Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ՝ 26 սենատորներ  և Ներկայացուցիչների պալատի 75 անդամներ, կոչ են արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը՝ մատնանշելով Բաքվի կողմից ապօրինաբար ձերբակալված հայ բանտարկյալների նկատմամբ կայացված դատավճիռները, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակվող ռազմական օկուպացիան։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) աջակցությամբ ներկայացված երկպալատ և երկկուսակցական նամակը ստորագրել են սենատորներ Գարի Փիթերսը (Դեմոկրատական կուսակցություն, Միչիգան) և Ադամ Շիֆը (Դեմոկրատական կուսակցություն, Կալիֆոռնիա), ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի անդամներ Գաս Բիլիրակիսը (Հանրապետական կուսակցություն, Ֆլորիդա) և Ֆրենկ Փալոնեն (Դեմոկրատական կուսակցություն, Նյու Ջերսի)։ Նամակին աջակցել են նաև Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի մի շարք հանձնաժողովների ու ենթահանձնաժողովների ղեկավարներ։

Նամակը վերաբերում է Թրամփի վարչակազմի՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի (FREEDOM Support Act) 907-րդ բաժնի գործողության կասեցումը երկարաձգելու որոշմանը, որով  թույլատրվում է ԱՄՆ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։

Նախագահ Թրամփն առաջին անգամ 907-րդ բաժնի կիրառումը կասեցրել էր 2025 թվականի օգոստոսին՝ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովից հետո։ 2026 թվականի հուլիսին նա Կոնգրեսին տեղեկացրել էր այդ կասեցումը երկարաձգելու մտադրության մասին։

«ԱՄՆ Կոնգրեսն իր խոսքն ասել է՝ երկկուսակցական և երկպալատ հիմունքներով։ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ճնշող մեծամասնությամբ՝ ձայների 44 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ քվեարկությունից հետո, որով պահանջվել էր Ադրբեջանից ազատ արձակել հայ պատանդներին, այսօր ավելի քան 25 նահանգ ներկայացնող շուրջ 100 օրենսդիրներ կոչ են արել Թրամփի վարչակազմին կիրառել 907-րդ բաժինը և դադարեցնել նավթով հարուստ Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից զենքի և օգնության տրամադրումը»,- հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի  գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Նա նշել է, որ Թրամփի կողմից 907-րդ բաժնով սահմանված՝ Բաքվին ԱՄՆ-ի զենքի և օգնության տրամադրման սահմանափակումներից հրաժարումը հետ է մղում խաղաղության հաստատման գործընթացը՝ Իլհամ Ալիևին ավելի համարձակ դարձնելով հայ պատանդների նկատմամբ իր վերաբերմունքը շարունակելու, քրիստոնեական եկեղեցիները ոչնչացնելու, հայկական տարածքներն օկուպացնելու և փախստականների՝ իրենց բնիկ՝ Արցախի հայրենիք անվտանգ, հավաքական և պաշտպանված վերադարձը թույլ չտալու հարցում։

«Ակնհայտ է, որ 907-րդ բաժնի կիրառումը կասեցնելու որոշումը չի դրդել Ադրբեջանին քայլեր ձեռնարկել ռազմագերիների ազատ արձակման ապահովման ուղղությամբ։ Արդյունքում մենք մտահոգված ենք, որ Ադրբեջանի անհետևողական վարքագիծը վտանգում է տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղության հաստատման հեռանկարը, և որ 907-րդ բաժնի կիրառման շարունակական կասեցումն՝ առանց այս մտահոգությունների հասցեագրման պարտավորության, միայն ավելի կխրախուսի ապակայունացնող գործողությունները»,- նշում են ԱՄՆ օրենսդիրները պետքարտուղար Ռուբիոյին ուղղված նամակում։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 5-ի նամակում օրենսդիրները նաև անդրադառնում են Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների ոչնչացմանը, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում երկու տաճարների քանդմանը, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին իրականացված ապօրինի ներխուժումներից հետո Ադրբեջանի զինված ուժերի՝ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքի մոտ 241 քառակուսի կիլոմետրի վրա հաստատված ռազմական ներկայությանը։ Նրանք նշում են, որ Հայաստանը 2024 թվականի մայիսին Ադրբեջանին է վերադարձրել չորս ադրբեջանական անկլավային գյուղեր, մինչդեռ Բաքուն իր հերթին չի կատարել համարժեք քայլ՝ իր ուժերը դուրս բերելով այդ տարածքներից։

ANCA-ն նշում է, որ FREEDOM Support Act-ի 907-րդ բաժինն արգելում է Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից օգնության տրամադրումը, քանի դեռ վերջինս չի ձեռնարկել փաստացիորեն հաստատվող քայլեր՝ դադարեցնելու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի կիրառման այլ հարձակողական գործողությունները։ 2002 թվականին Կոնգրեսը նախագահին տրամադրել է այդ սահմանափակումը տարեկան կտրվածքով կասեցնելու իրավասություն։ Այդ իրավասությունն ամեն տարի կիրառվել է մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը կիրառել է սահմանափակումը՝ Արցախի ցեղասպանական էթնիկ զտումից և երկկուսակցական շարունակական ճնշումից հետո, այդ թվում՝ Սենատի կողմից Հայերի պաշտպանության մասին օրենքի (S. 3000) միաձայն ընդունումից հետո։ Օրինագիծը համատեղ ներկայացրել էին այն ժամանակվա սենատոր Մարկո Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։

Նոր նամակը ստորագրողները ԱՄՆ վարչակազմին կոչ են անում զերծ մնալ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուց, քանի դեռ Ադրբեջանը չի ձեռնարկել էական քայլեր՝ հայ բանտարկայլներին ազատ արձակելու, հայկական մշակութային ժառանգությունը հետագա ոչնչացումից պաշտպանելու և իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի