«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդարանում հոկտեմբերի 7-ի ուշ երեկոյան քննարկվեց «Ալի Քերիմլիի, Անար Մամեդլիի և Ադրբեջանում մյուս քաղբանտարկյալների գործերը» բանաձևի նախագիծը, որի քվեարկությունը նախատեսվում է այսօր։ Այն պահանջում է ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում՝ հայ պահվող անձանց։

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը կոչ արեց Եվրահանձնաժողովին Ադրբեջանի ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ պահանջել բոլոր քաղբանտարկյալների, այդ թվում՝ հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Ադրբեջանում Ալի Քերիմլիի, Անար Մամադլիի և այլ քաղբանտարկյալների գործերի վերաբերյալ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորը հայտարարեց, որ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ մոտեցումը պետք է լինի սկզբունքային և կշռադատված, իսկ եվրոպական արժեքները՝ տնտեսական շահերից վեր։

Լեքսմանը հիշեցրեց, որ բռնաճնշումները թիրախավորում են նաև օտարերկրյա քաղաքացիներին։

«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում և ենթարկվում շինծու դատավարությունների։ Ահա թե ինչու ԵՄ-ն պետք է Ադրբեջանի նկատմամբ որդեգրի սկզբունքային և կշռադատված մոտեցում ու պաշտպանի մեր արժեքները՝ դրանք վեր դասելով տնտեսական շահերից»,- ասաց նա։
Պատգամավորը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլիի և իրավապաշտպան Անար Մամադլիի հետապնդումները բնութագրեց որպես Ալիևի վարչակարգի «դաժան, ամբողջատիրական բնույթի» հերթական վկայություն։

«Ինչպիսի՜ ցինիզմ»․ Մարինա Մեզյուր

Եվրախորհրդարանի պատգամավոր, բանաձևի նախագծի համահեղինակ Մարինա Մեզյուրն իր ելույթում կոչ արեց Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունները պայմանավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խստիվ պահպանմամբ՝ հայտարարելով, որ իրավիճակը դատապարտող բանաձևերն այլևս բավարար չեն։

«Արդեն մի քանի ամիս է՝ մենք մեկը մյուսի հետևից բանաձևեր ենք ընդունում՝ իրավացիորեն դատապարտելով Ադրբեջանում քաղաքական իրավիճակը, սակայն մեր խոսքերին գործեր չեն հաջորդում։

Մինչդեռ տեղում իրավիճակն իսկապես հրատապ է։ Այն առաջին հերթին հարվածում է քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին, քաղաքական ընդդիմախոսներին, որոնց բոլորին ճնշում է Ալիևի ավտորիտար վարչակարգը։ Այն հարվածում է նաև Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներին, որոնք շինծու դատավարություններից հետո շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում»,- հայտարարեց նա։

«Բայց կոնկրետ ի՞նչ է անում Եվրամիությունը»,- հռետորական հարց բարձրացրեց պատգամավորն ու պատասխանեց․ «Մի ձեռքով Բաքվի հետ գործընկերության նոր համաձայնագիր է ստորագրում, մյուսով՝ Եվրամիության մեր ներկայացուցիչներին ուղարկում է ուղեկցվող շրջայցի Լեռնային Ղարաբաղ, որը 2023 թվականի էթնիկ զտումներից հետո զրկվել է իր բնակչությունից։ Ինչպիսի՜ ցինիզմ»։

Մեզյուրը պահանջեց ադրբեջանցի բոլոր քաղբանտարկյալների, ինչպես նաև ապօրինի պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։

Պատգամավորի խոսքով՝ ժամանակն է Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները պայմանավորել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խստիվ պահպանմամբ։

«Եթե մենք դա չանենք, Եվրամիությունը կկորցնի իր վստահելիության այն մնացորդը, որը դեռ ունի», – ասաց Մարինա Մեզյուրը։

Եվրախորհրդարանի պատգամավորը դիմեց Ալիևին

«Ադրբեջանը կարող էր ուրախանալ տարածաշրջանում իր միջազգային դիրքերի ամրապնդմամբ և շրջվել դեպի եվրոպական արժեքները։ Փոխարենը՝ այն շարունակում է պատերազմ վարել սեփական քաղաքացիների դեմ», — Եվրախորհրդարանի ամբիոնից հայտարարեց պատգամավոր, բանաձևի նախագծի համահեղինակ Լյուդաս Մաժիլիսը։

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերին իրավապաշտպան Անար Մամադլին ակնհայտորեն թերի դատավարությունից հետո դատապարտվել է տասներեք տարվա ազատազրկման։ Ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլին ճաղերի հետևում սպասում է դատավարությանը․ նա մեղադրվում է պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի մեջ։

«Ուստի՝ դիմում եմ անմիջապես Ձեզ․ նախագա՛հ Ալիև, ազատ արձակեք քաղբանտարկյալներին։ Կարիք չկա նրանց նկատմամբ ուժ ցուցադրելու։ Ձեր երկիրը հարուստ է էներգետիկ պաշարներով, տարածաշրջանում նրա աշխարհաքաղաքական նշանակությունն աճել է, իսկ հարևանների հետ ակտիվ պատերազմ այլևս չի ընթանում։

Այսօր իրական քաղաքական ուժի դրսևորում կլիներ ցույց տալը, որ Ադրբեջանը չի վախենում խոսքի ազատությունից և պատրաստ է վերադառնալ մարդու իրավունքների ոլորտում իր եվրոպական պարտավորություններին ու բաց քաղաքական մրցակցության սկզբունքներին», – հայտարարեց նա։

ԵՄ-ն կոչ է անում Երևանին ու Բաքվին լուծել մարդասիրական հարցերը

Եվրահանձնաժողովի անդամ Ջեսիկա Ռոսվալը հայտարարեց, որ ԵՄ-ն կարևորում է Ադրբեջանի հետ գործընկերությունը, սակայն մարդու իրավունքների հարգումը պետք է մնա այդ երկրի հետ հարաբերությունների առանցքում։

Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ քննարկման ժամանակ Ռոսվալն ասաց, որ ԵՄ-ն մեծ մտահոգությամբ հետևում է ընդդիմադիր գործիչ Ալի Քերիմլիի շարունակվող կալանքին, այդ թվում՝ նրա պահման պայմանների վատթարացման մասին հաղորդումներին, ինչպես նաև իրավապաշտպան Անար Մամադլիի նկատմամբ վերջերս կայացված 13 տարվա ազատազրկման դատավճռին։

Նրա խոսքով՝ այս գործերը տեղի են ունենում 2023 թվականի վերջից սկսված ձերբակալությունների և դատապարտումների ալիքի ֆոնին, որը թիրախավորում է լրագրողներին, իրավապաշտպաններին և իշխանություններին քննադատող այլ ակտիվիստների։

«Ոչ ոք չպետք է քրեական հետապնդման ենթարկվի իր հիմնարար իրավունքներն իրացնելու համար», – հայտարարեց Ռոսվալը։

Միաժամանակ, նա ընդգծեց Ադրբեջանի՝ որպես ԵՄ գործընկերոջ և Եվրոպայի ու Ասիայի միջև առանցքային կապող օղակի նշանակությունը։ Ըստ Ռոսվալի՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում այդ երկրի ռազմավարական կարևորությունն ավելի ակնհայտ է դարձել, քանի որ պատերազմը շարունակում է ազդել տարածաշրջանի էներգետիկ, տրանսպորտային և տարանցիկ ուղիների վրա։

Հանձնաժողովի անդամը ողջունեց Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը։

«Երկու կողմերն էլ վստահության ամրապնդման կարևոր քայլեր են ձեռնարկել, մասնավորապես՝ այս տարվա սկզբին Ադրբեջանի կողմից չորս հայերի ազատ արձակումը։ Մենք կողմերին խրախուսում ենք իրենց երկկողմ երկխոսության շրջանակում լուծել մնացած բոլոր մարդասիրական հարցերը»,-ասաց նա։

Ռոսվալի խոսքով՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ և փոխվստահության վրա հիմնված գործընկերությունը ԵՄ-ին ավելի մեծ հնարավորություն է տալիս երկխոսության միջոցով անդրադառնալ բարդ հարցերին։ Նա նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է Ադրբեջանի կառավարությանը կոչ անել կատարել իր միջազգային պարտավորությունները՝ խոսքի և միավորումների ազատության, պատշաճ իրավական ընթացակարգերի ու արդար դատաքննության իրավունքի առնչությամբ։

Նա նաև հայտնեց, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը մայիսին Բաքու կատարած այցի ընթացքում բարձրաձայնել է մարդու իրավունքներին առնչվող անհատական գործեր։ Բաքվում ԵՄ պատվիրակությունը, ըստ Ռոսվալի, շարունակում է այդ հարցերը բարձրացնել Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում։

«Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները հիմնված են սկզբունքների վրա, որոնց երկու կողմերն էլ համաձայնել են․ առաջին հերթին՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարգումը», -ասաց Եվրահանձնաժողովի անդամը։

Ադրբեջանում Ալի Քերիմլիի, Անար Մամադլիի և այլ քաղբանտարկյալների գործերի վերաբերյալ բանաձևի նախագծի քվեարկությունը նախատեսված է այսօր՝ հոկտեմբերի 8-ին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել-Ստրասբուրգ