Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.10.2026 | 16:12Ազգային ժողովում անհետ կորածների հարազատների հետ հանդիպման ընթացքում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Տաթևիկ Սողոյանը ներկայացրեց անհետ կորածների ճակատագրերի պարզման, ՄԻԵԴ-ում միջպետական գանգատների և ԴՆԹ փորձաքննությունների հետ կապված խնդիրները։
Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ՝ ներկայումս տարբեր դիահերձարաններում արդեն 6-րդ տարին է գտնվում շուրջ 80 նույնականացված մարմին ու մասունք, որոնք ծնողները հրաժարվում են ընդունել՝ չվստահելով պետական փորձաքննությունների արդյունքներին։
«Պատերազմից հետո համակարգը պատրաստ չէր այդ ծավալի աշխատանքների։ Մասունքները մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել, և ոչ ոք չգիտի, թե այդ մի պարկի մեջ քանի հոգու մասունք կարող էր լինել։ Կարող է այդ պարկից մեկ մասունք հանվել է, նույնականացվել, հուղարկավորվել, իսկ մյուս մասունքները չեն անցել նույնականացում, բայց գուցե այդ պարկում նաև ուրիշ զինվորի մասունքներ կային»,-ասաց Սողոյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շրջանակներում միջպետական գանգատներից հրաժարվելու Կառավարության մտադրությանը՝ Տաթևիկ Սողոյանը հայտնեց, որ անձամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ «Գրել եմ ՄԻԵԴ-ին՝ ասելով, որ խախտվել է իմ ընտանիքի իրավունքը, և Կառավարությունն իրավունք չունի իմ փոխարեն որոշել՝ ես ուզում եմ դադարեցնել իրավական ճանապարհով փնտրտուքը, թե ոչ։ ՄԻԵԴ Մեծ պալատը առանձին որոշում կհրապարակի այն մասին, թե արդյոք թույլատրելի կլինի, եթե Կառավարությունը հարազատների փոխարեն հրաժարվի միջպետական գանգատներից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

