«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից

Լուրեր

16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
15.07.2026 | 22:23
Հայտնի է՝ հուլիսի 16-ին որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
Բոլորը

Չնայած իրավապաշտպանների, ընտրական փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և նույնիսկ Ազգային ժողովի փորձագիտական վարչության քննադատությանը՝ խորհրդարանը հուլիսի 3-ին ընդունեց ընտրական իրավունքը փաստացի բնակության պահանջով սահմանափակող նախագիծը։ Նոր կարգավորմամբ՝ արտերկրում երկար ժամանակ բնակվող ՀՀ քաղաքացիների մի մասը կարող է զրկվել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, եթե վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում չի գտնվել առնվազն 366 օր։ Քննադատները նախագիծը հակասահմանադրական և համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի անհամաչափ սահմանափակում են համարում։

Իշխանությունները նախագծի անհրաժեշտությունը հիմնավորում են վերջին ընտրությունների ընթացքում Ռուսաստանից մարդկային ներհոսքով՝ այդպես էլ չներկայացնելով այն հաստատող արժանահավատ թվային տվյալներ։ Որպես հիմնավորում մատնանշվում է նաև մի շարք երկրների փորձը։ Factor TV-ն ուսումնասիրել է այդ երկրներում գործող կարգավորումները, առանձնացրել հայկական նախագծի հետ դրանց նմանություններն ու տարբերությունները, ինչպես նաև անդրադարձել խնդրին առնչվող միջազգային ուշագրավ մոտեցումներին։

Ի սկզբանե առաջարկվում էր 366-ի փոխարեն 183 օրվա պահանջ սահմանել։ Նախագիծը փոփոխվել է կառավարության առաջարկությամբ։ Գործադիրը համարել է, որ դա բավարար չէ՝ քաղաքացու՝ պետության հետ ունեցած իրական և կայուն կապի առկայությունը վկայելու համատեքստում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում պարտադիր կլինի նաև համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունենալը։

Ավելի քան մեկ  տասնյակ ՀԿ-ներ և ընտրական փորձագետներ խստորեն դատապարտեցին Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող փոփոխությունը՝ այն որակելով «հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»:

 

ԱԺ-ի բացասական եզրակացությունը ՔՊ-ականների նախագծին

 

Նախագծի նախնական տարբերակը գնահատել է նաև ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը։ Եզրակացության մեջ նշվում է՝ դրույթը խնդրահարույց է Սահմանադրության հիմքում ընկած համընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի տեսանկյունից։ Ըստ Սահմանադրության ձևակերպումների, օրենսդիրը կարող է կարգավորել ընտրական իրավունքի իրականացման ընթացակարգերը, սակայն իրավասու չէ սահմանել այնպիսի լրացուցիչ «ցենզ», որը դուրս է Սահմանադրությամբ նախատեսված բացառությունների ցանկից, և որը, փաստացի, հանգեցնում է քաղաքացիների մի մասի՝ ընտրական իրավունքից զրկվելուն։

«․․․Հատկանշական է նաև, որ նախագծով կատարվող փոփոխության արդյունքում քաղաքացին շարունակում է կրել սահմանադրական պարտականություններ, օգտվել պետության պաշտպանությունից, անկախ նրանից՝ ժամանակավորապես բնակվում է ՀՀ-ում, թե նրա սահմաններից դուրս, քանզի համապատասխան կարգավորումներ նախատեսող օրենսդրական ակտերում փոփոխություններ նախատեսված չեն։ Հետևաբար, քաղաքացիության փաստը ինքնին հանդիսանում է այն իրավական կապը, որի հիման վրա անձը ձեռք է բերում ընտրական իրավունք, և որևէ լրացուցիչ «կապի աստիճան» սահմանելը նշանակում է վերանայել քաղաքացիության ինստիտուտի բուն էությունը՝ ոչ միայն քաղաքացու իրավունքների, այլ նաև նրա պարտականությունների և պատասխանատվության համատեքստում»,-նշվում է ԱԺ փորձագիտական եզրակացության մեջ։

Ազգային ժողովի փորձագետներն ընդգծել են, որ նախագծի հիմնավորման մեջ բացակայում է որևէ փաստական կամ գիտական հիմնավորում, թե ինչու հենց ընտրված օրերի քանակով պետությունում գտնվելը պետք է վկայի քաղաքացու և պետության միջև բավարար կապի մասին․ «Նման մոտեցումը թույլ չի տալիս հիմնարար իրավունքի սահմանափակումը քննարկել համաչափության սկզբունքի բաղադրատարրերի՝ պիտանիության, անհրաժեշտության և համարժեքության պահպանման տեսանկյունից»: 

Ավելին, Ազգային ժողովի սոցիալական փորձաքննության բաժինը ևս դիտարկումներ է ներկայացրել, որոնք հաշվի չեն առնվել։ Նշվել է, որ թվարկված բացառությունների շարքում չեն նշվում այն դեպքերը, երբ քաղաքացու  բացակայությունը պայմանավորված է վերջինիս առողջական վիճակի հետ կապված արտերկրում բուժվելով: Քաղաքացու բացակայությունը կարող է պայմանավորված լինել նաև վերջինիս հարազատի առողջական վիճակի հետ կապված՝ քաղաքացու կողմից արտերկրում գտնվող բուժհաստատությունում իր հարազատին խնամելու հանգամանքով: 

Բացի այդ, բացառությունների շարքում է ընդգրկվել ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելը, մինչդեռ քաղաքացին կարող է աշխատել մասնավոր ոլորտում և տևական ժամկետով գործուղվել արտերկիր: Այսպես, օրինակ, գործատուն արտերկրում բացում է կամ ունի արդեն իսկ գործող մասնաճյուղ կամ ներկայացուցչություն և ութ ամիս ժամկետով աշխատողին գործուղում է արտերկիր: Եվ առհասարակ, քաղաքացին կարող է տևական ժամանակ աշխատել արտերկրում՝ հոգալու իր ընտանիքի սոցիալական  խնդիրները: 

Եվ չնայած այս  հակափաստարկներին, ՔՊ-ն անտեսել է ոչ միայն քաղհասարակության, այլև խորհրդարանի տարբեր բաժինների փորձագիտական եզրակացությունները։

«Քաղաքացիական պայմանագրի» հիմնավորումները

 

Հայաստանի Ազգային ժողովում նախագծի հիմնական զեկուցող Ալխաս Ղազարյանը նշեց, որ այն մեկ հիմնական նպատակ ունի․ «Այն անձինք, որոնք ապրում են ՀՀ-ում, իրենց կենսական շահերը գտնվում են բացառապես ՀՀ-ում, նրանք պետք է ընտրելու իրավունք ունենան, ինչպես նաև իրենց ընտրած իշխանության հետևանքները կրելու հնարավորություն»։

Ցենզը սահմանելու խոսակցություններն ակտիվացան ընտրություններից հետո, այդ ընթացքում շատ էր խոսվում ընդդիմադիր և Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու մասին, որպեսզի նրանք կարողանան ընտրություններին մասնակցել և ընդդիմադիր ուժերին իրենց ձայնը տալ։

Քարոզարշավի վերջին օրերին Reuters-ը գրեց, թե իր աղբյուրներից 3-ը հայտնել են՝ Ռուսաստանի իշխանությունները հաշվարկել էին, որ ՌԴ-ից ՀՀ 100 հազար ընտրողի տեղափոխման արժեքը կկազմի մոտ 50 միլիոն դոլար։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի կեսերին Կրեմլը Ռուսաստանի յուրաքանչյուր տարածաշրջանի համար սահմանել էր, թե քանի հայ պետք է ուղարկվի, և տեղական վարչակազմերից պահանջել էր հաշվետվություն ներկայացնել նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ,  լրատվամիջոցը նշել էր, որ չի կարողացել պարզել՝ արդյոք այդ  ծրագիրն իրականացվել է, թե ոչ։

ԱԺ–ում ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան ՔՊ-ական Ալխաս Ղազարյանը նշել էր․ «Արդյոք դուք խնդիր չեք տեսե՞լ այս ընտրություններում դրսից եկողների հետ կապված, լրատվականներում արտահայտություններ չեք լսե՞լ, ձեզ չեն անհանգստացրե՞լ։ Մի օր մենք իշխանություն չեն լինելու, դա ձեր դեմ կարող է պտտվել»։

Իսկ խնդիր իսկապե՞ս կար․ «Ինֆոքոմը» գրավոր հարցումներ է ուղարկել Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տրամադրել վերջին հինգ տարում մայիսի 1-ից մինչև հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ժամանած մարդկանց թիվը՝ խնդրելով նաև առանձին նշել, թե նրանցից քանիսն է եղել ՀՀ, քանիսը՝ ՌԴ և քանիսը երկքաղաքացի։ Ըստ ԱԱԾ տրամադրած պաշտոնական տվյալների՝ 2026-ի մայիսի 1-ից հունիսի 7-ը ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է եղել  ընդամենը 3,358-ով։ Այս տվյալները ցույց են տալիս, որ ընտրություններին օտարերկրյա ուղղորդմամբ մասնակցած քաղաքացիների հնարավոր թվի վերաբերյալ պնդումները ուռճացված են։  

Բացի այդ, Factor.am-ն ավելի վաղ ԱԱԾ-ից խնդրել և ստացել է բոլոր երկրներից ժամանած ՀՀ քաղաքացիություն ունեցողների տվյալները։ Պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13,390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին․ 2025-ին Հայաստան է ժամանել 193,047 ՀՀ քաղաքացի, 2026-ի նույն օրերին՝ 179,657 ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ՝ «Շիրակ» և «Զվարթնոց» օդանավակայաններով 2026 թվականին Հայաստան ժամանել է 2,571-ով ավելի շատ ՀՀ քաղաքացի, քան 2025 թվականին, համապատասխանաբար՝ 79,670 և 82,241 ՀՀ քաղաքացի։

Հավելենք, որ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող երկքաղաքացիները ՀՀ սահմանը կարող են հատել նաև ռուսական անձնագրով, ապա՝ ընտրության գնալ հայկական անձնագրով։ ԱԱԾ-ն, սակայն,  երկքաղաքացիների մասով առանձին վիճակագրություն չի վարում։

«Վիճակագրական տվյալներով չես կարող իդենտիֆիկացնել՝ քանի հոգի է եկել ընտրելու համար, բայց այդ օրերին թիվը շատացել է»,-այսպես էր արձագանքել Ղազարյանը մեկ այլ պատգամավորի՝ ՀՀ ժամանածների մասին թվային հիմնավորումներ ներկայացնելու վերաբերյալ դիտարկմանը՝ այդպես էլ որևէ թիվ չնշելով։

Ազգային ժողովում ընթացող քննարկման ժամանակ ընդդիմությունը պնդում էր, որ Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեների մասին» օրենքում կատարված փոփոխությունները հակասահմանադրական են։ Factor TV-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված գործընթացն արդեն սկսվել է, դիմումն են նախապատրաստում։

Միջազգային փորձը և ընտրելու ցենզի հետ կապված նոր միտումները

 

Իսկ ո՞ր երկրների փորձն է ներկայացվում որպես նախագծի հիմնավորում։ Ազգային ժողովում այն ներկայացնելիս Ալխաս Ղազարյանը հիշատակել էր Դանիայի, Իռլանդիայի և Կիպրոսի օրինակները։ Հերթով դիտարկենք, թե ինչ կարգավորումներ են գործում այդ երկրներում։

Դանիայի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք մշտական բնակություն ունեն Դանիայի թագավորությունում և ընդգրկված են ընտրացուցակում։ Արտերկիր տեղափոխված և Դանիայի բնակչության ռեգիստրից դուրս գրված քաղաքացին, որպես կանոն, այլևս չի ընդգրկվում խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում։ 

Դանիայում մշտական բնակության վայր է համարվում այն հասցեն, որտեղ անձը սովորաբար բնակվում է և այդ վայրը գրանցված է երկրի բնակչության ռեգիստրում (CPR)։ Եթե քաղաքացին արտերկիր է տեղափոխվում ավելի քան 6 ամսով և դուրս է գրվում այդ ռեգիստրից, նա, որպես կանոն, այլևս չի համարվում Դանիայում մշտապես բնակվող։ Առանձին հիմքեր են նախատեսված արտերկրում պետական ծառայություն իրականացնող, դանիական պետական մարմնի, ընկերության կամ կազմակերպության կողմից գործուղված անձանց, միջազգային կազմակերպություններում որոշակի կարգավիճակով աշխատողների, ուսանողների, ինչպես նաև առողջական պատճառներով արտերկրում գտնվող անձանց համար։ Համապատասխան պայմաններով այդ կանոնները կարող են տարածվել նաև նրանց ամուսինների, գրանցված զուգընկերների կամ ամուսնական հարաբերություններին համարժեք համատեղ բնակվող զուգընկերների վրա։

Ի տարբերություն հայկական նախագծի, Դանիան չի պահանջում, որ ընտրողը նախորդ տարվա ընթացքում որոշակի՝ օրերով հաշվարկվող ժամանակահատված փաստացի գտնվի երկրում։ Փոխարենը կիրառվում են արտերկրում գտնվելու նպատակի և ժամանակավոր բնույթի չափանիշներ։ Բացի այդ, դանիական կարգավորումը հատուկ բացառություն է նախատեսում բուժման նպատակով արտերկրում գտնվողների համար, մինչդեռ հայկական նախագծում նման բացառություն սահմանված չէ։

Իռլանդիայում, ի տարբերություն Հայաստանում ընդունված կարգավորման, բնակության տևողության հստակ թվային շեմ սահմանված չէ, օրինակ՝ վերջին 730 օրվա ընթացքում առնվազն 366 օր երկրում գտնվելու պահանջ։

Այստեղ կիրառվում է «սովորական բնակության» սկզբունքը։ Քվեարկելու համար անձը պետք է հիմնականում բնակվի Իռլանդիայում և ընդգրկված լինի իր բնակության վայրի ընտրացուցակում։ Այսինքն՝ գնահատվում է ոչ թե միայն երկրում անցկացրած օրերի քանակը, այլ այն, թե Իռլանդիան և տվյալ ընտրական տարածքն իրականում անձի հիմնական բնակության վայրն է, թե ոչ։

Ըստ երկրի օրենսդրական կարգավորումների՝ սովորական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ անձը փաստացի և կանոնավոր կերպով ապրում է և որն իրականում նրա հիմնական բնակության վայրն է։ Ժամանակավոր բացակայության դեպքում անձը կարող է պահպանել քվեարկելու իրավունքը․ օրենքի համաձայն՝ նա չի համարվում իր սովորական բնակությունից հրաժարված, եթե մտադիր է հեռանալուց հետո 18 ամսվա ընթացքում վերադառնալ և շարունակել Իռլանդիայում բնակությունը։

Արտերկրում մշտապես բնակվող Իռլանդիայի քաղաքացիները, սահմանափակ բացառություններով, չեն կարող մասնակցել երկրի խորհրդարանական, նախագահական ընտրություններին և հանրաքվեներին։ Այդպիսի բացառություններից է, օրինակ, արտերկրում ծառայող իռլանդացի դիվանագետների և նրանց ամուսինների  համար նախատեսված փոստային քվեարկությունը։

Իռլանդիայի Սահմանադրությամբ նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքը կապված է Իռլանդիայի Դայլ Էրենի ընտրություններին քվեարկելու իրավունքի հետ։ Հետևաբար, արտերկրում բնակվող քաղաքացիներին նախագահական ընտրություններին ընդհանուր քվեարկության իրավունք տալու համար անհրաժեշտ է փոխել սահմանադրական և օրենսդրական կարգավորումները։

2018 թվականին Իռլանդիայի  կառավարությունը հայտարարեց այդ հարցով հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, իսկ 2019 թվականին խորհրդարան ներկայացվեց համապատասխան սահմանադրական փոփոխության նախագիծը։ Սակայն հանրաքվեն այդպես էլ չանցկացվեց, և գործող կարգավորմամբ արտերկրում բնակվող իռլանդացիները դեռևս չունեն նախագահական ընտրություններին մասնակցելու ընդհանուր իրավունք։

Կիպրոսի ընտրական ցուցակում առաջին անգամ գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմումին նախորդող առնվազն վեց ամիսների ընթացքում Կիպրոսում սովորական բնակություն ունեցած լինի։ Սովորական բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ անձը փաստացի, կայուն և սովորական ընթացքով բնակվում է, որտեղ կենտրոնացած է նրա առօրյա կյանքը։

Վեցամսյա պահանջը հիմնականում վերաբերում է ընտրական ցուցակում առաջին անգամ ընդգրկվելուն։ Ցուցակում արդեն գրանցված և արտերկրում բնակվող քաղաքացիները կարող են նախագահական, խորհրդարանական և Եվրոպական խորհրդարանի ընտրություններից առաջ հայտարարություն ներկայացնել և քվեարկել արտերկրում բացված ընտրական տեղամասում։

Խորհրդարանական ընտրությունների դեպքում պահանջվում է առնվազն 30 ընտրող՝ Կիպրոսի յուրաքանչյուր ընտրատարածքից կամ շրջանից։

Նախագահական և Եվրոպական խորհրդարանի ընտրությունների դեպքում պահանջվում է ավելի քան 50 ընտրողի հայտարարություն։

Այսպիսով՝ ընտրացուցակում ընդգրկված Կիպրոսի քաղաքացին ընտրության օրը պարտադիր չէ վերադառնալ երկիր․ համապատասխան պայմանների առկայության դեպքում նա կարող է քվեարկել արտերկրում։ Հայաստանում, մինչդեռ, արտերկրում բնակվող քաղաքացիների համար նման ընդհանուր հնարավորություն նախատեսված չէ։ Բացառություն են միայն օրենքով սահմանված նեղ խմբերը, որոնք Ազգային ժողովի ընտրություններին կարող են քվեարկել էլեկտրոնային եղանակով։

Հավելենք, որ 6-ամսյա բնակության պահանջը ընտրացուցակում գրանցվելու իրավական նախապայման է։ Արդեն գրանցված անձի արտերկրում հետագա բնակությունը ինքնաբերաբար չի նշանակում, որ նա յուրաքանչյուր ընտրությունից առաջ պետք է կրկին ապացուցի վեցամսյա բնակությունը։

Ուշագրավ է, որ ԱԺ-ում նախագծի քննարկման ընթացքում չխոսվեց այն մասին, որ կան երկրներ, որտեղ նման սահմանափակումը հակասահմանադրական է ճանաչվել, կամ պետությունը ինքնակամ հրաժարվել է դրանից։ 

Կանադայում նախկինում գործում էր կանոն, որով արտերկրում հինգ տարուց ավելի բնակվող քաղաքացիները չէին կարող մասնակցել դաշնային ընտրություններին, եթե չէին վերադարձել Կանադա կամ չէին համապատասխանում բացառություններին։

2019 թվականի հունվարի 11-ին Կանադայի Գերագույն դատարանն այդ սահմանափակումը ճանաչեց հակասահմանադրական՝ համարելով, որ այն անհիմն կերպով խախտում է քաղաքացու ընտրական իրավունքը։ Երկրի կառավարությունը դատարանին չէր ներկայացրել որևէ ապացույց, որ արտերկրում բնակվող քաղաքացիների քվեարկությունը որևէ իրական վնաս է հասցրել ընտրական համակարգի արդարությանը։

Այժմ Կանադայի քաղաքացին կարող է արտերկրից քվեարկել, եթե նախկինում բնակվել է Կանադայում՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել նրա մեկնելուց։

Մեծ Բրիտանիան, ի տարբերություն Հայաստանի, ոչ թե ընտրական իրավունքի սահմանափակման, այլ ընդլայնման ճանապարհով է գնացել։

Նախկինում արտերկրում բնակվող բրիտանացին կարող էր գրանցվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար միայն այն դեպքում, եթե Միացյալ Թագավորությունում վերջին անգամ գրանցված կամ բնակված էր եղել  15 տարի առաջ։ 2024 թվականի հունվարի 16-ից անգամ այդ սահմանափակումը վերացվել է։

Այժմ արտերկրում բնակվող Բրիտանիայի քաղաքացին կարող է մասնակցել Միացյալ Թագավորության խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է ապրում արտասահմանում, եթե նախկինում գրանցված է եղել ընտրացուցակում կամ բնակվել է Միացյալ Թագավորությունում։ Նա գրանցվում է այն ընտրատարածքում, որտեղ վերջին անգամ հաշվառված կամ բնակված է եղել։

Բրիտանական կառավարությունը 15 տարվա սահմանափակումն անվանել է կամայական և ժամանակավրեպ։ Որպես փոփոխության հիմնավորում նշվել է, որ արտերկրում բնակվող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ամուր կապեր պահպանել երկրի հետ․ այնտեղ ունեն ընտանիքներ, նախկինում աշխատել կամ ծառայել են Միացյալ Թագավորությանը, իսկ նրանցից մի մասը հետագայում կարող է վերադառնալ։

Կառավարությունը նաև ընդգծել է, որ ժամանակակից հաղորդակցությունն ու ավելի հասանելի ճանապարհորդությունը հնարավորություն են տալիս արտերկրում գտնվելով՝ հետևել երկրի քաղաքական և հասարակական կյանքին ու պահպանել կապը Միացյալ Թագավորության հետ։ Բացի այդ, խորհրդարանի որոշումները՝ արտաքին քաղաքականության, պաշտպանության, ներգաղթի, կենսաթոշակների և առևտրային համաձայնագրերի վերաբերյալ, կարող են անմիջականորեն ազդել արտերկրում բնակվող բրիտանացիների վրա։

Այսպիսով՝ Մեծ Բրիտանիան հրաժարվել է այն մոտեցումից, ըստ որի երկրից դուրս անցկացրած տարիների քանակը կարող է ինքնաբերաբար որոշել քաղաքացու՝ պետության հետ կապի առկայությունը։ Նոր կարգավորմամբ այդ կապը հաստատվում է անձի՝ Միացյալ Թագավորությունում նախկին գրանցմամբ կամ բնակությամբ, ոչ թե արտերկրում ապրելու տևողությամբ։

15 տարվա սահմանափակման վերացումը իրավականորեն ամրագրվել է 2022 թվականի Elections Act-ով՝ Բորիս Ջոնսոնի ղեկավարած կառավարության օրոք։

Ընտրելու իրավունքը և «Շինդլերը ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը 

 

«Շինդլերը ընդդեմ Միացյալ Թագավորության» գործը վերաբերում է հենց արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրելու իրավունքին։ Հարի Շինդլերը Մեծ Բրիտանիայի քաղաքացի էր, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան, որը 1982-ից ապրում էր Իտալիայում։ Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ այն ժամանակ արտերկրում բնակվող բրիտանացիները կարող էին մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիայից դուրս էին բնակվում 15 տարուց պակաս։ Քանի որ Շինդլերը երկրից դուրս էր ապրում ավելի քան 15 տարի, նա զրկվել էր ՄԹ խորհրդարանական ընտրություններում քվեարկելու հնարավորությունից։

2009 թվականի մարտի 26-ին նա դիմել էր ՄԻԵԴ՝ պնդելով, որ այդ 15 տարվա սահմանափակումը խախտում է իր ազատ ընտրությունների իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածով։

ՄԻԵԴ-ը, սակայն, որոշեց, որ խախտում չկա։ Դատարանի տրամաբանությունը հիմնականում սա էր․ պետությունները ընտրական համակարգի հարցերում ունեն լայն հայեցողության սահման՝ կարող են որոշել, թե ինչպես կարգավորել ընտրողների շրջանակը, քանի դեռ սահմանափակումը կամայական կամ անհամաչափ չէ։ ՄԻԵԴ-ը համարեց, որ ՄԹ-ի 15 տարվա կանոնը հիմնված է այն գաղափարի վրա, որ երկար տարիներ արտերկրում ապրող քաղաքացիների կապը երկրի ներքին քաղաքական կյանքի հետ կարող է թուլանալ։

Ստացվում է, որ ՄԻԵԴ-ն ինքնին անթույլատրելի չի համարում արտերկրում երկար ժամանակ բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակումը։ Բայց դա չի նշանակում, որ ցանկացած սահմանափակում ավտոմատ օրինական է․ դատարանը դիտարկում է՝ արդյոք կա լեգիտիմ նպատակ, համաչափություն, ոչ կամայական չափանիշ և արդյոք պետությունը չի խախտել ընտրական իրավունքի բուն էությունը։

Այնուհանդերձ, ինչպես արդեն նշվեց, Մեծ Բրիտանիան 2022 թվականին ընդունեց 15 տարվա սահմանափակումը վերացնող օրենքը:

Ընտրելու և ընտրվելու իրավունքները

 

«Ժողովրդավարության ու անվտանգության տարածաշրջանային կենտրոն»-ի փորձագետ Տաթևիկ Ղազարյանը Civilnet-ում հրապարակված իր հոդվածում նկատել է՝ պատգամավոր դառնալու համար բավական է վերջին չորս տարվա ընթացքում ընդամենը այդ ժամանակահատվածի կեսը Հայաստանում լինելը, իսկ այս նոր փոփոխություններով ընտրողից պահանջվում է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի (366 օր) փաստացի Հայաստանում լինել։ 

Այսպիսով՝ ստացվում է, որ պատգամավոր ընտրվելու համար երկրի ներքին կյանքին տեղեկացված լինելու և պետության հետ իրական կապ պահպանելու առումով ավելի մեղմ պահանջներ են սահմանված, քան ընտրողի համար։

Սահմանադրության 65-րդ հոդվածով և Ընտրական օրենսգրքով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուի համար կիրառվում է նստակեցության պահանջ։ 

«Այսինքն, ընտրողի «դիտարկման պատուհանը» կրկնակի կարճ է, քան թեկնածուինը, ինչը գործնականում ընտրողի համար ստեղծում է ավելի խիստ և նվազ ճկուն շեմ։ Արդյունքում ստացվում է տրամաբանական հակասություն. քաղաքացին կարող է լինել Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու, բայց միևնույն ժամանակ չի կարող մասնակցել այն ընտրություններին, որոնցում առաջադրվել է որպես թեկնածու»,-նշել է փորձագետը։ 

Այսպիսով, չնայած ընդդիմության, քաղաքացիական հասարակության և ԱԺ փորձագետների առարկություններին՝ խորհրդարանն ընդունեց ընտրական իրավունքը Հայաստանում փաստացի բնակության ժամկետի հետ կապող նախագիծը։ Իշխանությունը հղում է անում միջազգային փորձին, սակայն  ՔՊ ներկայացուցչի կողմից նշված երկրներում Հայաստանի նման՝ երկու տարում 366 օր երկրում գտնվելու խիստ շեմ չկա։ Ավելին՝ որոշ երկրներ հրաժարվել են նման սահմանափակումներից՝ համարելով, որ արտերկրում բնակվելը չի նշանակում պետության հետ կապի կորուստ։

ՄԻԵԴ-ը նման սահմանափակումն ինքնին չի բացառում, բայց պահանջում է, որ պետությունը հիմնավորի դրա նպատակը, անհրաժեշտությունն ու համաչափությունը։ Խնդրահարույց է նաև բացառությունների նեղ շրջանակը․ միջազգային փորձը հաշվի է առնում նաև բուժման, հարազատի խնամքի, ուսման կամ աշխատանքի պատճառով արտերկրում գտնվելու դեպքերը, մինչդեռ իշխող ուժի կողմից մշակված, այնուհետև ընդունված նախագծում դրանք չկան։ 

 

Եվգենյա Համբարձումյան