Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները

Լուրեր

03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
Բոլորը

Նոր գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 64 մանդատ ունի․ իշխանական պատգամավորներից շատերին հանրությունը ճանաչում է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից, սակայն կան նաև այնպիսիք, որոնց համար պատգամավորական մանդատն առաջին բարձր պետական պաշտոն է, մինչ այս աշխատել են համայնքային, պետական կառույցներում կամ կրթական հաստատություններում։ Ովքե՞ր են նրանք․ Factor TV-ն ներկայացնում է իշխող խմբակցության նորեկներին։  Նորեկների թվում են վարչապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին մարզպետ, համայնքի ղեկավարներ, ավագանու անդամներ, դպրոցի տնօրեն, դասախոս և լրագրող։

Կառավարության շենքից՝ խորհրդարան

Ամենահայտնի նոր պատգամավորներից մեկը Արայիկ Հարությունյանն է։ 2018 թվականի հեղափոխությունից հետո նա նշանակվեց կրթության և գիտության նախարար, իսկ 2021 թվականից ղեկավարում էր վարչապետի աշխատակազմը։ Նրան պաշտոնից ազատելու որոշումը հրապարակվեց հուլիսի 31-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Հարությունյանին փոխարինելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը։

Կուսակցությունում իր դիրքերը կորցնելու մասին լուրերին Հարությունյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել էր Մարկ Տվենի հայտնի խոսքերով․ «Իմ մահվան վերաբերյալ բոլոր լուրերը չափազանցված են»։

Արայիկ Հարությունյանի հետ Կառավարության շենքից խորհրդարան է տեղափոխվում նաև Տարոն Չախոյանը։ Նա ավելի քան հինգ տարի զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Չախոյանի անվան հետ տարբեր հրապարակումներում կապվել է խնդրահարույց բովանդակություն տարածող Medianews.site կայքը։ Հենց այդ կայքով էին տարածվել, օրինակ, Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ենթադրյալ ինտիմ կադրերը։ Չախոյանը, սակայն, մշտապես հերքել է իր կապը կայքի հետ։ Հուլիսի 31-ին նա հայտարարեց, որ վերցնելու է պատգամավորական մանդատը։

«Վարչապետի աշխատակազմում հինգ և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի»,- գրել էր Չախոյանը։

Պետական կառավարման համակարգից Ազգային ժողով է տեղափոխվել նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը։ Նա միաժամանակ Երևանի ավագանու անդամ էր։

Սուրեն Հովհաննիսյանը նույնպես ԱԺ է գնում Կառավարությունից։ Նա վարչապետի աշխատակազի նախկին եղկավար Արայիկ Հարությունյանի օգնական է եղել։  30 տարեկան է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ Նրա քույրը՝ Միլադա Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալն է։

Երևանի ավագանուց՝ Ազգային ժողով

Լևոն Լևոնյանը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության միակ անդամը չէ, որը տեղափոխվել է խորհրդարան։ Նույն ճանապարհն են անցել նաև Միքայել Խաչատրյանն ու Նատալյա Սինորյանը։ Բայց Սինորյանի համար Ազգային ժողովի միջավայրը նոր չէ։ Նախկինում նա աշխատել է խորհրդարանում՝ որպես ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնական։ Այժմ ԱԺ է վերադառնում արդեն պատգամավորի կարգավիճակով։

Երևանի քաղաքային իշխանությունից խորհրդարան է տեղափոխվել նաև Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանը։ Նա վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի մարտին։ Մինչ այդ ղեկավարել է «Կիլիկիա» ավտոկայանը, աշխատել «ՀայՓոստ»-ում, «Վեոլիա Ջուր» ընկերությունում և այլ կազմակերպություններում։

Նազելի Բաղդասարյանի հետ անցած ճանապարհը

Նոր ԱԺ-ում աշխատանքը կշարունակի նաև Գյումրիի ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը։ Նրա աշխատանքային և քաղաքական կենսագրությունը տարիներ շարունակ հատվել է վարչապետի արդեն նախկին մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի գործունեության հետ։

Երբ Բաղդասարյանն Ազգային ժողովի պատգամավոր էր, Քնարիկ Հարությունյանն աշխատել է որպես նրա օգնական, ապա՝ խմբակցության փորձագետ։ Բաղդասարյանի՝ Շիրակի մարզպետ նշանակվելուց հետո Հարությունյանը դարձել է մարզպետի խորհրդական։

2021-2025 թվականներին նա ղեկավարել է Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, իսկ 2025 թվականի ապրիլից եղել է խմբակցության քարտուղարը։ Նրանց համագործակցությունը, սակայն, սկսվել է հեղափոխությունից շատ առաջ։ Նազելի Բաղդասարյանն ու Քնարիկ Հարությունյանը միասին աշխատել են Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունում, այնուհետև՝ «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ում։ 

Բաղդասարյանն ընկերության հիմնադիր-սեփականատերն էր, իսկ Հարությունյանը՝ գործադիր տնօրենը։ Բաղդասարյանը 2005-2018 թվականներին ղեկավարել է «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը, որտեղ Հարությունյանը 2009-2016 թվականներին աշխատել է որպես ռադիոհաղորդավարուհի։ Օգոստոսի 2-ին նրանք երկուսն էլ պատգամավորի երդում տվեցին։

Գարիկ Սարգսյան․ ՏԻՄ-ից՝ ԱԺ

Խորհրդարան է վերադառնում նաև Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։ Պատգամավորական մանդատը ստանձնելու համար նա թողնում է ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ՝ Վեդիի ավագանու անդամի պաշտոնը։

2018 թվականի հեղափոխությունից հետո Սարգսյանը նշանակվեց Արարատի մարզպետ։ Մինչ այդ նա Արարատի մարզի միակ ընդդիմադիր գյուղապետն էր․ Նոր Կյանք համայնքի ղեկավար էր ընտրվել՝ առաջադրվելով «Ելք» դաշինքի կողմից։

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որպես Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածու, Սարգսյանը ստացել էր 22 հազար 604 ձայն։ 2019 թվականի հունվարի 4-ին նա հրաժարվեց պատգամավորական մանդատից։ Հետագայում թողեց նաև մարզպետի պաշտոնը և նշանակվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ։

2021 թվականի դեկտեմբերի 5-ի Վեդիի ավագանու ընտրություններում Սարգսյանը գլխավորեց «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը։ Կուսակցությունն այդ ընտրություններում ստացավ ձայների 39,12 տոկոսը։

2022 թվականի հունվարի 5-ին Սարգսյանն ազատվեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն թվականին կայացած ավագանու արտահերթ ընտրություններում նա կրկին գլխավորեց ՔՊ-ի ցուցակը։ Կուսակցությունը ստացավ 13 հազար 139 ձայն կամ քվեների 57,54 տոկոսը, իսկ Սարգսյանն ընտրվեց համայնքի ղեկավար։

Գարիկ Սարգսյանի անունը հանրային լայն քննարկումների կենտրոնում հայտնվել էր դեռևս 2019 թվականին, երբ նա հավանություն էր տվել Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու ներդրումային ծրագրին։ Նախաձեռնությունը նաև մաքսային խնդիր էր առաջացրել․ կոկորդիլոսի ձվի ներմուծման համար առանձին մաքսային կոդ չկար, և քննարկվում էր այն թռչնի ձվի անվան տակ ներմուծելու հնարավորությունը։

«Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների ո՞ր խմբին են պատկանել։ Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին։ Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք։ Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Սարգսյանը։

Երկու նոր պատգամավոր՝ Փարաքարից 

Համայնքային քաղաքականությունից խորհրդարան է տեղափոխվում նաև Արաքսյա Վարդանյանը։ Նա եղել է Փարաքար համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը։ Նրա՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել էին 2025 թվականի հոկտեմբերի 10-ին։

