից հետո վայրէջք է կատարել Անթալիայում
Քաղաքականություն
18.11.2026 | 17:10
«Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Միներալնիե Վոդիից ուղևորվում էր Անթալիա, և որի անձնակազմից, ենթադրաբար, հաղորդում է ստացվել ինքնաթիռում տեղադրված պայթուցիկ սարքի մասին, վայրէջք է կատարել նշանակման վայրում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիադիսպետչերական ծառայությունների աղբյուրը։
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Անթալիայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա չի հստակեցրել ինքնաթիռում տեղադրված պայթուցիկ սարքի մասին ազդանշանի վերաբերյալ տեղեկությունը, որի մասին ավելի վաղ հայտնել էր քաղաքացիական ավիացիայի նորությունների հարցում մասնագիտացած թուրքական HavaSosyalMedya պորտալը։
Աղբյուրի տվյալներով՝ ազդանշանը ստանալուց հետո համապատասխան ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Ինքնաթիռի՝ Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո այն տեղափոխվել անվտանգ գոտի, որտեղ անվտանգության ծառայության աշխատակիցները պետք է անհրաժեշտ ստուգումներ իրականացնեն։
Ռուսական լրատվամիջոցները, իրենց հերթին, հայտնում են, որ Անթալիայում ավարտվել է «Ազիմուտ» ավիաընկերության ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռի ստուգումը՝ օդանավում ռումբ տեղադրված լինելու մասին հաղորդումից հետո։ Մասնագետները պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել, հայտնում է SHOT-ն իր տելեգրամ ալիքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

