Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է․ արդյո՞ք սուտ մատնության ենթադրյալ դեպքի առթիվ քննություն իրականացվում է

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

«Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով: Սակայն այս սուտը բացահայտվեց»,- գրել է Մարինե Ֆարմանյանը։

Փաստաբանի խոսքով՝ շուրջ 10 ամիս քննություն կատարելով՝ նախաքննական մարմինը ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը նշված անձանց գումարներն ամբողջությամբ վճարել են:

Ըստ փաստաբանի՝ Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ կապված խնդիր ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել։ Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:

Փաստաբանը հիշեցնում է, որ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, իսկ նրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:

Փաստաբանն իր հրապարակմանը կցել է նաև դատախազի որոշումը։ Դրանում, մասնավորապես, նշվում է․

«Եզրակացնում եմ, որ թիվ 58200126 քրեական վարույթով Նաիրա Սեյրանի Ալավերդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքի փաստական հիմքը նախաքննության հետագա ընթացքում չի հաստատվել: Վարույթի նյութերի համադրումը ոչ միայն չի տալիս ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որով հնարավոր կլիներ հիմնավորել Նաիրա Ալավերդյանի կողմից վստահված գույքի հափշտակությունը, այլև փաստական տվյալներով հերքում է մեղադրանքի առանցքային նախադրյալը՝ Արամայիս Թախմազյանին համապատասխան գումարները չտրամադրելու մասին պնդումը:

Արամայիս Թախմազյանի հաշվին ուղղակի եկեղեցական կառույցներից փաստացի փոխանցված 5.094.870 ՀՀ դրամը, հոգևոր և քրեակատարողական ծառայությունների նշանակություններով լրացուցիչ 1.782.500 ՀՀ դրամի մուտքերը, հաշվի ընդհանուր 8.681.953,16 ՀՀ դրամ մուտքային շարժը, բանկային քարտի և հաշվի բացառիկ տնօրինման վերաբերյալ վկայի ցուցմունքը, նախկին ցուցմունքի պատճառաբանված ճշտումը, ինչպես նաև Հռիփսիմե Խաչատրյանի ցուցմունքով հաստատված՝ ընտանիքի ներսում փոխադարձ համաձայնությամբ գումարի ստացման փաստացի մեխանիզմը միասին վերցված բացառում են մեղադրանքի հիմքում դրված փաստական շղթան այն տեսքով, որով այն ներկայացվել է Նաիրա Ալավերդյանին:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 196-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Թիվ 58200126 քրեական վարույթի նյութերով հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը բավարարել և մեղադրյալ Նաիրա Սեյրանի Ալավերդյանի (ծնված` 12.08.1967 թվականին, ՀԾՀ 6208670411, հաշվառված՝ Երևան, Գ.Նժդեհի փողոց 10-րդ շենք 11-րդ բնակարան հասցեում, նախկինում չդատված) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այն է` չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Հավելենք, որ Քրեական օրենսգրքով սուտ մատնություն կատարելը քրեականացված է։ Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի համաձայն՝

Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը`պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել՝ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո քննություն կատարվո՞ւմ է արդյոք նրա դեմ սուտ մատնություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ գործի նախաքննությունը շարունակվում է՝ այլ մանրամասներ չնշելով։

 

Արաքս Մամուլյան