Վարդանյանը նաև աշխատել է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում՝ որպես տնօրենի տեղակալ։

Փարաքար համայնքի հետ է կապված նաև Լյուդվիգ Գյուլնազարյանի քաղաքական կենսագրությունը։ Նա զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը, սակայն 2024 թվականի նոյեմբերին հրաժարական է ներկայացրել՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից երկու օր անց։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ անդամ Գյուլնազարյանը եղել է միջադեպին նախորդած վիճաբանության մասնակիցներից և նույնիսկ հրազենային վնասվածք ստացել։

Հրաժարականից մի քանի ամիս անց՝ 2025 թվականի հունվարին, նա կրկին նշանակվեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Այժմ համայնքային ղեկավարի պաշտոնը փոխարինում է պատգամավորական մանդատով։

Համայնքներից եկած երիտասարդները

Նոր պատգամավորների զգալի մասը քաղաքական գործունեությունը սկսել է համայնքային մակարդակից։

Նոնա Հովհաննիսյանը նախկինում Վանաձորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր։

Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնը պատգամավորական մանդատի համար թողել է Մասիսից Վլադիմիր Խաչատրյանը։

Արարատի մարզից է նաև նոր խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորներից մեկը՝ Սյուզաննա Սայադյանը։ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին, ընդամենը 21 տարեկանում, նա դարձել էր Արտաշատ համայնքի ավագանու անդամ։ Այժմ Սայադյանը 25 տարեկան է և արդեն Ազգային ժողովի պատգամավոր։

Ավագանու անդամի փորձ ունի նաև իշխանական Civic.am կայքի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։ Նախկինում նա եղել է Գյումրու ավագանու անդամ, իսկ այժմ իր աշխատանքը շարունակելու է խորհրդարանում։

Տեղական ինքնակառավարման ոլորտից է նաև Ահարոն Սահակյանը։ 2016 թվականին նա ընտրվել էր Գառնի համայնքի ղեկավար, իսկ 2021 թվականի մայիսի 27-ին Կառավարության որոշմամբ նշանակվել Կոտայքի մարզպետ։

Մինչ համայնքային և պետական կառավարման համակարգ մուտք գործելը Սահակյանը 2001-2008 թվականներին աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր։ 2008-2012 թվականներին եղել է «Ալֆա-Ֆարմ» ընկերության փոխտնօրեն, իսկ 2013-2016 թվականներին՝ «Կալինա-Դվին» ՍՊԸ-ի տնօրեն։

Դպրոցից և համալսարանից՝ օրենսդիր մարմին

Նոր գումարման Ազգային ժողովում կլինեն նաև կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Ռուզաննա Երեմյանը 2021 թվականից ղեկավարել է Երևանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը։ Մինչ տնօրեն նշանակվելը նա շուրջ 20 տարի նույն կրթահամալիրում աշխատել է որպես փոխտնօրեն։ Երեմյանը նաև «Միասին կարող ենք» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է։

Նելլի Բաբայանը Երևանի պետական համալսարանի սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս է։ Նա անդամակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ներգրավված է եղել կուսակցության վարչության ու Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կառույցի աշխատանքներում։

Քիչ հայտնի կենսագրություններով նոր պատգամավորները

Գոռ Արշակյանը ևս առաջին անգամ է պատգամավոր ընտրվել։ Մինչ Ազգային ժողովում մանդատ ունենալը նա զբաղեցրել է «Արագածոտն» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։

Առաջին անգամ խորհրդարանում կաշխատի նաև 34-ամյա Նարեկ Բաբայանը։

ՔՊ խմբակցությունում կլինեն նաև Տիգրան Գալստյանն ու Լուսինե Ավետիսյանը, որոնց կենսագրական և մասնագիտական գործունեության վերաբերյալ ևս հանրությանը քիչ տեղեկություն է ներկայացվել։

 

Եվգենյա Համբարձումյան