Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին:
02.11.2026 | 19:12
Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները՝ Patriot համակարգերի հրթիռների դիմաց․ Զելենսկի
02.11.2026 | 19:00
Քրեական հանցագործություն է կատարվել․ սպառնացել են՝ մեզ ստիպելու, որ չառաջադրվենք Իջևանի ընտրություններում․ Լևոն Վարդապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 18:49
36 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում
02.11.2026 | 18:39
Հաքերները կրկին հարձակվել են Եվրոպայի սուպերմարկետների սառնարանային համակարգերի վրա․ 4 երկիր է տուժել
02.11.2026 | 18:24
Երևանում կայացել է վոլեյբոլի Եվրոպայի Մ-20 առաջնության որակավորման փուլը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
02.11.2026 | 18:19
Երեք մարզում ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են արձանագրվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 146 մլն դրամի վնաս
02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
Բոլորը

Խորհրդարանում ծեծկռտուքից 4 օր անց քրեական վարույթ դեռ չի նախաձեռնվել։ Գլխավոր Դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա, իսկ քննչական կոմիտեից փոխանցում են, որ միջադեպի վերաբերյալ հաղորդում չեն ստացել։ Դատախազությունը չի՞ ուսումնասիրել ուղիղ եթերում հեռարձակված ծեծկռտուքի տեսագրությունը․ իրավապահ այս կառույցը հարցին ի պատասխան հորդորում է գրավոր դիմել։

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանն ասում է՝ իրենք իրավապահներին դիմելու մտադրություն չունեն՝ ընդգծելով, որ միջադեպին իրավական գնահատական պետք է տան իրավասու մարմինները՝ անկախ որևէ հաղորդման առկայությունից։

«Պատկերացրեք՝ Ազգային ժողովի շենքից դուրս ձեր լրատվամիջոցը ուղիղ եթերով լուսաբանելիս լիներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող մի իրավիճակ, որտեղ կան մի քանի իշխանական պատգամավորներ և մի քանի այլ անձինք, և այնտեղ կա միջադեպ, ֆիզիկական ներգործություն կամ բախում, վստահ եղեք, առանց որևէ դիմումի, առանց որևէ մի երևույթի քրեական վարույթը հարուցված էր։ Հիմա ինչո՞ւ է այդպես լինում կամ այլ կերպ, հետևությունները թողնում եմ մեր հայրենակիցներին»,- ասում է Վարդևանյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի կարծիքով՝ ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ դատախազությունը շահագրգռված չէ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին իրավական պատասխանատվության ենթարկել։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականից ի վեր եղել են նման իրավիճակներ, և երբ նույնիսկ ընդդիմության ներկայացուցիչը դատախազություն դիմում էր ներկայացրել X իրավիճակի վերաբերյալ, դա ընթացք չի ստացել և որևէ հետևանք չի ունեցել։ Այսինքն՝ այստեղ դատախազությունը շահագրգռված չէ, որպեսզի իրական պրոցեսներ տեղի ունենան, որովհետև դրա արդյունքում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները պետք է կրեն իրավական պատասխանատվություն, ինչը, բնականաբար, նրանք չեն անի»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Աննա Գրիգորյանը հիշեցնում է՝ 2025 թվականի հուլիսի 8-ին խորհրդարանի հերթական ծեծկռտուքը տեղի էր ունեցել հենց Գլխավոր դատախազի աչքի առաջ։ Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ Վարդապետյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպը իրավական հետևանքներ չունեցավ։

Քրեական վարույթ չնախաձեռնելն արդյոք կապ ունի՞ ծեծկռտուքից ժամեր անց Փաշինյանի կողմից ՔՊ խմբակցությանն աջակցող հայտարարության հետ․ Արամ Վարդևանյանի կարծիքով՝ այո։

«Չի կարող լինել այդպիսի բան, երբ գործադիր իշխանության ղեկավարը աջակցի որևէ մի ֆիզիկական ներգործություն կամ բռնություն ենթադրող իրավիճակի։ Բայց այո, Հայաստանում դա տեղի ունեցավ»,- նշում է Վարդևանյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի կարծիքով ՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը քաղաքական գործընթացի մաս էր։
«Իրավական գնահատականի անհրաժեշտություն տեսնողները կարող են անձամբ դիմել»,- ասում է նա։

Աննա Գրիգորյանը հակադարձում է՝ ամեն ինչ հրապարակային է եղել։

«Այսինքն ես ինչ-որ մեկին պետք է գրե՞մ, ասե՞մ՝ տեսեք, թե ինչպես է ԱԺ փոխխոսնակը աթոռը բարձրացնում, շպրտում պատգամավորների ուղղությամբ, դա չեն տեսե՞լ։ Եթե այդտեղ իրավական խնդիր չեն տեսնում, ես պետք է գրեմ, որ իրենք տեսնե՞ն»,- հարցնում է Գրիգորյանը։

Իշխանական պատգամավորը համոզված է, որ Փաշինյանի հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունեցել վարույթ չնախաձեռնելու փաստի վրա, այդ դեպքում ի՞նչն է խանգարում իրավապահներին՝ հետաքրքրվեցինք նրանից։

«Դատախազին պետք է հարցնեք, ես ո՞նց պատասխանեմ, թե ինչն է խանգարում։ Ես ե՞մ հարուցողը, հետապնդողը, քննողը»,- նշում է Վոլոդյա Հակոբյանը։

Ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները պնդում են՝ ԱԺ-ից դուրս ՔՊ խմբակցության հետ հաղորդում չներկայացնելու վերաբերյալ կուլիսային որևէ պայամանավորվածություն չի եղել։ Վոլոդյա Հակոբյանը ևս բացառում է սա։

Անդրադառնալով էթիկայի հանձնաժողովում միջադեպը քննելու հնարավորությանը՝ ՔՊ խմբակցության քարտուղարն ասում է՝ հանձնաժողովը դիմումի հիման վրա է քննում, և եթե ընդդիմությունը նման անհրաժեշտություն տեսնում է, կարող է դիմել, իսկ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցություններից ասում են՝ Էթիկայի հանձնաժողով չեն դիմի, քանի որ օբյեկտիվ քննություն չեն սպասում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որ նման իրավիճակներից հետո հիմնականում դիմում է իրավապահներին, այս անգամ իմաստ չի տեսնում։

«Անհնար է քրեական պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությանը, նույնիսկ դատախազությունը ուզենա էլ չի կարող։ Դատախազը չի կարող գնալ Ազգային ժողով, ասել՝ հարգելի 105 պատգամավորներ, խնդրում եմ կողմ քվեարկեք, որ ձեզանից մեծամասնությանն անձեռնմխելիությունից զրկեմ»,- բացատրում է Իոաննիսյանը։

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծում է՝ առնվազն մի քանի հոդվածներով պետք է քրեական վարույթ նախաձեռնվի, հակառակ դեպքում՝ դա կարող է վատ նախադեպ լինել։ Նրա խոսքով՝ հենց քննությամբ պիտի պարզվի՝ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

«Բոլոր տեսակի ծեծկռտուքները ապաքրեականացվում են, տրամաբանությունը դա է»,- ասում է Բարսեղյանը։

Չնայած Փաշինյանի՝ ՔՊ-ին անվերապահ աջակցությանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտել է պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը՝ հայտարարելով, որ այն պետք է օրենքով սահմանված կարգով դառնա պատշաճ քննության առարկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան