Ավելի քան 1.1 մլն դիմում հասանելի է դարձել e-request.am-ում․ պետական կառույցների արձագանքները հակասում են

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Նկարը գեներացված է ԱԲ-ով։ 

Պետական էլեկտրոնային հարթակում պահվող 1 մլն 142 հազար 851 դիմում և դրանց կից փաստաթղթերը կարող էին հասանելի դառնալ այլ քաղաքացիների։ Խնդրի մասին  սոցիալական ցանցի իր էջում ահազանգել է փաստաբան Վարդան Ալոյանը։

Խոսքը e-request.am համակարգի մասին է, որի միջոցով քաղաքացիները պետական մարմիններին ուղարկում են դիմումներ, հարցումներ և բողոքներ։ Դրանց կից կարող են լինել անձնագրերի պատճեններ, անձնական տվյալներ, բժշկական և բանկային փաստաթղթեր և գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր։

Ինչպե՞ս հայտնի դարձավ ենթադրյալ խնդրի մասին

Վարդան Ալոյանը սոցցանցերի իր էջերում էկրանապատկեր է հրապարակել՝ պնդելով, որ e-request.am-ի իր անձնական էջից կարողացել է տեսնել մեծ թվով այլ անձանց դիմումներ։ Ավելի ուշ Ալոյանը հեռացրել է հրապարակումը։

Factor.am-ի հետ զրույցում Ալոյանը պատմեց, որ նշված խնդիրը նկատել է մեկ այլ խափանում ստուգելիս։ Նրա խոսքով՝ խափանումը կապված էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկված դիմումների հետ, որոնք e-request-ում հասանելի չեն։

«Իրականում մի հատ ուրիշ խնդիր կար․ չգիտեմ՝ տեղյակ եք, թե՝ չէ, Հարկադիրին ուղարկված բոլոր e-request դիմումները կորել են բոլորի մոտ, իմ իմանալով՝ բոլորի։ Դիմումի բանալին կա, բայց երբ որ բանալին մուտք ես անում, ասում է, որ նման բան չկա, կոդ չունի բանալին։ Ու մենակ իմ մոտ չի, բոլորի մոտ է։ Այդ խնդիրն էի փորձում տեսնել՝ լուծվել է, թե՝ չէ, հետ էի գնում նամակները ստուգելու ու պարզվեց՝ կարող եմ տեսնել տասնյակ հազարավոր այլ դիմումներ»,- պատմեց Ալոյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ խնդիրը նկատելուց հետո կապ է հաստատել Արդարադատության նախարարության, համակարգը սպասարկող «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի ոլորտի պատասխանատուների հետ։

Ուշ երեկոյան նորից է մուտք գործել համակարգ և իր էջում այլ անձանց դիմումներին հասանելիությունն այլևս չի եղել։

Փաստաբանի խոսքով՝ «ԷԿԵՆԳ»-ի աշխատակիցները իրեն ասել են, որ տվյալները հասանելի են դարձել բացառապես իր անձնական էջում։ Նրա պնդմամբ՝ ընկերության, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի գործակալության աշխատակիցները խնդրել են հեռացնել Facebook-ում և LinkedIn-ում արված գրառումներն ու էկրանապատկերները, քանի որ դրանցում այլ անձանց տվյալներ են եղել, ինչպես նաև խնդրել են «շատ աղմուկ չբարձրացնել»։

Կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնը հրապարակումն անվանել է «ապատեղեկատվություն»

Factor.am-ը ահազանգի մասով դիմել է նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն։ Կառույցի ներքո գործող Ազգային կիբեռմիջադեպերի արձագանքման կենտրոնից հայտնել են, որ հրապարակված տեղեկությունը «ապատեղեկատվություն» է։ Որպես նշվածի հաստատում  մատնացույց է արվել այն հանգամանքը, որ Ալոյանը հետագայում հեռացրել է հրապարակումը։

Այնինչ, Ալոյանը Factor.am-ին հայտնել էր, որ գրառումները հեռացրել է «ԷԿԵՆԳ»-ի աշխատակիցների խնդրանքով՝ հաշվի առնելով հրապարակված էկրանապատկերներում այլ անձանց տվյալների առկայությունը։

Արդարադատության նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խնդրի մասին տեղյակ է և կապ է հաստատել «ԷԿԵՆԳ»-ի հետ։

«Գործակալությունն իր գործառույթների շրջանակներում համապատասխան միջոցներ է ձեռնարկում»,- հայտնել են նախարարությունից։

Factor.am-ը կապ է հաստատել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի հետ՝ պարզելու՝ ինչ խնդիր է առաջացել համակարգում և արդյոք այլ քաղաքացիներ նույնպես կարող էին հասանելիություն ստանալ իրենց չպատկանող դիմումներին։

Ընկերության օպերատորը հայտնել է, որ նման գլոբալ խնդրի մասին տեղեկություն չունի և հավելյալ պարզաբանումների համար առաջարկել են գրավոր հարցում ուղարկել։ Factor.am-ն արդեն ուղարկել է այդ հարցումը։

Ինչ տվյալներ կարող են պահվել e-request.am-ում

Е-request.am հարթակի միջոցով քաղաքացիները պետական մարմիններին կարող են ներկայացնել դիմումներ, հարցումներ և բողոքներ, հետևել դրանց ընթացքին և ստանալ պատասխանները։ Հետևաբար՝ համակարգում կարող են պահպանվել ոչ միայն դիմողի անունն ու կոնտակտային տվյալները, այլև դիմումների բովանդակությունը և դրանց կից բանկային, բժշկական, սեփականության և բազմաթիվի այլ տեսակների փաստաթղթերը։ Դրանցում, կախված դիմումի բնույթից, կարող են լինել նաև անձնագրային կամ այլ անձնական տվյալներ։

Մինչև 2019 թվականի հոկտեմբեր հարթակը վարում էր ՀՀ արդարադատության նախարարությունը, իսկ այժմ համակարգի սպասարկումն իրականացվում է «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն։

Այս պահին Factor.am-ի տրամադրության տակ եղած վկայությունները բավարար չեն պնդելու համար, որ e-request-ում առկա տվյալները հասանելի են դարձել մեծ թվով քաղաքացիների։ Չկա նաև հակառակի հաստատումը, որ տարածված տեղեկությունը կեղծ է։

Factor.am-ը շարունակելու է հետևել խնդրին։ Խմբագրությունը գրավոր հարցումներ է ուղարկելու «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ին, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը և մյուս պատասխանատու կառույցներին՝ պարզելու՝ ինչ տեխնիկական միջադեպ է տեղի ունեցել, քանի օգտատիրոջ և քանի դիմումի է այն վերաբերել, եղել է արդյոք չարտոնված հասանելիություն կամ տվյալների ներբեռնում, և ինչ միջոցներ են ձեռնարկվել համակարգի անվտանգությունն ապահովելու համար։

 

Եվգենյա Համբարձումյան